Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 317-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 317-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 332-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 333-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0341/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0341/02/08

Նախագահող դատավոր` Վ. Թորոսյան

    Դատավորներ`        Է. Մուրադյան

                       Ա. Մկրտչյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նարինե Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Վազգեն Մխիթարյանի հայցի ընդդեմ Նարինե Գասպարյանի` կտակը, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վազգեն Մխիթարյանը պահանջել է անվավեր ճանաչել կտակը, ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի պետական գրանցումը, մասնակի անվավեր ճանաչել սեփականության իրավունքի գրանցման վկայականը և իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ Երևանի Թավրիզյան փողոցի 46 տան 1/2 մասի նկատմամբ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշմամբ Նարինե Գասպարյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 11.02.2008 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ըստ առարկայական ընդդատության փոխանցվել է Երևանի քաղաքացիական դատարան (այսուհետ` Դատարան):

Դատարանի 11.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2008 թվականի որոշմամբ Վազգեն Մխիթարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է բեկանել Դատարանի 11.08.2008 թվականի վճիռը և այն փոփոխել, այն է` Վազգեն Մխիթարյանի հայցը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել 26.05.1994 թվականին Նարինե Գասպարյանին (Մխիթարյան) տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջությամբ և Երևանի Թավրիզյան թիվ 46 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Նարինե Մխիթարյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը` 1/2 մասով, հայցվոր Վազգեն Մխիթարյանին ճանաչել է Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 46 տան` Նարինե Գասպարյանին (Մխիթարյան) 11.02.2007 թվականին տրված թիվ 2243745 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում նշված անշարժ գույքի (շենք-շինությունների և հողամասի) 1/2 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ հայցապահանջը` Երևանի 26 Կոմիսարների շրջանի նոտարական գրասենյակի կողմից 18.04.1989 թվականի սեղանամատյանի 1-8166 համարի տակ գրանցված կտակն անվավեր ճանաչելու մասին, մերժել: Նույն որոշմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Գասպարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վազգեն Մխիթարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը, 332-րդ հոդվածը, 333-րդ հոդվածի 1-ին մասը, 335-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել գործում առկա ապացույցները, այդ թվում` 31.05.1994 թվականին Նարինե Մխիթարյանին (Գասպարյան) տրված սեփականության վկայագիրը, Վազգեն Մխիթարյանի կողմից 23.03.2005 թվականին Արաբկիրի համայնքի ավագանուն հասցեագրված` գույքահարկի պարտքի զիջման դիմումին կից Արաբկիրի համայնքի սեփական տնատիրությունը սպասարկող թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 23.03.2005 թվականի Նարինե Մխիթարյանի (Գասպարյան) անվամբ տրված տեղեկանքը, ինչպես նաև թաղապետարանի համապատասխան բաժնի կողմից 25.03.2005 թվականին տրված գույքահարկի պարտքի մասին տեղեկանքը, որում Թավրիզյան 46 տան սեփականատեր է նշված Նարինե Մխիթարյանը (Գասպարյան):

Նշված ապացույցները պատշաճ չգնահատելու արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Արաբկիրի թաղապետարանի համապատասխան բաժնի կողմից 25.03.2005 թվականին Վազգեն Մխիթարյանին տրված գույքահարկի պարտքի մասին տեղեկանքն ինքնին հիմք չէ Նարինե Մխիթարյանի (Գասպարյան) անվամբ սեփականության վկայագրի առկայության մասին Վազգեն Մխիթարյանի կողմից իմանալու հանգամանքն ապացուցված համարելու համար:

Մինչդեռ, նշված ապացույցով հաստատվում է վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ Վազգեն Մխիթարյանը, 25.03.2005 թվականին Արաբկիրի թաղապետարանից ստանալով Թավրիզյան 46 տան գույքահարկի պարտքի մասին տեղեկանքը, իրական հնարավորություն է ունեցել պարզելու այն փաստը, որ 25.03.2005 թվականի դրությամբ վիճելի անշարժ գույքի սեփականատեր է Նարինե Գասպարյանը:

Ավելին, գործում առկա է Վազգեն Մխիթարյանի և Նարինե Գասպարյանի եղբոր` Լևոն Մխիթարյանի նոտարական կարգով վավերացված հայտարարությունն առ այն, որ Վազգեն Մխիթարյանը կտակի գոյության մասին իմացել է դեռևս 1994 թվականին, որից հետո անգամ նա աջակցել է Նարինե Մխիթարյանին (Գասպարյան) ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար պահանջվող որոշ փաստաթղթեր ձեռք բերելու հարցում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը Նարինե Գասպարյանի վրա է դրել Վազգեն Մխիթարյանի կողմից իր ենթադրյալ իրավունքների ենթադրյալ խախտման մասին կոնկրետ իմանալու փաստն ապացուցելու ոչ իրավաչափ բեռը:

