Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ         Վարչական գործ թիվ ՎԴ3/0106/05/09    

    Վարչական գործ թիվ ՎԴ3/0106/05/09                          2009 թ.     

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 28.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Վարվառա Հակոբյանի ընդդեմ Գյուղապետարանի` որոշումն անվավեր ճանաչելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարվառա Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Արարատի մարզի Նոր Խարբերդի գյուղապետի 23.02.2009 թվականի թիվ 23 որոշումը և Գյուղապետարանին պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանմանը ներկայացնել Նոր Խարբերդ գյուղի թիվ 1 փողոցի 1-ին շենքի դիմաց գտնվող 4.5 X 6.1 մետր հատակագծային չափերով մեկ հարկանի շինության օրինականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 28.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարվառա Հակոբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ կառավարության նշված որոշման 33-րդ և 34-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Արարատի մարզպետի 25.05.2009 թվականի թիվ 30/986 գրությունից հետևում է, որ Վարվառա Հակոբյանի կողմից Նոր Խարբերդի 1-ին փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքին կից կառուցված ինքնակամ կառույցը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ընդհանուր օգտագործման հողամասերի վրա և ենթակա չէ օրինականացման: Գործի քննության ընթացքում սույն ապացույցը Գյուղապետարանի կողմից հնարավոր չի եղել ներկայացնել, քանի որ մինչև դատաքննության սկսվելը Գյուղապետարանը համապատասխան հարցում էր ուղարկել ՀՀ Արարատի մարզպետարան, սակայն պատասխանն ստացվել է միայն 25.05.2009 թվականին: Դատարանը ևս սույն վեճի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող նշված փաստի պարզաբանմանն ուղղված որևէ գործողություն չի ձեռնարկել, այն պարագայում, երբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն` վարչական դատարանը կոչված է գործի փաստերը պարզել ի պաշտոնե:

Բացի այդ, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում իրականացված ինքնակամ կառույցը պետք է ճանաչվի պետության կամ համայնքի սեփականությունը, դրանից հետո միայն համայնքի ղեկավարն իրավունք կունենա ինքնակամ կառույցի օրինականացման կամ չօրինականացված ինքնակամ կառույցը քանդելու մասին որոշում կայացնել: Մինչդեռ, սույն գործով Դատարանը չի պարզել նաև այն փաստը, թե Վարվառա Հակոբյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունը ճանաչվել է համայնքային սեփականություն, թե` ոչ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 28.04.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Պատասխանողը դատական նիստի ժամանակ հայցն ամբողջությամբ ընդունել է, չի վիճարկել հայցվորի կողմից ներկայացված որևէ ապացույց, լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու կամ պահանջելու հետ կապված որևէ միջնորդություն չի արել, ավելին` ինքնակամ կառույցը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների շրջանակներում գտնվելու ապացուցման բեռը Դատարանի կողմից դրվել է Գյուղապետարանի վրա, մինչդեռ վերջինս այդ փաստի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել: Այն փաստարկը, թե իբր պատասխանողն օբյեկտիվորեն չի կարողացել ապացույցներ ներկայացնել, զուրկ է որևէ իրավական հիմքից, քանի որ 25.05.2009 թվականի մարզպետարանի գրությունը տրվել է ի պատասխան Արարատի մարզի Նոր Խարբերդի գյուղապետի 21.05.2009 թվականի գրության, այն դեպքում, երբ սույն գործով դատաքննությունը տեղի է ունեցել 15.04.2009 թվականին: Բացի այդ, Արարատի մարզպետի 25.05.2009 թվականի թիվ 30/986 գրությունն ապացուցողական արժեք չունի, այն ոչ իրավաչափ փաստաթուղթ է, քանի որ պարզ չէ, թե ինչ փաստարկների հիման վրա է այն կազմող պաշտոնատար անձն ինքնակամ կառույցի տակ գտնվող հողամասը դասակարգել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ, ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի 19.03.2009 թվականի գրության համաձայն` ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 1-ին փողոցի թիվ 1 շենքին կից Վարվառա Հակոբյանի կողմից իրականացված շինությունը գտնվում է տեխնիկապես բավարար վիճակում և ստեղծված քաղաքաշինական բարդ իրավիճակում չի հակասում ՀՀ-ում գործող շահագործման նորմերի պահանջներին (գ.թ. 14):

