Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 179-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                           ԵԿԴ/0098/01/09

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

քրեական գործ թիվ ԵԿԴ/0098/01/09

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

    Դատավորներ`        Գ. Մելիք-Սարգսյան

                       Մ. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

    մասնակցությամբ ամբաստանյալ                Է. Ստեփանյանի

 

    2009 թվականի նոյեմբերի 26-ին                   Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի վճռաբեկ բողոքն ամբաստանյալ Էդգար Հրաչի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2009 թվականի մայիսի 7-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202209 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ավագ հարկադիր կատարող Է. Ստեփանյանի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ: Նույն օրը Է. Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության մարմնի 2009 թվականի մայիսի 14-ի որոշմամբ Է. Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մայիսի 14-ի որոշմամբ Է. Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն որոշմամբ Է. Ստեփանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:

2009 թվականի մայիսի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 30-ի դատավճռով Է. Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման 2 տարի ժամկետով` զրկվելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 2 տարի ժամկետով` զրկվելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Է. Ստեփանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Է.Ստեփանյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 30-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազը:

Վճռաբեկ դատարանը 2009 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

5. Ամբաստանյալ Է. Ստեփանյանը դատապարտվել է հետևյալ արարքների համար.

Երևան քաղաքի բնակիչ Հրաչյա Սահակյանից նրա անչափահաս դստեր` Անահիտ Սահակյանի խնամքի համար ալիմենտ բռնագանձելու նպատակով դատարանի կատարողական թերթի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում 1999 թվականի հուլիսի 2-ին հարուցվել է կատարողական վարույթ, որի հետագա կատարումը 2006 թվականի դեկտեմբերի 14-ին հանձնարարվել է նույն ծառայության Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի ավագ հարկադիր կատարող Է. Ստեփանյանին: Վերջինս այդ վարույթով շուրջ երկու տարի որևէ գործողություն չի ձեռնարկել, իսկ 2008 թվականի հոկտեմբերին համապատասխան մարմիններին հարցումներ է ուղարկել պարտապան Հ. Սահակյանին պատկանող գույք կամ դրամական միջոցներ հայտնաբերելու ուղղությամբ, որոնք սակայն արդյունք չեն տվել, չի պարզվել նաև պարտապանի գտնվելու վայրը: 2008 թվականի նոյեմբերի սկզբին Է. Ստեփանյանն այցելել է պարտապանի մորը` Գայանե Սաքոյանին` նախ նրա աշխատավայրում, ապա` տանը: Վերջինիցս տեղեկանալով, որ Հ. Սահակյանը բացակայում է հանրապետությունից, բանակցությունների մեջ է մտել Գ. Սաքոյանի հետ` որդու նկատմամբ հետախուզում չհայտարարելու, նրա վերաբերյալ կատարողական վարույթի բարեհաջող ընթացքն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթային հիմքեր ձեռք բերելու հարցերում: Իր լիազորությունների մեջ մտնող հիշյալ գործողությունները կատարելու և պարտապան Հ. Սահակյանի նկատմամբ հետախուզում չհայտարարելու համար Է. Ստեփանյանը Գ. Սաքոյանից պահանջել և վերջինիս` Երևանի Ռուբինյան փողոցի 2/1 շենքի 14-րդ բնակարանում անձամբ ստացել է 91.107 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար կաշառք:

Բացի այդ, Հ. Սահակյանի ալիմենտի պարտքը մարելու նպատակով 2008 թվականի նոյեմբերի 12-ին Գ. Սաքոյանի աշխատավայրում` Երևանի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում, վերջինիցս ստանալով 130.000 ՀՀ դրամ` Է. Ստեփանյանը չի կազմել սահմանված կարգի անդորրագիր, այդ գումարը չի մուտքագրել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է անչափահաս երեխայի խնամքի նպատակով վերջինիս մորը` Ստելլա Միքայելյանին վճարվելիք գումարը և նրան փոխանցելու փոխարեն ծախսել է իր անձնական կարիքների համար:

6. Սույն գործով առաջին ատյանի դատարանն իր դատավճռի` «Դատարանի իրավական վերլուծությունը» բաժնում նշել է` «Ամբաստանյալ Էդգար Ստեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի առավ կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի առավ այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված չի եղել, բնակվում է վարձով, նրա խնամքին են գտնվում 6 և 11 տարեկան անչափահաս երեխաները, չաշխատող կինը, թոշակառու ծնողները, շուրջ 10 տարի աշխատել է համակարգում, ունի մայորի կոչում, պատճառված վնասը հատուցել է ամբողջությամբ, ինչպես նաև տուժողի դիրքորոշումը:

Ամբաստանյալ Էդգար Ստեփանյանը թեև իրեն մեղավոր չճանաչեց, սակայն խնդրեց իր նկատմամբ կիրառել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 19.06.2009 թ. որոշումը» (տե՛ս գ/թ 304):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է` «Առաջին ատյանի դատարանի մատնանշած` ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները (...) ոչ թե նվազեցնում են նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից ելնելով` դատարանի կողմից մյուս հանգամանքների (...) հետ հաշվի են առնվել ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս: (...)

Դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս պարտավոր չէր հաշվի առնել նաև օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը և բնույթը, քանի որ դրանք նախատեսված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով: Այդ հանգամանքներն արդեն իսկ հաշվի են առնվել օրենսդիր մարմնի կողմից` տվյալ հանցագործության համար պատժի տեսակն ու չափը սահմանելիս» (տե՛ս գ/թ 336):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը գտնում է, որ ստորադաս դատարանները Է. Ստեփանյանի նկատմամբ պատիժ են նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության ու պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքի հեղինակը նշում է, որ Է. Ստեփանյանը, հանդիսանալով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձ և օրենքով լիազորված լինելով իր ծառայությունն իրականացնել օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու սկզբունքների պահպանմամբ, ի հակադրություն դրան, պահանջել և ստացել է կաշառք: Վերոնշյալից բացի Է. Ստեփանյանը, գանձելով անչափահաս երեխայի ապրուստի միջոց հանդիսացող որոշակի գումար, հափշտակել է այն:

Բողոքաբերը նշում է նաև, որ հարուցված քրեական գործի քննության ընթացքում հիշյալ փաստերը հիմնավորող ապացույցների բավարար ամբողջության պայմաններում Է.Ստեփանյանը հանցագործության մանրամասների վերաբերյալ լիարժեք ցուցմունքներ չի տվել, այսինքն` չի զղջացել իր կատարած արարքների համար:

Վերոնշյալից բողոք բերած անձը հետևություն է անում այն մասին, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների մատնանշած` Է. Ստեփանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները (դատապարտված չլինելը, վարձով բնակվելը, շուրջ 10 տարի համակարգում աշխատելը, մայորի կոչում ունենալը և այլն) չեն կարող նվազեցնել կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանը:

9. Բողոքաբերը գտնում է նաև, որ Է. Ստեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել օրենքով պահպանվող այն հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը և բնույթը, որոնց դեմ ոտնձգել է հանցավորը: Հատկապես ընդգծվում է Է. Ստեփանյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` կաշառակերության, հանրային վտանգավորության բարձր աստիճանը:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը գտնում է, որ Է. Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժն անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու պատճառով: Նա կարծիք է արտահայտում այն մասին, որ նշված հանգամանքների առկայության պայմաններում Է. Ստեփանյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկումը չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը, ուստի խնդրում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` Է. Ստեփանյանի նկատմամբ համաչափ և արդարացի պատիժ սահմանելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը և սոցիալական նշանակությունը հաշվի առնելը

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիաների շրջանակներում Է. Ստեփանյանի նկատմամբ առավել կամ նվազ խիստ պատժաչափ ընտրելիս առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները պարտավո՞ր էին հաշվի առնել նրա կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը և սոցիալական նշանակությունը, և եթե` պարտավոր էին, ապա արդյո՞ք հաշվի են առել դրանք:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան, ի թիվս այլոց, նախատեսում է ազատազրկման ձևով պատիժ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասը, ի թիվս այլոց, նախատեսում է ազատազրկման ձևով պատիժ երկուսից չորս տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածների սանկցիաների վերլուծությունից երևում է, որ դրանք հարաբերականորեն որոշակի են, առաջին դեպքում պատժի առավելագույն չափի սահմանմամբ, երկրորդ դեպքում` պատժի առավելագույն և նվազագույն չափերի սահմանմամբ, ինչը հնարավորություն է տալիս դատարանին հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակել արդարացի պատիժ:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

14. Գ. Մադաթյանի վերաբերյալ գործով ԵՇԴ/0029/01/08 որոշման 13-րդ կետում Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա»:

Վերոնշյալ որոշման 14-րդ և 15-րդ կետերում Վճռաբեկ դատարանն անդրադարձել է արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ հարցերին և ամրագրել, որ «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը:

Արարքի հանրային վտանգավորության բնույթի որոշման հարցում Վճռաբեկ դատարանը կարևորում է խախտված քրեաիրավական նորմով պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժ նշանակելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշումը):

