Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 փետրվարի 2010 թվականի N 5

 

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թ. փետրվարի 11-ի նիստի

N 5 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ

 

Նախաբան

 

Սույն հայեցակարգի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 5-ի N 172-Ա որոշումը` ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծմանը:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով և այլ նորմատիվ-իրավական ակտերով սահմանված են քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները, քաղաքաշինական գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները, քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խնդիրները: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն և հսկողություն իրականացնում է բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

Չնայած վերոհիշյալին, հանրապետությունում բավականին մեծ ծավալ է կազմում ինքնակամ շինարարությունը (տես աղյուսակ): Դեռևս առկա են ինքնակամ շինարարության իրականացմանը նպաստող մի շարք հանգամանքներ, որոնց բացառման համար անհրաժեշտ է բարեփոխել քաղաքաշինության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, բարձրացնել քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման արդյունավետությունը և բարելավել քաղաքաշինության ոլորտում վարչարարությունը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ շինարարության դեպքերը դասակարգվում են հետևյալ խմբերի.

1. Շինարարությունն իրականացվում է առանց հողօգտագործման իրավունքի` հողազավթումով և քաղաքաշինական գործունեության համար հիմք հանդիսացող համապատասխան քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի:

2. Հողօգտագործման իրավունք ունեցող կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվում է առանց քաղաքաշինական գործունեության համար հիմք հանդիսացող համապատասխան քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի:

3. Շինարարության իրականացում հողօգտագործման իրավունք ունեցող կառուցապատողի կողմից քաղաքաշինական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայությամբ, սակայն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի էական խախտումներով:

Ինքնակամ շինարարության դեպք կարող է համարվել նաև ՀՀ «Քաղաքացիական» օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված դեպքերի մեջ չներառված հետևյալ իրավիճակը.

4. Շինարարության իրականացում տարածքների գոտևորման սահմանած պահանջների խախտումով կատարված հողահատկացումով և համապատասխան քաղաքաշինական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայությամբ:

Այսուհետ ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հետագայում դրանք բացառելու համար դեռևս լուծման կարիք ունեն մի շարք հիմնախնդիրներ:

 

Հիմնախնդիրները.

 

ա) քաղաքաշինական գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը,

բ) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն և հսկողություն իրականացնող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների տարանջատման և հստակեցման անհրաժեշտությունը,

գ) հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում վերահսկողության իրականացման առանձնահատկությունները, քաղաքաշինության բնագավառում հսկողության և վերահսկողության մասին ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը,

դ) ինքնակամ շինարարության օրինականացման գործընթացը կարգավորող ՀՀ օրենսդրության անկատարելիությունը, առանձին դեպքերում նաև ինքնակամ շինարարության իրականացմանը նպաստող որոշակի հանգամանքների առկայությունը,

ե) ինքնակամ շինարարության համար վարչական պատասխանատվության միջոցներ առաջացնող իրավական ակտերի անկատարելիությունը,

զ) քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը,

է) ինքնակամ շինարարության կասեցման, հետևանքների վերացման համար անհրաժեշտ տեխնիկական, կազմակերպական և ֆինանսական միջոցների բացակայությունն ու իրավական հիմքերի անկատարելիությունը,

 

Անհրաժեշտ միջոցառումներ

 

1. ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ապահովման համար այդ աշխատանքների համակարգումը վերապահել միջգերատեսչական հանձնաժողովին:

2. 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ապահովել «Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և հսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը:

3. Փոփոխություններ կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում:

ա) Ինքնակամ կառույցի իրավական կարգավիճակի սահմանումը նախատեսել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում:

բ) Փոփոխություններ կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածում` հստակեցնելով և տարանջատելով ինքնակամ շինարարության նկատմամբ պետական լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողական և հսկողական լիազորությունները:

4. Փոփոխություններ և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում`

ա) Ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման ուղղությամբ համայնքների ղեկավարների և, կամ համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար նրանց նկատմամբ նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համապատասխան հոդված և վարչական գործ հարուցելու, գործը վարելու և վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասությունը վերապահել պետական լիազոր մարմնին:

բ) Համապատասխան հոդվածներով ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ կիրառվող վարչական պատասխանատվության միջոցները խստացնել:

5. Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ «Քրեական» օրենսգրքի 3151 հոդվածում, որպես պատժամիջոց նախատեսել նաև ազատազրկումը:

6. Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ «Քրեական» օրենսգրքի 3152 հոդվածում`

ՀՀ «Քրեական» օրենսգրքի 3152 հոդվածը կիրառել համայնքի ղեկավարների և, կամ այդ լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձանց նկատմամբ միայն այն դեպքերում, երբ ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար այդ (անձանց) նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոցներ:

7. Փոփոխություններ և լրացումներ կատարել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում`

Հստակեցնել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ սեփականատերերի, սեփականատերերի ընդհանուր ժողովի և կառավարման մարմնի իրավունքներն ու պարտականությունները:

8. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի մեջ`

ա) Սույն հայեցակարգի միջոցառումների ծրագրի ժամանակացույցով նախատեսված օրենսդրական ակտերի ընդունումից հետո եռամսյա ժամկետում ինքնակամ շինարարություն իրականացրած անձանց կողմից կամավոր հայտավորման հիման վրա գույքագրել առկա ինքնակամ կառույցները, որից հետո չհաշվառված կառույցները համարել օրինականացման համար ոչ ենթակա: Ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի համար սահմանել վերջնաժամկետ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 4-ի 912-Ն որոշման մեջ:

բ) Սահմանել որոշակի հարաբերակցություն օրինականացված կառույցի և այդ կառույցի շահագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի չափերի վերաբերյալ:

գ) Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների համար անհրաժեշտ շահագործման և սպասարկման հողատարածքների օտարման դեպքում հողի կադաստրային արժեքը գանձելուց կիրառել համապատասխան թանկացման գործակիցներ` ելնելով կառույցի գործառնական նշանակությունից և օտարվող հողատարածքի չափից:

դ) Ինքնակամ կառույցների օրինականացման ժամանակ հողի նպատակային նշանակության փոփոխության անհրաժեշտության դեպքում այն պետք է կատարվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: ՀՀ կառավարության կողմից հողի նպատակային նշանակության փոփոխության առաջարկության մերժման դեպքում ինքնակամ կառույցը համարել քանդման ենթակա:

ե) Կարգի 47-րդ կետի առաջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել, քանի որ այն հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետին, այն է, եթե ինքնակամ կառույցները կառուցված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ապա դրանք չեն կարող ճանաչվել օրինական և ենթակա են քանդման:

9. Ստեղծել անհրաժեշտ պայմաններ գյուղական համայնքներում անհատական բնակելի տների կառուցման տիպային նախագծերի կիրառման մասսայականացման համար:

10. Մշակել նոր, առաջատար մեխանիզմներ քաղաքաշինության ոլորտում վարչարարության բարելավման և այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ:

11. Տեղական ինքնակառավարման մարմիններին կից, ստեղծել ինքնակամ կառույցների հետևանքների վերացման համար անհրաժեշտ կառույցներ, դրանց արդյունավետ գործունեության համար ապահովել համապատասխան տեխնիկական, ֆինանսական միջոցներով և իրավական դաշտով:

12. Նախատեսել վերահսկող կազմակերպություններին ֆինանսական խրախուսման մեխանիզմների կիրառում:

13. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք տալու համար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված տուրքերից և վճարներից բացի, արգելել մարզպետներին, համայնքների ղեկավարներին զանազան ֆոնդերի և ծրագրերի համար պարտադրված գանձումներ կատարելը:

14. Ընդունել «Հայաստանի Հանրապետությունում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենք:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 5
Արձանագրային որոշում