Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 44

 

2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Նախկինում գործող բնակչության այցելությունների ժամանակ կամ համընդհանուր դիսպանսերիզացիայի ընթացքում գործող համատարած ֆլյուորոգրաֆիայի գործընթացը դադարեցված է, իսկ թիվ 347-Ն և 1089-Ն որոշումներով սահմանված պարտադիր բժշկական զննությունների ցանկում ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների ցանկը հասցված է նվազագույնի` այլընտրանքների բացակայության կամ դրանց անմատչելիության պատճառով: ԽՍՀՄ փլուզումից հետո 90-ական թվականներին դադարեցվել է մոտ 200 ռենտգեն ախտորոշիչ սարքավորումների շահագործում, որոնց միջին ֆիզիկական տարիքը կազմում էր 25-30 տարի:

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կան Կանոնների կարգավորման ոլորտում գտնվող ճառագայթային վտանգ ներկայացնող հետևյալ օբյեկտները.

1) Հայկական ատոմային էլեկտրակայանը.

2) Աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանը (գտնվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքում).

3) «Ռադիոակտիվ նյութերի վնասազերծում» ՓԲԸ ռադիոակտիվ թափոնների պահեստարանը (նախատեսված է ցածր և միջին ակտիվության մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման համար):

4) 1-ին, 2-րդ և 3-րդ դասի ռադիոակտիվ նյութեր և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր օգտագործող 6 օբյեկտը»:

 

2. Ռեսուրսների և կառուցվածքների ներկա իրավիճակը

 

1) Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային սպառնալիքների հսկողության հնարավորությունների կանոնավոր գնահատման հիմնական մեխանիզմը Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային անվտանգության ապահովման կանոնավոր անկախ աուդիտն է ԱԷՄԳ-ի մասնագիտական առաքելությունների կողմից:

2) Նախկինում Հայաստանի Հանրապետության տարածքում ծանր ճառագայթային միջադեպեր տեղի չի ունեցել:

3) Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային սպառնալիքների հակազդման պատրաստվածության ստուգման նպատակով կանոնավոր վարժանքներ են իրականացվում:

4) Ռադիոակտիվ նյութերի հետ կապված միջադեպի հակազդման պատրաստվածության ստուգման նպատակով ԱԷՄԳ-ի կողմից անցկացվում են պարբերական վարժանքներ, որին մասնակցում են նաև Կոմիտեի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մասնագիտացված ստորաբաժանումները:

5) Ճառագայթային սպառնալիքների վերահսկման և հակազդման փաստացի պատրաստվածության գնահատման լավագույն մեխանիզմը վարժանքների անցկացումն է: Վարժանքներից հետո անցկացվում է դրանց արդյունքների վերլուծություն և գնահատում, նշվում են դրական ու բացասական դասերը, նախանշվում են պատրաստվածության ուժեղացման խնդիրներն և դրանց լուծման եղանակները: Յուրաքանչյուր վարժանքի սցենար հաշվի է առնում ինչպես նախկին վարժանքների ժամանակ քաղած դասերը, այնպես էլ այլ երկրների փորձը:

6) Հայաստանի Հանրապետությունում, հաշվի առնելով ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտների համեմատաբար փոքրաթիվ քանակությունը, ճառագայթային սպառնալիքների վերահսկման խնդիրների իրականացման համար բավարար կադրեր կան:

7) Կան բավարար ֆինանսական միջոցներ ճառագայթային սպառնալիքների արդյունավետ վերահսկման համար:

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է ճառագայթային սպառնալիքների վերահսկման հետ կապված հարաբերությունների ամբողջական կարգավորումը` անհրաժեշտության դեպքում, օրենսդրությունը սահմանված կարգով պարբերաբար վերանայվում է և կատարելագործվում:

9) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն օժտված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնի բնորոշ բոլոր իրավասություններով:

10) Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային հսկողության նպատակով իրականացվում է սպառնալիքների վերահսկման ռազմավարություն, այն հանդես չի գալիս առանձին իրավական ակտի ձևով, սակայն ներառված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության մեջ:

11) Ճառագայթային միջադեպերի դեպքում տարբեր պետական կառավարման մարմինների փոխգործողությունները կարգավորվում են օրենսդրությամբ (երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնագրեր, վթարային հակազդման պլաններ և այլն):

12) Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային միջադեպերի (վթարների) դեպքում ազդակիր համայնքների բնակչությունը տարբեր միջոցներով (ձայնային ահազանգման համակարգի, հեռուստատեսության, ռադիոյի և այլն) տեղեկացվում է սպառնացող վտանգի մասին և հրահանգավորվում է անհրաժեշտ վարքի վերաբերյալ: Բնակչության ահազանգման գործողությունները համակարգվում են Հայաստանի փրկարար ծառայության կողմից: Ահազանգումը կարող է իրականացվել շուրջօրյա:

13) Ճառագայթային միջադեպերի դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Եվրամիություն և այլն) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային համաձայնագրերի (պայմանագրեր, կոնվենցիաներ և այլն) շրջանակներում և դրանցով սահմանված կարգով:

14) Այն պետությունները, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ, ճառագայթային միջադեպերի դեպքում Կոմիտեի կողմից ահազանգվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վթարային հակազդման կենտրոնի միջոցով («Միջուկային վթարի մասին օպերատիվ ահազանգման մասին» Կոնվենցիայի պահանջներին համապատասխան):

