Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ         Վարչական գործ թիվ ՎԴ2/0082/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0082/05/09                           2009 թ.

Դատավոր` Հ. Թորոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի հայցի ընդդեմ «Սևան-Մոթել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Վիլիկ Սիմոնյանի` 40.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Վիլիկ Սիմոնյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի` տուգանք սահմանելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1898 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնը պահանջել է Ընկերության տնօրեն Վիլիկ Սիմոնյանից բռնագանձել 10.09.2008 թվականի որոշմամբ սահմանված 40.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Վիլիկ Սիմոնյանը պահանջել է վերացնել Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 10.09.2008 թվականի որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանության արդյունքում Դատարանը հանգել է այն եզրակացության, որ 25.08.2008 թվականի թիվ 2610 ստուգման ակտում նշված չէ խախտման կատարման ժամանակը:

 

2) Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու վերաբերյալ իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն այդ օրենսգրքով նախատեսված առանձնահատուկ վարչական վարույթ է: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության` որպես վարչական վարույթի առանձին տեսակի համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված են որոշակի առանձնահատկություններ, որոնցից են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում ընդունված որոշման բովանդակությանը ներկայացվող պահանջները: Տվյալ դեպքում Դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների սխալ կիրառումն ազդել է գործի ելքի վրա, քանի որ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները տուգանք նշանակելու մասին 10.09.2008 թվականի որոշմամբ չեն խախտվել:

 

3) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 10.09.2008 թվականի տուգանք սահմանելու մասին թիվ 1898 որոշումը կարող էր բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված 10-օրյա ժամկետում: Մինչդեռ նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հակընդդեմ հայց ներկայացվել է 26.03.2009 թվականին, այսինքն այն ժամանակ, երբ ընդունված տուգանքի որոշումը բողոքարկելու համար սահմանված 10-օրյա ժամկետը մոտ վեց ամիս առաջ լրացել է, և ակտը դարձել է անբողոքարկելի, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել:

Դատարանը վարույթ է ընդունել անբողոքարկելի դարձած վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումն այն դեպքում, երբ տվյալ հայցադիմումի ընդունումը պետք է մերժվեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 17.04.2009 թ. վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 01.08.2008 թվականի թիվ 1935/05 հանձնարարագրի հիման վրա` 15.08.2008 թվականից մինչև 30.08.2008 թվականն ընկած ժամանակահատվածում «Սևան-Մոթել» ՓԲԸ-ի պանսիոնատում անցկացվել է սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգում (գ.թ. 4):

2) Ստուգման արդյունքներն արձանագրվել են 25.08.2008 թվականի թիվ 2610 ստուգման ակտում (գ.թ. 2-3):

3) Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 25.08.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 2779 արձանագրության համաձայն` Ընկերության հյուրանոցային սպասարկման տնակներում ստուգման ժամանակ հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի 12.02.2007 թվականի թիվ 236-Ն հրամանով հաստատված «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների» խախտումներ: Մասնավորապես` Ընկերության հյուրանոցային սպասարկման տնակներում լվացքատունը հիմնական վերանորոգման կարիք ունի, խմելու ջուրը մշտական քլորացման չի ենթարկվում (գ.թ. 5):

4) Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 10.09.2008 թվականի թիվ 1898 որոշման համաձայն` Ընկերության տնօրեն Վիլիկ Սիմոնյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 40.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 7-8):

5) Վիլիկ Սիմոնյանը վճարման կարգադրությունը ստացել է 12.03.2009 թվականին և հակընդդեմ հայց ներկայացրել 26.03.2009 թվականին (գ. թ. 10-13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (հետագայում` սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Վերը նշված հոդվածից հետևում է, որ սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգումն իրականացվում է բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգությունը և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմաններն ապահովելու համար:

ՀՀ առողջապահության նախարարի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» 12.02.2007 թվականի թիվ 236-Ն հրամանի 3.2 և 3.3 կետերի համաձայն` Հյուրանոցային տնտեսության օբյեկտները պետք է ապահովված լինեն շուրջօրյա տաք և սառը ջրով, կենտրոնացված ջրամատակարարմամբ: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների խմելու-տնտեսական ջրի (այդ թվում` պահուստային տարողությունների) որակը պետք է համապատասխանի «Խմելու ջուր» ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, որակի հսկողություն N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Սույն գործում առկա Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 25.08.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 2779 արձանագրության համաձայն` Ընկերության հյուրանոցային սպասարկման տնակներում լվացքատունը հիմնական վերանորոգման կարիք ունի, խմելու ջուրը մշտական քլորացման չի ենթարկվում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների, այդ թվում` ՀՀ առողջապահության նախարարի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» 12.02.2007 թվականի թիվ 236-Ն հրամանի 3.2 և 3.3 կետերի պահանջների կատարման ստուգումը կարող է իրականացվել միայն ստուգման պահի դրությամբ: Նման ստուգման նպատակն է արձանագրել վերոհիշյալ կանոնների ու նորմերի պահպանման վիճակը ստուգման պահին: Նման պայմաններում ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը համընկնում է ստուգման պահին (տես` Տեսչության հայցն ընդդեմ Տաթևիկ Մնացականյանի` 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Արարատի մարզային կենտրոնի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ՎԴ3/0294/05/08 որոշումը):

