Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172-ՐԴ, 273-278-ՐԴ, 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0391/02/08     

    դատարանի որոշում                                             2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0391/02/08

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Ստեփանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Դիաննա Բադալյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Գևորգ Ստեփանյանի, Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի, «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին և Գևորգ Ստեփանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Դիաննա Բադալյանի, Կադաստրի, երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի, «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դիաննա Բադալյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող 17,6 քմ մակերեսով շինության և 98,0 քմ մակերեսով հողամասի 1/2 մասի նկատմամբ և Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել կատարելու իրավունքների պետական գրանցում:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գևորգ Ստեփանյանը պահանջել է Կադաստրին պարտավորեցնել Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող տան նկատմամբ կատարելու սեփականության իրավունքի պետական գրանցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 23.12.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Ստեփանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել նախկին քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 273-278-րդ, 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է նախկին քաղաքացիական օրենսգրքի 124-րդ, նախկին հողային օրենսգրքի 5-րդ և 9-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքները, որ Դիաննա Բադալյանը 32 տարի շարունակ ՀՍՍՀ Գերագույն դատարանի 19.09.1975 թվականի որոշումը նյութականացնելու և ձևակերպելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել, կամովին հրաժարվել է այն իրականացնելուց, ավելին` դիտավորյալ կերպով քանդել է 11,7 քմ և 11,9 քմ մակերեսներով սենյակները` այդտեղ չբնակվելու և պետական բնակելի ֆոնդից բնակարան ստանալու միտումով: Տեսնելով, որ այդ տարածքի իրացումը ձգձգվում է, 1998 թվականին դուրս է եկել այդ հասցեի գրանցումից, իսկ 10 տարի հետո, երբ լսել է տարածքի իրացման մասին, դիմել է կադաստր` նշված որոշումից ծագած իրավունքները գրանցելու համար: Բացի այդ, 1989 թվականին վիճելի սենյակի նկատմամբ գրանցվել է բողոք բերած անձի սեփականության իրավունքը և նրան տրվել է նոր տեխնիկական անձնագիր, այսինքն` վիճելի սենյակի նկատմամբ ճանաչվել է բողոք բերած անձի սեփականության իրավունքը, իսկ Դիաննա Բադալյանը նշված տեխնիկական անձնագիրը երբևէ չի վիճարկել: Սրանից հետևում է, որ սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն ՀՀ նախկին հողային օրենսգրքի 5-րդ, 9-րդ հոդվածները, քանի որ այդ նորմերի գործողության ժամանակ Դիաննա Բադալյանը վիճելի հասցեի հողի նկատմամբ գրանցված իրավունք չի ունեցել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.12.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՍՍՀ Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանի 01.07.1974 թվականի վճռի համաձայն` Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող 11,70 քմ մակերեսով սենյակն իր 11,90 քմ օժանդակ սենյակով հատկացվել է Դիաննա Բադալյանին և նրա երեխային, իսկ 17,6 քմ մակերեսով սենյակը` Գևորգ Ստեփանյանին (գ.թ. 60-61, հ. 1):

2) Սպանդարյանի շրջանի դատական կատարածուի, Կոնդի թաղային կոմիտեի նախագահի և Դիաննա Բադալյանի կողմից 13.10.1974 թվականին ստորագրված ակտի համաձայն` Դիաննա Բադալյանն իր կամքով գնացել է վարձով բնակվելու մինչև Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 տան իրացվելը (գ.թ. 38, հ. 2):

3) ՀՍՍՀ Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանի 11.08.1975 թվականի վճռի համաձայն` Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող 17,6 քմ մակերեսով սենյակը վարձակալական հիմունքներով հատկացվել է Դիաննա Բադալյանին, 11,7 քմ մակերեսով սենյակը թողնվել է Գևորգ Ստեփանյանին, իսկ 11,9 քմ մակերեսով օժանդակ սենյակը թողնվել է Սպանդարյան շրջսովետի գործկոմի տնօրինության տակ (գ.թ. 14-16, հ. 1):

4) ՀՍՍՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 19.09.1975 թվականի որոշման համաձայն` Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող 17,6 քմ մակերեսով սենյակը Դիաննա Բադալյանին հատկացվել է սեփականատիրական իրավունքով, իսկ 11,9 քմ մակերեսով օժանդակ սենյակը թողնվել է Գևորգ Ստեփանյանի օգտագործմանը (գ.թ. 17-18, հ. 1): Նշված որոշումը կատարման ներկայացվելու վերաբերյալ սույն գործում որևէ ապացույց առկա չէ:

5) ՀՍՍՀ Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանին 23.06.1976 թվականին հասցեագրած հայտարարությամբ Դիաննա Բադալյանը հայտնել է հետևյալը. «Ես պատասխանող Գևորգ Ստեփանյանի հետ համաձայնվել եմ և ընդունում եմ 1-ը հուլիսի 1974 թ. գործ նո 2-880 առաջին ժողդատարանի վճիռը, որով ինձ հատկացվել էր նո 1-2 սենյակը 11,7 քառ. մ իր նո-2 օժանդակ սենյակը 11,9 քմ բնակ. մակերեսով բնակվելու իրավունքով, իսկ նո 1-1 սենյակը 17,6 քմ բնակ. մակերեսով Գ. Ա. Ստեփանյանին, համաձայնվել եմ վճռի հետ և ներկայումս էլ տալիս եմ իմ համաձայնությունը և խնդրում եմ ուժի մեջ թողնել 1-ը հուլիսի 1974 թ. քաղ. գործը նո 2-880 ժողդատարանի վճիռը» (գ.թ. 70, հ. 1):

