Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 44

 

2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Ծանր սուր շնչառական համախտանիշի ուղղությամբ` Առողջապահության նախարարի 15.12.2003 թ. N 1293-Ա հրամանով սահմանվել են Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի կանխարգելման մեթոդական փաստաթղթեր, ուսումնական նյութեր, որոնք կանոնակարգում են ոլորտը, ինչպես նաև «Ատիպիկ թոքաբորբ» կանխարգելման միջոցառումներ»` հուշաթերթ բնակչության համար:

Հայաստանի Հանրապետությունում համաձայն Խորհրդային պետության մոտեցումների, 1969 թվականին բնական ծաղկի աշխարհում վերացումից հետո, հսկողություն չի իրականացվում: Սակայն վերջին տարիներին աշխարհում բնական ծաղկի նկատմամբ հետաքրքրության բարձրացման արդյունքում և Կանոնների համաձայն աշխատանքներ են տարվում վերականգնելու հսկողության համակարգը:

Գրիպի ոլորտը կանոնակարգված է: Ներդրված են ընդհանուր և ուժեղացված համաճարակաբանական հսկողության համակարգերը: Ներկայում աշխատանքներ են տարվում դետքային համակարգի ներդրման ուղղությամբ: Ձևավորվել են գրիպի ախտորոշման լաբորատոր հզորություններ, զգալի աշխատանքներ են տարվում բնակչության բժշկահիգիենիկ ուսուցման ուղղությամբ:

10) 2001 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպություն եվրոպական տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ Հայաստանում վարակիչ հիվանդությունների դեպքերի ստանդարտ բնորոշումները մշակված և ներդրված են: Դրանք վերանայվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպություն մոտեցումներին և Ամերիկայի համաշխարհային կազմակերպության Հիվանդությունների վերահսկման կենտրոնի մոտեցումներին համապատասխան: Դեպքերի ստանդարտ բնորոշումները պարբերաբար լրամշակման խնդիր ունեն, քանի որ անհրաժեշտություն կա նոր հիվանդությունների բնորոշումներով դրանց համալրման, գիտական բացահայտումների ավելացման և այլն: Սակայն ներկայում բացակայում են դրանց վերանայման մեխանիզմները, ինչպես նաև համախտանիշների և ռիսկերի փաստաթղթավորված ստանդարտ սահմանումները: Հարկ կա բնորոշումները տրամադրել նաև գերատեսչական կառույցներին` նրանց ենթակայության համապատասխան մասնագետներին իրազեկելու համար:

11) Նշանակալի տեղեկատվություն հավաքվում է համաձայն շտապ և արտահերթ հաղորդումների, համաճարակաբանական հսկողության քարտերի, որոշ տեղեկատվություն լրացուցիչ կարող է պահանջվել բռնկումների ժամանակ: Նոր տեղեկատվությունը կարող է արագ ներդրվել համակարգում: Էլեկտրոնային հսկողության համակարգ առկա չէ: Սակայն առկա է համակարգի տվյալների էլեկտրոնային բազա ազգային մակարդակում և մասամբ` մարզային մակարդակում: Ներկայումս աշխատանքներ են տարվում էլեկտրոնային համակարգի մշակման ուղղությամբ: Հսկողության գործընթացում կարևոր է տվյալների կոնֆիդենցիալությունը և անվտանգությունը: Այսօր որոշ դրույթներ պահպանվում են այս ուղղությամբ, մասնավորապես` որոշ հիվանդությունների նկատմամբ իրականացվում են անանուն հետազոտություններ` օրինակ` ՄԻԱՎ-ի նկատմամբ, կան հետազոտություններ, օրինակ` տուբերկուլյոզ, որոնց ժամանակ կիրառվում է կոդավորում: Սակայն ընդհանուր առմամբ համընդհանուր կոդավորման համակարգի մշակման և ներդրման անհրաժեշտություն կա: Որոշ հիվանդությունների համար վարվում է անանուն արձանագրում և հետազոտություն: Սակայն հարկ կա մշակելու անանուն արձանագրման և հետազոտության ստանդարտ մոտեցումներ: Որոշ անհստակություն կա մեկից ավելի վարակներով հիվանդ անձանց հաշվառման և դեպքի (դեպքերի) հաշվետվության համակարգում: Հատկապես հարցը վերաբերում է այն դեպքերին, երբ առանձին հիվանդություններով զբաղվում են առանձին կառույցներ, օրինակ` ՄԻԱՎ և տուբերկուլյոզ: Նման համակցված վարակի դեպքում հստակ չէ հաշվետվության ներկայացման մեխանիզմը:

12) Կենդանիների շրջանում զանգվածային հիվանդացության կամ մահացության դեպքերի, վարակիչ հիվանդության կասկածի կամ ախտորոշման դեպքում անասնաբուժական ծառայությունը անհապաղ ծանուցում է տեսչությանը և ձեռնարկում վարակի տարածման սահմանափակմանն ուղղված միջոցառումներ: Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչությունը կազմակերպում և համակարգում է անհրաժեշտ կանխարգելիչ և հարկադիր անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումը և հիվանդության ախտորոշման լաբորատոր հաստատումից հետո ձեռնարկում վարակի վերացման միջոցառումների իրականացման և հսկողության ապահովման աշխատանքներ: Անասնաբուժության համակարգում տվյալները ամփոփվում և վերլուծության են ենթարկվում Անասնաբուժական պետական տեսչությունում, որն ըստ անհրաժեշտության համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում այլ պետական մարմինների:

Ցածր է ռիսկերի վերլուծության մակարդակը, ռիսկերի գնահատականը տրվում է գիտականորեն չհիմնավորված վտանգի կառավարման որոշումների ընդունմամբ: Անհրաժեշտ է ռիսկերի վերլուծություն կատարող վերապատրաստված անձնակազմ և ընթացակարգ:

Առողջապահության համակարգում վարակիչ հիվանդությունների հսկողության տվյալներն արխիվացվում են էլեկտրոնային տվյալների բազայում, որը վարվում է գրեթե 10 տարի: Գերատեսչական կառույցներում ևս տարիների ընթացքում արձանագրված վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը ամփոփվում է գերատեսչության արխիվում, որից օգտվում են ըստ անհրաժեշտության:

Տվյալների մուտքը բավարար արագ է` հիմնված է շտապ և արտահերթ հաղորդումների վրա: Սակայն ինչ խոսք էլեկտրոնային հսկողության համակարգն ավելի արագ է գործում:

13) Հսկողության տվյալները վերլուծվում են: Սակայն ներկայում, հաշվի առնելով առանձին հիվանդությունների համաճարակային գործընթացի զարգացման միտումները, անհրաժեշտ է ըստ մակարդակների մշակել վերլուծության ցուցանիշներ և ստանդարտ ժամանակացույց:

14) Առողջապահական ցուցանիշների ստանդարտացումը կարևոր բաղադրիչ է հսկողության համակարգում: Այդ ցուցանիշների շարքում բացառիկ են նորմատիվային սահմանային ցուցանիշները, որոնք կիրառվում են ինդիկատորների գնահատման և հիվանդությունների ակտիվության փոփոխությունների բացահայտման համար: ԽՍՀՄ ժամանակներում նման ցուցանիշի դեր կատարում էր միջին միութենական ցուցանիշը: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո դուրս է բերվում միջին հանրապետական ցուցանիշ, սակայն վերջինս որևէ մեծության հետ չի համեմատվում: Բացի այդ բացակայում են նորմատիվային ցուցանիշները: Ինչը զգալիորեն խոչընդոտում է համաճարակային իրավիճակի միտումների գնահատման գործընթացին:

Անասնաբուժությունում ևս հիվանդությունների համաճարակաբանական գնահատման համար ԽՍՀՄ ժամանակահատվածում գործում էր միութենական միջին ցուցանիշների համակարգը: Ներկայումս բացակայում է հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական միջին ցուցանիշների ուղեցույցը: Բացի այդ չկա համաճարակաբանական վերլուծության նորմատիվ փաստաթուղթ, որով կսահմանվեն համաճարակային հսկողության համար անհրաժեշտ չափորոշիչները և վերլուծության ընթացակարգը: Անհրաժեշտություն է հանրապետության ողջ տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ համաճարակային վերլուծության իրականացումը` համաճարակային իրական վիճակը բացահայտելու, հիվանդությունների համար հիվանդացության, մահացության, օջախայնության, անապահովության միջին ցուցանիշները` բռնկումների ինտենսիվությունը բացահայտելու նպատակով: Ներկայում գործում է հսկողության համակարգ, որն ապահովում է արձանագրված դեպքերի ծանուցման, հիվանդությունների քարտեզագրման, բռնկումների և վարակի դեպքերի հաշվառման, համաճարակային տվյալների վերլուծության իրականացումը:

15) Հսկողության համակարգի կարողություններից հատկանշական է վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գնահատումը, որը մեր երկրում կատարվում է շտապ կամ արտահերթ հաղորդումից հետո 48 ժամվա ընթացքում, ինչը համապատասխանում է Կանոնների Հավելված 1-ի պահանջներին: Ռիսկի գնահատումն իրականացնում են Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան կառույցները բոլոր մակարդակներում` ներգրավելով բոլոր շահագրգիռ կառույցների մասնագետներին: Կիրառվում են ահազանգման սխեմաները: Գերատեսչություններն իրենց լիազորությունների շրջանակներում ևս իրականացնում են գնահատում:

16) Հսկողության ոլորտում կա դեռևս տեղեկատվության փոխանցման համար առողջապահության և միջոլորտային փորձագետներին հասանելիության խնդիր: Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 567-Ն որոշման համաձայն մշակվել է «Այլ երկրներին աջակցելու համար ազգային փորձագետների խումբ ձևավորելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը հաստատման գործընթացի փուլում է: Այս փորձագետների ներուժը կարելի է կիրառել նաև երկրի ներսում:

17) Վարակիչ հիվանդությունների սպառնալիքի դեպքում մեծ նշանակություն ունի տարբեր հսկողության համակարգերի և ոլորտների տեղեկատվության համատեղ գնահատման մեխանիզմների առկայությունը: Տեղեկատվությունը կարող է ստացվել լաբորատորիաներից, կլինիկաներից, այլ սեկտորներից, մասնավորապես` գյուղատնտեսության, բնապահպանության նախարարություններից և այլն: Այս տեղեկատվությունն, անհրաժեշտության դեպքում, գնահատվում է համատեղ, ինչը հնարավորություն է տալիս ավելի համակարգված պատասխան միջոցառումներ ձեռնարկել:

18) Ազգային մակարդակում Կանոնների հավելված 2-ի որոշումների կայացման գործիքը կիրառվում է, սակայն այն մյուս մակարդակներում այն դեռևս ներդնելու խնդիր կա` Կանոնների պահանջներն իրականացնելու համար:

19) Ոչ բոլոր առանձին կամ առանձին խումբ վարակիչ հիվանդությունների հսկողության համակարգերն են մշակված և փաստաթղթավորված` ներառյալ արձագանքման հարցերը: Շատ դեպքերում համաճարակաբանական հսկողության համակարգի առանձին բաղադրիչներ` մոնիթորինգի, վերլուծության, գնահատման, չեն համապատասխանում ժամանակակից մոտեցումներին: Մի շարք հիվանդություններ նոր են և դեռ մշակված չեն դրանց հսկողության համակարգերը: Սկսած 1970 թվականներից անհավանական արագությամբ արձանագրվում են նոր հիվանդություններ` կազմելով տարին մեկ հիվանդությունից ավելի, որոնց 75% ունեն կենդանական ծագումնաբանություն, մոտ 40 հիվանդություն անհայտ էին մեկ սերունդ առաջ: Աշխարհում ի հայտ եկող նոր հիվանդություններին (ատիպիկ թոքաբորբ, թռչնի գրիպ, պանդեմիկ գրիպ, վիրուսային տենդեր և այլն) դիմակայելու համար համաշխարհային հանրությունը դեռևս չի ստեղծել արձագանքման բավարար և արդյունավետ կարողություններ: Հայաստանը ևս ապահովագրված չէ դրանց ներթափանցումից` հաշվի առնելով բնակչության մեծ տեղաշարժը, միջպետական զարգացող հարաբերությունները և այլն: Այսօր աշխարհում ընթացող Գրիպ Ա H1N1-ի պանդեմիան մի շարք խնդիրներ է առաջ բերել նաև Հայաստանի համար, որոնց լուծումը պահանջում է հսկողության ժամանակակից կարողությունների ձևավորում:

Անասնաբուժության բնագավառում թռչունների գրիպ, խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությունների դեմ պայքարի և արագ արձագանքման նպատակով ընդունված են կառավարության համապատասխան որոշումներ: Անասնահամաճարակների համար անհրաժեշտ են կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հրահանգներ, համաճարակաբանական հսկողության իրականացման մեթոդական ուղեցույցներ` մշակված արդի անասնապահության վարման պայմանների համար: Անհրաժեշտություն է անասնահամաճարակների հսկողության կարգի սահմանումը, համաճարակի վարման փաստաթղթային, համաճարակների բռնկումներից հետո հիվանդությունների հաշվառման և հաշվետվությունների ապահովումը և անասնահամաճարակային տվյալների կանոնակարգված վերլուծությունը:

20) Բռնկումների (համաճարակների) վարումը, արձագանքումը ևս փաստաթղթավորված չէ: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ բռնկումների (համաճարակների) վարման, արձագանքման նորմատիվ-իրավական ակտի, պլանի մշակման ուղղությամբ:

21) Հսկողության համակարգում կարևոր տեղ ունեն միջատաբանական և էպիզոոտոլոգիական հսկողությունները: Առանձին վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` բնական օջախային, բնական պահոցների դեմ և տարափոխիկ հիվանդությունների փոխանցողների դեմ տարվող պայքարի միջոցառումները: Բնական-օջախային հատուկ վտանգավոր բակտերիալ վարակների նկատմամբ համաճարակաբանական հսկողության նպատակով իրականացվող համալիր միջոցառումներից ամենաառաջնահերթը համարվում է տարածքի էպիզոոտոլոգիական հետազոտությունը վարակների էպիզոոտիաները հայտնաբերելու և բնակչության շրջանում հիվանդությունը կանխելու համար: Հանրապետությունում կանոնավոր, պլանային ձևով իրականացվում են ամենամյա էպիզոոտոլոգիական հետազոտություններ և հսկողություն ժանտախտի, տուլարեմիայի վարակի կրողների և փոխանցողների նկատմամբ (տարածքային պոպուլյացիաների թվաքանակի դինամիկա, բազմացման ընթացք, սեռահասակային կազմ, վարակվածություն և այլն): Տրվում է երկրորդական և պատահական կրողների ու փոխանցողների թվաքանակի փորձագիտական գնահատականը և էպիզոոտիկ պրոցեսի մեջ նրանց ներգրավման հավանականությունը: Հսկողության տակ են գտնվում կրծողները և որոշ մանր կաթնասուններ, նրանց լվերը, գամազային տզերը և իքսոդային տզերի նախահասուն փուլերը:

22) Տարափոխիկ հիվանդությունների նկատմամբ հսկողության կարևորագույն մասն է կազմում միջատաբանական հսկողությունը: Հայաստանի Հանրապետությունում միջատաբանական հսկողությունը իր մեջ ներառում է դիտարկումներ փոխանցողների բազմացման վայրերի հայտնաբերման, տեսակային և քանակական կազմի, սեզոնային շարժի որոշման ուղղությամբ, պայքարի համալիր միջոցառումների կազմակերպում ուղղված փոխանցողների բազմացման վայրերի վերացմանը և շրջակա միջավայրի առողջացումը, տարափոխիկ հիվանդությունների արձանագրման դեպքում արդյունավետ միջատասպան նյութերով շինությունների մշակում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչություն, միջատների հարձակումից անհատական և կոլեկտիվ պաշտպանման միջոցների կիրառում` վանիչ նյութերի, դռների և պատուհանների ցանցապատումների միջոցով և այլն:

23) Անասնաբուժության ոլորտում նորմատիվային ընթացակարգով վարակի փոխանցողների հսկողություն չի իրականացվում, սակայն բոլոր այն վարակները, որոնց համաճարակաբանության մեջ դեր ունի տարափոխիկ գործոնը, համաճարակային վերլուծության և պայքարի միջոցառումների ժամանակ պարտադիր հաշվի է առնվում: Բացի այդ, 2008-2009 թվականներին Գյուղատնտեսության նախարարությունը իրականացրել է հանրապետության մի շարք տարածքների մոնիտորինգ միջատների տարածվածության նկատմամբ և Ջերմուկ քաղաքում կատարել միջատների դեմ պայքարի ծրագիր: Նախատեսված է միջազգային մասնակցությամբ կատարել ուսումնասիրություն խոզերի աֆրիկական ժանտախտի տարածման գործում տզերի համաճարակաբանական նշանակության բացահայտման ուղղությամբ: Ցանկալի է մշակել համաճարակաբանական ուսումնասիրության համար տարափոխիկ գործոնի հսկողության մեթոդական ուղեցույց:

24) Վարակիչ հիվանդությունների հսկողության, ինչպես նաև արձագանքման բնագավառում անհրաժեշտ է ոլորտում ընդգրկված առողջապահական, անասնաբուժական և այլ գերատեսչական ծառայությունների ռեգիստրի վարումը, այդ թվում գերատեսչական` բոլոր մակարդակների համար և կոնտակտային տվյալների հրապարակում:

25) Վերը նշվածը թելադրում է մշակել վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի համապարփակ ծրագիր:

 

4. Արձագանքման կարողությունների ներկա իրավիճակ:

 

1) Հայաստանի Հանրապետությունում գործող վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգը արդյունավետ գործում է պատասխան միջոցառումների կազմակերպման տեսակետից և բավարար չափով ապահովում է տեղեկատվություն պատասխան միջոցառումների կազմակերպման և իրականացման համար: Հսկողության համակարգում կարևոր նշանակություն ունեն դեպքերին արագ արձագանքման կարողությունները, որոնք առավել կարևորվում են Կանոնների ներդրման համատեքստում: Սակայն մասամբ առկա է Գործընթացների ստանդարտ ընթացակարգերի պակաս հարցի կանոնակարգման ուղղությամբ:

2) Արձագանքման կարողությունների կարևոր բաղադրիչներից մեկը բռնկումների արձագանքումն է: Առողջապահության նախարարությունը, որպես Կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմին, իր համապատասխան ստորաբաժանումների միջոցով կազմակերպում և, իր լիազորությունների սահմաններում, իրականացնում է բռնկումների վարման ամբողջ գործընթացը: Աշխատանքներում ընդգրկվում են տարածքային կառավարման մարմինները, Գյուղատնտեսության, Բնապահպանության և այլ նախարարությունների և մարմինների համապատասխան կառույցները:

3) Կենդանիների հիվանդությունների բռնկումների դեպքում արձագանքման համակարգող մարմինը Գյուղատնտեսության նախարարությունն է` իր սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության միջոցով: Սակայն ներկայումս բացակայում է այլ պետական կառույցների ներգրավման և համատեղ գործունեության օրենսդրական հիմքը:

Կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքում գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների աշխատանքները փոխադարձ համակարգման և համաձայնեցված միասնական գործողությունների ապահովման կարիք ունեն:

4) Բռնկումների և առանձին վարակիչ հիվանդությունների արձագանքմանը ներգրավվում են Արագ արձագանքման թիմերը, որոնք իրականացնում են այդ հիվանդությունների դեմ պայքարի, հսկողության աշխատանքներ, օջախներում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Հատկանշական է, որպես կարողություն, հատուկ վտանգավոր վարակների արձագանքման օպերատիվության հարցը: Առողջապահության նախարարության համապատասխան կառույցներում մշտական պատրաստ վիճակում պահվում է ժանտախտի, խոլերայի կասկածով հիվանդներից հետազոտության համար նմուշառման լրակազմեր: Առկա է հատուկ վտանգավոր վարակների մասնագիտացված հակահամաճարակային ջոկատ` արտակարգ իրավիճակներում ինքնուրույն և օպերատիվ աշխատելու համար:

Արագ արձագանքման թիմեր են ձևավորվել նաև թռչնագրիպի և գրիպի դեմ պայքարի ուղղությամբ, որոնք ապահովված են նմուշառման անհրաժեշտ պարագաներով, անհատական պաշտպանության միջոցներով, տրանսպորտով և այլն: Արձագանքման համար առկա են նաև առանձին ջոկատներ գերատեսչական կառույցներում:

Գյուղատնտեսության նախարարությունն ունի արտակարգ իրավիճակների` անասնահամաճարակների արագ արձագանքման թիմ, որն ապահովված է լաբորատոր հնարավորություններով օժտված ավտոտրանսպորտով, ուսուցանված անձնակազմով, վարակի կանխարգելման և պայքարի համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններով: Արագ արձագանքման թիմը արդյունավետ գործել է դաբաղ, խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությունների դեմ պայքարում, թռչնի գրիպի հակազդման աշխատանքներում:

Պաշտպանության, Ոստիկանության և Ազգային անվտանգության գերատեսչություններում բռնկումների վարումն իրականացնում են իրենց ուժերով` ներգրավելով ռազմաբժշկական ծառայություններին, քրեակատարողական հիմնարկները համագործակցում են առողջապահության նախարարության հետ:

Գործընթացում ներգրավված են արագ արձագանքման թիմեր առողջապահության (հատուկ վտանգավոր վարակների, գրիպի, թռչնագրիպի ժամանակ), Գյուղատնտեսության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների համակարգում: Սակայն Կանոնների պահանջին համապատասխան անհրաժեշտություն կա ձևավորելու արագ արձագանքման բազմոլորտ և բազմասեկտորային թիմ կամ թիմեր` հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերին արձագանքելու համար:

5) Կարողության կարևոր բաղադրիչ է բռնկումների հետազոտման հաշվետվությունների կազմումը: Հայաստանում բռնկումների համար կազմվում են համապատասխան տեղեկանքներ, որոնք ընդգրկում են բռնկման համաճարակաբանական նկարագիրը, վերլուծությունը, իրականացված միջոցառումները և համապատասխան առաջարկություններ: Սակայն այսօր ամբողջ աշխարհում ձևավորվել է բռնկումների մասին որոշակի հարցերի ստանդարտ ընդգրկմամբ հաշվետվություններ:

Անասնաբուժությունում բռնկումների հետազոտման հաշվետվություն չի ներկայացվում: Սակայն բռնկումների ընթացքում վարակի առաջնային դեպքից մինչև վարակի վերացումը կենդանիների վարակիչ հիվանդությունների ծանուցման և գրանցման կարգի համաձայն սահմանված են համապատասխան հաշվետվությունների ձևեր և ներկայացման ժամկետներ, որտեղ նշվում են անապահով կետերի քանակը, հիվանդացած, անկած, պատվաստված, հարկադիր սպանդի ենթարկված անասնագլխաքանակի տվյալները:

Անհրաժեշտ է սահմանել բռնկումների հետազոտման ընթացակարգ և համաճարակային վերլուծության հաշվետվության ձևեր: Մեր երկրում առկա է հաշվետվությունները, որպես ստանդարտ փաստաթուղթ կազմելու հմտությունների ձևավորման խնդիր:

6) Առկա է առողջապահության աշխատողների մեջ տեղեկատվության փոխանցման կասկադային մեխանիզմ: Սակայն որոշակի բաց կա այս գործընթացը փաստաթղթավորելու ուղղությամբ: Որովհետև տեղեկատվությունը փոխանակվում է ուղղաձիգ (հիերարխիկ) կարգով` ելնելով պաշտոնական պարտականություններից, սակայն բացակայում են հստակ ընթացակարգեր տեղեկատվության հորիզոնական տարածման և հետադարձ կապի հարցում:

7) Արձագանքման միջոցառումներում միջազգային մակարդակով կարևորվում է «կլինիկական ռեֆերենս կենտրոն»-ների առկայությունը և գործունեությունը: Մեր երկրում դեռևս նման հասկացություն սահմանված չէ: Կան հանրապետական նշանակության բուժկանխարգելիչ կազմակերպություններ, որոնք կատարում են ռեֆերենս կենտրոնի գործառույթներ, մասնավորապես` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն, «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն», «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և այլն: Առկա են նման կենտրոններ հիվանդների ուղեգրման և տեղափոխման մեխանիզմներ: Հետևաբար հարկ կա երկրում մշակել «Կլինիկական ռեֆերենս կենտրոն»-ների ցանկ և հիվանդների` այդ կենտրոններ ուղեգրման և տեղափոխման մեխանիզմներ: Կլինիկական ռեֆերենս կենտրոնները գործող լաբորատորիաներ են, որոնց միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով տրվելու է «ռեֆերենս կենտրոնների» որակավորում, դրանք իրականացնելու են խորհրդատվական, ախտորոշումների ճշտման և այլ գործառույթներ:

Անասնաբուժության բնագավառում դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվում է «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բազայի վրա այդպիսի կենտրոն ստեղծելու ծրագիր:

8) Կանոնների տեսակետից արձագանքման կարողությունների մեջ հատկանշական է Կանոնների հավելված 1-ում նշված հատուկ հիվանդությունների կանխարգելման և պայքարի միջոցառումները: Այստեղ խնդիր կա բնական ծաղկի առնչությամբ: Քանի որ վերջինիս պատասխան միջոցառումների ժամանակակից համալիրը դեռևս մշակման անհրաժեշտություն ունի:

9) Արձագանքման կարողությունները զգալիորեն կախված են վարակիչ հիվանդությունների համար անհրաժեշտ դեղամիջոցների, իմունակենսաբանական պատրաստուկների, անհատական պաշտպանական միջոցների, նմուշառման պարագաների, լաբորատոր սարքերի և միջավայրերի, ռեագենտների պահուստային պաշարների առկայությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջարկում է երկրներում ձևավորել այդ նյութերի պաշտոնապես հաստատված ցանկ: Մեր երկրում ինչ խոսք առկա են անհրաժեշտ նյութերի պահուստային չափավոր պաշարներ, մասնավորապես` գրիպի, ժանտախտի, տուլարեմիայի, հեպատիտ Ա-ի, կառավարելի վարակիչ հիվանդությունների համար: Առկա պաշարները կարիք ունեն անընդմեջ համալրման, քանի որ անհայտ է նշված հիվանդությունների հետ կապված հիմնախնդրի առաջացման ժամանակը: Անհրաժեշտ է մշակել և հաստատել «Անհրաժեշտ դեղերի, անհատական պաշտպանիչ միջոցների ցանկ» շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրաման: Համաճարակների վարման պարագայում կարևոր է նաև որոշակի ֆոնդի (համաճարակային ֆոնդ) առկայությունը, որի ձևավորումը հրատապ խնդիր է: Պաշտպանության, Ոստիկանության և Ազգային անվտանգության կառույցներում, համապատասխան նորմերով սահմանված, առկա է անհրաժեշտ դեղերի, վիրակապական նյութերի և բժշկական գույքի անվանացանկ և պաշարներ:

Հիվանդությունների ախտորոշման գործում անասնաբուժական ծառայությունն ունի նմուշառման և նմուշների տեղափոխման, իսկ լաբորատորիան` ախտորոշելու բավարար նյութատեխնիկական հնարավորություններ:

Անասնաբուժության բնագավառում միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվում են նաև որոշակի քանակի պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների պաշար, արտահագուստ, լաբորատոր սարքավորումներ, անասնաբուժական միջոցներ: Բռնկումների ժամանակ Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ տրամադրվում են միջոցներ` սահմանված կարգով` անհրաժեշտ պատվաստանյութերը և պարագաները ձեռք բերելու համար:

Կատարված են աշխատանքներ կենդանիների հիվանդությունների փոխհատուցման հիմնադրամ ստեղծելու և կենդանիների սեփականատերերին հատուցում տրամադրելու ընթացակարգի մշակման ուղղությամբ` համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ:

10) Արձագանքման կարողություններից մեկը ճանապարհորդությունների ժամանակ ծառայություններ մատուցող հատուկ կազմակերպությունների առկայությունն է: Հայաստանում նման ծառայություն դեռևս չկա, ինչը խոչընդոտում է Կանոնների Հավելված 6-ում ամրագրված միջազգային նմուշի պատվաստումների հավաստագրի տրամադրման գործընթացի և այլ կանխարգելիչ միջոցառումների, խորհրդատվության, իրազեկման համար: Ներկայումս աշխատանքներ են տարվում նման ծառայություն ձևավորելու ուղղությամբ: Հարկ կա նաև նման ծառայությունն ապահովել թեժ գծով: Այս համատեքստում կարևոր է զբոսաշրջիկներին սպասարկող անձնակազմի շրջանում` առաջին օգնության հմտությունների ձևավորումը և զբոսաշրջային կազմակերպություններին խորհրդատվության տրամադրումը:

11) Հայաստանը` Կանոնների, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության երկրների հետ համագործակցության շրջանակներում ունի որոշ պարտավորություններ վարակիչ հիվանդությունների հետ կապված իրավիճակի առնչությամբ կապ հաստատելու կամ համագործակցելու այլ երկրների հետ: Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի հետ աշխատանքներ են տարվում նաև հատուկ վտանգավոր վարակների հետ կապված արտակարգ իրավիճակների մասով փոխտեղեկատվություն իրականացնելու համար: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ առկա է սերտ համագործակցություն: Իրանի հետ համագործակցությունն ընթանում է դիվանագիտական ուղիներով (Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան միջոցով): Սակայն անդրսահմանային վտանգի դեպքում փոխտեղեկատվություն իրականացվում է: Համագործակցություն է ընթանում Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում: Այս ամենը Անկախ պետությունների համագործակցության երկրների համակարգող խորհրդի կողմից դրվում է Կանոնների պահանջների կատարման հիմքերի վրա: Սակայն առկա է ավելի նպատակային և լայն համագործակցություն Կանոնների շրջանակներում:

12) Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում անասնաբուժության բնագավառում գործում է տարածաշրջանում դաբաղի տարածման կանխարգելմանն ուղղված դաբաղի նկատմամբ բուֆերային գոտի ստեղծելու համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը օգնության կարգով տրամադրվում է սահմանակից պետություններից դաբաղի ներթափանցման կանխման համար անհրաժեշտ քանակի հակադաբաղային պատվաստանյութ: Գործում է ԱՊՀ անդամ երկրներում անասնաբուժության բնագավառում համագործակցության համաձայնագիր, որը ներառում է նաև անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների փոխադրման, անասնաբուժական ընդհանուր ձևաթղթերի տրման, տարածաշրջանում դաբաղի նկատմամբ իմունականխարգելման բուֆերային գոտու ստեղծման ընթացակարգերը:

13) Վարակիչ հիվանդություններով հարուցված դեպքերի ժամանակ արձագանքման կարողությունների ձևավորման առնչությամբ կամ հրատապ անհրաժեշտությունից ելնելով երբեմն հարկ է լինում դիմելու միջազգային օգնության, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Նման օգնության համար Հայաստանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` կապված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում տուլարեմիայի բռնկման հետ: Օգնության համար երկիրը դիմել է թռչնագրիպի, բռնկումների վարման և այլ հարցերի հետ կապված, ինչպես նաև հանրային առողջության տարբեր հարցերի առնչությամբ գնահատման (հատկանշական է վարակիչ հիվանդությունների ինտեգրացված համաճարակաբանական հսկողության համակարգի ձևավորման շրջանակներում երկրում առկա համաճարակաբանական հսկողության համակարգի գնահատումը) և այլ հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Տարբեր գերատեսչությունների մակարդակով զանազան հարցերով աջակցության համար համագործակցություն է իրականացվել գործընկեր կողմեր հանդիսացող երկրների հետ:

14) Վարակիչ հիվանդություններին առնչվող սակավ դեպքերում է Հայաստանը մասնակցում միջազգային ցանցերի աշխատանքին, մասնավորապես` մասնակցում է «ԷԻՍՍ»-Գրիպի պլատֆորմին, որը մասնագիտացած է գրիպի և գրիպանման հիվանդությունների վիրուսաբանական և համաճարակաբանական մոնիթորինգի հարցերով, ինչպես նաև Եվրաֆլու ցանցին:

15) Հայաստանը «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի» ժամանակ միջոցառումներ իրականացնելու նշանակալի փորձ է ձեռք բերել վերջին տարիներին, մասնավորապես ատիպիկ թոքաբորբի, թռչնագրիպի և H1N1 գրիպի հետ կապված: Ելնելով աշխարհում տիրող իրավիճակից Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել տեղաշարժվող բնակրության նկատմամբ` տրամադրելով առողջության վկայագրեր, իրականացնելով ախտահանման աշխատանքներ, կոնտակտավորների հսկողություն: Միաժամանակ իրականացվել է հսկողություն բեռների և ապրանքի նկատմամբ` իրականացնելով զննում և ապաբաղարկում: Այս փորձը նշանակալի է, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ներկա պայմաններում, երբ աշխարհում «հանրային առողջապահության ոլորտում» բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարող են ձեռք բերել անդրսահմանային տարածման կամ միջազգային նշանակություն, մեր մասնագետներին պատրաստականության ավելի բարձր մակարդակ ապահովելու այդ դեպքերի կանխարգելման գործընթացում:

16) Կենդանիների առողջության պահպանման գործընթացում անասնաբուժության ոլորտում պետական լիազոր մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինները ունեն համապատասխան նյութատեխնիկական և կադրային ռեսուրսների անբավարարություն` արտակարգ իրավիճակներում համապատասխան միջոցներ ձեռնարկելու և պայքարի աշխատանքներ իրականացնելու համար:

17) Վարակիչ հիվանդությունների հսկողության կարողություններից մեկը միկրոօրգանիզմներով աղտոտված սննդային և այլ արտադրանքի դիտարկման և արձագանքման մեխանիզմների և ռեսուրսների առկայությունն է: Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառներում պետական վերահսկողություն իրականացնելիս Անասնաբուժական պետական տեսչության, որպես ոլորտում պետական լիազոր մարմին, կողմից հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն ենթարկվում է ոչնչացման կամ օգտահանման: Ոչնչացման կամ օգտահանման ծախսերը կատարվում են ապրանքատիրոջ միջոցների հաշվին: Սննդամթերքի անվտանգության վերաբերյալ գործում են համապատասխան հրամաններ և հրահանգներ, որոնց կատարման նկատմամբ սահմանվում է մշտական հսկողություն: Պաշտպանության նախարարության համակարգ ներմուծվող սննդամթերքը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության Պաշտպանության նախարարության համապատասխան լաբորատորիաներում: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է համագործակցություն քաղաքացիական համապատասխան կառույցների հետ:

 

ԳԼՈՒԽ 2. ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Քիմիական վտանգների ներկա իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

 

1) Քիմիական վտանգների ներկա իրավիճակն ունի նախապատմություն: Խորհրդային տարիներին Հայաստանում գործում էին մոտ 35 խոշոր արտադրություն, այդ թվում Նաիրիտի կաուչուկի, պոլիվինիլ ացետատի և արդյունաբերության այլ գործարաններ, որոնք իրենց հերթին իրենց կառուցվածքում ներառում էին առանձին նյութերի արտադրություններ: Կային նաև մոտ 200 արտադրական կազմակերպություն, որոնք արտադրում և (կամ) օգտագործում էին վտանգավորության բոլոր դասերին պատկանող մեծ քանակությամբ տարբեր նյութեր, այդ թվում «ուժեղ ազդող նյութեր»:

 

2) Անկախ Հայաստանի պայմաններում խզվեցին միջպետական կապերը, կտրուկ նվազեց շուկայի պահանջարկը: Այս բոլորը, ինչպես նաև տրանսպորտային շրջափակումը արդյունաբերությունը հասցրեց նվազագույն հզորությունների և արտադրողականության: Վերջինս իր հերթին բերեց մթնոլորտային օդի որակի վրա ազդեցության նվազեցում անշարժ աղբյուրներից, իսկ արտադրության ներսում կտրուկ նվազեցին օգտագործվող նյութերի տեսականին և քանակը, հետևաբար նաև աշխատողների վրա վնասակար ազդեցության ծավալները:

 

3) Խորհրդային պլանային տնտեսության պայմաններում մեծապես տարածված էր հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների (պեստիցիդների) օգտագործումը: Դրանց ծանրաբեռնվածությունը մեկ հեկտար տարածության վրա բավականին բարձր էր, առաջանում էին ավելորդ քանակներ, որոնք կուտակվում էին, երբեմն էլ թաղվում անօրինական կերպով չնախատեսված վայրերում: Վերջինս նպաստում էր շրջակա միջավայրի աղտոտմանը և բնակչության առողջության վատթարացմանը:

 

4) Հայաստանի Հանրապետությունում նյութերը օգտագործվում են հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև բնակչության կենցաղային կարիքների համար:

 

5) 2001 թվականից Հայաստանի Հանրապետությունում համապատասխան իրավական ակտերով կանոնակարգվեց թունաքիմիկատների (պեստիցիդների) ներկրման և գրանցման կարգը, միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և նրա գործառույթների շրջանակը: Արդյունքում ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող (օրինական ճանապարհով ներկրված) թունաքիմիկատները (պեստիցիդները) ունեն պետական գրանցում: Կարգավորված է նաև թունաքիմիկատների (պեստիցիդների) օրինական վաճառքը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

6) Ռոտերդամի կոնվենցիան վավերացվել է 2003 թվականին: Նշանակվել է Կոնվենցիայի ազգային համակարգող:

 

7) Քիմիական անվտանգության ոլորտը ներառում է Առողջապահության, Բնապահպանության, Գյուղատնտեսության և այլ շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը, որոնք կարգավորում են նյութերի արտադրության, օգտագործման, պահպանման, փոխադրման, թաղման, վնասազերծման և վաճառքի անվտանգության, շրջակա միջավայրի և մարդկանց առողջության հետ կապված խնդիրները: Բացի օրենքներից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից, նորմավորող հիմնական ակտերն են սանիտարական կանոնները և նորմերը և հիգիենիկ նորմատիվները, որոնք ներառում են շրջակա միջավայրի օբյեկտներում, սննդամթերքում, աշխատանքային գոտու օդում և այլն նյութերի սահմանային թույլատրելի քանակները, ինչպես նաև դրանցից պաշտպանվելու կազմակերպական և բժշկահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումները: Պետական մակարդակով իրականացվող վերոհիշյալ միջոցառումները իրենց զարգացումն են գտնում միջազգային բարձր մակարդակի փաստաթղթերում` նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցում ՍԱԻՍՄ, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության «Աշխատողների առողջության պահպանում 2008-2017 համաշխարհային գործողությունների ծրագրում» և այլն:

 

8) Ռոտերդամի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ընդունվել են.

