Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 46

 

5. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հավանություն տալ քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 6-ի

նիստի N 46 արձանագրային

որոշման

 

ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն և ՀՀ Կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշումներով` ներկայացվում է քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ 2009 թվականի զեկույցը:

Զեկույցի նախապատրաստման համար հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մրցունակության բացահայտում» թեմայով կատարված հետազոտության արդյունքները:

Հետազոտության իրականացման համար, համաձայն ՀՀ Կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշմամբ հաստատված ծրագրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական կառավարման համապատասխան մարմիններից պետական ծառայողների վարձատրության համակարգի վերաբերյալ հավաքագրել է տվյալներ: Ստացված տվյալների բազաների վերլուծությամբ հաշվարկվել է.

միջին աշխատավարձը պետական առանձին ծառայություններում,

միջին աշխատավարձը քաղաքացիական ծառայության համակարգում,

միջին աշխատավարձը` ըստ պետական կառավարման մարմինների,

միջին աշխատավարձը` ըստ վարչատարածքային միավորների (մարզերի),

նվազագույն և առավելագույն աշխատավարձը պետական կառավարման համակարգում,

որոշվել է քաղաքացիական ծառայության համակարգում գերակշռող մասնագիտությունները և հաշվարկվել է միջին աշխատավարձն` ըստ մասնագիտությունների:

Վերլուծվել է պետական ծառայության, այդ թվում` քաղաքացիական ծառայության, վարձատրության համակարգը:

Ոչ պետական հատվածից, հարցումների հիման վրա, տարբեր մասնագիտություններ ունեցող աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ հավաքագրվել է համապատասխան տեղեկատվություն:

Աշխատավարձի վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության հիման վրա ներդրվել է վարչական վիճակագրական ռեգիստր:

 

1. Պետական ծառայության, այդ թվում` քաղաքացիական ծառայության,

վարձատրության համակարգի վերլուծություն

 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև դիվանագիտական և օրենքներով նախատեսված այլ ծառայությունները:

Տվյալ հետազոտության շրջանակում վերլուծվել են 16 399 պետական ծառայողների (որից 8244-ը քաղաքացիական ծառայողներ) աշխատավարձերի չափերն ու տվյալ պետական ծառայությունում գործող վարձատրության մեխանիզմները: Հետազոտության արդյունքների համաձայն 2009 թվականի դրությամբ պետական ծառայողների միջին աշխատավարձը կազմել է 112502 դրամ, այդ թվում` քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը կազմել է 119721 դրամ:

Պետական ծառայողների նվազագույն աշխատավարձի, պաշտոնային միջին դրույքաչափի և միջին աշխատավարձերի համեմատական վերլուծությունները ցույց են տալիս, որ պետական ծառայությունում առկա են ըստ խմբերի նվազագույն (բազային) աշխատավարձերի իրար մոտ չափեր (1) (բացառությամբ դիվանագիտական ծառայության), սակայն պաշտոնային միջին դրույքաչափի և միջին աշխատավարձի չափերի միջև առկա են բավականին մեծ տարբերություններ (տես գծանկար 1):

------------------------------------------

1) Քաղաքացիական ծառայողների նվազագույն (բազային) չափի մեջ ներառված չեն Վերահսկիչ պալատի (նվազագույն աշխատավարձի չափը` 111000 դրամ) և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմերի քաղաքացիական ծառայողների (նվազագույն աշխատավարձի չափը` 100000 դրամ) նվազագույն չափերը:

 

Դիվանագիտական ծառայությունում միջին աշխատավարձը 161550 դրամ է, որը 34.9%-ով ավելի է քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձի չափից` 119721 դրամ: Միջին աշխատավարձի չափի բավականին բարձր մակարդակ է առկա նաև հատուկ ծառայություններում, որտեղ միջին աշխատավարձի չափը քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձի չափից բարձր է 23.8%-ով: Միանգամայն հակառակ պատկեր է առկա պաշտոնային միջին դրույքաչափերը համեմատելիս. միջին պաշտոնային դրույքաչափը ցածր է քաղաքացիական ծառայողների միջին պաշտոնային դրույքաչափից 25.1%-ով (ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ Ոստիկանությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում սպայական, ենթասպայական, և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը` նվազագույնից առավելագույն, սահմանված են 32348-116451 դրամի սահմաններում), ինչը վկայում է հատուկ ծառայություններում միջին աշխատավարձի մեջ լրացուցիչ աշխատավարձի տեսակարար կշռի բարձր մակարդակի մասին (միջին աշխատավարձի չափը միջին դրույքաչափից մեծ է մոտ 2 անգամ), ինչն էլ իր հերթին վկայում է այս ծառայություններում աշխատավարձի հիմնական և լրացուցիչ մասերի անհամամասնական չափերի մասին:

 

Գծանկար 1. Պետական ծառայողների աշխատավարձի նվազագույն, միջին

դրույքաչափի և միջին աշխատավարձի չափերը պետական առանձին

ծառայություններում` 2009 թ. փետրվարի դրությամբ

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Պետական ծառայության ամենաբարձր աշխատավարձը առկա է ՀՀ պաշտպանության նախարարությունում` 224267 դրամ, որը Դատական կարգադրիչների ծառայությունում առկա միջին աշխատավարձից բարձր է մոտավորապես 5 անգամ, ընդ որում` այս շեղման հիմնական պատճառն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության պետական ծառայողների միջին աշխատավարձի մեջ լրացուցիչ աշխատավարձը գերազանցում է դրույքաչափի միջին չափին 2.5 անգամ:

Պետական ծառայությունում ընդհանուր միջին աշխատավարձը կազմել է 112502 դրամ: Համեմատաբար բարձր միջին աշխատավարձ է առկա դիվանագիտական ծառայությունում, որը պետական ծառայության ընդհանուր միջին աշխատավարձից բարձր է 43.6%-ով, հարկային ծառայության միջին աշխատավարձը բարձր է պետական ծառայության միջին աշխատավարձից 31.8 տոկոսով, մաքսային ծառայությունում` 17.2 տոկոսով, և քաղաքացիական հատուկ ծառայությունում` 46.3 տոկոսով:

Պետական ծառայության ընդհանուր միջին աշխատավարձին մոտ միջին աշխատավարձ է առկա քաղաքացիական ծառայությունում, ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայությունում և ՀՀ Ոստիկանության ծառայությունում (պետական առանձին ծառայություններում միջին պաշտոնային դրույքաչափերը և միջին աշխատավարձերը ներկայացվում են գծանկար 2-ում):

 

Գծանկար 2. Պետական ծառայողների վարձատրության չափն ըստ ծառայության

տեսակների

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Ինչպես երևում է գծանկարից, տարբեր են ոչ միայն առանձին ծառայությունների միջին աշխատավարձերի չափերը, այլ նաև միջին աշխատավարձի մեջ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հարաբերակցությունը, մասնավորապես` փրկարար ծառայությունում լրացուցիչ աշխատավարձի չափը կազմում է միջին աշխատավարձի 52.8%-ը, ՀՀ պաշտպանության նախարարությունում` 71.5%-ը, ՀՀ ոստիկանության ծառայությունում` 30%-ը, քաղաքացիական հատուկ ծառայություններում այդ ցուցանիշը 0.5% է, քաղաքացիական ծառայությունում` 15.2%: Պետական ծառայությունում միջին աշխատավարձերի առկա տարբերությունները պայմանավորված են ներքոհիշյալ հանգամանքներով`

1. տարբեր ծառայություններում աշխատանքի վարձատրության (աշխատավարձի, թե՛ հիմնական մասի, թե՛ լրացուցիչ մասի) սահմանման մեխանիզմների տարբերությամբ.

2. բազային աշխատավարձի տարբեր չափերով.