Վազգեն Մխիթարյանը բաց է թողել օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետում Նարինե Մխիթարյանին (Գասպարյան) տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը վիճարկելու հնարավորությունը, որպիսի պայմաններում հայցային վաղեմության կիրառման մասին Նարինե Գասպարյանի դիմումը հիմք էր հայցը մերժելու համար:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ, 550-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 219-րդ, 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել դատական ակտի վերանայման սահմաններից: Այսպես, վերաքննիչ բողոքում սոսկ վիճարկվել է առաջին ատյանի դատարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելու հիմքերը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, բողոքը քննելիս, անդրադարձել է նաև վերաքննիչ բողոքով չվիճարկվող` Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 46 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ նախկին սեփականատեր` Վալոդյա Մխիթարյանին պատկանող իրավունքների ծավալին, ինչպես նաև Նարինե Մխիթարյանի (Գասպարյան) կողմից Վալոդյա Մխիթարյանի ժառանգությունն ըստ կտակի ընդունելու ժամկետը բաց թողնելուն և այդ ժամկետը դատական կարգով երկարացված չլինելուն, որպիսի հանգամանքը ևս չի վիճարկվել:

Վիճելի իրավահարաբերություններում բացակայում է նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ և 550-րդ հոդվածների կիրառման համար անհրաժեշտ փաստական հիմքերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Վազգեն Մխիթարյանի հայցը բավարարելու և Նարինե Գասպարյանից պետական տուրքի գումար բռնագանձելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.08.2008 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

 

Վազգեն Մխիթարյանը վճռաբեկ բողոքի դեմ ամբողջությամբ առարկում է` այն անհիմն լինելու պատճառով:

Ինչ վերաբերում է բողոքում նշված այն պնդմանը, որ կողմերի հարազատ եղբայր Լևոն Մխիթարյանը հայտարարություն է տվել այն մասին, որ Վազգեն Մխիթարյանը կտակի մասին իմացել է 1994 թվականին հորեղբայր Հենրիկ Մխիթարյանից, ապա նշված պնդումն անհիմն է, քանի որ բազմաթիվ ապացույցներով հիմնավորվել է, որ Լևոն Մխիթարյանը 1992 թվականից մեկնել է Հայաստանի Հանրապետությունից և մինչ օրս չի վերադարձել: Բացի այդ, նրա և Հենրիկ Մխիթարյանի միջև լարված հարաբերություններ էին, որի մասին վկայում են գործում առկա վճիռը և նյութերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Վալոդյա Մխիթարյանը 18.04.1989 թվականի կտակով իրեն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում` Երևանի Թավրիզյան 46 հասցեի տունը, կտակել է Նարինե Մխիթարյանին (հատ. 1, գ.թ. 209):

2) Վալոդյա Մխիթարյանը մահացել է 03.11.1989 թվականին (հատ. 1, գ.թ. 7):

3) Նարինե Մխիթարյանը (Գասպարյան) ստացել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր 26.05.1994 թվականին (հատ. 1, գ.թ. 11):

4) Նարինե Մխիթարյանը 31.05.1994 թվականին ստացել է Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 46 տան վերաբերյալ սեփականության իրավունքի վկայագիր, այնուհետև, վերջինիս իրավունքը 04.02.2007 թվականին ստացել է պետական գրանցում և տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատ. 1, գ.թ. 10, 92-94):

5) Վազգեն Մխիթարյանը գույքահարկի զիջման խնդրանքով 25.03.2005 թվականին դիմել է Արաբկիր համայնքի ավագանուն (հատ. 2, գ.թ. 187):

6) Արաբկիրի համայնքի ավագանու 27.04.2005 թվականի թիվ 113 որոշմամբ զիջվել է Արաբկիր համայնքի սոցիալապես անապահով 26 բնակիչների գույքահարկը, իսկ նշված որոշման հավելվածում` Թավրիզյան 46 տան սյունակի դիմաց, նշված է Նարինե Մխիթարյանի (Գասպարյան) անունը (հատ. 2, գ.թ. 189):