ա. «ՄԱԿ-ի` 1998 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրված Ռոտերդամի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29.10.2004 թ. N 1508-Ն որոշումը

բ. «Հայաստանի Հանրապետությունում արգելված նյութերի և թունաքիմիկատների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 17.03.2005 թ. N 293-Ն որոշումը

 

9) Ստոկհոլմի կոնվենցիան վավերացվել է 2003 թ.-ին: Նշանակվել է Կոնվենցիայի ազգային համակարգող: Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ընդունվել են.

ա. «ՄԱԿ-ի` 2001 թվականի մայիսի 23-ին ստորագրված Ստոկհոլմի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29.10.2004 թ. N 1483-Ն որոշումը

բ. «Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2005-2010 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 13.01.2005 թ. N 1 արձանագրային որոշումը

 

10) Բազելի կոնվենցիան վավերացվել է 1999 թվականին: Նշանակվել է Կոնվենցիայի ազգային համակարգող: Բազելի կոնվենցիայով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորությունների իրականացման նպատակով ընդունվել են.

ա. «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.2000 թ. N 97 որոշումը

բ. «Թափոնների գործածության ոլորտում լիազոր մարմին ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 19.05.2005 թ. N 599-Ն որոշումը

 

2. Ռեսուրսների և կառուցվածքների ներկա իրավիճակ

 

1) Թափոնների գործածության ոլորտը կարգավորելու, ինչպես նաև «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորությունների իրականացման նպատակով մշակվել և ընդունվել են հետևյալ իրավական ակտերը.

ա. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (2004 թ.)

բ. «Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.1995 թ. N 97 որոշում

գ. «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 30.01.03 թ. N 121-Ն որոշում

դ. «Հայաստանի Հանրապետության վտանգավոր թափոնների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 20.05.2004 թ. N 874-Ն որոշում

ե. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի N 97 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 8.07.2004 թ. N 1093-Ն որոշում

զ. «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» Բնապահպանության նախարարի 26.10.2006 թ. N 342-Ն հրաման,

է. «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» Բնապահպանության նախարարի 25.12.2006 թ. N 430-Ն հրաման

ը. «Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» Առողջապահության նախարարի 30.08.2005 թ. N 790-Ն հրաման,

2) Իրականացվում է տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում` սպառնալիքների հսկողության ոլորտում վերահսկողության և հակազդման վերաբերյալ: Արտակարգ իրավիճակների նախարարության և այլ պետական կառավարման մարմինների տարեկան աշխատանքային ծրագրերում նախատեսված է և իրականացվում է տարածաշրջանային և (կամ) հանրապետական ուսումնավարժանքներ, որոնց ժամանակ մոդելավորվում է որևիցե մեկ արտադրության վթար:

3) ՈՒսումնավարժանքի ընթացքում գործի են դրվում ծրագրերով նախատեսված բոլոր գործառույթները կամ որևիցե մեկ առանձին հատված:

4) Վերանայվել և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 8-ի N 26 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 8 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ազգային ակնարկը»: Վերանայվում են նաև սանիտարական կանոնները և նորմերը, հիգիենիկ նորմատիվները, դրանք համահունչ դարձնելով Եվրամիության պահանջներին: Ընդունվել է «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 11.11.1998 թվականի թիվ 702 որոշումը:

5) Քիմիական վտանգի գնահատումը հնարավոր տեխնածին աղետների պլանավորման ժամանակ իրականացվում է արտակարգ իրավիճակների նախարարության անվտանգության ծառայության կողմից, որը նախատեսում է փոխադարձ տեղեկատվություն, ինչպես նաև համատեղ գործողությունների երկկողմանի վավերացրած ծրագիր: Ընթացիկ կարգով արդյունաբերության արտադրություններում գործոնի հնարավոր վտանգը գնահատվում է սանիտարահիգիենիկ փորձաքննությունների միջոցով, որոնք իրականացվում են պլանային կարգով կամ վերադաս մարմինների հանձնարարությամբ:

6) Հայաստանի Հանրապետությունում բոլոր տեսակի պեստիցիդների օգտագործման գործընթացում պարբերաբար կատարվում է վտանգի գնահատում, որն իր մեջ ներառում է հողից և իրացվող թունաքիմիկատներից լաբորատոր փորձաքննություններ, սննդի մեջ պեստիցիդների և նիտրատների թույլատրվող նորմերի գնահատում, որի հիման վրա գիտական հիմունքներով վերանայվում է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության և կենսաբանական միջոցների անվանացանկը:

7) Քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման նպատակով մշակվել է «Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ազգային ակնարկը», որը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել 2004 թվականի հուլիսի 8-ի N 26 արձանագրային որոշմամբ: Ակնարկը մշակվել է 1998-2002 թվականների տվյալների հիման վրա:

8) «Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ազգային ակնարկը» նորացվել և լրացվել է 2003-2007 թթ. ժամանակահատվածի տվյալներով: Ակնարկում ընդգրկված են հետևյալ բաժինները. Քիմիական նյութերի կառավարման օրենսդրական և այլ պետական մեխանիզմները

ա. Քիմիական նյութերի և թափոնների կառավարման հարցերը կարգավորող ազգային իրավական մեխանիզմները

բ. Քիմիական նյութերի և թափոնների կառավարման հիմնական իրավական մեխանիզմները

գ. Քիմիական նյութերի և թափոնների նկատմամբ հսկողության ընթացակարգերի և հիմնական մոտեցումների ամփոփ նկարագիրը

դ. Հայաստանի Հանրապետությունում նյութերի և թափոնների օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորման թույլ կողմերը

ե. Պատրաստականությունը արտակարգ իրավիճակներին և դրանց հետևանքների վերացմանը:

զ. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են չափորոշիչներ, որոնց համապատասխան մոտ 300 նյութերի որոշակի քանակություն ունեցող մշտապես ունեցող արտադրական կազմակերպություններ դասվում են «Արտադրական վտանգավոր օբյեկտ» կատեգորիային և ներառվում են այդ օբյեկտների «Ազգային ռեեստրի մեջ»:

է. Վերջիններիս նկատմամբ հսկողություն է իրականացնում նաև տեխնիկական անվտանգության Ազգային կենտրոնը, որը մշակում և վերահսկում է այդ նյութերի պահպանման և կիրառման անվտանգության տեխնիկական պայմանները:

 

3. Հսկողության գործընթացի ներկա իրավիճակ

 

1) Արդյունաբերության ոլորտում պետական հսկողությունը` բույսերի պաշտպանության և կենսաբանական միջոցների կառավարումն իրականացվում է Բնապահպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարությունների և այլ մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում:

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ուսումնասիրում է նյութերի վնասակար ազդեցության ֆիզիոլոգիական մեխանիզմները մարդու օրգանիզմի վրա, սահմանում է վնասակարության բժշկահիգիենիկ չափորոշիչները, մշակում է նյութերի հիգիենիկ նորմերը (սահմանային թույլատրելի քանակությունները), դրանց ազդեցությունից պաշտպանության պահանջները: Վերոհիշյալի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Առողջապահության նախարարը հաստատում է նորմատիվ ակտը, որը սահմանված կարգով պետական գրանցում է ստանում Արդարադատության նախարարությունում:

3) Առողջապահության նախարարության կառավարման ոլորտի հիմնական գործառույթներն են.