6) Բնակելի տան 12.07.1989 թվականի տեխնիկական անձնագրի համաձայն` Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող 17,6 քմ մակերեսով բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցվել է Գևորգ Ստեփանյանի անվամբ: Ըստ հատակագծի` նշված հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 98,0 քմ (գ.թ. 56-58, հ. 1):

7) Գործում առկա տեղեկանքների համաձայն` Գևորգ Ստեփանյանը 1970 թվականից մշտապես բնակվել է Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող տանը, իսկ Դիաննա Բադալյանն իր երեխայի հետ 1972 թվականից հեռացել է և այլևս նշված տանը չի բնակվում (գ.թ. 73, 75-80 հ. 1):

8) ՀՀ ոստիկանության 12.05.2008 թվականի գրության համաձայն` Դիաննա Բադալյանը 10.02.1998 թվականին դուրս է գրվել Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեի հաշվառումից (գ.թ. 37, հ. 2):

9) 19.09.2007 թվականին Գևորգ Ստեփանյանը, դիմելով Կադաստր, ներկայացրել է իր սեփականությունը հավաստող փաստաթղթերը` բնակելի տան տեխնիկական անձնագիրը, հատակագիծը, կատարել է պետական գրանցման համար համապատասխան սահմանված վճարումը և խնդրել է Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեի տան նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը (գ.թ. 40, հ. 1):

10) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 25.09.2007 թվականի գրություններով մերժվել են Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու վերաբերյալ Գևորգ Ստեփանյանի և Դիաննա Բադալյանի դիմումները` առաջին դեպքում` 11,7 քմ մակերեսով սենյակի քանդման թույլտվությունը և 6,8 քմ մակերեսով կառույցի օրինականությունը հաստատող փաստաթղթերը ներկայացված չլինելու, իսկ երկրորդ դեպքում` վճռից ծագող իրավունքի գրանցման համար սահմանված երեք տարի ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ (գ.թ. 81-82, հ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի վճիռը այն գործով, որի կողմերից թեկուզև մեկը քաղաքացի է, հարկադիր կատարման կարող է ներկայացվել նրա օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում, իսկ մնացած բոլոր գործերով` մեկ տարվա ընթացքում, եթե օրենսդրությամբ այլ ժամկետներ չեն սահմանված:

29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Սույն գործով Դատարանի վճիռը բեկանելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ ՀՍՍՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 19.09.1975 թվականի որոշումը բեկանված չէ, այն ունի իրավական ուժ, հետևաբար իրավունքի պետական գրանցման բացակայությունը սեփականության իրավունքի դադարման հիմք չէ, իսկ Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող 98 քմ մակերեսով հողամասի 1/2 մասի նկատմամբ Դիաննա Բադալյանը նախկին հողային օրենսգրքի 5-րդ և 9-րդ հոդվածների ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՍՍՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 19.09.1975 թվականի որոշմամբ Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող 17,6 քմ մակերեսով սենյակի նկատմամբ ճանաչվել է Դիաննա Բադալյանի սեփականության իրավունքը, և ՀՀ նախկին քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Դիաննա Բադալյանին այդ դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու իրավունք է վերապահվել` դրա օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` ՀՍՍՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 19.09.1975 թվականի որոշումը կատարման ներկայացվելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Այսինքն, Դիաննա Բադալյանը չի օգտվել օրենքով սահմանված իր իրավունքից և սահմանված ժամկետում կատարողական թերթը կատարման չի ներկայացրել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՍՍՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 19.09.1975 թվականի որոշումն օրենքով սահմանված երեք տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` Դիաննա Բադալյանը զրկվել է այդ դատական ակտով նախատեսված իրավունքի իրականացման հնարավորությունից:

Ավելին` ՀՍՍՀ Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանին 23.06.1976 թվականին հասցեագրած հայտարարությամբ Դիաննա Բադալյանն ըստ էության հրաժարվել է վիճելի հասցեում գտնվող գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքից` ցանկանալով պահպանել միայն բնակության իրավունքը, իսկ 10.02.1998 թվականին ընդհանրապես դուրս է գրվել Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեի հաշվառումից` հրաժարվելով նաև բնակության իրավունքը պահպանելու մտադրությունից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն կարևոր հանգամանքը, որ Դիաննա Բադալյանը գրավոր հայտարարությամբ և իր գործողություններով հրաժարվել է Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող 17,6 քմ մակերեսով սենյակի նկատմամբ սեփականության իրավունքից` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, իսկ բնակելի տան 12.07.1989 թվականի տեխնիկական անձնագրի հիման վրա Գևորգ Ստեփանյանը դարձել է Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող 17,6 քմ մակերեսով բնակելի տան սեփականատեր: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ նախկին հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով Գևորգ Ստեփանյանը 1991 թվականից սեփականության իրավունք է ձեռք բերել նաև Երևանի Լեոյի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող 98,0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ԵԿԴ/0391/02/08
Որոշում