Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 17-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 17-ՐԴ, 18-ՐԴ, 345-ՐԴ, 347-ՐԴ, 408-ՐԴ, 409-ՐԴ, 4 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0883/02/08     

    դատարանի որոշում                                             2009 թ.      

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0883/02/08

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ֆլորա Զաքարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ֆլորա Զաքարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` դրամական փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու, վնասը փոխհատուցելու և տոկոսներ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ֆլորա Զաքարյանը պահանջել է Քաղաքապետարանին պարտավորեցնել Արաբկիր 8-րդ փողոց (Գուլակյան) թիվ 85 տան իրացման կապակցությամբ նույն տեղում հատկացված շենքի 3-րդ հարկի թիվ 8 երեքսենյականոց բնակարանի փոխարեն իր ընտանիքին տրամադրելու դրամական փոխհատուցում` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի բազմաբնակարան բնակելի տների բնակարանների շուկայական միջինացված արժեքներին համապատասխան, ինչպես նաև հատուցել կրած վնասներն ու բռնագանձել չվճարված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված տոկոսները:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 25.12.2008 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆլորա Զաքարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 17-րդ, 18-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ, 409-րդ, 411-րդ, 441-րդ, 1186-րդ, 1187-րդ, 1225-րդ, 1226-րդ, 1227-րդ, 1249-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի գնահատել ներկայացված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Քաղաքապետարանի և Ջեմիկ Ղազարյանի միջև 26.06.2003 թվականին կնքված դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ են ծագել միայն Քաղաքապետարանի և Ջեմիկ Ղազարյանի մոտ, իսկ բողոք բերած անձը պայմանագրի կողմ չէ, ուստի պայմանագրի ուժով նրա համար իրավունք չի կարող ծագել:

Մինչդեռ, նշված պայմանագիրը կնքվել է Քաղաքապետարանի և Գուլակյան 85 հասցեի բնակիչների անունից հանդես եկող անձի` Ջեմիկ Ղազարյանի միջև, որը ներկայացրել է բնակիչների` ընտանիքի անդամների շահերը և դրամական փոխհատուցման պայմանագիրը կնքել է ընտանիքի անդամների համար, հետևաբար, բողոք բերած անձը ևս որպես ընտանիքի անդամ նշված պայմանագրի կողմ է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոք բերած անձը Ջեմիկ Ղազարյանի մահից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնից օրենքով սահմանված կարգով ստացել է 2007 թվականի դեկտեմբեր ամսվա չստացած թոշակը և 2007 թվականի դեկտեմբեր ամսից էլ դիմումներ է ներկայացրել Քաղաքապետարան, այսինքն` ընդունել է ամուսնու ժառանգությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.12.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 21.02.1969 թվականին տրված ամուսնության վկայականի համաձայն` Ջեմիկ Ղազարյանի և Ֆլորա Զաքարյանի ամուսնությունը գրանցվել է Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյում` 21.02.1969 թվականին (գ.թ. 18, հ. 1):

2) 26 կոմիսարների շրջսովետի կոմունալ բաժնի իրացման սեկտորի վարիչի և Երևանի Արաբկիր 8-րդ փողոց (Գուլակյան) թիվ 85 տան բնակիչ Ջեմիկ Ղազարյանի միջև 16.07.1987 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Ջեմիկ Ղազարյանը պարտավորվել է պայմանագիրը ստորագրելուց հետո 5 օրվա ընթացքում ազատել քանդման ենթակա, իր ընտանիքի չորս անդամների կողմից զբաղեցված Գուլակյան թիվ 85 տունը և տրամադրել շրջսովետի գործկոմի կոմունալ բաժնին` քանդելու համար, իսկ շրջսովետի կոմունալ բաժինը պարտավորվել է տեղում կառուցվող բնակելի շենքի շինարարությունն ավարտելուց անմիջապես հետո Ջեմիկ Ղազարյանին տրամադրել վերոհիշյալ շենքի 3-րդ հարկի թիվ 8 երեքսենյականոց կոմունալ հարմարություններով 48,36 քմ բնակելի մակերես ունեցող բնակարանը: Պայմանագրի դարձերեսին առկա է պայմանագրում նշված անձանց վերաբերյալ տեղեկանք` Ղազարյան Ջեմիկ Ղազարի, Զաքարյան Ֆլորա Ավետիկի, Ղազարյան Տիգրան Ջեմիկի, Ղազարյան Արփինե Ջեմիկի (գ.թ. 14, հ. 1):