2) Վարվառա Հակոբյանը 02.02.2009 թվականին դիմել է Գյուղապետարան` Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի թիվ 1 շենքին կից իր կողմից կառուցված շինությունն օրինականացնելու թույլտվություն ստանալու խնդրանքով (գ.թ. 21):

3) ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի 23.02.2009 թվականի թիվ 23 որոշմամբ մերժվել է նույն համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասի վրա բազմաբնակարան 1-ին շենքին կից տարածքում շենքի բնակիչ Վարվառա Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված 27.0 քմ մակերեսով շինության օրինականացումը: Մերժման հիմքում դրվել են «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջները, ինչպես նաև ՀՀ Արարատի մարզպետի 05.12.2008 թվականի թիվ 15/2322 գրությունը (գ.թ. 11):

4) Դատական նիստի արձանագրության համաձայն` Դատարանը, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների և այդ կառույցով այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի խախտման առկայության փաստի ապացուցման բեռը դնելով պատասխանող կողմի վրա, պատասխանողի ներկայացուցչին չի տրամադրել ժամկետ` նշված փաստը հիմնավորող ապացույց ներկայացնելու համար, նույն նիստում դատաքննությունը հայտարարել է ավարտված և նշանակել դատական ակտի հրապարակման օր (գ.թ. 25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:

Նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացուցման բեռը կրում է նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով ապացույցներ ներկայացնելու պարտականություն կրող կողմը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

Նույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում`

- կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման բեռը: Դատարանը քննարկված փաստերի շրջանակը լրացնում է նաև այն փաստերով, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար: Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի սահմանափակում դատարանի իրավունքը` դատաքննության յուրաքանչյուր փուլում պահանջելու նոր փաստերի ապացուցում,

- կողմերի միջնորդությամբ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ պահանջում է անհրաժեշտ ապացույցներ ...:

Նույն օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի դատաքննությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը, ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելով և ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան ապացուցման բեռը կողմերի միջև բաշխելով, պարտավոր է ապացուցման բեռը կրող կողմի համար սահմանել ողջամիտ ժամկետ` ապացույցներ ներկայացնելու համար, իսկ գործի քննության հետաձգման դատարանի հայեցողական իրավունքը կարող է իրականացվել, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

«Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները`

ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

բ) որոնք կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

Սույն գործով հայցի բավարարման հիմքում Դատարանն ի թիվս այլ հանգամանքների դրել է այն հանգամանքը, որ դատաքննության ընթացքում տվյալ ինքնակամ կառույցի` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների և այդ կառույցով այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի խախտման առկայության փաստի ապացուցման բեռը դրվել է պատասխանող կողմի վրա, սակայն նրա ներկայացուցիչն այդ կապակցությամբ որևէ բան չի հայտնել:

Մինչդեռ սույն գործում առկա դատական նիստի արձանագրության ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 1-ին փողոցի թիվ 1 շենքին կից Վարվառա Հակոբյանի կողմից իրականացված ինքնակամ կառույցի` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների և այդ կառույցով այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի խախտման առկայության փաստի ապացուցման բեռը դնելով պատասխանողի վրա, նշված փաստը հիմնավորող ապացույց ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը, ապացուցման բեռը դնելով Գյուղապետարանի վրա, վերջինիս կողմից ապացույցներ ներկայացնելու համար պարտավոր էր սահմանել ողջամիտ ժամկետ և այդ հիմքով հետաձգել դատական նիստը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չի պարզել Վարվառա Հակոբյանի կողմից իրականացված ինքնակամ կառույցի` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու և այդ կառույցով այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի խախտման փաստերը, որոնք սույն գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներին, ապա վերը նշված դատավարական իրավունքի նորմի խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 28.04.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ՎԴ3/0106/05/09
Որոշում