Սեղմել Esc փակելու համար:
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 11-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ/5848/05/08         

    Վարչական գործ թիվ ՎԴ/5848/05/08                           2009 թ.          

Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտը և Ընկերության գործունեությունը կասեցնելու մասին 07.08.2008 թվականի թիվ 00085 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտը և Ծառայության պետի 07.08.2008 թվականի թիվ 00085 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.04.2009 թվականի վճռով Ընկերության հայցը` 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասով բավարարվել է, իսկ 07.08.2008 թվականի թիվ 00085 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է, այդ մասով հայցից հրաժարվելու հիմքով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ա) և բ) կետերի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հիմնավոր չէ Դատարանի եզրահանգումն այն մասին, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ա) և բ) կետերի` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը չի կարողացել ծանոթանալ իր իրավունքներին, քանի որ ստուգումն սկսելուց առաջ հանձնարարագիրը չի հանձնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` զրկելով նրան իր իրավունքների լիարժեք պաշտպանության իրավունքից: Նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 43.5-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ ենթակետի` բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների սահմանումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների տեսակները, չափը, վճարման կարգը, որի հիման վրա էլ կիրառվում են իրավական ակտերը` «ՀԴՄ-ների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պատասխանատվության սահմանումը, այն է` 300.000 ՀՀ դրամ:

Երևանի Գայի պողոտայի թիվ 16 հասցեում գործող խանութի տնօրեն Արմեն Օհանյանը, հանդիսանալով Ընկերության պաշտոնատար անձ, ծանոթացել է հանձնարարագրին և ստորագրել է ստուգման ակտը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.04.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում կատարել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում: Ստուգման հանձնարարագիրը` որպես Ընկերության տնօրեն, 06.08.2008 թվականին ստորագրել և ստացել է Արմեն Օհանյանը (գ.թ. 14-15):

2. Ստուգման արդյունքներով Ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ստուգման ակտով արձանագրվել է, որ Ընկերությանը պատկանող Երևանի Գայի պողոտայի թիվ 16 հասցեում գործող խանութից 06.08.2008 թվականի ժամը 14.39-ին իրականացված 18.760 ՀՀ դրամ առևտրի դիմաց ՀԴՄ-ի կտրոն չի տրամադրվել և տուգանքի տեսքով առաջադրվել է հարկային պարտավորություն` 300.000 ՀՀ դրամի չափով: Ստուգման ակտը` որպես Ընկերության տնօրեն ստորագրել և ստացել է Արմեն Օհանյանը (գ.թ. 16-19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսվելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ նաև հարկային մարմինների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:

Սույն գործով հայցի բավարարման հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները.

1. ստուգման հանձնարարագիրն Արմեն Օհանյանին հանձնվել է ստուգումն ավարտելուց հետո,

2. Արմեն Օհանյանն Ընկերության տնօրեն կամ նրան փոխարինող պաշտոնատար անձ չէ,

3. ստուգումն իրականացրած պաշտոնատար անձինք կատարել են հսկիչ գնում` չունենալով համապատասխան հանձնարարագիր:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ ստուգման հանձնարարագիրը չի հանձնվել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, և որ Արմեն Օհանյանն Ընկերության տնօրենը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձ չէ, անհիմն են:

Մասնավորապես, սույն գործի փաստերի համաձայն` 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում կատարել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, որը որպես Ընկերության տնօրեն 06.08.2008 թվականին ստորագրել և ստացել է Արմեն Օհանյանը: Ստուգման արդյունքներով 06.08.2008 թվականին կազմված թիվ 1308062 ստուգման ակտը նույնպես որպես Ընկերության տնօրեն ստորագրել և ստացել է Արմեն Օհանյանը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հաստատված համարելով, որ հանձնարարագիրը հանձնվել է ստուգումն իրականացնելուց հետո և Արմեն Օհանյանը Ընկերության տնօրեն կամ նրան փոխարինող պաշտոնատար անձ չէ, որևէ կերպ չի հիմնավորել իր այդ պնդումները:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի թիվ 2 հավելվածի «Հսկիչ գնումների անցկացման կարգ»-ի 1.4 կետի համաձայն` հսկիչ գնումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հանձնարարագրում նշվում են նաև անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի թիվ 2 հավելվածի «Հսկիչ գնումների անցկացման կարգ»-ի 1.5-րդ կետի համաձայն` հսկիչ գնումից հետո հանձնարարագիրը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ հսկիչ գնում կատարելու լիազորությունը կարող է հաստատվել միայն հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրով, որը պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները` հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները, հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները, հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները: Հսկիչ գնումն այլ անձի միջոցով իրականացնելու դեպքում հանձնարարագրում պետք է նշվի նաև այդ անձի տվյալները:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագրում բացակայում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի թիվ 2 հավելվածի «Հսկիչ գնումների անցկացման կարգ»-ի 1.4 կետով նախատեսված վերոնշյալ պարտադիր վավերապայմանները: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հաստատված համարելով, որ իրականում իրականացվել է հսկիչ գնում, չի հիմնավորել իր այդ պնդումը հետևյալ պատճառաբանությամբ`

«Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.11.2003 թվականի թիվ 1561-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն` կանխիկ հսկիչ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման աղբյուր են`

ա) Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները.

բ) ծառայության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի միջոցները:

Նույն կարգի 5-րդ մասի համաձայն` հսկիչ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են հարկային ղեկավարի գրավոր թույլտվությամբ` վերադաս մարմնի ֆինանսահաշվարկային կառուցվածքի ստորաբաժանման կողմից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ սույն գործով Դատարանը չի պարզել տվյալ գործով էական նշանակություն ունեցող հանգամանքը, այն է` ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ նախատեսված հսկիչ գնում կատարելու անհրաժեշտ պայմանների առկայությանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտն անվավեր ճանաչելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ՎԴ/5848/05/08
Որոշում