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ առկա այն դիրքորոշումը, համաձայն որի` դատարանը պատիժ նշանակելիս պարտավոր չէ հաշվի առնել օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը և բնույթը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), հակասում է Վճռաբեկ դատարանի ԵՇԴ/0029/01/08 որոշմանը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Է. Ստեփանյանը, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել դատական ակտերի կատարումը, իրեն հանձնարարված դատական ակտի կատարումն ապահովելու, անչափահաս երեխայի խնամքի նպատակով գումարների բռնագանձման ուղղությամբ պատշաճ միջոցներ ձեռնարկելու փոխարեն պահանջել և ստացել է կաշառք, սակայն դրանից հետո էլ չի դադարեցրել իր հանցավոր գործողությունները, այլ գանձելով ալիմենտի գումարը` հափշտակել է այն ու ծախսել իր անձնական կարիքների համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Այսինքն` Է. Ստեփանյանի կողմից կատարվել է հանցագործություն, որը ոտնձգում է պետական ապարատի նորմալ գործունեության դեմ, հանդիսանում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն և օժտված է առավել բարձր հանրային վտանգավորությամբ: Է. Ստեփանյանի գործողությունների արդյունքում ոչ միայն հեղինակազրկվել է պետական իշխանությունը, քանի որ վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ և գործելով պետության անունից, պահանջել և ստացել է կաշառք, այլ նաև վնաս է պատճառվել անչափահաս երեխայի գույքային շահերին, քանի որ Է. Ստեփանյանը, գանձելով երեխայի ալիմենտի գումարը, այն ծախսել է սեփական կարիքների համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Է. Ստեփանյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը և սոցիալական նշանակությունը գնահատելիս առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները պարտավոր էին հաշվի առնել վերը նշված հանգամանքները, սակայն հաշվի չեն առել:

 

II. Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի առնված մեղմացնող հանգամանքները

 

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ հարցը վերաբերում է նրան, թե առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից Է. Ստեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված մի շարք մեղմացնող հանգամանքներ կարո՞ղ էին արդյոք նվազեցնել նրա կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը:

18. Դատարանների կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի վերաբերյալ գործով ՎԲ-84/07 որոշման մեջ, որի համաձայն` «(...) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի` պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն` գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, (...)» (տե՛ս Պարույր Ստյոպայի Բայրամյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի ՎԲ-84/07 որոշումը):

19. Սույն գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 30-ի դատավճռում որպես Է. Ստեփանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, ի թիվս այլոց, նշվել է, որ նա նախկինում դատապարտված չի եղել, բնակվում է վարձով, նրա խնամքին է չաշխատող կինը, շուրջ 10 տարի աշխատել է համակարգում, ունի մայորի կոչում, պատճառված վնասը հատուցել է ամբողջությամբ, ինչպես նաև տուժողի դիրքորոշումը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

20. Անդրադառնալով առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված` Է. Ստեփանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ամրագրել է, որ առաջին ատյանի դատարանի մատնանշած` ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները թեև չեն նվազեցնում նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից ելնելով` հաշվի են առնվել նրա նկատմամբ պատիժ նշանակելիս (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

21. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի արտահայտած` սույն որոշման 20-րդ կետում շարադրված մոտեցումը հակասում է Պ. Բայրամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը: Հանգամանքը կարող է համարվել մեղմացնող և հաշվի առնվել պատիժ նշանակելիս, եթե ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, հակառակ պարագայում այն չի կարող համարվել որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, հետևաբար չպետք է հաշվի առնվի դատարանի կողմից անձի նկատմամբ պատիժ նշանակելիս: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը վերոգրյալին հակառակ որևէ պահանջ չի բովանդակում:

22. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից Է. Ստեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված մի շարք հանգամանքներ` նախկինում դատապարտված չլինելը, վարձով բնակվելը, խնամքին չաշխատող կին ունենալը, շուրջ 10 տարի համակարգում աշխատելը, մայորի կոչում ունենալը, պատճառված վնասը հատուցելը, ինչպես նաև տուժողի դիրքորոշումը, չէին կարող նվազեցնել նրա կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանը, հետևաբար չպետք է դիտվեին որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ:

23. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ վերաքննիչ դատարանները սույն գործով ճիշտ չեն գնահատել Է. Ստեփանյանի արարքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, սխալ են կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչն էլ հանգեցրել է նրա նկատմամբ ակնհայտ մեղմ լինելու պատճառով անարդարացի պատժի նշանակման:

Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Էդգար Հրաչի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.11.2009
N ԵԿԴ/0098/01/09
Որոշում