Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 7-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 7-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

011.0288.150998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 7-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81 հոդվածի առաջին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշումը է.

1. Պատիժը կրելուց ազատել`

ա) այն անձանց, ովքեր`

- դատապարտվել են ազատազրկման մինչև երեք տարի ժամանակով,

- դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների,

- դատապարտվել են ազատազրկման պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավմամբ կամ ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավմամբ.

բ) մինչև հինգ տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց, ովքեր`

- Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց, ունեն բռնադատվածի կարգավիճակ և դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով նախկինում պատիժ չեն կրել,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են,

- կանայք են կամ 60 տարին լրացած տղամարդիկ,

- հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել,

- դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173 հոդվածի երրորդ մասով դատապարտվածներից և 260 հոդվածով դատապարտված այն անձանցից, որոնց արարքի հետևանքով առաջացել է մի քանի անձի մահ,

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ, ծնող, քույր կամ եղբայր են:

2. Կարճել այն անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ հետաքննության, նախաքննության մարմինների, ինչպես նաև դատարանների վարույթներում գտնվող, բայց դատաքննությունը չսկսված գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչև երեք տարի ժամանակով կամ ազատազրկման հետ չկապված պատիժ, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում թվարկված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամանակով:

3. Նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել կիսով չափ`

ա) մինչև հինգ տարի ժամանակով ազատազրկման դատապարտված ժամկետային ծառայության այն զինվորական ծառայողների նկատմամբ, ովքեր ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել.

բ) հինգ տարուց ավելի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր`

- Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց, ունեն բռնադատվածի կարգավիճակ և դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով նախկինում պատիժ չեն կրել,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են,

- կանայք են կամ 60 տարին լրացած տղամարդիկ,

- հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել,

- դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173 հոդվածի երրորդ մասով դատապարտվածներից և 260 հոդվածով դատապարտված այն անձանցից, որոնց արարքի հետևանքով առաջացել է մի քանի անձի մահ,

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ, ծնող, քույր կամ եղբայր են.

գ) ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են նշանակված պատժաչափի կեսը:

4. Նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել`

ա) մեկ երրորդով` ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են նշանակված պատժաչափի մեկ երրորդ մասը.

բ) մեկ քառորդով` ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնց վրա չեն տարածվում սույն որոշման 1-ին, 3-րդ կետերը և 4-րդ կետի «ա» ենթակետը:

5. Համաներումը չկիրառել`

i

ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1 հոդվածում թվարկված հանցագործությունները կատարած և նույն հոդվածում նշված անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 73.1 հոդվածի երկրորդ մասով, 82 հոդվածով, 86 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 87 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 88 հոդվածի առաջին մասով, 89 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 90 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 94 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 112 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 112.1, 115 հոդվածներով, 116 հոդվածի երկրորդ մասով, 119.2, 133, 133.1, 133.2, 134, 134.1, 185, 185.1, 190 հոդվածներով, 203 հոդվածի երկրորդ մասով, 229.2 հոդվածի երրորդ մասով, 232.1 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 248 հոդվածի «բ» կետով, 257 հոդվածով, 259.1 հոդվածի «գ» և «դ» կետերով, 268 հոդվածի «բ» և «գ» կետերով նախատեսված հանցագործություններ կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, բացի այն դատապարտյալներից, ովքեր մինչև 1997 թվականի հունվարի 13-ը ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավմամբ.

բ) այն անձանց նկատմամբ, որոնց պատժաչափը կրճատվել է, կամ որոնք պատիժը կրելուց ազատվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրերով կամ 1990 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին» , 1992 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» , 1997 թվականի ապրիլի 30-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշումներով և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.

գ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ.

դ) այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից, զորամասը կամ ծառայության վայրը թողել են ինքնագլուխ, և բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75 հոդված և 254 հոդվածի «գ» կետ), և սույն որոշման հրապարակման պահից երկու ամսվա ընթացքում չեն ներկայանա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ.

ե) այն անձանց նկատմամբ, ովքեր ազատազրկման վայրերում ռեժիմի չարամիտ խախտումներ թույլ տալու համար դատարանի որոշմամբ պատիժը կրում են բանտային ռեժիմում.

զ) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի նախատեսվում.

է) այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են այլ պետությունների դատարանների կողմից:

6. Սույն որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից, բացի աքսորից, արտաքսումից, ինչպես նաև գույքի բռնագրավումից, եթե բռնագրավումն ի կատար չի ածվել սույն որոշման հրապարակման պահին:

7. Ազատազրկման վայրերում խրոնիկական ալկոհոլիզմից, թմրամոլությունից կամ վեներական հիվանդություններից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

Խրոնիկական ալկոհոլիզմով, թմրամոլությամբ կամ վեներական հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ, եթե նրանց վերաբերյալ գործերը չեն քննվել դատարաններում, համաներման կիրառումը հետաձգվում է մինչև դատարանում գործի քննության ավարտը:

8. Ազատազրկման վայրերում պատիժ կրող այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախկինում գործող, սակայն մինչև սույն որոշումը հրապարակելը Հայաստանի Հանրապետության օրենքներով վերացված հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար և պատասխանատվություն են կրում նույն արարքների համար սահմանված` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր հոդվածներին համապատասխան, սույն որոշումը կիրառվում է ըստ ներկայումս գործող հոդվածների:

9. Սույն որոշման կատարումը դնել`

ա) դատարանների վրա`

- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

- պայմանական դատապարտված անձանց կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ դատավճիռների կատարումը հետաձգվել է, ինչպես նաև պայմանական վաղակետ ազատված անձանց նկատմամբ,

- այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների, բացի ուղղիչ աշխատանքների դատապարտվածներից.

բ) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

գ) հետաքննության և նախաքննության մարմինների վրա`

- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը և նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.

դ) ուղղիչ աշխատանքային հիմնարկների պետերի վրա`

- այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր պատիժը կրում են ազատազրկման վայրերում.

ե) ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներքին գործերի տարածքային մարմինների պետերի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ուղղիչ աշխատանքների,

- այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատազրկման պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավմամբ կամ ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավմամբ.

զ) կարգապահական գումարտակի հրամանատարի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են կարգապահական գումարտակում:

10. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մարմինների, ուղղիչ աշխատանքային հիմնարկների պետերի, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներքին գործերի տարածքային մարմինների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարի ընդունած որոշումները պետք է հաստատի դատախազը:

Համաներման մասին որոշումը դատարանի կողմից կիրառելու դեպքում դատախազի մասնակցությունը պարտադիր է:

11. Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 1998 թվականի սեպտեմբերի 14-ը ներառյալ:

12. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը կիրառվում են այն անձանց նկատմամբ, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են ճանաչվել մինչև սույն որոշումն ընդունելու նախորդ օրը ներառյալ, կամ որոնց 60 տարին լրանում է մինչև սույն որոշման կատարման ժամկետի ավարտման օրը ներառյալ:

13. Համաներման կիրառումը չի վերացնում դատվածությունը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է կատարման մինչև 1998 թվականի դեկտեմբերի 14-ը:

 

15 սեպտեմբերի 1998 թ.

Ն-288-1

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
15.09.1998
N Ն-288-1
Որոշում