ա. շրջակա միջավայրի բոլոր գործոններում (հող, ջուր և այլն), վտանգավոր նյութերի, այդ թվում թունաքիմիկատների (պեստիցիդների) հիգիենիկ նորմերի մշակում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում.

բ. տեսչական հսկողություն շրջակա միջավայրի գործոններում վտանգավոր նյութերի, այդ թվում թունաքիմիկատների (պեստիցիդների) սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների և մակարդակների նկատմամբ.

գ. ներկրման հայտի դեպքում թունաքիմիկատների (պեստիցիդների) միջգերատեսչական հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում սանիտարահիգիենիկ փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում.

դ. թունաքիմիկատների (պեստիցիդների) արտադրության, փոխադրման, օգտագործման պահպանման և վաճառքի սանիտարական կանոնների և նորմերի մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում:

ե. տնտեսվարող սուբյեկտներում ստացված լիցենզիաների պահանջների և պայմանների կատարման նկատմամբ հսկողություն:

զ. թունաքիմիկատների (պեստիցիդների) արտադրության, փոխադրման, օգտագործման պահպանման և վաճառքի սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողություն:

է. տարբեր վնասակար գործոնների, այդ թվում և նյութերի և թունաքիմիկատների (պեստիցիդների) ազդեցությանը ենթարկվող անձանց պարտադիր բժշկական զննության տեսակների, կարգի և պարբերության սահմանում և դրա իրականացման նկատմամբ հսկողություն:

Ընթացիկ հսկողությունն իրականացվում է տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով, որոնք զուգորդվում են սանիտարա լաբորատոր հետազոտություններով: Վերջիններս իրականացվում են Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններում: Ստուգումների արդյունքների հիման վրա կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ և տրվում են խախտումները վերացնելու ժամկետներ: Իրականացնում են սանիտարահիգիենիկ փորձաքննություն նոր կառուցվող կազմակերպությունների նախագծման փուլում: Հայաստանի Հանրապետությունում նյութերի արտադրության, օգտագործման, պահպանման կազմակերպություններում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինները իրականացնում են սանիտարահիգիենիկ ստուգումներ և հետազոտություններ սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ: Վերահսկվում են աշխատանքային գոտու օդում նյութերի քանակությունները, գործատուի կողմից իրականացվող սանիտարահիգիենիկ միջոցառումները, բնակելի տարածքների մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակությունները, ինչպես նաև ներկայացվում են առաջարկություններ աշխատողների և բնակչության առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

4) Բնապահպանության նախարարությունն իրականացնում է`

ա. շրջակա միջավայրի օբյեկտների (մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, ընդերքի) վրա վնասակար ներգործությունների այդ թվում` թափոնների հեռացման վայրերի պետական մոնիթորինգ, շրջակա միջավայրի օբյեկտների ուսումնասիրություններ ու բացահայտում դրանց վրա վնասակար ներգործությունների աղբյուրները և տալիս մթնոլորտ կատարվող վնասակար նյութերի արտանետումների ու ջրային ռեսուրսներ կատարվող արտահոսքերի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություններ,

բ. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների մոնիթորինգ, ուսումնասիրություններ, հաշվառում ու դրանց օգտագործման համար տալիս թույլտվություններ և կազմակերպում է օտարածին բուսական ու կենդանական տեսակներից և կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքները,

գ. ՀՀ տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող արտադրական ու սպառման թափոնների (ըստ վտանգավորության աստիճանի) դասակարգումը և թափոնների պետական հաշվառման, պետական կադաստրի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների վարումը, ինչպես նաև հաստատում է թափոնների գոյացման նորմատիվների ու թափոնների տեղադրման սահմանաքանակների նախագծերը և ապահովում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման կամ փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ կառավարության որոշմամբ լիցենզիաների տրման գործընթացը,

դ. նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի բնապահպանական պետական փորձաքննություն ու վտանգավոր արդյունաբերական օբյեկտների «Անվտանգության վկայագրերի» նախագծերի փորձաքննություն,

ե. պետական վերահսկողություն` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության, դրանց վերականգնման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև կենսաանվտանգության, վտանգավոր նյութերի ու թափոնների անվտանգ գործունեության և ռադիոակտիվ աղտոտվածության համար ՀՀ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ

5) Գյուղատնտեսության նախարարության հիմնական գործառույթն են.

ա. իրականացնում է մեծածախ և մանրածախ առևտրում կենդանական և բուսական հումքում և պատրաստի սննդամթերքում թունաքիմիկատների (պեստիցիդների) մնացորդային քանակների (խտությունների) որոշում.

բ. թունաքիմիկատների (պեստիցիդների) օգտագործման, բացահայտման, արձագանքման ազգային առկա ռեսուրսների գնահատում.

գ. հողում բոլոր տեսակի թունաքիմիկատների (պեստիցիդների) լաբորատոր փորձաքննություն,

դ. թունաքիմիկատների (պեստիցիդների) լաբորատոր փորձաքննություն,

ե. սննդամթերքում թունաքիմիկատների (պեստիցիդների) և նիտրատների թույլատրվող նորմերի գնահատում,

զ. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների գրանցումն իրականացվում է «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,

է. Ռոտերդամի կոնվենցիայի 3-րդ հոդվածում ներառված քիմիական նյութերի ցանկի համաձայն, ՀՀ կառավարության 17.03.2005 թ. N 293-Ն որոշմամբ սահմանվել է արգելված թունաքիմիկատների ցանկը, ինչը նախատեսում է դրանց արտադրման, ներկրման ու օգտագործման արգելում:

ը. Տեսչության մարզային ստորաբաժանումների տեսուչները մոնիթորինգի միջոցով վերահսկում են մարզի բուսասանիտարական իրավիճակը և կարանտին վնասակար օրգանիզմների աճի միտում հայտաբերելիս, կամ նոր օրգանիզմներ ի հայտ բերելու դեպքում, անմիջապես իրազեկում են տեսչությանը, իսկ վերջինս` բոլոր համապատասխան ատյաններին:

թ. Մշակել բույսերի պաշտպանության ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի միջոցների (պեստիցիդների) ոչնչացման գործընթացը կարգավորող փաստաթղթի նախագիծ:

Թունաքիմիկատների գնահատումը, ներկրման հսկողությունը կատարվում է Գյուղատնտեսության նախարարության Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնի կողմից:

 

4. Հակազդման կարողությունների ներկա իրավիճակ

 

1) «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիայի շրջանակներում անցկացվում են ազգային և միջազգային վարժանքներ` տեխնածին վթարների դեպքում հակազդման վերաբերյալ:

2) Շրջակա միջավայրի և մարդկանց առողջությանը լուրջ վտանգ են ներկայացնում արտադրական վթարները և հրդեհները: Հայաստանը ևս ապահովագրված չէ նման վտանգներից: Մասնավորապես հատկանշական են 2007-2009 թվականներին «Նաիրիտ-գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում տեղի ունեցած վթարները: Վերջիններիս ժամանակ, Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ինչպես նաև Բնապահպանության նախարարության բնապահպանման տեսչության լաբորատորիաների կողմից կատարվել են շրջակա բնակելի տարածքների մթնոլորտային օդի նմուշառումներ քլորոպրենի և այլ վտանգավոր նյութերի հայտնաբերման նպատակով, ինչպես նաև իրականացվել է բնակչության առողջության մոնիթորինգ:

3) Վերոհիշյալ դեպքերի նկարագրությունից պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վթարային հակազդման պետական համակարգը իրատեսական է և գործում է: Համակարգի բոլոր հիմնական դերակատարները` Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Բնապահպանության նախարարությունների և այլ պետական կառույցների ֆունկցիոնալ ստորաբաժանումները կարող են կատարել իրենց վրա դրված գործառույթները:

4) Հաշվի առնելով նյութերով պայմանավորված ագրեսիվ աշխատանքային միջավայրը կարևորագույն խնդիր է անհատական պաշտպանության միջոցների ճիշտ ընտրությունը, նրանց տրամադրումը աշխատողներին, վերջիններիս կողմից պարտադիր օգտագործումը և այդ գործընթացի հսկողությունը գործատուի կողմից:

5) Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների կազմում նախկինում գոյություն են ունեցել արդյունաբերա-թունաբանական և գյուղատնտեսա-թունաբանական կենտրոններ, որոնք ներկայումս բացակայում են:

6) Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական, թափոնների, ինչպես նաև ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի ագրոքիմիկատների համար նախատեսված հատուկ պահեստներ, ոչնչացման վայրեր և գերեզմանոցներ չկան, բացի ժամկետանց պեստիցիդների մեկ գերեզմանոցից: Վերջինս ներկայումս այլևս չի օգտագործվում, սակայն պարունակում է զգալի քանակով թունաքիմիկատներ և իր տեխնիկական վիճակը վթարացման միտումներ ունի:

7) Պեստիցիդների օգտագործման ընթացքում բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության տեսուչները հնարավորություն չունեն հողօգտագործողների, ֆերմերների կողմից պատրաստված լուծույթները փորձաքննության ենթարկելու: Անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզում ունենալ մեկական ժամանակակից թունաբանական լաբորատորիա նման ստուգումները անցկացնելու և գնահատելու համար:

8) Անհրաժեշտ է բարելավել տեսուչների աշխատանքային հնարավորությունները, ապահովել նրանց անհրաժեշտ սարքավորումներով և կապի միջոցներով իրազեկման գործընթացը անթերի կատարելու և հայտնաբերված հիվանդությունների դեմ արդյունավետ պայքար ձեռնարկելու համար:

 

ԳԼՈՒԽ 3. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ներկա ճառագայթային վտանգների իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

 

1) Նախկինում Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային անվտանգության և իոնացնող ճառագայթումից պաշտպանության կանոնները և նորմերը սահմանվում էին սանիտարական կանոններով և նորմերով, այդ ոլորտի կարգավորող մարմինը Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունն էր: Հայկական ատոմակայանից ճառագայթային հսկողությունն իրականացվում էր ուղղակի ԽՍՀՄ կենտրոնական պետական կառույցների կողմից: Անկախ Հայաստանի Հանրապետությունում 1993 թվականին ստեղծվեց Պետատոմհսկողություն, Հայաստանի Հանրապետությունը դարձավ ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության անդամ:

2) Մինչև 1999 թվականը իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցումը և հաշվառումը իրականացնում էր Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: 1999 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունեց «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: 2001 թվականին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաջարկությամբ, ընդունվեց ՀՀ կառավարության N 452 որոշումը, որով ՀՀ կառավարության առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման վարչությանը (Հայպետատոմհսկողություն) վերապահվեց Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության պետական կարգավորումը:

3) 2001 թվականի հունիսի 14-ին Հայպետատոմհսկողության և ՀՀ առողջապահության նախարարության միջև կնքվել է «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը վերանայման կարիք ունի` հաշվի առնելով օրենսդրական վերջին փոփոխությունները (նախորդ կետում նշված օրենսդրական ակտերով կատարված փոփոխությունները միանշանակ սահմանում են ճառագայթային անվտանգության պետական կարգավորման իրավասությունը):

4) Նախկին ԽՍՀՄ ժամանակ ճառագայթային սպառնալիքների ու դրանց կանխարգելման և հակազդման համապատասխան հնարավորությունների գնահատում կատարվել է ԽՍՀՄ մի շարք գիտական կենտրոնների կողմից (Բիոֆիզիկայի ինստիտուտ, Կուրչատովյան ինստիտուտ, Լենինգրադի ճառագայթային հիգիենայի ինստիտուտ և այլն): Գնահատման արդյունքներն օգտագործվել է ԽՍՀՄ ողջ տարածքում (այդ թվում` Հայաստանում) ճառագայթային անվտանգության ուժեղացման ծրագրերի մշակման ժամանակ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային սպառնալիքների ու դրանց կանխարգելման և հակազդման համապատասխան հնարավորությունների (վթարային հակազդման պատրաստվածության) գնահատում կատարվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող գործունեության լիցենզավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից: Համաձայն իր կանոնադրության, Կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում, նրա առանձին հատվածներում կամ ատոմային էներգիայի օգտագործման առանձին օբյեկտներում միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակի մասին: Համաձայն իր կանոնադրության, Կոմիտեն իրավասու է միջուկային և ճառագայթային վթարային իրավիճակների դեպքում գնահատել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրավիճակը և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի թիվ 553-Ն որոշմամբ հաստատված ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգի համաձայն Կոմիտեն տալիս է մասնագիտական եզրակացություն հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի տիպաճանաչման (ճառագայթային բնութագրերի, տիպի և տեխնիկական բնութագրերի որոշումը) վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ մաքսային սահմանով տեղափոխվող ռադիոակտիվ նյութերի, դրանց վնասազերծման վերաբերյալ:

Ռադիոակտիվ նյութերի փոխադրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորված է (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. դեկտեմբերի 24-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոնները հաստատելու մասին» N 1263 և 2002 թ. հունիսի 27-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 931-Ն որոշումներ).

Կոմիտեն հանդիսանում է «Միջուկային վթարի մասին օպերատիվ ազդարարման մասին» Կոնվենցիայով սահմանված իրավասու մարմին, որը սահմանված կարգով ԱԷՄԳ է հաղորդում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ճառագայթային վթարային իրավիճակի մասին (հատկապես, երբ իրական է անդրսահմանային ազդեցության սպառնալիքը) և ԱԷՄԳ-ից ստանում օպերատիվ տեղեկություններ այլ պետություններում տեղի ունեցած վթարների մասին:

Կոմիտեից բացի, Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային սպառնալիքների ու դրանց հակազդման պատրաստվածության գնահատում է իրականացվել նաև ԱԷՄԳ-ի մի շարք փորձագիտական առաքելությունների կողմից (ՌԱՍՍԻԱ, ԻՌՌՏ և այլն):

Այս ոլորտում առողջապահության նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան` Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների և Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:

Մշակում է` առողջապահական ոլորտի ճառագայթաբանական բաժինների շահագործման սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև անձնակազմի և բուժօգնությանը դիմած անձի անվտանգության կանոնները և նորմերը` համաձայնեցնելով այն Կոմիտեի հետ:

Մշակում և իրականացնում է առողջապահական կազմակերպություններում տեխնիկական և սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ:

Կազմակերպում և իրականացնում է բժշկական նշանակության ռադիոակտիվ և հատուկ նյութերի, սարքավորումների պետական հաշվառում և հսկողություն, բժշկական նշանակության ռադիոակտիվ և հատուկ նյութերի, սարքավորումների ներմուծման և արտահանման հսկողություն:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան իրականացվում է լիցենզավորող մարմնի (Կոմիտեի) կողմից տրված լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումը լիցենզավորված անձանց կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Լիցենզավորող մարմինների և լիցենզավորված սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը տեղեկացման կարգը հաստատելու մասին» N 1421-Ն որոշման համապատասխան յուրաքանչյուր ամիս Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը ներկայացվում է տեղեկատվություն լիցենզավորված սուբյեկտների մասին:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2009
N 44
Արձանագրային որոշում