7) Սույն գործում առկա են Նարինե Մխիթարյանի (Գասպարյան) անվամբ Արաբկիրի թաղապետարանի կողմից 25.03.2005 թվականի գույքահարկի, ինչպես նաև Արաբկիր համայնքի սեփական տնատիրությունը սպասարկող թիվ 13 տեղամասի կողմից ընտանիքի կազմի մասին 23.03.2005 թվականին տրված տեղեկանքներ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերից հետևում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է վերաքննիչ բողոքի շրջանակներում հետազոտել և գնահատել գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել վերաքննիչ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Սույն գործով Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի թիվ 3-1558 որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռն այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, գործում եղած ապացույցները չի գնահատել բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչի արդյունքում, մասնավորապես, չի պարզել այն հանգամանքը, թե Վազգեն Մխիթարյանը երբ է իմացել իր` որպես ժառանգի, իրավունքների խախտման մասին: Այս հանգամանքի պարզումը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ իրավունքի խախտման մասին իմանալու պահից անմիջապես հետո սկսում է հայցային վաղեմության ժամկետի հոսքը:

Դատարանը, 11.08.2008 թվականի վճռով մերժելով հայցը, պատճառաբանել է, որ Վազգեն Մխիթարյանը իմացել է իր իրավունքների խախտման մասին, քանի որ 25.03.2005 թվականին որպես Թավրիզյան 46 տան բնակիչ դիմել է Արաբկիր համայնքի ավագանուն գույքահարկի պարտքի զիջման խնդրանքով` կցելով Արաբկիր համայնքի սեփական տնատիրությունը սպասարկող թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 23.03.2005 թվականին քրոջը` Նարինե Մխիթարյանին (Գասպարյան), տրված տեղեկանքը, իսկ Երևանի Արաբկիր համայնքի ավագանու 27.04.2005 թվականի թիվ 113 որոշմամբ համայնքի սոցիալապես անապահով 26 բնակիչների, այդ թվում` Թավրիզյան 46 տան սեփականատեր Նարինե Մխիթարյանի (Գասպարյան), գույքահարկը զիջվել է:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 11.08.2008 թվականի վճիռը, պատճառաբանել է, որ Նարինե Մխիթարյանի (Գասպարյան) կողմից ըստ կտակի ժառանգության ընդունման և վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մասին Վազգեն Մխիթարյանի իմանալու, ինչպես նաև այդ մասին նրա իմացած լինելու պարտականությունը, կամ այնպիսի փաստերի առկայությունը, որոնց պայմաններում Վազգեն Մխիթարյանն ակնհայտորեն պետք է իմացած լիներ այդ մասին, ապացուցված չէ, քանի որ սեփականության վկայագրի տրամադրումը, ինչպես նաև թաղապետարանի կողմից գույքահարկի պարտքի զիջումը Նարինե Գասպարյանին, ինքնին հիմք չէ Վազգեն Մխիթարյանի` վերոհիշյալ հանգամանքների մասին իմացած լինելն ապացուցված համարելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում պետք է հետազոտվեր և գնահատվեր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր ապացույցներն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցությամբ` պարտադիր նշելով, թե հատկապես ինչու՞ այս կամ այն ապացույցն առավել արժանահավատ է և հիմնավորում է Վազգեն Մխիթարյանի կողմից իր` որպես ժառանգի, իրավունքների խախտման մասին իմանալու կոնկրետ ժամանակը, իսկ մյուս ապացույցը` ոչ, քանի որ հայցային վաղեմություն կիրառելու համար պետք է առկա լինեն այնպիսի հիմնավոր ապացույցներ, որոնք միանշանակ և բացարձակապես կհաստատեն դրա ընթացքի սկիզբը, իսկ սույն գործի առանձնահատկություններից ելնելով` այն կարող է պարզվել միայն բոլոր ապացույցների համադրմամբ, բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտմամբ և գնահատմամբ, ինչը գործի նոր քննության ընթացքում չի արվել` դրանով իսկ չիրականացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի թիվ 3-1558 որոշմամբ սահմանված էական նշանակություն ունեցող այն հանգամանքի պարզումը, թե Վազգեն Մխիթարյանը երբ է իմացել իր` որպես ժառանգի, իրավունքների խախտման մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անգամ գործն ուղարկել նոր քննության` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վերոնշյալ հանգամանքը պարզելու համար:

 

Հայցային վաղեմության ընթացքի սկիզբը որոշված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ԵՔԴ/0341/02/08
Որոշում