3) Հայկական ՍՍՀ Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների 26 կոմիսարների շրջսովետի գործկոմի 23.07.1987 թվականի նիստի արձանագրության համաձայն` Երքաղսովետի գործկոմի 1986 թվականի որոշման հիման վրա 26 կոմիսարների շրջսովետի գործադիր կոմիտեն որոշել է հաստատել կոմունալ և բարեկարգման վարչության կողմից քաղաքացի Ջեմիկ Ղազարյանի ընտանիքի չորս անձին առաջարկված տեղում կառուցվող շենքի 3-րդ հարկի թիվ 8 երեքսենյականոց 48,36 քմ բնակելի մակերեսով բնակարանի հատկացումը (գ.թ. 16, հ. 1):

4) ՀՀ կառավարությունը 25.10.2000 թվականին կայացրել է պետական և հասարակական կարիքների համար 1987-1991 թվականներին Երևան քաղաքում հողամասերը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու կամ բնակարան հատկացնելու մասին N 683 որոշումը (գ.թ. 6-10, հ. 1):

5) Երևանի քաղաքապետի անունից հանդես եկող Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Գուլակյան փողոցի թիվ 85 հասցեի իրացված տան բնակիչների անունից հանդես եկող Ջեմիկ Ղազարյանի միջև 26.06.2003 թվականին կնքված դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրի համաձայն` 16.07.1987 թվականին կնքված պայմանագրով հատկացված երեքսենյականոց բնակարանի փոխարեն, համաձայն Երևանի քաղաքապետի 15.01.2003 թվականի հ.52-Լ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 11.04.2003 թվականի գործ հ. 8-09 արձանագրության, Քաղաքապետարանը պարտավորվել է Գուլակյան փողոցի թիվ 85 հասցեի իրացված տան բնակիչ Ջեմիկ Ղազարյանին վճարել 13.198,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (գ.թ. 15, հ. 1):

6) 05.12.2007 թվականին տրված ԱԱ թիվ 100753 մահվան վկայականի համաձայն` Ջեմիկ Ղազարյանը մահացել է 04.12.2007 թվականին (գ.թ. 17, հ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից, գործարքներից ու գործողություններից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում:

Վճռաբեկ դատարանի նախկին որոշումներում անդրադարձ է կատարվել դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով, հանգել է այն հետևության, որ Քաղաքապետարանի և Ջեմիկ Ղազարյանի միջև 26.06.2003 թվականին կնքված դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ են ծագել միայն պայմանագրի կողմ հանդիսացող Քաղաքապետարանի և Ջեմիկ Ղազարյանի մոտ, իսկ Ֆլորա Զաքարյանը պայմանագրի կողմ չէ, ուստի պայմանագրի ուժով նրա համար չէր կարող որևէ իրավունք ծագել:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չի դարձվել 26.06.2003 թվականին կնքված դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիրը, որը կնքվել է Երևանի քաղաքապետի անունից հանդես եկող Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Գուլակյան փողոցի թիվ 85 հասցեի իրացված տան բնակիչների անունից հանդես եկող Ջեմիկ Ղազարյանի միջև:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ջեմիկ Ղազարյանը դրամական փոխհատուցում տրամադրելու մասին 26.06.2003 թվականին կնքված պայմանագիրը կնքել է իր ընտանիքի անդամների, այդ թվում և` Ֆլորա Զաքարյանի անունից, հետևաբար այդ պայմանագրով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ են ծագել նաև վերջինիս համար:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն փաստարկին, թե Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ջեմիկ Ղազարյանի մահից հետո բողոք բերած անձն օրենքով սահմանված կարգով ստանալով 2007 թվականի դեկտեմբեր ամսվա չստացած թոշակը, ընդունել է ամուսնու ժառանգությունը, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 30.03.2009 թվականի գրությունը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ԵՔԴ/0883/02/08
Որոշում