3. պաշտոնների տարաբնույթ խմբավորումներով:

Ելնելով պետական ծառայությունում հիմնական աշխատավարձի սահմանման մեխանիզմներից` ծառայությունը պայմանականորեն կարելի է բաժանել 2 խմբի`

. 1-ին խմբում ընդգրկվում են այն ծառայությունները, որտեղ հիմնական աշխատավարձը հաշվարկվում է տարիֆային սանդղակի միջոցով` հաշվի առնելով բազային պաշտոնային դրույքաչափը, ծառայողի զբաղեցրած պաշտոնը և աշխատած տարիները: Այս խմբի մեջ մտնում են` քաղաքացիական, քաղաքացիական հատուկ, հարկային, մաքսային, դատական, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, դատական կարգադրիչների ծառայությունները և ԱԺ աշխատակազմում, դատախազության աշխատակազմում պետական ծառայությունները:

Նշված ծառայություններում վարձատրության տարիֆային սանդղակների աղյուսակի հիմքում դրված են հիմնական աշխատավարձի ձևավորման համար հիմք հանդիսացող պաշտոնների 11 ենթախմբերը, որոնցից յուրաքանչյուրի համար կառուցված է մեկ սանդղակ: Քաղաքացիական, քաղաքացիական հատուկ, հարկային, մաքսային, դատական ծառայություններում պաշտոնները խմբավորվում են 4` բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում: Իսկ սանդղակների աղյուսակով նախատեսված առավելագույն և նվազագույն պաշտոնային դրույքաչափերի միջև հարաբերակցությունը կազմում է 5.89: Ի տարբերություն վերը նշված ծառայությունների, քրեակատարողական ծառայությունում սահմանված են հիմնական աշխատավարձը ձևավորող 19 սանդղակներ, որոնք կառուցված են պաշտոնների 5 խմբերի հիման վրա` բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր պաշտոնների խմբեր: Սանդղակների աղյուսակով նախատեսված առավելագույն և նվազագույն պաշտոնային դրույքաչափերի հարաբերակցությունը կազմում է 5.88: Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում սահմանված են հիմնական աշխատավարձի ձևավորման 9 սանդղակներ, որտեղ սանդղակով նախատեսված առավելագույն և նվազագույն դրույքաչափերի միջև հարաբերակցությունը կազմում է 5.00:

Քաղաքացիական, քաղաքացիական հատուկ, դատական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող և ԱԺ աշխատակազմում, դատախազության աշխատակազմում պետական ծառայություններում վարձատրության սանդղակների աղյուսակում յուրաքանչյուր հաջորդող սանդղակի (ենթախմբի) նվազագույն գործակիցը համապատասխանում է նախորդ սանդղակի 6-րդ մակարդակի գործակցին: Վարձատրության այս սանդղակի կիրառումն ավելի մեծ փորձառություն ունեցող ծառայողների համար սահմանում է վարձատրության ավելի բարձր չափ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող (մեկ ենթախումբ բարձր) և տվյալ պաշտոնում համեմատաբար քիչ աշխատանքային ստաժ ունեցող ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:

Հարկային, մաքսային ծառայություններում վարձատրության սանդղակի յուրաքանչյուր հաջորդող ենթախմբի նվազագույն գործակիցը համապատասխանում է նախորդ ենթախմբի ամենաբարձր գործակցին, որն էլ բացառում է բարձր պաշտոն զբաղեցնողի համար ավելի ցածր պաշտոն զբաղեցնողի նկատմամբ ցածր վաստակ սահմանելու հնարավորությունը: Իսկ իրար հաջորդող սանդղակների համապատասխան մակարդակի գործակիցների տարբերությունը կազմում է միջինը 0.4 կամ 0.5 միավոր:

. 2-րդ խմբում ընդգրկվում են այն ծառայություններն ու պաշտոնները, որոնց համար սահմանվում է հիմնական աշխատավարձ` բացարձակ կամ տոկոսային թվով: Դիվանագիտական, փրկարար ծառայություններում, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ Ոստիկանության զինվորական ծառայությունում ծառայողների համար սահմանվում է հիմնական աշխատավարձի բացարձակ չափեր: Դատախազների, հատուկ քննիչների պաշտոնային դրույքաչափերի որոշման համար հիմք է ընդունվում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը, որի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ սահմանվում են դատախազների պաշտոնային դրույքաչափերը` ըստ զբաղեցրած պաշտոնների: Համանման ձևով են սահմանվում նաև դատավորների պաշտոնային դրույքաչափերը, որտեղ որպես ելակետ ընդունվում է ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը: Պետական ծառայությունում աշխատավարձի կարգավորման գործող մեխանիզմները հանգեցրել են հետևյալի` որոշ պետական ծառայողների համար բարձր աշխատավարձերի սահմանմամբ, խախտվել է ըստ աշխատանքային պարտականությունների և պատասխանատվության աստիճանի աշխատավարձերի ողջամիտ տարբերակման մոտեցումը: Որոշ դեպքերում ավելի ցածր օղակում գտնվող պաշտոնյայի համար սահմանված է աշխատավարձի ավելի բարձր չափ, քան ավելի բարձր օղակում գտնվող պաշտոնյայի համար: Վերջինիս արդյունքում խզվել է աշխատավարձի ստորին և վերին մակարդակների միջև կապը, խախտվել է աշխատավարձի կարգավիճակային գործառույթը:

Պետական ծառայության համակարգի մարմիններում առկա են լրացուցիչ աշխատավարձերի խիստ տարբերակումներ, այսինքն` աշխատավարձի լրացուցիչ մասը տարբեր մարմիններում տարբեր կերպ է կարգավորվում, չնայած որոշ դեպքերում կան և նմանություններ: Բոլոր կարգի հավելումները և լրացուցիչ վճարները կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

. փոխհատուցող վճարներ (հավելումներ), որոնք կապված են աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման, ինչպես նաև արտաժամյա, հանգստյան, տոնական օրերին և գիշերային ժամերին աշխատելու համար, որոնք սահմանված են պետական ծառայության համակարգի գրեթե բոլոր մարմինների ծառայողների համար: Վերը նշված վճարումների նպատակն է աշխատողներին փոխհատուցել աշխատանքի աշխատանքի ընթացքում ծախսած լրացուցիչ ջանքերի համար, ինչպես նաև յուրահատուկ բնույթի աշխատանքների կատարման համար: Այդ հավելումները քաղաքացիական ծառայողների համար սահմանված են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ չափերով` առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում` 12%-ի չափով, իսկ առանձնապես ծանր (վնասակար) աշխատանքի կատարման դեպքում` 24%-ի չափով, բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում` 20%-ի չափով, սակայն 8000 դրամից ոչ ավել: Անհրաժեշտ է նշել, որ ծառայողի կողմից այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման համար տրվող հավելավճար սահմանված է միայն փրկարար (10%-ի չափով) և քրեակատարողական ծառայություններում (30%-ի չափով).

