Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ, 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ 24-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ/5381/05/08    

    Վարչական գործ թիվ ՎԴ/5381/05/08                           2009 թ.     

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ «Սևկաբել-Հոլդինգ-Հայկաբել» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 5.316.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 5.316.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.05.2009 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը և 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը Տեսչության հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Տեսչությունը որևէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր Ընկերության ֆիրմային անվանման մեջ «Հայ» բառի օգտագործման համար թույլտվություն տրված լինելու հանգամանքը: Մինչդեռ Դատարանը պահանջել է ներկայացնել ֆիրմային անվանման մեջ «Հայ» բառը օգտագործելու հանգամանքը հավաստող ապացույցը և ոչ թե ֆիրմային անվանման մեջ այդ բառն օգտագործելու համար Ընկերությանը տրված թույլտվությունը հավաստող ապացույցը:

Այսինքն` Դատարանն էական է համարել վեճի լուծման համար նշված փաստի ապացուցման անհրաժեշտությունը, սակայն, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, չի պահանջել ներկայացնելու այդ փաստի վերաբերյալ ապացույցներ: Ավելին, չի օգտվել նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իր իրավունքից և վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով չի պահանջել համապատասխան ապացույցներ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Տեսչության կողմից ներկայացված «Պետական տուրքի պարտավորությունների վերաբերյալ» հաշվարկի համաձայն` 24.04.2008 թվականի դրությամբ Ընկերությունն ունի պետական տուրքի գծով պարտավորություններ (գ.թ. 17):

2. Սույն գործում առկա 25.02.2009 թվականի արձանագրության համաձայն` Դատարանի կողմից գործի քննությունը հետաձգվել է և դատաքննությունը նշանակվել է 20.04.2009 թվականին` Տեսչության ներկայացուցչին հնարավորություն ընձեռելով պահանջել և ներկայացնել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող` ֆիրմային անվանման մեջ «Հայ» բառն օգտագործելու փաստը հաստատող ապացույցներ:

3. Գործում առկա 20.04.2009 թվականի արձանագրության համաձայն` որպես պետական տուրքի գծով պարտավորության ծագման հիմք` «Հայ» բառն օգտագործելու համար տրված թույլտվության առկայությունը հիմնավորող ապացույց Տեսչության կողմից չի ներկայացվել(գ.թ. 55):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը կարող են օգտագործվել միայն ՀՀ կառավարության սահմանված կարգով:

ՀՀ կառավարության «Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման և ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման կարգը հաստատելու մասին» 07.06.2000 թվականի թիվ 289 որոշմամբ հաստատված` Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման կարգի 20-րդ կետի համաձայն` իրավաբանական անձինք «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և (կամ) դրանց թարգմանությունները իրենց ֆիրմային անվանումների` տարբերակող նշանակության անուններում կարող են օգտագործել միայն ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության թույլտվությամբ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն` «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան պետական տուրքի գումարը կազմում է բազային տուրքի 600-ապատիկի չափով: Նշված հոդվածից հետևում է, որ «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը ֆիրմային անվանման մեջ կարող են օգտագործվել միայն համապատասխան թույլտվության առկայության դեպքում:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «չներկայացվեցին ապացույցներ, որ «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի տրամաբանության համապատասխան հենց «Հայ» բառն է օգտագործվել ֆիրմային անվանման մեջ տեղ գտած «Հայկաբել» բառի մեջ և ոչ թե, ասենք` «Հայկ» և «Աբել»»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի նման եզրահանգումը հիմնված է Ընկերության ֆիրմային անվանման մեկ բառի, այն է` «Հայկաբել» բառի սահմանափակ մեկնաբանության հիման վրա` առանց հաշվի առնելու ֆիրմային անվանման մյուս տարրերի իմաստային նշանակությունը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության ֆիրմային անվանումը, այն է` «Սևկաբել-Հոլդինգ-Հայկաբել» պետք է համալիր մեկնաբանության առարկա դարձվի` հաշվի առնելով նաև անվանման մյուս տարրերի իմաստը: Մասնավորապես, անվանման մեջ օգտագործված «Սևկաբել» և «Հայկաբել» տարրերի համեմատական վերլուծությունից հետևում է, որ Ընկերության ֆիրմային անվանման մեջ օգտագործվել է հենց «Հայ» և «կաբել» բառերը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ՎԴ/5381/05/08
Որոշում