Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՍԱՀՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ/5524/05/08       

    Վարչական գործ թիվ ՎԴ/5524/05/08                           2009 թ.        

Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Օլգա Հովհաննիսյանի, Համլետ Գևորգյանի և Մարատ Կատվալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 29.01.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Օլգա Հովհաննիսյանի, Համլետ Գևորգյանի և Մարատ Կատվալյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն)` վարչական ակտը վերացնելու և կենսաթոշակների վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Օլգա Հովհաննիսյանը, Համլետ Գևորգյանը և Մարատ Կատվալյանը պահանջել են վերացնել Նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալի 13.08.2008 թվականի թիվ 05/6061 գրությունը և պարտավորեցնել 01.01.2008 թվականից կատարել կենսաթոշակների վերահաշվարկ` 01.01.2008 թվականից գործող Վճռաբեկ դատարանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերին համապատասխան:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.01.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Օլգա Հովհաննիսյանը, Համլետ Գևորգյանը և Մարատ Կատվալյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:

«ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար 15.05.2009 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ սահմանադրական դատարանի 07.07.2009 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ վեճի առարկա հոդվածի իրավադրույթների վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 20.09.2006 թվականի որոշում, ՀՀ Սահմանադրության դրույթները գործում են անմիջականորեն, իսկ օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը կոչված է ՀՀ վճռաբեկ դատարանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 94-րդ, 97-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ օրենքը չի պարունակում նշանակված հավելավճարը (կամ կենսաթոշակը) վերահաշվարկելուն վերաբերող դրույթներ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասի համաձայն` սահմանադրական դատարանի նախագահի և անդամի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակները համամասնորեն վերահաշվարկվում են, ինչպես նաև «ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` համապատասխան պաշտոնային դրույքաչափի փոփոխման դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է: Նշված դրույթների հիման վրա նույնպես Դատարանը եզրակացրել է, որ վերոհիշյալ իրավական ակտերում անմիջականորեն նախատեսված է նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման հատուկ կարգեր, որը սակայն նախատեսված չէ ՀՀ դատական օրենսգրքով:

Մինչդեռ այդ նույն իրավունքը չէր կարող չվերապահվել նաև Վճռաբեկ դատարանի և ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորների պաշտոններից կենսաթոշակի անցած դատավորներին կամ նախկին Գերագույն դատարանի անդամներին, արբիտրներին և ժողովրդական դատարանների դատավորներին, քանի որ տվյալ իրավունքը բխում է ՀՀ Սահմանադրության և միջազգային նորմերի պահանջներից:

Դատարանը հաշվի չի առել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի դրույթը համաձայն որի` նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը, նշանակում է, որ դատավորներին արդեն իսկ նշանակված կենսաթոշակները պետք է համապատասխանեցվեն և հաշվարկվեն` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանի և ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը: Իսկ գործող պաշտոնային դրույքաչափեր հասկացությունն իր մեջ ակնհայտորեն ներառում է ներկա պահին գործող պաշտոնային դրույքաչափերը` հանգեցնելով կենսաթոշակների վերահաշվարկի:

Մինչդեռ Դատարանը, օրենքի նշված պահանջը սխալ մեկնաբանելով, հանգել է միանգամայն սխալ եզրակացության:

ՀՀ Սահմանադրության 5-րդ, 91-րդ, 94-րդ, 97-րդ հոդվածների դրույթները հիմնարար սահմանադրական սկզբունքներ են, որոնք ամրագրում են դատարանների` որպես միասնական պետական իշխանության ինքնուրույն թևի` դատական իշխանության և դատավորների` որպես դատական իշխանության միակ կրողների, սահմանադրական կարգավիճակը` սահմանադրորեն երաշխավորելով նրանց անկախությունը: Օրենքները կոչված են իրավական լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու այդ անկախության ամրապնդման համար: Այս առումով դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային և առաջին հերթին` արդարադատության շահերի պաշտպանության միջոց, նրանց անկախության սոցիալական երաշխիք:

Հետևաբար, աշխատող դատավորի և կենսաթոշակի անցած դատավորի նյութական վիճակների փոփոխությունները չեն կարող տարանջատվել և հակասել միմյանց, հակառակ դեպքում այն չի ապահովի դատավորի սոցիալական անկախության երաշխիքների հետագա ամրապնդումը:

Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալի 13.08.2008 թվականի թիվ 05/6061 պատասխանները վարչական ակտեր են, որոնցով վարչական մարմինն ակնհայտ անհիմն պատճառաբանությամբ մերժել և սահմանափակել է իրավունքների իրականացումը` անգամ չպարզելով, թե նրանք ինչ պաշտոններից են անցել կենսաթոշակի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 29.01.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ դատական օրենսգրքով, «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքով դատավորի պաշտոնում աշխատած անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի վերահաշվարկման դրույթ նախատեսված չէ:

Բողոք բերած անձանց կողմից վկայակոչված իրավական ակտերը, մասնավորապես` ՀՀ Սահմանադրություն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 13-ի համապատասխանաբար 40/32 և 40/146 բանաձևերով հավանության արժանացած սկզբունքները, ինչպես նաև ԵԽԽՎ 1361 բանաձևը, երաշխիքներ են սահմանում գործող դատավորների համար, իսկ կենսաթոշակի անցած դատավորները համարվում են կենսաթոշակառուներ և վերոհիշյալ ակտերը վերջիններիս վրա այլևս չեն տարածվում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Օլգա Հովհաննիսյանին 2004 թվականի հունիսի 2-ից 43 տարի 4 ամիս ապահովագրական ստաժով (որից 13 տարին` դատավորի) նշանակվել և վճարվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ: Օլգա Հովհաննիսյանի կենսաթոշակի և ամենամսյա հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 287.100 ՀՀ դրամ:

2. Համլետ Գևորգյանին 2005 թվականի ապրիլի 12-ից 43 տարի 5 ամիս ապահովագրական ստաժով (որից 23 տարին` դատավորի) նշանակվել և վճարվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ: Համլետ Գևորգյանի կենսաթոշակի և ամենամսյա հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 366300 դրամ:

3. Մարատ Կատվալյանին 2005 թվականի դեկտեմբերի 6-ից 43 տարի 10 ամիս ապահովագրական ստաժով (որից 23 տարին` դատավորի) նշանակվել և վճարվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ: Մարատ Կատվալյանի կենսաթոշակի և ամենամսյա հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 408375 դրամ:

4. 01.01.2008 թվականից կենսաթոշակների վերահաշվարկ կատարելու մասին 25.07.2008 թվականի դիմումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալի 13.08.2008 թվականի թիվ 05/6061 գրություններով մերժվել է: Մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ օրենքը չի պարունակում նշանակված հավելավճարը վերահաշվարկելուն վերաբերող դրույթներ (գ.թ. 19, 20, 21):

5. Ի պատասխան ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալի 11.07.2008 թվականի թիվ 02/5247 նամակի` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը 28.07.2008 թվականի թիվ ե 3032 գրությամբ նշել է, որ դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված դատավորներին տրվող կենսաթոշակի նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարները պետք է վերահաշվարկվեն սկսած 2008 թվականի հունվարի 1-ից (գ.թ. 30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի համաձայն` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի և սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները և պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

«ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի համաձայն` դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաև դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները և նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Վերլուծելով «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն կենսաթոշակի և դրան տրվող ամենամսյա հավելավճարի վերահաշվարկման հարցում միատեսակ պայմաններ չի սահմանում վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած դատավորների և նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորների, պետական արբիտրաժի պետական արբիտրների և նախկին ժողովրդական դատավորների համար: Ավելին, դատավորի պաշտոնային դրույքաչափի ու դրան տրվող հավելավճարների փոփոխության դեպքում, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների պաշտոնից կենսաթոշակի անցած անձանց համար կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք չի նախատեսում:

Այսպես, եթե նշված օրենքով սահմանված է, որ նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը, նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը, ապա դա նշանակում է, որ արդեն իսկ նշանակված կենսաթոշակները պետք է համապատասխանեցվեն և հաշվարկվեն` հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանի և ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը: Այսինքն` նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորների, պետական արբիտրաժի պետական արբիտրների և նախկին ժողովրդական դատավորների համար օրենքով նախատեսվում է կենսաթոշակների վերահաշվարկման հնարավորություն: Այնինչ նման հնարավորություն չի նախատեսվել վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին դատավորների համար: Հետևաբար ստացվում է, որ նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորների, պետական արբիտրների, ինչպես նաև նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները վերահաշվարկելու արդյունքում կլինեն ավելի բարձր, քան վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած անձանց կենսաթոշակները: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խախտվում են վերը նշված անձանց ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով նախատեսված օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրորեն երաշխավորվող սկզբունքը:

Բացի այդ, նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կենսաթոշակների հաշվարկման օրենքով նախատեսված կարգերը:

Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանվել է, որ սահմանադրական դատարանի նախագահի և անդամի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակները համամասնորեն վերահաշվարկվում են: Ավելին, «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` համապատասխան պաշտոնային դրույքաչափի փոփոխման դեպքում նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է: Նույն կանոններն են գործում նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով (օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետ), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով (օրենքի 48-րդ հոդված), «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով (օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ կետ), «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով (օրենքի 42 հոդված):

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 20.09.2006 թվականի ՍԴՈ-647 և 07.07.2009 թվականի ՍԴՈ-811 որոշումների իրավական դիրքորոշումները և այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրություն 92-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխով նախատեսված նորմերով դատավորի և սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները նույնական են և հաշվի առնելով այն, որ կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք նախատեսված է թե՛ սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների և թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավունք պետք է վերապահվի նաև Վճռաբեկ դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանի, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած դատավորների համար հաշվի առնելով նաև, որ դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը, ինչպես նաև պաշտոնային դրույքաչափի փոփոխության դեպքում կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունքը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ նրանց անկախության սոցիալական երաշխիք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանի, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով կենսաթոշակի անցած դատավորների կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալի 13.08.2008 թվականի թիվ 05/6061 գրությունն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանման արդյունքում, որի հետևանքով այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա կետի ուժով իրավաչափ չէ:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը ուժի մեջ է մտել 26.06.2008 թվականին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն` վերահաշվարկը պետք է կատարվի 01.07.2008 թվականից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.01.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Օլգա Հովհաննիսյանի, Համլետ Գևորգյանի և Մարատ Կատվալյանի հայցը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 13.08.2008 թվականի թիվ 05/6061 գրությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պարտավորեցնել 01.07.2008 թվականից սկսած կատարել կենսաթոշակների վերահաշվարկ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ՎԴ/5524/05/08
Որոշում