Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ, 296...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ, 296-ՐԴ, 290-ՐԴ, 299-ՐԴ, 331-ՐԴ, 335-ՐԴ, 344-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ/6600/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/6600/05/08                           2009 թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով երրորդ անձ Արայիկ Բադալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ Սոֆյա Մկրտչյանի հայցի ընդդեմ Երևանի Էրեբունի համայնքի թաղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Արայիկ Բադալյանի` Երևանի Էրեբունի համայնքի ավագանու 30.05.2006 թվականի թիվ 52 Ա և համայնքի ղեկավարի 05.06.2006 թվականի թիվ 79 Ա որոշումները, ինչպես նաև Արայիկ Բադալյանի անվամբ Կադաստրի կողմից 16.06.2006 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սոֆյա Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Էրեբունի համայնքի ավագանու 30.05.2006 թվականի թիվ 52 Ա և համայնքի ղեկավարի 05.06.2006 թվականի թիվ 79 Ա որոշումները, ինչպես նաև Արայիկ Բադալյանի անվամբ Կադաստրի կողմից 16.06.2006 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այնուհետև նվազեցնելով հայցի առարկան` Սոֆյա Մկրտչյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել վերոնշյալ որոշումները, կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և իրեն երրորդ անձ Արայիկ Բադալյանի հետ ճանաչել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 19 շենքի թիվ 161 բնակարանի համասեփականատեր:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Արայիկ Բադալյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սոֆյա Մկրտչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 296-րդ հոդվածները, 290-րդ հոդվածի 1-ին մասը, 299-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 331-րդ, 335-րդ հոդվածի 1-ին մասը, 344-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 72-րդ հոդվածի 3-րդ մասը, 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

28.04.2006 թվականին Սոֆյա Մկրտչյանի կողմից ստորագրվել է համաձայնագիր, որով նա ցանկացել է, որ վիճելի հասցեի բնակարանը նվիրատվության պայմանագրով օտարվի իր որդուն` Արայիկ Բադալյանին:

Դատարանը վերոնշյալ համաձայնագիրը դիտել է որպես գործարք և գտել, որ այն պետք է ենթարկվեր նոտարական վավերացման: Սակայն, Դատարանը հաշվի չի առել, որ «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը չի պահանջում, որպեսզի պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման ժամանակ ընտանիքի չափահաս անդամի համաձայնությունը վավերացվի նոտարի կողմից:

Դատարանը մերժել է երրորդ անձի միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու մասին: Մինչդեռ, սույն գործով կիրառելի է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի ուժով հայցադիմումը պետք է վերադարձվեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Սոֆյա Մկրտչյանի հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վիճարկվող որոշումների մասին Սոֆյա Մկրտչյանն իմացել է 2008 թվականի օգոստոսին, երբ Արայիկ Բադալյանը դիմել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան վիճելի բնակարանի բնակօգտագործման իրավունքը դադարեցնելու և վտարելու պահանջով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Երևանի Օրջոնիկիձեի շրջսովետի կոմիտեի 23.08.1983 թվականի թիվ 117577 միասնական օրդերի հիման վրա Սոֆյա Մկրտչյանին տրվել է չորս անձից բաղկացած ընտանիքով զբաղեցնելու Էրեբունի 3-րդ թաղամասի թիվ 7 տան 7-րդ մուտքի 7-րդ հարկի թիվ 161 երեքսենյականոց բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 9):

2) 27.04.2006 թվականի Երևանի Էրեբունի համայնքի «ՈՒրարտու» համատիրության տեղեկանքի համաձայն` Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 19 շենքի թիվ 161 բնակարանում հաշվառված են Սոֆյա Մկրտչյանը և Արայիկ Բադալյանը (հատոր 1-ին, գ.թ. 49):

3) Սույն գործում բացակայում է Սոֆյա Մկրտչյանի` որպես վիճելի բնակարանի վարձակալի կողմից մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը նշված բնակարանի սեփականաշնորհման նպատակով համապատասխան համայնքի ղեկավարին ուղղված դիմումը:

4) 11.05.2006 թվականի սեփականության իրավունքի թիվ 2019410 վկայականի համաձայն` Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 19 շենքի թիվ 161 բնակարանը Երևանի Էրեբունի թաղապետարանի սեփականությունն է (հատոր 1-ին, գ.թ. 46-48):