. խթանող հավելավճարներ, որոնք տրվում են դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանի, պաշտոնեական պարտականությունների որակյալ և բարեխիղճ կատարման համար, երկարամյա ծառայության և աշխատանքային ստաժի համար: Դասային աստիճանի և հատուկ կոչման համար նախատեսված հավելավճարները տարբեր ծառայություններում (մարմիններում) տրվում են տարբեր կերպ. օրինակ` պետական մարմինների մի մասում (հարկային, մաքսային, դիվանագիտական, դատական ակտերի հարկադիր կատարման, դատական կարգադրիչների, պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, փրկարար և քրեակատարողական ծառայություններում) դասային աստիճան կամ հատուկ կոչում ունեցող բոլոր ծառայողներն ստանում են հավելավճար, ընդ որում` այն կարող է լինել պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ թվով արտահայտված, իսկ մյուս մասում (քաղաքացիական ծառայություն և այն ծառայությունները, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքը) ծառայողները դասային աստիճանի համար տրվող հավելավճարը կարող են ստանալ միայն զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում, ինչով էլ մասամբ պայմանավորված են պետական ծառայողների միջին աշխատավարձերի տարբերությունները: Գիտական աստիճանի համար հավելավճարներ կիրառվում են միայն հարկային (10%) և փրկարար ծառայություններում (5-10%):

Խթանիչ հավելումների ցանկում կարևոր տեղ են զբաղեցնում աշխատանքային ստաժի համար տրվող վճարները, ընդ որում, տարբեր ծառայություններում դրանք իրականացվում են տարբեր կերպ: Որպես տարբերություն կարելի է նշել, որ այն ծառայություններում (1-ին խումբ), որտեղ աշխատավարձը ձևավորվում է տարիֆային սանդղակներով, նշված հավելավճարը միաձուլված է պաշտոնային դրույքաչափին, այսինքն` ընդգրկված է տարիֆային սանդղակի գործակիցների մեջ: Իսկ մյուս ծառայություններում (պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, փրկարար ծառայություններ) այն սահմանված է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ և տրվում է հավելավճարի տեսքով: Որպես բացառություն կարելի է նշել դիվանագիտական ծառայությունը, որտեղ աշխատանքային ստաժի համար հավելավճար սահմանված չէ.

. միանվագ խրախուսական վճարներ, որոնք շարքին են դասվում ծառայողական գործունեության գնահատման, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքների կատարման համար տրվող պարգևները:

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ պետական ծառայության մարմիններում պարգևատրման տրամադրման տեսակները (հիմքերը) գրեթե նույն են, սակայն տարբեր են պարգևատրման ֆոնդերի ձևավորման և բաշխման սկզբունքները: Պարգևները կարող են տրվել թե՛ պարգևատրման, և թե՛ աշխատավարձի ֆոնդերից, այսինքն` նշված վճարների հիմնական աղբյուրները պարգևատրման ֆոնդը և աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներն են, սակայն կան մարմիններ (ծառայություններ), որոնք ունեն նաև համակարգի զարգացման կամ խրախուսման ֆոնդ (մասնավորապես` հարկային, մաքսային ծառայությունները, քաղաքացիական ծառայության համակարգում` ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն):

Պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ տեսակները.

. շնորհակալության հայտնում,

. պարգևատրում հուշանվերով,

. լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում,

. աշխատավարձի բարձրացում,

. կարգապահական տույժի հանում,

. սոցիալական բնույթի այլ վճարներ:

Սոցիալական բնույթի վճարների թվին են դասվում սննդի, բնակարանի, բուժման, հանգստի համար տրվող վճարները, թոշակների հավելումները և այլն:

Պետական ծառայության համակարգի մարմիններում գործում են միմյանցից տարբերվող սոցիալական երաշխիքներ.

- դիվանագիտական ծառայողների համար սահմանված են բժշկական ապահովագրության վճարների, կենսաթոշակի անցնելու դեպքում` դիվանագիտական աստիճանի համար տրվող լրավճարներ,

- փրկարար ծառայողներին, զինվորական ծառայողներին տրամադրվում են անվճար բժշկական օգնության, սննդի փոխհատուցման գումարներ,

- զինվորական ծառայողները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով, կամ բնակարան ձեռք բերելու համար նրանց անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվում,

- մաքսային ծառայողներին տրանսպորտային և կապի միջոցների կամ տրանսպորտային հեռահաղորդակցման ծախսերի դրամական փոխհատուցում է տրվում, հատուցվում է ծառայողական գործունեության կապակցությամբ ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը:

Լրացուցիչ աշխատավարձի բարձր չափեր հիմնականում առկա են ՀՀ Կառավարության աշխատակազմում, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական մարմիններում և ՀՀ նախարարություններում, ընդ որում` լրացուցիչ աշխատավարձի մեջ պարգևի չափը գերակշռող է բոլոր մարմիններում, բացառությամբ նախարարությունների կառավարման ոլորտում գործող մարմինների աշխատակազմերի, որտեղ համեմատաբար բարձր է հավելումների չափը: Լրացուցիչ աշխատավարձի կառուցվածքում պարգևի չափի միջին մակարդակն էապես բարձր է Երևանի քաղաքապետարանում (մոտ 52.6%-ով ավել) մարզերում առկա համապատասխան ցուցանիշից:

Պետական ծառայության համակարգում առկա հիմնական, լրացուցիչ աշխատավարձերի, սոցիալական երաշխիքների տարբեր չափերը և դրսևորումներն անհավասար պայմաններ են ստեղծում պետական ծառայության մարմինների միջև, որը պետական ծառայողների հոսունության առիթ է դառնում:

 

2. Ոչ պետական հատվածի վարձատրության համակարգի առկա վիճակը

 

Ոչ պետական հատվածում աշխատավարձի պետական կարգավորումը շատ փոքր է` կարգավորման հիմնական գործիքը նվազագույն աշխատավարձի չափի սահմանումն է, իսկ աշխատուժի արժեքի իրական չափը, ինչպես շուկայական տնտեսության պայմաններում ցանկացած այլ ապրանքի գին, որոշվում է ըստ աշխատանքային շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հարաբերակցության: Սակայն, դրան զուգահեռ, աշխատուժի գնի ձևավորման հիմքում դրված են նաև այլ մոտեցումներ` աշխատավարձի չափը պայմանավորված է կատարված աշխատանքի քանակով և որակով, աշխատուժի վրա ներդրված կապիտալով: Հայաստանում աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով իրականացված հետազոտության արդյունքները նկարագրում են աշխատաշուկայում կադրերի առկա ներուժը և աշխատավարձի կառուցվածքը:

Հետազոտության արդյունքների համաձայն, ոչ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 188 461 դրամ (հաճախ կրկնվող միջին աշխատավարձը կազմել է 121 663 դրամ), միջին աշխատավարձի առավելագույն չափը` 2 368 137 դրամ, նվազագույն չափը` 21 528 դրամ: Լրացուցիչ աշխատավարձը կազմել է միջին աշխատավարձի 23.1%-ը:

Ըստ մարզերի` միջին աշխատավարձի չափերը 2008 թվականի նմանատիպ գործակիցների նկատմամբ մեծ մասամբ բարձրացել են (բացառությամբ Գեղարքունիքի, Տավուշի և Երևանի) միջինը 17.3%-ով:

 

Գծանկար 3. Միջին աշխատավարձի չափերը 2008-2009 թթ.` ըստ մարզերի

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Սակայն աշխատավարձի հաճախ կրկնվող միջին չափերը բավական փոքր են աշխատավարձի ընդհանուր միջինի գործակցից: Ըստ մարզերի միջին աշխատավարձերի հաճախ կրկնվող մակարդակը կազմում է միջին աշխատավարձի ընդհանուր մակարդակի մոտ 64.5%-ը: Շեղման այս գործակիցը վկայում է քիչ աշխատավարձ ստացողների և բարձր աշխատավարձ ստացողների եկամուտների խիստ բևեռացման մասին:

Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության տվյալները (գծանկար 3)` միջին աշխատավարձի ամենաբարձր չափն առկա է Սյունիքի մարզում (2008 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ժամանակահատվածում ԱՎԾ համապատասխան ցուցանիշների համաձայն), և այն աշխատավարձի ամենացածր միջին մակարդակ ունեցող Գեղարքունիքի մարզի համեմատ մեծ է 1.6 անգամ (2): Սակայն Երևանում է դիտվել միջին աշխատավարձի հաճախ կրկնվող մակարդակի առավելագույն չափը, որը նվազագույն մակարդակից (Տավուշի մարզ) բարձր է 2.5 անգամ:

 

------------------------------------------

2) 2008 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ժամանակահատվածում ԱՎԾ համապատասխան ցուցանիշների համաձայն` աշխատավարձի միջին մակարդակի ամենացածր չափն առկա է Վայոց Ձորի մարզում` Սյունիքի մարզից 2.06 անգամ քիչ:

 

3. Քաղաքացիական ծառայողների նվազագույն, միջին և առավելագույն

պաշտոնային դրույքաչափերը, քաղաքացիական ծառայողներին տրվող լրացուցիչ

աշխատավարձերը, քաղաքացիական ծառայության համակարգում գերակշռող

մասնագիտությունները

 

3.1. Քաղաքացիական ծառայողների նվազագույն, միջին և առավելագույն պաշտոնային դրույքաչափերը պետական կառավարման տարբեր մարմիններում

 

Հանրապետության քաղաքացիական ծառայողների միջին պաշտոնային դրույքաչափը 2009 թ. փետրվարի դրությամբ կազմել է 99254 դրամ (աղյուսակ 3), առավելագույն պաշտոնային դրույքաչափը` 495000 դրամ, բազային (նվազագույն պաշտոնային դրույքաչափը)` 40000 դրամ:

 

Աղյուսակ 1.

 

Քաղաքացիական ծառայողների նվազագույն, առավելագույն և միջին

պաշտոնային դրույքաչափերը ՀՀ-ում 2007-2009 թթ.

 

._____________________________________________________.

|Պաշտոնային   |2007    2008   | 2009  |2009 թ. 2008 թ.|

|դրույքաչափերը|               |       |նկատմամբ       |

|_____________|_______________|_______|_______________|

|Նվազագույնը  | 35500    40000|  40000|             0%|

|_____________|_______________|_______|_______________|

|Միջինը       | 84017    99115|  99254|           0.1%|

|_____________|_______________|_______|_______________|

|Առավելագույնը| 495000  495000| 495000|             0%|

._____________________________________________________.

 

2009 թ. քաղաքացիական ծառայողների միջին ամսական պաշտոնային դրույքաչափը նախորդ տարվա համեմատությամբ աճել է միջինը 0.1%-ով, առավելագույն և նվազագույն պաշտոնային դրույքաչափերը չեն աճել:

2009 թ. փետրվարի դրությամբ քաղաքացիական ծառայողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 119722 դրամ, առավելագույնը` 707990 (ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը 180800 դրամ, պարգևատրվել է 6000000 դրամի չափով), նվազագույնը` 40000 դրամ: Քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է ընդամենը 2.7%-ով (2008 թ. միջին աշխատավարձը կազմել է 116531 դրամ)` այն դեպքում, երբ ոչ պետական հատվածում աշխատավարձի աճը կազմել է 13.3% (3): 2009 թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրված գնաճի (109%) հաշվառմամբ, քաղաքացիական ծառայողների աշխատավարձը իրականում նվազել է 5.8%-ով (իրական աշխատավարձը կազմում է 109835 դրամ):

 

------------------------------------------

3) «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2009 թ. հունվար-մարտին»:

 

Գծանկար 4. Քաղաքացիական ծառայողների բազային և միջին աշխատավարձերի

դինամիկան 2003-2009 թթ.

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Քաղաքացիական ծառայողների վարձատրության խնդիրները կարգավորող օրենսդրության վերլուծությունները վկայում են, որ չնայած գործող օրենքը հանրապետության քաղաքացիական ծառայության բոլոր մարմիններում ծառայողների վարձատրության համակարգում սահմանում է նույն դրույթները, սակայն դրանց կիրառման արդյունքում քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում առկա են միջին պաշտոնային դրույքաչափերի և աշխատավարձերի տարբեր մեծություններ (Հավելված):

Միջին պաշտոնային դրույքաչափերի (հիմնական աշխատավարձերի) տատանումները քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում այնքան էլ մեծ չեն: Հիմնական աշխատավարձերի տարբերությունը պայմանավորված է քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերում քաղաքացիական ծառայողների ոչ հավասարաչափ բաշխվածությամբ և աշխատավարձի բնականոն աճի կիրառմամբ: Այստեղ բացառություն են կազմում Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի և Վերահսկիչ պալատի աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների միջին պաշտոնային դրույքաչափերը:

ՀՀ Նախագահի աշխատակազմում միջին նվազագույն աշխատավարձը կազմել է 46400 դրամ, միջին աշխատավարձը 129413 դրամ, միջին առավելագույն աշխատավարձը 251880 դրամ: ՀՀ Կառավարության աշխատակազմում, համապատասխանաբար` 57200 դրամ, 151776 դրամ և 255228 դրամ: Հանրապետական գործադիր մարմիններում` միջին նվազագույն աշխատավարձը կազմել է 40000 դրամ, միջին աշխատավարձը` 118556 դրամ, միջին առավելագույն աշխատավարձը` 707920 դրամ, նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմիններում համապատասխանաբար` 50267 դրամ, 110017 դրամ և 315000 դրամ, մարզպետարանների աշխատակազմերում` 40000 դրամ, 109408 դրամ, 245182 դրամ, իսկ օրենքով ստեղծված մարմիններում` 40000 դրամ, 119721 դրամ և 552338 դրամ:

Ակնհայտ է, որ միջին աշխատավարձի զգալի շեղումները պայմանավորված են լրացուցիչ աշխատավարձով. մասնավորապես` դրանք ընդգծված երևում են ՀՀ Կառավարության, Առողջապահության և Ֆինանսների նախարարությունների աշխատակազմերում, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, ինչպես նաև` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմում:

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններում միջին ամսական աշխատավարձը տատանվում է 101633-ից (ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քաղաքացիական ծառայողներ) մինչև 203054 (ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն) դրամի սահմաններում:

ՀՀ նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմիններում միջին ամսական աշխատավարձը տատանվում է 89522-ից (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող փրկարար ծառայություն) մինչև 122800 (ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող ջրային տնտեսության պետական կոմիտե) դրամի սահմաններում: Ինչպես նախարարություններում (92400-150432 դրամ)` այստեղ ևս միջին աշխատավարձերի տարբերությունը պայմանավորված է քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերում քաղաքացիական ծառայողների ոչ հավասարաչափ բաշխվածությամբ և աշխատավարձի բնականոն աճի կիրառմամբ:

Օրենքով ստեղծված մարմիններում միջին ամսական աշխատավարձը տատանվում է 87839-ից (ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով) մինչև 231104 (ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) դրամի սահմաններում:

Քաղաքացիական ծառայողների միջին ամսական աշխատավարձերը համեմատաբար մոտ են տարածքային կառավարման մարմիններում` մարզպետարաններում, որտեղ աշխատավարձերը տատանվում են 97420-ից (Կոտայքի մարզպետարան) 116750 (Գեղարքունիքի մարզպետարան) դրամի սահմաններում: Քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում ծառայողների միջին, առավելագույն և նվազագույն աշխատավարձերը ներկայացվում են գծանկար 5-ում:

 

Գծանկար 5. Քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում

ծառայողների միջին, առավելագույն և նվազագույն աշխատավարձերը

2009 թ. փետրվարի դրությամբ

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

ՀՀ Նախագահի աշխատակազմում, ՀՀ Կառավարության աշխատակազմում, նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում կրտսեր և բարձրագույն պաշտոններ զբաղեցնողների միջին աշխատավարձերը միմյանցից տարբերվում են 2.9 անգամ, ՀՀ նախարարություններում և մարզպետարաններում` 3.5 անգամ, իսկ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններում` 3 անգամ:

 

Քաղաքացիական ծառայողներին տրվող լրացուցիչ աշխատավարձը.

