Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ/7188/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/7188/05/08                           2009 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Տեսչությանը «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով կատարել վերահաշվարկ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 02.04.2004 թվականի թիվ 1-05/7-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի (այսուհետ` Հրահանգ) 9.8-րդ կետի «ը» ենթակետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 24-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետով սահմանված «մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում» դրույթը հակասում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասին, և վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չի համարել: Մինչդեռ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հարկատուն կարող է ինքնուրույն որոշել ընթացիկ տարվա ամսական կանխավճարների գումարները, եթե ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս է նախատեսում նախորդ տարվա համեմատ, և եթե այդ մասին գրավոր դիմել է հարկային մարմնին` մինչև ընթացիկ տարվա ապրիլի 15-ը ներառյալ, իսկ հարկատուի կողմից ամսական կանխավճարների գումարն ինքնուրույն որոշվելու դեպքում մինչև դիմում ներկայացնելն արդեն իսկ հաշվարկված կանխավճարների վերահաշվարկ չի կատարվում:

Այսպիսով, Հրահանգի` «մինչև հայտարարություն ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում» կանոնի և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի միջև որևէ հակասություն առկա չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Ընկերությունը որպես հարկատու կատարել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում հստակ նշված է, որ նախորդ տարվա (2007 թվական) նկատմամբ ընթացիկ տարվա (2008 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներ) հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական (առանց վերապահման` տարվա 12 ամիսների համար) կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն, այսինքն` տվյալ դեպքում ընթացիկ տարվա յուրաքանչյուր ամսվա համար ամսական կանխավճարի սահմանաչափն առանց նախապայմանի որոշում է հարկատուն, եթե իհարկե սահմանված ժամկետում (մինչև ընթացիկ տարվա ապրիլի 15-ը) հարկային տեսչությանը ներկայացնում է համապատասխան գրավոր տեղեկություն:

Հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետն ամբողջությամբ հակասում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչությունը 2008 թվականի առաջին երեք ամիսների համար շահութահարկի կանխավճարի գումարները հաշվարկել է 7.404.300 ՀՀ դրամ, իսկ 01.04.2008 թվականից սկսած` 1.500.000 ՀՀ դրամ (գ.թ. 107):

2) Ընկերությունը 15.04.2008 թվականին Մյասնիկյանի հարկային տեսչություն ներկայացրած գրությամբ հայտնել է, որ հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները` 2008 թվականի ֆինանսական տարվա շահութահարկի կանխավճարը նախատեսում է 1.500.000 ՀՀ դրամ (գ.թ. 77):

3) Ընկերությունն իր 11.07.2008, 23.07.2008 և 01.09.2008 թվականների դիմումներով խնդրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին կատարել 2008 թվականի առաջին երեք ամիսների կանխավճարի վերահաշվարկ (գ.թ.12, 18, 15):

4) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 16.07.2008, 11.08.2008 և 08.09.2008 թվականների գրություններով մերժվել է Ընկերության դիմումը (գ.թ. 11, 14, 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «դ» ենթակետի համաձայն` հարկ վճարողը պարտավոր է ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը` հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ` նույն հոդվածով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս` նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ տասնվեցերորդի չափով` տվյալ ամսվա քսանհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով: Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և նույն հոդվածի 2-րդ կետում նշված չափերով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ` այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթից, հաշվարկում է շահութահարկի գումարը` դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:

Հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետի համաձայն` նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում ռեզիդենտը այդ մասին նախօրոք (բայց նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) գրավոր հայտնում է հարկային մարմնին և շահութահարկի կանխավճարների ամսական գումարները որոշում է ինքնուրույն` հավասարաչափ բաշխելով ըստ ամիսների: Մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ ընթացիկ տարին, որի յուրաքանչյուր ամսվա համար Ընկերության որոշած շահութահարկի կանխավճարի գումարը կազմել է 1.500.000 ՀՀ դրամ, սկսվում է տվյալ տարվա հունվարի 1-ից և ավարտվում է դեկտեմբերի 31-ին: Տեսչությունը Ընկերության 2008 թվականի շահութահարկի կանխավճարի գումարը հաշվարկելիս պետք է հիմք ընդուներ Ընկերության ինքնուրույն որոշած գումարի չափը` 1.500.000 ՀՀ դրամը: Մինչդեռ 2008 թվականի առաջին երեք ամիսների համար հաշվարկը կատարվել է Ընկերության ներկայացրած 2008 թվականի տարեկան շահութահարկի հաշվարկի հիման վրա որոշված 7.404.300 ՀՀ դրամով: Հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետում սահմանված «մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում» դրույթը հակասում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, ուստի, այդ դրույթը նշված հարաբերությունների նկատմամբ չի կարող կիրառվել:

Մինչդեռ վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ սահմանադրական նորմի ուժով հարկատուն պարտավոր է տարվա ընթացքում` յուրաքանչյուր ամիս` տվյալ ամսվա քսանհինգից ոչ ուշ, կատարել շահութահարկի կանխավճարներ, որոնց չափը մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը պետք է լինի նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս: Օրենքով հարկատուին իրավունք է վերապահված նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում ամսական կանխավճարի մեծությունը որոշել ինքնուրույն, որի համար վերջինս պարտավոր է շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից (հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից) ոչ ուշ այդ չափի մասին գրավոր հայտնել հարկային մարմնին: Այսինքն` նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն իրավունք ունի հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ դիմել հարկային մարմնին և ամսական կանխավճարի մեծությունը որոշել ինքնուրույն, սակայն մինչև ընթացիկ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը վերջինս պարտավոր է կատարել նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս կանխավճարներ, որոնց հաշվանցումը կատարվում է միայն հաշվետու տարվա ավարտից հետո: Այսինքն` օրենքով հրամայական (իմպերատիվ) կերպով նախատեսված է հարկատուի կողմից մինչև ընթացիկ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս կանխավճարներ կատարելու պարտավորություն, առանց նախատեսելու վերահաշվարկ կատարելու իրավունք, հետևաբար, անհիմն է Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետում սահմանված «մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում» դրույթը հակասում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ՎԴ/7188/05/08
Որոշում