5) 28.04.2006 թվականին Երևանի Էրեբունի համայնքի «ՈՒրարտու» համատիրության կողմից հաստատված Սոֆյա Մկրտչյանի կողմից ստորագրված համաձայնագրի համաձայն` վերջինս համաձայնել է, որպեսզի Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 19 շենքի թիվ 161 բնակարանը նվիրատվության պայմանագրով օտարվի Արայիկ Բադալյանին և հայտնել է, որ հրաժարվում է այդ բնակարանի համասեփականության իրավունքից (հատոր 1-ին, գ.թ. 10):

6) Էրեբունի թաղային համայնքի ավագանու 30.05.2006 թվականի թիվ 6 նիստի թիվ 52 Ա և Էրեբունի համայնքի ղեկավարի 05.06.2006 թվականի թիվ 79 Ա որոշումներով Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 19 շենքի թիվ 161 բնակարանը նվիրատվության պայմանագրով օտարվել է Արայիկ Բադալյանին (հատոր 1-ին, գ.թ. 16, 17, 45, 100-103):

7) 16.06.2006 թվականին Արայիկ Բադալյանին տրվել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 19 շենքի թիվ 161 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2112072 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 22-23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհումը` կամավորության սկզբունքով քաղաքացիներին բնակարանների (բնակելի տարածությունների) անհատույց հատկացումն է:

«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան համայնքի ղեկավարին կամ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:

«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը: Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները հանձնվում են համայնքներին և տնօրինվում օրենքով սահմանված կարգով:

ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն` համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը, իսկ նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն` առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին:

Դատարանը սույն գործով կիրառելի է համարել «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը և պատճառաբանել է, որ հիշյալ բնակարանի սեփականաշնորհման համար անհրաժեշտ է միայն Սոֆյա Մկրտչյանի` որպես միակ վարձակալի` Էրեբունի համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Սոֆյա Մկրտչյանը` որպես վիճելի բնակարանի վարձակալ, «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը նշված բնակարանը սեփականաշնորհելու նպատակով դիմում չի ներկայացրել Էրեբունի համայնքի ղեկավարին, ուստի նույն օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` այն դարձել է Էրեբունի թաղապետարանի սեփականությունը: Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

սույն գործով «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելի չեն:

Ինչ վերաբերում է Էրեբունի թաղային համայնքի ավագանու և Էրեբունի համայնքի ղեկավարի` համապատասխանաբար 30.05.2006 թվականի թիվ 52 Ա և 05.06.2006 թվականի թիվ 79 Ա որոշումների իրավաչափության հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էրեբունի թաղային համայնքի ավագանին և Էրեբունի համայնքի ղեկավարը գործել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով իրենց տրված իրավասության շրջանակներում, քանի որ հիշյալ օրենքով այդ մարմիններն ունեն Էրեբունի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման իրավասություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ վերոնշյալ բնակարանը օտարվել է պայմանագրով, որի կողմ Սոֆյա Մկրտչյանը չի հանդիսացել:

 

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Սույն գործով Սոֆյա Մկրտչյանի` դատարան հայց ներկայացնելու իրավունքը ծագել է 2006 թվականին, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականից: Մինչև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը անձի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ակտերի դատական կարգով վիճարկման հարաբերությունները կարգավորվում էին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր նորմերով և 26-րդ գլխի կանոններով, իսկ դրանք վիճարկելու հայցային վաղեմության վրա տարածվում էին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերը: Սոֆյա Մկրտչյանի դատական պաշտպանության իրավունքի ծագման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համեմատ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված են հայց ներկայացնելու կրճատ ժամկետներ, հետևաբար այն անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ է և չի կարող տարածվել վիճելի իրավահարաբերության վրա (Սույն իրավական խնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև Ռոզա Գրիգորյանի և Մարինե Ղարիբջանյանն ընդդեմ Գուրգեն, Յուրի, Ռոբերտ և Հերմինե Հակոբյանների, Կարինե Հովհաննիսյանի և Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 12.09.1997 թվականի թիվ 1071 որոշումը և անշարժ գույքի գրանցման մատյանում համապատասխանողներ Կարինե Հովհաննիսյանի, Գուրգեն, Յուրի, Ռոբերտ և Հերմինե Հակոբյանների մասով սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2009 թվականի թիվ ՎԴ/4729/05/08 որոշմամբ):

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.04.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ՎԴ/6600/05/08
Որոշում