Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 232-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 233- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                            ԵԿԴ/0107/11/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0107/11/08

Նախագահող դատավոր` Ռ. Ազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2009 թվականի նոյեմբերի 26-ին                       ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով «Էկոնոմինկասացիա» դուստր փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԴՓԲԸ) ներկայացուցիչ Հասմիկ Ռաֆայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրինության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ 2008 թվականի օգոստոսի 16-ին նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

2. 2008 թվականի հոկտեմբերի 10-ին «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրեն Սամվել Գուրգենի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

3. Նախաքննության մարմնի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ կալանք է դրվել ընկերությունում որպես հիմնական միջոցներ հաշվառված, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող թվով 19 տրանսպորտային միջոցների վրա:

4. 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի 2008 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ բողոքը մերժվել է:

5. 2008 թվականի նոյեմբերի 28-ին «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրենը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` գույքի վրա կալանք դնելու մասին 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը վերացնելու խնդրանքով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ բողոքը մերժվել է:

6. «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրենի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ վերաքննիչ վարույթը կարճել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի ներկայացուցիչը:

7. Վճռաբեկ դատարանը 2009 թվականի հունիսի 2-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն` «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության և իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող որակվել որպես վերաքննիչ բողոքից հրաժարում, հետևաբար չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ վարույթը կարճելու համար:

8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի ներկայացուցիչը:

9. Վճռաբեկ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

10. Ս. Պետրոսյանը, հանդիսանալով «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ տնօրեն, հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում և հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է 333.589.800 ՀՀ դրամի վնաս:

11. Նախաքննության մարմնի «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ պետությանը պատճառված վնասի վերականգնումը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ընկերությունում որպես հիմնական միջոցներ հաշվառված, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող թվով 19 տրանսպորտային միջոցների վրա:

12. «Էկոնոմինկասացիա» ԴՓԲ ընկերության կանոնադրության 2.3-րդ կետի համաձայն` ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով (միջոցներով):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքաբերը փաստարկել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի դրույթների միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

14. Բողոք բերած անձը նշել է, որ վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 8-րդ, 42-րդ, 42.1-րդ հոդվածների և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի, 232-րդ հոդվածի 2-րդ մասի, 233-րդ հոդվածի 1-ին մասի և 290-րդ հոդվածի 5-րդ մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջները:

15. Ըստ բողոքաբերի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի չի առել, որ քննիչի որոշմամբ տրանսպորտային միջոցների վրա դրված կալանքով սահմանափակվել են ընկերության` տրանսպորտային միջոցները տնօրինելու իրավազորությունը, որով խախտվել են ընկերության իրավունքները: Բացի այդ, քննիչը գույքի վրա կարող էր կալանք դնել միայն այն դեպքում, երբ նման հնարավորություն ուղղակի սահմանված լիներ օրենքով, մինչդեռ քննիչի կողմից որոշման կայացման հիմքում ընկած է միայն ընկերության կանոնադրության 2.3-րդ կետը, որի համաձայն` ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, իսկ ընկերության պարտավորությունները չեն նշվել ո՛չ քննիչի և ո՛չ էլ դատարանների կողմից:

16. Բողոքում նշվում է նաև, որ քրեական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի պարտավորությունների համար չի կարող երբևէ պատասխանատվություն կրել քրեական պատասխանատվության սուբյեկտ չհանդիսացող իրավաբանական անձը` ընկերությունը:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել` վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի գույքի վրա կարո՞ղ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի ուժով կալանք դրվել նրա անունից հանդես եկող պաշտոնատար անձի` տնօրենի գործողությունների համար:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է (...), գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում»:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «ՀՀ-ում ֆիզիկական և իրավաբանական անձինք (...) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ»:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` «Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք»:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով»:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ընկերության տնօրենը տնօրինում է ընկերության գույքը, ներկայացնում ընկերությունը ՀՀ-ում և արտասահմանում, գործում է առանց լիազորագրի, (...), կնքում պայմանագրեր, (...), իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, (...) և վերահսկում դրանց կատարումը»:

20. Նախորդ կետում շարադրված նորմերի վերլուծությունից երևում է, որ իրավաբանական անձի մասնակցությունը ցանկացած իրավահարաբերության, այդ թվում` հարկերը վճարելուն և հարկային օրենսդրության մյուս պահանջները կատարելուն, իրականացվում է նրա մարմինների միջոցով: Վերջիններս հանդես են գալիս իրենց կողմից ներկայացվող իրավաբանական անձի անունից և իրենց գործողություններով կարող են իրավունքներ ձեռք բերել և պարտականություններ ստանձնել այդ իրավաբանական անձի համար:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս. Պետրոսյանը, հանդիսանալով «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրեն (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), իրավասու է եղել ԴՓԲԸ-ի անունից ու նրա օգտին կատարել որոշակի գործողություններ:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Ս.Պետրոսյանը հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում և հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է 333.589.800 ՀՀ դրամի վնաս (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Նշված գործողությունները կատարելիս մեղադրյալը հանդես է եկել «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի անունից և, չկատարելով հարկային պարտավորությունների սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձի պարտականությունները, վնաս է պատճառել պետությանը:

Քննիչը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի կանոնադրության 2.3-րդ կետը, իր որոշմամբ կալանք է դրել «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ը սեփականության իրավունքով պատկանող թվով 19 մարդատար ավտոմեքենաների վրա, և դրանով ապահովել պետությանը պատճառված վնասի վերականգնումը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերը (տե՛ս սույն որոշման 11-րդ և 12-րդ կետերը):

22. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձը պատասխանատու է իր անունից հանդես եկող անձի յուրաքանչյուր, այդ թվում` օրենքի պահանջներին չհամապատասխանող գործողությունների համար: ՈՒստի, սույն գործով «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ն պատասխանատու է իր անունից հանդես եկող տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու համար:

Հետևաբար` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա կարող է դրվել կալանք, եթե անհրաժեշտություն կա ապահովելու գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերը:

23. Այս մոտեցումը համապատասխանում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքին: Մասնավորապես, Գասուս Դոսյեր ունդ Ֆյորդերտեխնիկ ՍՊԸ-ն ընդդեմ Նիդերլանդների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... երրորդ անձանց գույքի վրա կալանք դնելու հարկային մարմինների իրավունքը հիմք չի տալիս ենթադրելու, որ հասարակական շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև անհրաժեշտ հավասարակշռությունը չի պահպանվել: Այնպիսի գույքի վրա կալանք դնելու իրավունքը, որը փաստացի գտնվում է պարտապանի տիրապետման ներքո, թեև ձևական առումով հանդիսանում է երրորդ անձի սեփականությունը, հանդիսանում է կիրառման վարույթներում պարտատուի շահերի պաշտպանության տարածված մեխանիզմ. այն չի կարող ինքնին անհամատեղելի համարվել Առաջին Արձանագրության 1-ին հոդվածին: ՈՒստի օրենսդիրը հանրային շահի` հարկերի արդյունավետ վճարումն ապահովելու նպատակով կարող է դիմել այդ միջոցին ...» (տես` GASUS DOSIER-UND FՃRDERTECHNIK GmbH v. THE NETHERLANDS գործով 1995 թ. փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 15375/89, կետ 66):

24. Ելնելով վերոգրյալից և մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «... այն անձանց գույքի վրա, որոնց վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն ...» արտահայտությունը կարող է վերաբերել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձանց: ՈՒստի բողոք բերած անձի այն պնդումը, թե քրեական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի պարտավորությունների համար երբևէ չի կարող պատասխանատվություն կրել քրեական պատասխանատվության սուբյեկտ չհանդիսացող իրավաբանական անձը` ընկերությունը, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և հարկային օրենսդրության` սույն որոշման 19-րդ կետում նշված հոդվածների իմաստից:

25. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավամբ օրինական ուժի մեջ է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` «Գույքի վրա կալանք դնելու մասին» 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ բողոքը մերժելու մասին որոշումը: Հետևաբար, վճռաբեկ բողոքում նշված հիմքով ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից նյութական կամ դատավարական օրենքի էական խախտումներ թույլ չեն տրվել, այդ առումով վերաքննիչ դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ, 233-րդ հոդվածների պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

26. Բողոքարկվող դատական ակտի վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթների իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ իրավաբանական անձանց գույքի վրա կալանք դնելու դեպքերում դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: «Գույքի վրա կալանք դնելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ Լ. Սարգսյանի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ «Էկոնոմինկասացիա» դուստր փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.11.2009
N ԵԿԴ/0107/11/08
Որոշում