 

Հավելումները, հավելավճարները և պարգևները կազմում են քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության լրացուցիչ կամ փոփոխական մասը:

Քաղաքացիական ծառայողների լրացուցիչ աշխատավարձը (հավելումներ, հավելավճարներ և պարգևներ) կազմել են միջին ամսական աշխատավարձի 15.2 տոկոսը (լրացուցիչ աշխատավարձի միջին չափը կազմել է 18197 դրամ), որի մեջ հավելումների չափը կազմել է լրացուցիչ աշխատավարձի 23.8 տոկոսը, հավելավճարների չափը` 18.5 տոկոսը, իսկ պարգևների ընդհանուր գումարը կազմել է լրացուցիչ աշխատավարձի 57.7 տոկոսը:

Հավելումների չափը կազմել է միջին աշխատավարձի 3.6 տոկոսը, հավելավճարների չափը` 2.8 տոկոսը, իսկ պարգևների ընդհանուր գումարը կազմել է միջին աշխատավարձի 8.8 տոկոսը:

Աշխատավարձի կարևոր տարրերից է հավելավճարը, որը քաղաքացիական ծառայողներին տրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում և հաշվարկվում ծառայողի հիմնական աշխատավարձի նկատմամբ 5%-ի չափով: Վերլուծությունները ցույց են տալիս, որ քաղաքացիական ծառայողների 12.3%-ն է ստանում հավելավճար, և նախորդ տարվա համեմատությամբ հավելավճար ստացողների թիվը աճել է մոտ 7%-ով (2008 թ. կազմել է 5.4%): Հավելավճար ստացողների թիվը, ըստ քաղաքացիական ծառայության մարմինների, ավելի փոքր է Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարանների, Կրթության և գիտության պետական կոմիտեի և Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմերում (աշխատակազմի ընդամենը 0.1%), և ավելի մեծ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմում (մոտ 20%):

Քաղաքացիական ծառայության մարմիններից հավաքագրված տեղեկատվության հիման վրա կատարված վերլուծության համաձայն, 2008 թ. քաղաքացիական ծառայության համակարգում պարգևի տարեկան միջին չափը կազմել է 272 500 դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 27.7%-ով (2007 թ-ին միջին տարեկան պարգևը կազմել է 197 000 դրամ):

2008 թ. ընթացքում պարգևատրվել է քաղաքացիական ծառայողների մոտ 82%-ը (6739 քաղաքացիական ծառայող), ընդ որում` 74%-ը պարգևատրվել է աշխատանքի տարեկան արդյունքների համար (2007 թ-ին կազմել է 79.4%): Ընդհանուր պարգևի մեջ 28%-ը բաժին է ընկնում տարեկան արդյունքների համար տրված պարգևին, 48%-ը` հատուկ առաջադրանքները որակյալ կատարելու համար տրված պարգևին, իսկ 24%-ը կազմել են դրամական այլ պարգևները:

 

3.2.1 Քաղաքացիական ծառայողների միջին ամսական աշխատավարձը` ըստ պաշտոնների խմբերի

 

Տարբեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վարձատրության միջին չափերը 2009 թվականի փետրվարի դրությամբ ունեն հետևյալ տեսքը. կրտսեր քաղաքացիական ծառայողների աշխատավարձի միջին չափը 66 380 դրամ է, առաջատար քաղաքացիական ծառայողներինը` 112 130 դրամ (68.9%-ով ավելի է կրտսեր պաշտոնների համեմատ), գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներինը` 161 860 դրամ (44.4%-ով ավելի է առաջատար պաշտոնների համեմատ), իսկ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների աշխատավարձի միջին չափը` 214 805 դրամ (32.7%-ով ավելի է գլխավոր պաշտոնների համեմատ): Բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձի չափը մոտ 3.2 անգամ բարձր է կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձի չափից (տես գծանկար 6):

 

Գծանկար 6. Քաղաքացիական ծառայողների միջին, առավելագույն և

նվազագույն աշխատավարձերն ըստ պաշտոնների խմբերի` 2009 թ. փետրվարի

դրությամբ

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Միջին աշխատավարձերի չափերի տարբերությունը մասամբ պայմանավորված է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված բնականոն աճի կիրառմամբ, ինչպես նաև` քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերում քաղաքացիական ծառայողների ոչ հավասարաչափ բաշխվածությամբ, ինչպես նաև պարգևների չափով:

Միջին աշխատավարձերի չափը, ըստ պաշտոնների խմբերի, տարբեր է նաև քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում: Այսպես օրինակ` ՀՀ Նախագահի աշխատակազմում բարձրագույն խմբում միջին աշխատավարձը 205674 դրամ է, գլխավորում` 151230 դրամ, առաջատար խմբում` 122757 դրամ, կրտսերում` 69446 դրամ: ՀՀ Կառավարության աշխատակազմում համապատասխանաբար` 215253 դրամ, 190495 դրամ, 141273 դրամ և 74189 դրամ: Հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերում` 226651 դրամ, 157380 դրամ, 108498 դրամ և 64696 դրամ: Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններում (4)` 160182 դրամ, 160428 դրամ, 102303 դրամ, 55262 դրամ: Մարզպետարանների աշխատակազմերում` 222634 դրամ, 152878 դրամ, 104667 դրամ, 62609 դրամ: Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններում` 222162 դրամ, 180506 դրամ, 133076 դրամ, 72689 դրամ:

------------------------------------

4) Նշված մարմիններում բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնողների միջին աշխատավարձերը գրեթե հավասար են, ինչը պայմանավորված է այդ մարմիններում համապատասխան պաշտոններ զբաղեցնողների տեսակարար կշռով և միջին աշխատավարձերի չափերով (նշված մարմիններում բարձրագույն պաշտոններ զբաղեցնողների մոտ 75% Փրկարար ծառայության աշխատակազմում են, որոնց միջին աշխատավարձը 137962 դ., իսկ գլխավոր պաշտոն զբաղեցնողներ 60.5% Սոցիալական ապահովության պետական ծառայությունում է, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 181110 դ.):

 

ՀՀ Կառավարությունում, ՀՀ նախարարություններում, կառավարությանն առընթեր մարմիններում, մարզպետարաններում և օրենքով ստեղծված հանձնաժողովներում ու խորհուրդներում միևնույն խմբի և ենթախմբի պաշտոնների միջին աշխատավարձերը միմյանցից տարբերվում են: Պաշտոնների բոլոր խմբերում, բացի կրտսեր պաշտոնների խմբից, միջին աշխատավարձը առավել բարձր է օրենքով ստեղծված մարմիններում: Մարզպետարաններում գլխավոր և առաջատար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը բավականին ցածր է մյուս մարմիններում համանման պաշտոններ զբաղեցնողների միջին աշխատավարձերի համեմատությամբ: Դա պայմանավորված է ինչպես տվյալ մարմիններում պաշտոնների այս կամ այն խումբը զբաղեցնողների տեսակարար կշռով, այնպես էլ տվյալ պաշտոններում աշխատողների ունեցած ստաժով:

Այլ է նաև լրացուցիչ աշխատավարձի կառուցվածքը, քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձերի մեջ լրացուցիչ աշխատավարձի տեսակարար կշիռը բարձրագույն պաշտոններում կազմել է 15.3%, գլխավոր պաշտոններում` 16.6%, առաջատար պաշտոններում` 14.2%, իսկ կրտսեր պաշտոնների քաղաքացիական ծառայողների լրացուցիչ աշխատավարձը կազմել է նրանց միջին աշխատավարձի 16.3%-ը:

Ըստ պաշտոնների խմբերի քաղաքացիական ծառայողների լրացուցիչ աշխատավարձի մեջ հավելումների, հավելավճարների և պարգևների տեսակարար կշիռների վերլուծությունները ցույց են տալիս, որ լրացուցիչ աշխատավարձերի մեջ պարգևի ամենամեծ տեսակարար կշիռը դիտվել է գլխավոր պաշտոններում, իսկ ամենացածրը` բարձրագույն պաշտոններում, մասնավորապես` բարձրագույն խմբում` 47%, գլխավոր խմբում` 62%, առաջատար խմբում 57%, կրտսեր խմբում 56% (տես գծանկար 7):

 

Գծանկար 7. Քաղաքացիական ծառայողների լրացուցիչ աշխատավարձի մեջ

հավելումների, հավելավճարների և պարգևի տեսակարար կշիռն ըստ

պաշտոնների խմբերի

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Ըստ պաշտոնների խմբերի հավելավճար ստացողների թիվը համեմատաբար բարձր է գլխավոր և բարձրագույն խմբերում (14%), կրտսեր պաշտոններ զբաղեցնողների մեջ այն կազմում է 8.5%:

Հավելավճար ստացողների ընդհանուր թվի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն առաջատար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները` 58%, բարձրագույն պաշտոններում կազմում է 2%, գլխավորում` 29%, իսկ կրտսերում 11%:

Ստացած պարգևների բաշխումն ըստ զբաղեցրած պաշտոնների արտացոլված է գծանկար 8-ում:

 

Գծանկար 8. Պարգևների բաշխումն ըստ զբաղեցրած պաշտոնների

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Գծանկար 8-ից ակնհայտ երևում է, որ հատուկ առաջադրանքները որակյալ կատարելու համար տրվող պարգևը բարձրագույն (նաև գլխավոր) պաշտոն զբաղեցնողների շրջանում 2.2 անգամ գերազանցում է այդ խմբի մեջ պարգևի չափը, երբ կրտսեր պաշտոն զբաղեցնողների շրջանում նշված պարգևի տեսակարար կշիռը կազմում է կրտսեր խմբի միջին պարգևի 58%-ը: Պարգևի զգալի տարբերությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնողներին ավելի հաճախ են ներկայացնում պարգևատրման, այլ նաև պարգևի չափով (առավելագույն պարգևը բարձրագույն խմբում կազմել է 6 000 000 դրամ):

 

Համանման պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների պաշտոնային

դրույքաչափերի միջև եղած տարբերությունը

 

Համանման պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի չափերի տարբերությունն առավել տեսանելի ներկայացնելու նպատակով դիտարկենք քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում աշխատող վարչության պետերի միջին պաշտոնային դրույքաչափերի և միջին աշխատավարձերի մեծությունները քաղաքացիական ծառայության համակարգի մարմիններում (Գծանկար 9):

 

Գծանկար 9. Համանման պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների

(վարչության պետերի) միջին աշխատավարձերը քաղաքացիական ծառայության

տարբեր մարմիններում

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Քաղաքացիական ծառայության համակարգի մարմիններում վարչության պետերի միջին դրույքաչափերն իրարից խիստ չեն տարբերվում (ընդհանուր միջին դրույքաչափը 145 180 դրամ է). բացառություն է կազմում միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմում (395000 դրամ, ինչը պայմանավորված է բազային աշխատավարձի մեծությամբ) վարչության պետերի միջին դրույքաչափերը: Իսկ միջին աշխատավարձերի մեջ լրացուցիչ աշխատավարձը կազմում է մոտ 18%: Այլ է պատկերը, մասնավորապես Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և Ֆինանսների նախարարության աշխատակազմում, որտեղ լրացուցիչ աշխատավարձը կազմում է համապատասխանաբար 62%, 35%, 45%:

 

3.3. Գերակշռող մասնագիտությունները քաղաքացիական ծառայության

համակարգում և քաղաքացիական ծառայողների վարձատրությունը ըստ

մասնագիտությունների

 

Քաղաքացիական ծառայության համակարգում քաղաքացիական ծառայողների բազային մասնագիտությունների վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2009 թվականին քաղաքացիական ծառայության համակարգում շարունակում են գերակշռել հիմնականում տնտեսագիտություն և կառավարում (27.9 տոկոս), հումանիտար և իրավունքի ոլորտի մասնագիտություններ (16.5 տոկոս) ունեցող անձինք:

Քաղաքացիական ծառայության համակարգում ըստ մասնագիտությունների` նվազագույն միջին ամսական աշխատավարձը կազմում է 81586 դրամ (սոցիալական ոլորտի մասնագիտություններ), առավելագույն աշխատավարձը` 147351 դրամ. (բժշկական մասնագիտություններ, ինչը բացատրվում է բժշկական մասնագիտություններ ունեցող քաղաքացիական ծառայողների զբաղեցրած համեմատաբար բարձր պաշտոններով) (գծանկար 8): Տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով միջին աշխատավարձը կազմել 129765 դրամ, բնագիտական գիտությունների գծով` 115530 դրամ, հումանիտար գիտությունների գծով` 119937 դրամ, «շինարարություն և ճարտարապետություն» խմբի մասնագիտությունների միջին աշխատավարձը` 129679 դրամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների գծով` 126663 դրամ, էներգետիկա մեքենաշինություն և էլեկտրատեխնիկա` 126977 դրամ, մշակույթի և արվեստի ճյուղի մասնագիտությունների միջին աշխատավարձը` 101553 դրամ, կրթություն և մանկավարժություն` 116626 դրամ և այլն (ըստ գերակշռող մասնագիտությունների միջին աշխատավարձերը ներկայացված է գծանկար 10-ում):

 

Գծանկար 10. Գերակշռող մասնագիտություններ ունեցող քաղաքացիական

ծառայողների բաշխումն ըստ աշխատավարձերի չափերի

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

3.3.1 Գերակշռող մասնագիտություններով քաղաքացիական ծառայողների և ոչ պետական հատվածում համանման մասնագիտություններով ծառայողների աշխատավարձերի համեմատություն

 

2009 թվականի ընտրանքային հետազոտության շրջանակում վերլուծվել է ոչ պետական հատվածի 254 կազմակերպություններից (հետազոտության ընտրանքի մեջ չեն ընդգրկվել գերփոքր կազմակերպությունները) 2047 աշխատողների (հետազոտության մեջ ընդգրկված են ղեկավար պաշտոնները, բարձր և միջին որակավորման` ոչ բանվորական մասնագետները) վարձատրության վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը, որի ամփոփման արդյունքում միջին աշխատավարձը կազմել է 188461 դրամ (հաճախ կրկնվող միջին աշխատավարձը կազմել է 121663 դրամ):

Քաղաքացիական ծառայությունում գերակշռող մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձի միջին չափերի տարբերությունները ոչ պետական հատվածի համապատասխան ցուցանիշների հետ համադրելու համար նշենք, որ քաղաքացիական ծառայությունում գերակշռում են տնտեսագիտություն և կառավարում մասնագիտություն ունեցողները, որոնք կազմում են քաղաքացիական ծառայողների 27.9%-ը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների գծով մասնագետները` քաղաքացիական ծառայողների 3.5%-ը, իսկ առողջապահական մասնագիտություններ ունեցողները ընդհանուրի 4.1%-ն են կազմում:

Համեմատելով քաղաքացիական ծառայությունում գերակշռող մասնագիտություններ ունեցողների միջին աշխատավարձերի չափերը աշխատաշուկայում առկա չափերի հետ` կտեսնենք, որ բոլոր 13 խումբ մասնագիտությունների արժեքները աշխատաշուկայում այդ մասնագիտությունների «արժեքի» համեմատ ավելի բարձր են քաղաքացիական ծառայությունում նույն մասնագիտությունն ունեցողների միջին աշխատավարձի չափերից (տե՛ս գծանկար 11), սակայն պետք է նշել, որ թե՛ ոչ պետական հատվածում, թե՛ պետական հատվածում միշտ չէ, որ աշխատողներն աշխատում են իրենց մասնագիտությամբ:

 

Գծանկար 11. Աշխատավարձերի միջին չափերը ոչ պետական և պետական

հատվածներում` ըստ քաղաքացիական ծառայությունում գերակշռող

մասնագիտությունների

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Քանի որ քաղաքացիական ծառայությունում քաղաքացիական ծառայողի աշխատավարձը պայմանավորված է ոչ թե մասնագիտությամբ, այլ քաղաքացիական ծառայողի պաշտոնի պատկանելիությամբ, ապա քաղաքացիական ծառայությունում վարձատրության տարբերությունը ոչ պետական հատվածի հետ համեմատելու նպատակով ճիշտ է համադրել աշխատավարձերն ըստ պաշտոնների, որի համար ոչ պետական հատվածում աշխատողները խմբավորվել են քաղաքացիական ծառայության պաշտոնների համապատասխան 4 խմբերում` կազմակերպության ղեկավարներ, ստորաբաժանման ղեկավարներ, բարձր որակավորմամբ մասնագետներ, միջին որակավորմամբ մասնագետներ` ըստ կազմակերպության անձնակազմում իրենց ունեցած դիրքի:

 

Գծանկար 12. Աշխատավարձերի միջին չափերը` ըստ քաղաքացիական

ծառայության և ոչ պետական հատվածի համանման պաշտոնների

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնողների միջին աշխատավարձը կազմել է ոչ պետական հատվածի միջին որակավորման մասնագետների միջին աշխատավարձի միայն 50.3%-ը, իսկ ոչ պետական հատվածի բարձր որակավորման մասնագետների միջին աշխատավարձի չափը բարձր է թե՛ քաղաքացիական ծառայության առաջատար մասնագետների միջին վաստակից (42.4%-ով), թե՛ քաղաքացիական ծառայության գլխավոր մասնագետների միջին վաստակից (16.8%-ով): Իսկ եթե համադրենք քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնի (քանի որ քաղաքացիական ծառայությունում ստորաբաժանման` բաժնի և վարչության ղեկավարները հիմնականում գլխավոր պաշտոն են զբաղեցնում) միջին վաստակը ոչ պետական հատվածում կազմակերպությունների ստորաբաժանումների ղեկավարների միջին աշխատավարձի չափերի հետ, ապա այն ցածր կլինի 33.5%-ով: Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների միջին աշխատավարձի չափը (214805 դրամ) ոչ պետական հատվածի կազմակերպության ղեկավարների միջին չափից (5) (239368 դրամ) պակաս է 10.3%-ով:

------------------------------------

5) Հետազոտության արդյունքներով` կազմակերպությունների ստորաբաժանումների ղեկավարների միջին աշխատավարձը (252 780 դրամ) ավելի բարձր է կազմակերպությունների ղեկավարների միջին վաստակից (243 490 դրամ), քանի որ հարցում է արվել հիմնականում փոքր և միջին կազմակերպությունների ղեկավարներից, իսկ հարցման մեջ ներառված կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարների մեջ քիչ չեն մեծ կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները, որոնք, բնականաբար, ավելի բարձր վարձատրություն են ստանում:

 

4. Քաղաքացիական ծառայողների բազային, միջին աշխատավարձերի չափերի և

նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի համադրումը

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից, Համաշխարհային Բանկի մեթոդաբանությամբ, 6816 տնային տնտեսություններում իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների հիման վրա 2009 թ. 1-ին եռամսյակի ընթացիկ միջին գներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 31144.4 դրամ (ամսական): ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմով, կառուցվածքով և էներգետիկայով` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 35975.4 դրամ:

Որպես համեմատություն ներկայացնենք քաղաքացիական ծառայողների բազային և միջին աշխատավարձերի չափերի, նվազագույն ամսական աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի տարբերությունը (տես գծանկար 13):

 

Գծանկար 13. Քաղաքացիական ծառայողների բազային և միջին

աշխատավարձերի չափերը, նվազագույն սահմանված ամսական աշխատավարձը,

նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, դրանց հարաբերակցությունը

2003-2009 թթ.

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Գծանկարից երևում է, որ չնայած միջինը 13 տոկոսով քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափը մեծ է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, սակայն այն թույլ չի տալիս ապահովել աշխատուժի վերարտադրության գործառույթի լայն իմաստով իրականացում` հոգալ ընտանիքի ծախսերը և իր որակավորման բարձրացմանն ուղղված ծախսերը: Ինչպես տեսնում ենք գծանկարից նվազագույն ամսական աշխատավարձի աճի տեմպը ձգտում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, սակայն քաղաքացիական ծառայողների բազային և միջին աշխատավարձերի աճերի և սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի փոփոխության միջև չկա տրամաբանական և օրինաչափ կախվածություն:

Տարբեր պաշտոնական մակարդակների քաղաքացիական ծառայողների վարձատրության չափերի և նվազագույն սպառողական զամբյուղի չափի համեմատությունը ներկայացնում է հետևյալ պատկերը`

. բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների աշխատավարձի միջին չափը կազմել է 214805 դրամ, որը գերազանցում է նվազագույն սպառողական բյուջեի չափը 5.9 անգամ (214805 / 35975),

. գլխավոր պաշտոնների խումբ` 4.5 անգամ (161860 / 35975),

. առաջատար պաշտոնների խումբ` 3.1 անգամ (112130 / 35975),

. կրտսեր պաշտոնների խումբ` 1.8 անգամ (66380 / 35975):

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հանրապետության տնային տնտեսությունների հարցումները ցույց են տալիս, որ միջին ընտանիքը բաղկացած է 3.8 մարդուց, և այս դեպքում ընտանիքի նվազագույն սպառողական բյուջեի մեծությունը կազմում է 136705 դրամ (35975 x 3.8): Եզրակացությունը միանշանակ է. ընտանիքի միակ աշխատող քաղաքացիական ծառայողը (բացառությամբ` բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների) իր աշխատավարձով չի կարող հոգալ սեփական ընտանիքի նվազագույն կարիքները:

 

5. Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի վերաբերյալ

ծառայողների վերաբերմունքի գնահատում

 

Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի վերաբերյալ քաղաքացիական ծառայողների վերաբերմունքը գնահատելու նպատակով քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում աշխատող մոտ 157 ծառայողների շրջանում անցկացվել է հարցում:

Հարցվածների մեծ մասը (մոտ 38%-ը) աշխատում են հանրապետական գործադիր մարմիններում:

Հարցումներն իրականացվել են քաղաքացիական ծառայողների բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում: Հարցվածների մեծ մասը եղել է առաջատար (39.8%) և գլխավոր պաշտոնների (50.4%) խմբերում:

Հարցվածների սեռատարիքային կազմը ունի հետևյալ տեսքը. հարցվածների միջին տարիքը եղել է 45 տարեկանը, և հարցվածների մեջ տղամարդիկ կազմել են 53%, իսկ կանայք` 47%:

Հարցվածների մեջ 70.5% քաղաքացիական ծառայողներ նշել են, որ բավարարված չեն իրենց աշխատավարձից, և որ այն չի համապատասխանում իրենց որակավորմանը, միայն 0.8% քաղաքացիական ծառայողներ են նշել, որ աշխատավարձն իրենց լիովին բավարարում է, իսկ հարցմանը մասնակցած քաղաքացիական ծառայողների մնացած մասը պատասխանել է, որ աշխատավարձն իրենց բավարարում է, բայց ոչ լիովին: Իսկ բազային աշխատավարձի նպատակահարմար չափը, ըստ հարցվածների, պետք է լինի 111 100 դրամ (միջինը), ընդ որում` հարցվածների 45%-ը բազային աշխատավարձի արդյունավետ չափ է համարում 100000 դրամը: Հետաքրքիր է պատկերը, երբ բազային աշխատավարձի նպատակահարմար չափի առաջարկները դիտարկում ենք ըստ պաշտոնների. բարձրագույն պաշտոն զբաղեցնողների կարծիքով` բազային աշխատավարձի նպատակահարմար չափ է 70000 դրամը, գլխավոր պաշտոն զբաղեցնողների կարծիքով` 124100 դրամը, առաջատար պաշտոն զբաղեցնողների կարծիքով` 104000 դրամը, իսկ կրտսեր մասնագետների կարծիքով` 97000 (ընդ որում` կրտսեր պաշտոն զբաղեցնող կանայք բազային աշխատավարձի նպատակահարմար չափ են համարում 75500 դրամը, իսկ տղամարդիկ` 175000 դրամը): Բացի այդ, քաղաքացիական ծառայողների վարձատրության չափերի գնողունակության պահպանման համար առաջարկվում է քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգում ներդնել բազային աշխատավարձի չափի ինդեքսավորման պահանջ և մեխանիզմ:

«Համապատասխանու՞մ է արդյոք աշխատավարձը Ձեր որակավորմանը և արհեստավարժությանը» հարցին հարցվածների 86.9%-ը պատասխանել է` «Ցածր է», «Լիովին համապատասխանում է» պատասխանը նշել է միայն 7.4%-ը, իսկ մնացած մասը դժվարացել է գնահատել իրենց որակավորման աստիճանի և վարձատրության համապատասխանությունը:

Քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի ձևավորման հիմքում դրված տարիֆային սանդղակի, մասնավորապես` քաղաքացիական ծառայողների վարձատրության բնականոն աճի կիրառվող մեխանիզմի վերաբերյալ հարցվածների 51.7%-ը կարծիք է հայտնել, որ կա անհրաժեշտություն փոխելու գործող մեխանիզմը և աշխատավարձի յուրաքանչյուր իրար հաջորդող մակարդակների միջև սահմանելու հավասար չափով ստաժի առկայություն` 2 կամ 3 տարին մեկ պարբերականությամբ: Իսկ հարցվածների 28.3%-ն այն կարծիքն է հայտնել, որ բնականոն աճի հիմքում, բացի ստաժի պահանջից, պետք է դրվեն նաև այլ ցուցանիշներ, ինչպես` կրթության մակարդակը, աշխատանքի արդյունքը և այլն: Աշխատավարձի բնականոն աճի սահմանված մեխանիզմը արդյունավետ է համարել հարցվածների միայն 13.3%-ը, մյուսները դժվարացել են պատասխանել:

Իսկ քաղաքացիական ծառայողների վարձատրության ձևավորման համար կիրառվող աղյուսակում պաշտոնների ենթախմբերն արտացոլող 11 սանդղակների նվազագույն (կրտսեր պաշտոնի 3-րդ ենթախմբի 1-ին մակարդակ) և առավելագույն (բարձրագույն պաշտոնի 1-ին ենթախմբի 11-րդ մակարդակ) գործակիցներ ունեցող քաղաքացիական ծառայողների վարձատրությունների միջև սահմանված 5.89 անգամ տարբերության արդյունավետությունը գնահատելիս հարցվածների շուրջ 30%-ը կարծում է, որ քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերը, հետևաբար և` սանդղակները պետք է լինեն ավելի շատ, իսկ 18% քաղաքացիական ծառայողներ ճիշտ հակառակ կարծիքն են հայտնել, հարցվածների մնացած մասը դժվարացել է պատասխանել:

Բացի այդ, քաղաքացիական ծառայողներին տրվող ամենամյա պարգևի տրամադրման գործող պարբերականությունը (տարին 1 անգամ) հարցվածների 90.2%-ի կարծիքով արդյունավետ չէ, և պարգևը պետք է տրամադրել տարին 2 անգամ պարբերականությամբ (43%), իսկ հարցվածների 57%-ի կարծիքով պարգևը արդյունավետ է տալ տարին 2 անգամից ավելի պարբերականությամբ:

«Ի՞նչ եք կարծում, քաղաքացիական ծառայության համակարգում կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների միջև կատարվու՞մ է արդյոք աշխատանքի արդյունավետ բաժանում` պայմանավորված քաղաքացիական ծառայության պաշտոնի խմբի պատկանելությամբ և պաշտոնի անձնագրի պահանջներով» հարցի պատասխաններն ստեղծում են հետևյալ պատկերը (տես գծանկար 14).

 

Գծանկար 14. Քաղաքացիական ծառայողների պաշտոնների բաշխման

հիմնավորվածության գնահատում

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Քաղաքացիական ծառայողների պաշտոնների բաշխվածությունն ըստ առանձին կառուցվածքային ստորաբաժանումների` հարցվողների կարծիքով` հիմնավորված չէ, և անհրաժեշտ է կատարել աշխատանքի գնահատում, որից հետո հիմնավորել, թե այդ աշխատանքը ինչ պաշտոնի համար է նախատեսված. այս տեսակետին է հարում հարցվածների 62%-ը, իսկ հարցվածների 31%-ը կարծում է, որ յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման ներսում պետք է ընդգրկվեն աշխատողներ քաղաքացիական ծառայության պաշտոնների բոլոր խմբերից (կրտսեր, առաջատար, գլխավոր)` հավասար թվով:

Հարցված քաղաքացիական ծառայողների մեջ միայն 25.4%-ն է պատասխանել, որ կարողանում է իր ունակություններն իրացնել աշխատանքում, իսկ նույն հարցին բացասական պատասխան տված քաղաքացիական ծառայողների նշած` իրենց ունակություններն աշխատավայրում չիրացնելու պատճառները հետևյալն են` 52 տոկոսը պատասխանում է, որ դրանք կիրառելու հնարավորություն չկա, 27 տոկոսը` շահագրգռվածություն չկա, 11 տոկոսը պատասխանել է, որ դրանք կիրառելու անհրաժեշտություն չկա, իսկ 10 տոկոսը` աշխատավարձի և աշխատանքի արդյունքների միջև ոչ մի կապ չկա:

Սա վկայում է, որ ծառայողների նշանակալից մասն աշխատում է իր ուժերի ոչ լրիվ չափով: Նման իրավիճակը բնութագրական է ոչ միայն քաղաքացիական ծառայության, այլև պետական ծառայության համակարգին և տնտեսության բոլոր ճյուղերին:

Քաղաքացիական ծառայության մարմիններում սեփական ունակությունները ոչ լրիվ իրացնելու պատճառներից է աշխատավարձի մեծության, աշխատողի որակավորման և աշխատանքի փաստացի արդյունքների միջև կապի և համապատասխանության, ինչպես նաև` շահագրգռվածության բացակայությունը: Առավել արդյունավետ և բարձր արտադրողականությամբ աշխատանքի համար մոտիվացիայի համապատասխան գործոններ չկան: Քաղաքացիական ծառայողի մոտիվացիոն գործունեությանը չի նպաստում նաև քաղաքացիական ծառայողների վարձատրության համար կիրառվող սանդղակը: Այսպիսով` անցկացված հետազոտության եզրակացությունը միանշանակ է` քաղաքացիական ծառայության համակարգում գործող երաշխավորված պաշտոնային դրույքաչափերի համակարգը քաղաքացիական ծառայողների մեջ չի ստեղծում իրենց որակավորումը բարձրացնելու, ավելի արտադրողական և սեփական հնարավորություններն առավելագույն չափով իրացնելու, աշխատելու մոտիվացիա:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2009
N 46
Արձանագրային որոշում