Հետևաբար, Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ ստուգման ակտում նշում չկա վարչական իրավախախտման կատարման ժամանակի մասին, հիմնավոր չէ:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ

պատճառաբանությամբ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:

Վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով:

Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված` գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում ..., իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Դատարանը հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 10.09.2008 թվականի թիվ 1898 որոշումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված` գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին:

Մինչդեռ սույն գործում առկա Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 10.09.2008 թվականի թիվ 1898 որոշման ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:

Մասնավորապես, որոշման մեջ նշված են այն ընդունած մարմնի, այդ թվում` պաշտոնատար անձի անվանումը, գործի քննության ժամանակը, գործի քննությամբ հաստատված հանգամանքները, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

 

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործով այլ մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին` կարող է գանգատարկվել վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին), կամ դատարան:

Նույն օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո տասն օրվա ընթացքում: Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այլ օրենքներում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատասխանեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին, իսկ հակառակ դեպքում պետք է կիրառվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում են վարչական դատարան դիմելու (դատական պաշտպանության) տարբեր ժամկետներ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը կիրառելի չէ (տես` Տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հայկ Ադամյանի` 80.000 ՀՀ դրամ վարչական իրավախախտման համար սահմանված տուգանքի գումարը վճարելու պահանջի մասին և Հայկ Ադամյանն ընդդեմ Տեսչության Արարատի մարզային կենտրոնի` վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ3/0414/05/08 գործով Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշումը):

Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկին, որ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ`

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կիրառման իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նորմերը չեն տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ տվյալ օրենքի 71-րդ հոդվածը սահմանելով վարչական ակտի բողոքարկման ժամկետները, ըստ էության սահմանում է վարչական ակտի բողոքարկումը վարչական կարգով` ակտն ընդունած վարչական մարմնին կամ վարչական մարմնի վերադաս վարչական մարմնին: Ընդ որում, վարչական բողոքի համար սահմանված ժամկետների բացթողումը վարչական ակտը դարձնում է անբողոքարկելի միայն վարչական կարգով (տես` «Գլուր» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության, ՀՀ ԱՆ Գեղարքունիքի ԴԱՀԿ ծառայության Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի, երրորդ անձինք Գուրգեն Դարբինյանի, Տիգրան Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի` պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԳԴ/0171/02/09 որոշումը):

 

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` վճարման կարգադրությունը ներառում է կարգադրություն` վճարման կարգադրությունը ստանալու կամ նույն օրենսգրքի համաձայն` պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի:

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը, վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթն ամրագրելով որպես առանձնահատուկ վարչական վարույթ, այն է` հատուկ վարույթ, սահմանել է տվյալ վարույթի ընթացքում հակընդդեմ հայց ներկայացնելու այլ ժամկետ` երկշաբաթյա ժամկետ, հնարավորություն ընձեռելով անձին վճարման կարգադրության վերաբերյալ վարույթում ներկայացնելու վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ հակընդդեմ հայց:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատավարությունում վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի դեպքում հակընդդեմ հայց ներկայացնելիս կիրառելի է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված ժամկետը, հետևաբար անձը կարող է հակընդդեմ հայց ներկայացնել վճարման կարգադրության մասին պատշաճ ծանուցված համարվելու պահից` երկու շաբաթվա ընթացքում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վիլիկ Սիմոնյանը պահպանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը, այն է` վճարման կարգադրությունը ստացել է 12.03.2009 թվականին և հակընդդեմ հայց ներկայացրել է 26.03.2009 թվականին:

Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկին, որ ակտը դարձել է անբողոքարկելի, իսկ Դատարանը վարույթ է ընդունել անբողոքարկելի դարձած վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմում այն դեպքում, երբ տվյալ հայցադիմումի ընդունումը պետք է մերժվեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ վարչական դատարանը դատավարական ժամկետների, այդ թվում` հայց ներկայացնելու ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը ոչ թե պետք է մերժի, այլ պետք է վերադարձնի, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները սույն գործով կիրառելի չեն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի հայցը բավարարել` «Սևան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն Վիլիկ Սիմոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 10.09.2008 թվականի թիվ 1898 որոշմամբ սահմանված 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը: «Սևան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն Վիլիկ Սիմոնյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. «Սևան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն Վիլիկ Սիմոնյանից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ՎԴ2/0082/05/09
Որոշում