15) Այն պետությունները, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի դիվանագիտական հարաբերություններ, ճառագայթային միջադեպերի դեպքում սահմանված կարգով ահազանգվում են այդ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից` դիվանագիտական ուղիներով:

16) Տեղական արտադրության սննդամթերքում ռադիոնուկլիդների պարունակության ստուգման հատուկ ծրագիր չկա, սակայն տեղական արտադրության սննդամթերքում ռադիոնուկլիդների պարունակությունը էքսպրես մեթոդներով ստուգվում է արտահանվող սննդամթերքի հիգիենիկ եզրակացության ժամանակ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ճառագայթաբանական լաբորատորիայի կողմից և Հայկական Ատոմային Էլեկտրակայանի դիտարկման գոտում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի շրջանակներում:

17) Տեղական արտադրության սննդամթերքում իզոտոպների պարունակության ստուգում է նախատեսվում նաև Հայկական Ատոմային Էլեկտրակայանի վթարային հակազդման արտաքին պլանով:

18) Դեռևս չի ձևավորվել ճառագայթային սպառնալիքների վերահսկման համար իրավասու մարմնի և Կանոնների ազգային համակարգողի միջև փոխհամագործակցության մեխանիզմներ` Կանոնների պահանջների իրականացման շրջանակներում:

19) Ճառագայթային սպառնալիքների վերահսկման համար իրավասու մարմնի հարաբերությունները մաքսային մարմնի հետ կարգավորվում են «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգ»-ով:

20) Կանոնների շրջանակներում ճառագայթային սպառնալիքների վերահսկման հարցերով համագործակցություն այլ մասնակից-պետությունների հետ առայժմ չկա: Սակայն Կոմիտեն ճառագայթային սպառնալիքների վերահսկման հարցերով այլ պետությունների հետ համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Եվրահանձնաժողով ծրագրերի և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում:

21) Նշված ոլորտում Առողջապահության նախարարությունն իրականացնում է գործունեություն իր կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով, որոնցից են Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը` կենտրոնական և տարածքային մարմինների և Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ճառագայթային անվտանգության բաժնի միջոցով, որտեղ աշխատում են թվով 25 բժիշկ և 5 ինժեներ: Գործում է դոզիմետրիկ հսկողության լաբորատորիա, առկա են ռադիոչափիչ սարքավորումներ:

 

3. Հսկողության գործընթացի ներկա իրավիճակը

 

1) Կոմիտեն վարում է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցամատյան, որում սպառիչ տեղեկություններ կան բոլոր այն օբյեկտների մասին, որոնք ճառագայթային վտանգ են ներկայացնում (ՀԱԷԿ, աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, ռադիոակտիվ նյութեր օգտագործող արդյունաբերական, բժշկական, գիտական, ուսումնական հիմնարկներ և այլն):

2) Ճառագայթային անվտանգության կանոններով պարտադիր պահանջվում է ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտներում ճառագայթային անվտանգության պատասխանատու անձ: Ճառագայթային անվտանգության համար պատասխանատուները համարվում են անվտանգության տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձինք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման: Այդ անձանց լիցենզավորումն իրականացնում է Կոմիտեն:

3) Ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտների համար աշխատանքների որակի ապահովումը պահանջվում է ճառագայթային անվտանգության կանոններով և գործունեության լիցենզավորման կարգով:

4) Ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտներում աշխատանքների անվտանգ իրականացման համար պահանջվում է անհրաժեշտ փաստաթղթեր (հրահանգներ, կանոնակարգեր և այլն):

5) Ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտների համար պարտադիր պահանջ է Կոմիտե ներկայացնել անվտանգության գնահատման հաշվետվություն, որում մանրամասն դիտարկվում են հնարավոր ճառագայթային միջադեպերը (սցենարները) և դրանց հակազդման միջոցառումները

6) Ճառագայթային անվտանգության կանոններով և գործունեության լիցենզավորման կարգերով Ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտների և դրանց հարող տարածքների համար պահանջվում է վթարային հակազդման պլաններ և դա առկա է:

7) Ճառագայթային անվտանգության կանոններով պահանջվում է պարբերաբար ստուգել վթարային հակազդման պլանները և դա կատարվում է:

8) Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ճառագայթային անվտանգության բաժինն իրականացնում է առողջապահական կազմակերպությունների բժշկաճառագայթաբանական բաժանմունքների ճառագայթաչափական հսկողություն և մեթոդական օգնություն, անձնակազմի անհատական դոզաների ծանրաբեռնվածության հաշվարկ և պացիենտների ճառագայթային հսկողություն: Ներդրված է «Երաշխավորված որակ» և «Հսկողության որակ» ծրագրերը: Անձնակազմի ճառագայթահարման նորմերի գերազանցում վերջին 20 տարիների ընթացքում չի արձանագրվել: Իրականացնում է ստացիոնար և անհատական պաշտպանության միջոցների արդյունավետության (կապարային համարժեք) որոշում: Կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան երկու անգամ ներկայացվում է հաշվետվություն Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:

9) Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմիններն առողջապահական կազմակերպությունների բժշկաճառագայթաբանական բաժանմունքներում իրականացնում են անձնակազմի աշխատանքային պայմանների հսկողություն, ծավալահատակագծային տարածքների համապատասխանությունը սանիտարական նորմերին, աշխատանքային գոտու օդի, ֆիզիկական գործոնների, միկրոկլիմայի չափորոշիչների և հակահամաճարակային ռեժիմի, ինչպես նաև գեներացնող ճառագայթիչների օգտագործման լիցենզիայի հիգիենիկ պայմանների և պահանջների կատարման հսկողություն:

 

4. Հակազդման կարողությունների ներկա իրավիճակ

 

1) Միջուկային և ճառագայթային վթարների դեպքում համարժեք հակազդումն իրականացվում է վթարային հակազդման պլաններով նախատեսված կարգով: Հակազդման գործողությունների համար պատասխանատու մարմիններն ու կազմակերպությունները, դրանց գործառույթները, անհրաժեշտ ուժերի և միջոցների պատրաստվածությունը սահմանվում են վթարային հակազդման պլաններով: Որոնց շրջանակներում Առողջապահության նախարարությունը մասնակցում է Հայկական ատոմային էլեկտրակայանի արտանախագծային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումներին, մասնավորապես հրահանգավորում է նախապես հաստատված պլանին համապատասխան ճառագայթահարված գոտու բնակչության և անձնակազմի 7-131 իզոտոպի ներթափանցման կանխարգելման նպատակով նախապես պահեստավորված կայուն կալիում յոդի օգտագործումը, Պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծվում է ախտահարված գոտուց դուրս բերվող բնակչության դեզակտիվացիա (սանթողարան), կազմակերպում և իրականացնում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն վթարային գոտու տուժածներին, նրանց տեսակավորում և տեղափոխում ընդհանուր պրոֆիլի և (կամ) ճառագայթային բժշկության մասնագիտացված կազմակերպություններ: Բնակչության տեղահանման վայրերում վերահսկվում են նրանց ժամանակավոր կացարանների սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի և խմելու ջրի որակը, և համաճարակային իրավիճակը: Ոլորտում գործունեություն ծավալելու առումով Հայաստանի բուժկանխարգելիչ կազմակերպությունների ցանկում հատկանշական են Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինները և Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության հետ համագործակցող աջակցության կենտրոն և Առողջապահական համաշխարհային կազմակերպության ՌԵՄՊԱՆ (ճառագայթային վթարների դեպքում բժշկական պատրաստվածության ծրագիր) ծրագրի շրջանակներում իրականացնում է ճառագայթային վթարների դեպքում բժշկական պատրաստվածության հետ կապված մեթոդաբանական և ուսումնավարժական ծրագրի իրականացում: Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջուկային և ճառագայթային միջադեպերի դեպքում պետք է անցկացվի դրանց առաջացման պատճառների ու հետևանքների, իրականացված հակազդման գործողությունների մանրակրկիտ քննություն: Քննության արդյունքները ձևակերպվում են հաշվետվության ձևով և օգտագործվում հակազդման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակման ժամանակ:

2) Ցանկացած ճառագայթային վթարների իրավիճակում բնակչության պաշտպանության գործողությունները համակարգվում են Հայաստանի փրկարար ծառայության կողմից: Ճառագայթային այն միջադեպերի դեպքում, որոնք կապված են ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության հետ (այդ թվում` միջսահմանային փոխադրումների), հակազդման գործողությունները համակարգվում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից:

3) Կախված իրավիճակից, ճառագայթային միջադեպի դեպքում կարող են գործել մեկ կամ մի քանի արագ արձագանքման խմբեր (Ազգային անվտանգության ծառայության, Կոմիտեի, Հայաստանի փրկարար ծառայության, ոստիկանության և այլ):

4) Համաձայն վթարային հակազդման պլանների, բոլոր վթարային աշխատողները պետք է ապահովված լինեն անհատական դոզիմետրերով և պետք է իրականացվի նրանց ճառագայթահարման դոզաների հսկողություն:

5) Ճառագայթահարված անձանց բուժման և վերականգնման համար նախատեսված է ազգային կլինիկական ռեֆերենս կենտրոնների ցանկ, որը ներկայացված է Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանում:

6) Ճառագայթային միջադեպի դեպքում օգտագործվող դեղամիջոցների (այդ թվում` ռադիոպրոտեկտորների) ցանկ գոյություն ունի և ներառված է միջուկային և ճառագայթային վթարների բժշկական հակազդման պլանում:

7) Ռադիոակտիվ իզոտոպներով աղտոտված սննդամթերքի շրջանառությունից դուրս բերման հարցը կարգավորված է սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

8) Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել այնպիսի ճառագայթային միջադեպ, երբ օգնություն է հայցվել միջազգային կազմակերպությունից կամ այլ պետության իրավասու մարմնից:

9) Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել որևիցե ճառագայթային միջադեպ, երբ միջազգային կազմակերպությունից կամ այլ պետության իրավասու մարմնից օգնություն ստանալու անհրաժեշտություն լիներ:

10) Հայաստանի Հանրապետությունը միացել է միջուկային և ճառագայթային վթարների արձագանքման միջազգային ցանցին` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ENAC ծրագրի շրջանակներում:

11) Ճառագայթային միջադեպերի մասին վաղ ահազանգման համակարգն ապահովում է Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության ահազանգումը առողջությանը սպառնացող վտանգի մասին: Ահազանգման սահմանված միջոցներից են հեռուստատեսությունն ու ռադիոն:

12) Հանրային առողջությանն անմիջապես սպառնացող իրավիճակի առաջացման դեպքում նախապես չի դիտարկվել հակազդման պատրաստվածության ժամանակ, ապա այդ մասին ևս ահազանգվում է բնակչությանը Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվական կենտրոնի կողմից` Կոմիտեից ստացված իրավիճակի գնահատման ու դրա փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունների համաձայն:

13) Ճառագայթային ազդեցության տեսակետից վտանգավոր իրավիճակների չափանիշները սահմանված են ճառագայթային անվտանգության նորմերով և ուղղված են իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից մարդկանց առողջության, շրջակա միջավայրի և պետության անվտանգության պաշտպանությանը:

14) Ճառագայթային ազդեցության տեսակետից վտանգավոր իրավիճակների վերլուծության, դրանց փոփոխության նախատեսման, անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման ժամանակ Կոմիտեում օգտագործվում է գործող վերլուծական «ՊՈՒՄԱ» (Միացյալ Թագավորություն) համակարգչային ծրագիրը:

15) Ճառագայթային միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները պահվում են (արխիվացվում են) համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ճառագայթային միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները պահվում են Կոմիտեում այնքան ժամանակ քանի կա նման միջադեպի առաջացման ռիսկ: Կոմիտեում պահվում են նաև այլ պետություններում տեղի ունեցած ճառագայթային միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ստացվում են ԱԷՄԳ-ից միջուկային տեղեկատվության համակարգի միջոցով:

16) Ճառագայթային միջադեպերի վերաբերյալ պահվող տեղեկությունների անվտանգությունը (պաշտպանվածությունը) և գաղտնիությունը ապահովված է, Կոմիտեում տեղեկությունները պահվում են «ԱՌԻՍ» տեղեկատվական համակարգչային համակարգում, որի տեղեկատվական անվտանգությունն ապահովված է: Համակարգից օգտվել կարող են միայն հատուկ թույլտվություն ունեցող անձինք:

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշմամբ հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանը)` որը լրամշակվել է ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի թիվ 194-Ն որոշմամբ: Այս որոշմամբ սահմանվում են շահագրգիռ մարմինների գործառույթները ճառագայթային վթարների դեպքում: Համաձայն նշված պլանի ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների և Արտակարգ իրավիճակների նախարարությունները համատեղ հաստատել են «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում Էներգետիկ ապահովման և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը»:

18) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակվել և հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում արձագանքման պլանը» (Հայկական ատոմային էլեկտրակայանի ներքին վթարային պլանը), որի համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության անձնակազմը իրականացնելու է իր գործունեությունը միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում: 1993 թվականի սեպտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ են մտել «Միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում օգնության» և «Միջուկային վթարի մասին շուտափույթ տեղեկացման մասին» Կոնվենցիաները:

19) Սույն կետի 17-րդ և 18-րդ ենթակետերում նշված պլաններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 553-Ն որոշմամբ սահմանված Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգով կանոնակարգվում են վթարային իրավիճակներում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման հետ կապված հարցերը և Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման գործընթացը:

 

ԳԼՈՒԽ 4. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Լաբորատոր համակարգի ներկա իրավիճակ և հիմնական կարողություններ

 

1) Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաև շրջակա միջավայրում վարակիչ ազդակների բացահայտման լաբորատոր կարողությունները չափավոր են:

2) Հանրապետությունում դեռևս ձևավորված չեն Ազգային ռեֆերենս լաբորատորիաներ, ինչպես նաև դրանց պաշտոնապես հաստատված ցանկ: Դրանք գործող լաբորատորիաներ են, որոնց միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար տրվում է «ռեֆերենս լաբորատորիա» որակավորում: Դրանք իրականացնում են խորհրդատվական, հետազոտությունների ճշտման և այլ գործառույթներ: Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լաբորատորիաները առանձին վարակիչ հիվանդությունների համար ծառայում են նաև որպես ռեֆերենս լաբորատորիաներ: Այստեղ է գործում նաև կարմրուկ-կարմրախտի ազգային ռեֆերենս լաբորատորիան, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ակրեդիտացվել է և անդամակցում է եվրոպական լաբորատոր ցանցին: Տուբերկուլյոզի համար ազգային ռեֆերենս լաբորատորիա է հանդիսանում Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի լաբորատորիան, որը մասնակից է այս ոլորտում մասնագիտացած Ամստերդամի և Բորստելի լաբորատոր ցանցում: Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության մանրէաբանության ամբիոնին կից գործում է դիֆթերիայի ռեֆերենս լաբորատորիան, որը համագործակցում է «ԴԻՊՆԵՏ» ցանցին:

Անասնաբուժության բնագավառում ռեֆերենս լաբորատորիաների ցանցը բացակայում է, քանի որ չկա ազգային լաբորատորիաների ցանցին անդամակցության և տվյալների փոխանակման պաշտոնական համաձայնություն կամ պայմանագիր:

Անհրաժեշտություն կա ձևավորել լաբորատոր տվյալների միջգերատեսչական փոխանակման կարգ:

3) Կանոնների 2-րդ հավելվածում ամրագրված հատուկ հիվանդությունները ախտորոշելու կարողությունները խիստ կարևոր են նույն Կանոնների պահանջների կատարման տեսակետից: Պոլիոմելիտի նկատմամբ հետազոտություններ իրականացվում են Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրուսաբանական լաբորատորիայում, սակայն այս լաբորատորիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ակրեդիտացված չէ: Ծանր սուր շնչառական համախտանիշի նկատմամբ հետազոտություններ Հայաստանում չեն իրականացվում, հետևաբար անհրաժեշտություն կա ձևավորելու այս հիվանդության ուղղությամբ լաբորատոր ախտորոշման կարողություններ: Գրիպի նկատմամբ հետազոտություններն իրականացվում են Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիմերազային շղթայական ռեակցիա լաբորատորիայում: Բնական ծաղկի նկատմամբ խորհրդային տարիներին հետազոտություններն իրականացվել են «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բազայի վրա, սակայն ներկայում բնական ծաղկի հետազոտություններ չեն իրականացվում, ինչը վերականգնման անհրաժեշտություն ունի:

Հատուկ վտանգավոր այլ վարակների նկատմամբ հետազոտություններն իրականացվում են 2 բազաներում` առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Հատուկ վտանգավոր հիվանդությունների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

4) Կենսաբանական և ճառագայթային գործոնների հետ աշխատում են նաև այլ գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող լաբորատորիաները: Սննդամթերքների, շրջակա միջավայրի օբյեկտների (հող, օդ, ջուր) ճառագայթային անվտանգության լաբորատոր հետազոտություններ իրականացվում է ատոմակայանի էկոլոգիական լաբորատորիայում, որը հիմնականում ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով: Բնապահպանության նախարարության համակարգում գործում են մոնիթորինգի կենտրոն, բնապահպանության տեսչության հանրապետական և տարածքային լաբորատորիաներ, որոնք մոնիթորինգ և լաբորատոր հսկողություն են իրականացնում մթնոլորտային օդի, հողի, ջրի կեղտաջրերի աղտոտվածության նկատմամբ: Լաբորատոր սարքերով և սարքավորումներով առավել հագեցված է մոնիթորինգի կենտրոնը: Անհամեմատ լավ հագեցվածություն ունի «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ապահովված է քրոմատոմասսպեկտրոմետրով, հեղուկային, բարձր արդյունավետության հեղուկային, գազային քրոմատոգրաֆներով, ատոմակլանման սպեկտրոֆոտոմետրերով, ֆլյուրոմետրով և այլն:

5) Երկրի մակարդակով լաբորատոր հնարավորությունների բացակայության դեպքում առկա են միջազգային լաբորատոր ցանցերի միջոցով այլ լաբորատոր հնարավորությունների հասանելի լինելն ապահովող պայմանավորվածություններ: Մասնավորապես` պոլիոմիելիտի համար` Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի լաբորատորիան, գրիպի և թռչնագրիպի համար` Լոնդոնի գրիպի լաբորատորիան, Դիֆթերիայի համար` Լոնդոնի լաբորատորիան, կարմրուկի համար` Մոսկվայի կարմրուկի վերազգային լաբորատորիան, դաբաղի, խոզերի աֆրիկական ժանտախտի համար Ռուսաստանի Դաշնության կենդանիների առողջության պահպանման ֆեդերալ կենտրոնը և Իտալիայի Բրեշիայի լաբորատորիան:

6) Հանրապետությունում բացակայում է լաբորատորիաների, կլինիկաների միջև հորիզոնական տեղեկատվության փոխանակումը: Վերջինս իրականացվում է միայն ստորոգելիական սկզբունքով` ի պաշտոնե, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ:

7) Երկրի ներսում լաբորատոր նմուշների տեղափոխման համար առկա են մեխանիզմներ առանձին հիվանդությունների համար, մասնավորապես` պոլիոմիելիտով, դիֆթերիայով, տուբերկուլյոզով, գրիպով, թռչնագրիպով, 1-2 խմբի միկրոօրգանիզմներով հարուցված վարակներով հիվանդներից (այդ թվում` կասկածելի) վերցրած նմուշների, հարուցիչների տեղափոխման համար: Դրանք կանոնակարգվում են Գործընթացների ստանդարտ ընթացակարգերով, նորմատիվ-իրավական ակտերով «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգ»-ով, «Անասնաբուժության մեջ օգտագործվող կենսապատրաստուկների (անասնաբուժական դեղամիջոցների) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգով», երկակի բեռներին առնչվող օրենսդրությամբ: Գործընթացը կազմակերպելիս առաջնորդվում ենք նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության փաստաթղթերով և ոլորտը կանոնակարգող միջազգային կոնվենցիաներով:

Այս բնագավառում գործող նորմատիվ-իրավական ակտերը լրամշակման և համալրման կարիք ունեն` եվրոպական և Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներին համապատասխան:

8) Հանրապետությունում լաբորատորիաները կիրառում են «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով սահմանված ստանդարտների տեսակները: Առկա են որոշ կենսաբանական ցուցանիշներ, որոնց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով չկան հաստատված մեթոդաբանություններ (դեռևս ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից հաստատված մեթոդներ են, ինչպես նաև օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության մեթոդական ցուցումներ): Առկա են պոլիմերային հումքից պատրաստված արտադրանքների և բնապահպանության նախարարության ոլորտում գործող մթնոլորտային օդի հետազոտության որոշ մեթոդներ, որոնք հաստատվել և գրանցվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանոնակարգված չէ բժշկական լաբորատորիաներում կիրառված մեթոդների մեծ մասի կիրառման կարգը: Առողջապահական մասնավոր լաբորատորիաները կիրառում են բոլոր գործող մեթոդները, սակայն ստանդարտ ընթացակարգերը բացակայում են: Առողջապահության, և անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող կառույցները իրականացնում են իրենց ոլորտում ներգերատեսչական ստուգումներ լաբորատոր հետազոտությունների կիրառվող մեթոդների վերաբերյալ, որոնք կանոնավոր չեն և փաստաթղթայնորեն կանոնակարգված չեն:

9) Հանրապետությունում բացակայում է լաբորատորիաների գնահատման համակարգ` գնահատելու լաբորատորիաների պատրաստության աստիճանը հավատարմագրելու, ատեստավորելու և այլն:

10) Հանրապետությունում հավատարմագրման գործընթացն իրականացվում է միայն «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով համապատասխանության հավաստման ոլորտում աշխատանքներ իրականացնելու համար` որպես փորձարկման լաբորատորիաներ: Հավատարմագրումն իրականացնում է միջգերատեսչական Հավատարմագրման խորհուրդը, որի նախագահը Էկոնոմիկայի նախարարն է: Հավատարմագրված լաբորատորիաների գործունեության մոնիթորինգ իրականացվում է հավատարմագրման գործակալության կողմից:

11) Լաբորատոր սարքերի և սարքավորումների գերակշռող մասն արտադրված են Խորհրդային Միության տարիներին, փաստացի` բարոյապես հնացած և ֆիզիկապես մաշված են:

Վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաները գերատեսչությունների մակարդակով բավարար ժամանակակից հագեցվածություն չունեն, մասնավորապես` վիրուսաբանական լաբորատորիաները: Գերատեսչական լաբորատորիաներում առկա սարքերի մի մասը, որոնք իրականացնում են հետազոտություններ վարակիչ հիվանդությունների, և ճառագայթային ազդակների նկատմամբ հնամաշ են և արդիականացման խիստ կարիք ունեն: Հատկապես առկա է շարժական լաբորատորիաների ձևավորման անհրաժեշտություն:

Նորագույն սարքերով և սարքավորումներով հագեցած են սահմանափակ թվով` «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի, ՊՀՀ տեսչության ենթակայության Լոռու և Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վիրուսաբանական լաբորատորիաները, «Նարեկ» գիտաարտադրական միավորման, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լաբորատորիաները: Նշված լաբորատորիաները հագեցվել են միջազգային ծրագրերի և պետական վարկի միջոցներով:

Արտադրանքների և ծառայությունների համապատասխանության հաստատումն երկրում կանոնակարգված է «Համապատասխանության գնահատման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով:

12) Հավատարմագրումը, համաձայն «Համապատասխանության գնահատման մասին» օրենքի իրականացվում է կամավորության սկզբունքով: Որակի կառավարման համակարգի ներդրումը և պատշաճ կերպով պահպանումը պարտադիր է փորձարկման լաբորատորիայի հավատարմագրվելու համար:

Ինչ վերաբերում է լաբորատորիաների որակի հսկողության ներքին համակարգին, ապա այն սահմանվում է ԻՍՕ ստանդարտներով:

ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիաները համապատասխանության գնահատման ազգային մարմնի կողմից ենթարկվում են հսկողության և պետական վերահսկողության:

Որոշ լաբորատորիաներ չեն իրականացնում որակի հսկողության արտաքին աուդիտ:

Ինչ վերաբերում է երկրի լաբորատորիաների` որակի հսկողության միջազգային համակարգմանը, ապա այն բացակայում է գլոբալ առումով, սակայն ռեֆերենս լաբորատորիաներից որոշների համար գործում է (տուբերկուլյոզ և այլն):

Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների համակարգում գործող լաբորատորիաները նորագույն սարքերով և սարքավորումներով հագեցված են մասամբ: Նշված լաբորատորիաները հագեցվել են միջազգային ծրագրերի և պետական վարկի միջոցներով:

Արտակարգ իրավիճակների համակարգում գործում է 2 մոբիլ լաբորատորիա (հագեցված ռադիոկապի միջոցներով) և 1 լաբորատորիա, որն իրականացնում է կենսաբանական և ճառագայթային հետախուզություն, նշված գործոնների, նյութերի նմուշառում, էքսպրես որոշում, ինչպես նաև տեղային ախտահանում և այլն:

13) Հայաստանի Հանրապետությունում ազգային ռադիոմետրիկ և դոզիմետրիկ հսկողության ռեֆերենսային լաբորատորիաների ցանկ մշակված չէ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում լիամասշտաբ ռադիոմետրիկ և դոզիմետրիկ հսկողության ռեֆերենսային լաբորատորիա չկա: Միակ լաբորատորիան, որը կարող է դիտարկվել որպես ռադիոմետրիկ և դոզիմետրիկ հսկողության ռեֆերենսային լաբորատորիա, դա ՀԱԷԿ-ի էկոլոգիական հսկողության լաբորատորիան է:

14) Հայաստանի Հանրապետությունում գործող լաբորատորիաները պաշտոնապես ճանաչված չեն (հավատարմագրված չեն) միջազգային ճանաչում ունեցող հավատարմագրման և ոչ մի կազմակերպության կողմից, հետևաբար չեն մասնակցում միջազգային լաբորատոր ցանցերին:

15) Հայաստանի Հանրապետությունում չկա միջազգային համաձայնագիր, որը նախատեսում է անհրաժեշտության դեպքում այլ պետությունների լաբորատորիաներից ստանալ անհրաժեշտ ծառայություն: Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի դեպքում օգնության մասին» կոնվենցիայով նախատեսվում է նաև լաբորատոր ծառայությանն առնչվող օգնություն:

16) Ստանդարտ նմուշների ներմուծման և հետագա օգտագործման գործընթացը իրականացվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

17) Որակի կառավարման համակարգերի ներդրումը և պատշաճ կերպով պահպանումը լաբորատորիաների հավատարմագրման համար պարտադիր պահանջ է:

18) Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում գործում է ճառագայթաբանական լաբորատորիա, որն իրականացնում է շրջակա միջավայրի գործոններում, ինչպես նաև տեղական արտադրանքում ներմուծվող և արտահանվող արտադրատեսակներում ռադիոնուկլիդների (ցեզիում-137 և ստրոնցիում 90) թույլատրելի քանակությունների որոշում: Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում գործող դոզիմետրիկ լաբորատորիան իրականացնում է միայն բժշկական կազմակերպությունների «Ա կատեգորիա» անձնակազմի դոզային ծանրաբեռնվածության որոշում:

 

ԳԼՈՒԽ 5.
ՆՇԱՆԱԿՎԱԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Օդանավակայաններում, պետական սահմանի ցամաքային անցումային կետերում կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ներկա իրավիճակ

 

1) Հայաստանի Հանրապետությունում դեռևս Միջազգային առողջապահական կանոնների տեսակետից կարողություններ ապահովող օդանավակայան և ցամաքային անցակետ նշանակված չեն: Ինչպես նաև դեռևս չեն ձևավորվել համագործակցության մեխանիզմներ հարևան երկրների հետ` նշանակելու ընդհանուր սահմանային անցումային կետեր` համաձայն Միջազգային առողջապահական կանոնների:

2) Հայաստանի Հանրապետությունում միջազգային մեկ օդանավակայան է գործում, որը կարող է նշանակվել որպես Միջազգային առողջապահական կանոնների տեսակետից կարողություններ ապահովող օդանավակայան` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգը կազմված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններից, օդային երթևեկության սպասարկումից, ուղևորային և բեռնային սպասարկումներ և փոխադրումներ իրականացնող կազմակերպություններից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի աշխատանքների նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` տարածքային առումով տեղակայված Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում փաստացի գործում են երկու` Երևանի «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանները:

Հայաստանի Հանրապետության տարածքում օդային երթևեկության սպասարկումն իրականացնում է «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությունը, որը տեղակայված է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1117-Ն որոշմամբ «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ձևավորվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետեր: Պետական սահմանի անցումային կետերում իրականացվում են նաև ոստիկանական (ՕՎԻՐ), սահմանային և մաքսային հսկողությունները:

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1117-Ն որոշմամբ ձևավորվել են ցամաքային 5 սահմանային անցակետում գործող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետեր:

Կենդանիների առողջության պահպանման, կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխման, սննդամթերքի ներմուծման և արտահանման նկատմամբ պետական հսկողության գործառույթներն իրականացնում է Գյուղատնտեսության նախարարությունը` սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունն` իր սահմանային հսկիչ կետերով: Տեսչությունը սահմանային պետական վերահսկողությունն իրականացնում է Բագրատաշենի սահմանային հսկիչ բաժնի, Մեղրու, Գոգավանի, Բավրայի, Մարգարայի, Գյումրու, Երևանի սահմանային հսկիչ կետերի միջոցով: Թռչնի գրիպի, խոզի գրիպի, աֆրիկական ժանտախտի նկատմամբ տարածաշրջանային համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանային հսկիչ կետերի միջոցով Գյուղատնտեսության նախարարությունն ապահովում է նաև տրանսպորտային միջոցների ախտահանությունը:

Սահմանային պետական հսկողությունը և կարանտինը չի բավարարում միջազգային ստանդարտներին և ռիսկերի վերլուծության չափորոշիչներին: Անհրաժեշտ է ներդնել այդ ստանդարտները` ապահովելով սահմանային հսկողության ընթացքում ներմուծվող բեռների նմուշառումը և լաբորատոր էքսպրես հետազոտությունների իրականացումը:

5) Միջազգային օդանավակայանում գործունեությունը կանոնակարգվում է միջազգային համաձայնագրերի` Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի 1-18 հավելվածներ, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքների սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր

(31.05.2001 թ. Մինսկ), ԱՊՀ մասնակից պետությունների տարածքների սանիտարական պաշտպանության միջպետական սանիտարական կանոններ և նորմեր (3-4 հունիսի 2005 թ), ԱՊՀ մասնակից պետությունների պետական սահմանի անցման կետերում բժշկական (սանիտարական) զննում միջպետական մեթոդական ցուցումներ (1-2 ապրիլ 2004 թ.), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության:

6) «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն է իրականացնում Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տրանսպորտի և հաղորդակցության կենտրոնը: Գործում է «Ավիաբուժ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կազմի մեջ գտնվող ավիացիոն հիգիենիկ-հակահամաճարակային ծառայությունը, որն իրականացնում է պայմանագրային ծառայություններ (օդանավակայանի խմելու ջրամատակարարման ցանցի դիտարկումներ, օդանավերը ջրալիցքավորող մեքենաների սանիտարական վիճակի, դրանց ախտահանում, «Ավիասերվիս» փակ բաժնետիրական ընկերության բորտսնման արտադրամասի դիտարկումներ և այլն): Խմելու ջրամատակարարման ցանցի և ջրային կառույցների հետ շփվող անձինք, ինչպես նաև բորտսնուցման արտադրամասի բոլոր աշխատողները ենթարկվում են պարբերական բժշկական հետազոտության:

7) «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետը Հայաստանի Հանրապետության տարածքի սանիտարական պաշտպանությանը, հիվանդությունների միջազգային տարածման կանխմանը, Հայաստանի Հանրապետության տարածք բնակչության առողջության համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ներբերման ու տարածման կանխարգելմանը, հիվանդությունների ներբերման կանխմանն ուղղված պատասխան միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք բնակչության առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքների ու բեռների ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման կանխմանն ուղղված գործունեություն է ծավալում:

8) Սահմանային կետերի համար կարևոր են գործունեության համակարգման, դեպքերի և ձեռնարկվող միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակման հիմնական կարողությունները: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետի և այլ երկրների սանիտարական կարանտինային կետերի միջև տեղեկատվության փոխանակման անմիջական մեխանիզմներ մշակված չեն: Կապը հնարավոր է իրականացնել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության դիսպետչերական ծառայության և այլ երկրների համապատասխան կառույցների միջև (հեռախոսային և էլեկտրոնային կապ):

9) Այլ երկրներում սանիտարական կարանտինային կետերի և ծառայությունների հետ համագործակցությունը բավարար չէ: Այլ երկրներում սանիտարական կարանտինային կետերի և ծառայությունների կոնտակտային տվյալներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետը չի տիրապետում: Անհրաժեշտ է ձևավորել այլ երկրների համապատասխան կառույցների հետ համագործակցության մեխանիզմներ` սահմանային կետում կատարվող սանիտարա-համաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումն առավել նպատակային և օպերատիվ դարձնելու համար: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման մյուս կետերի հետ սանիտարակարանտինային կետն ունի միայն հեռախոսային կապ: Սանիտարական կարանտինային կետի և պետական սահմանում հսկողություն իրականացնող մարմինների ու շահագրգիռ կազմակերպությունների միջև արագ կապի հնարավորությունները փոքր են` հեռախոսային:

Դեռևս ձևավորված չեն սանիտարակարանտինային կետերի և հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպությունների միջև համագործակցության մեխանիզմներ` բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության:

Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ կապն իրականացվում է ի պաշտոնե և համաձայն վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում ահազանգման սխեմաների:

10) Կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի և սահմանային հսկողություն իրականացնող կառույցների միջև համագործակցությունը դեռևս կանոնակարգված չէ: Հարկ կա մշակելու համագործակցության մեխանիզմներ:

11) Բացակայում է օդային ճանապարհով հիվանդությունների ներբերման, տարածման կանխարգելման պատրաստականության ծրագիրը, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող նորմատիվ-իրավական փաստաթղթերը:

12) Սանիտարակարանտինային կետն աշխատում է շուրջօրյա, շաբաթը 7 օր: Սանիտարակարանտինային կետն ունի կոնտակտային տեղեկատվություն տրանսպորտային միջոցների օպերատորների վերաբերյալ: Օդանավերի անձնակազմի, ուղևորների, սանիտարակարանտինային կետի կողմից կատարվող հսկողության վերաբերյալ պահանջները և տեղեկատվությունը պարբերաբար ներառվում է Հայաստանի Հանրապետության Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուում:

13) Նախնական տեղեկատվությունը սանիտարական միջոցառումների իրականացման վերաբերյալ իրականացվում է օդանավ-օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական ծառայություն-սանիտարական կարանտինային կետ-օդանավի օպերատոր համակարգով` հեռախոսային կապի միջոցով: Ձեռնարկվող միջոցառումները իրականացվում են շահագրգիռ կազմակերպությունների հետ բանավոր համաձայնությամբ, հաշվի առնելով միջազգային առողջապահական կանոնների դրույթները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ավիացիայի համաշխարհային կազմակերպության պահանջները: Հարկ կա մշակելու սանիտարակարանտինային կետերի աշխատակարգ:

14) Ավիաընկերությունների մեծամասնությունը տիրապետում են սանիտարակարանտինային կետերի կոնտակտային տեղեկատվությանը: Սակայն այն բացակայում է զբոսաշրջային գործակալությունների և այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների շրջանում:

15) Օդանավում կասկածելի հիվանդի արձագանքման դեպքում տեղեկատվության հաղորդման վերաբերյալ բացակայում է գործող նորմատիվ-իրավական փաստաթղթերը:

16) Օդանավակայանի ընթացիկ հիմնական կարողությունների ձևավորումը խիստ կարևոր է Կանոնների պահանջների կատարման տեսակետից: Օդանավում հիվանդ կամ կասկածելի ուղևորներ հայտնաբերելիս ահազանգը կատարվում է համաձայն Ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջների` օդանավի հրամանատարը կամ պատասխանատու անձը հաղորդում է օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական ծառայություն, որոնք էլ հաղորդում են սանիտարական կարանտինային կետերին: Վերջինիս կողմից կազմակերպվում է ուղևորի մեկուսացումը` սանիտարակարանտինային կետի մեկուսարան և, անհրաժեշտության դեպքում, հոսպիտալացումը: Սակայն հիվանդ ճանապարհորդներին համապատասխան բժշկական հաստատություն հոսպիտալացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցը բացակայում է: Պայմանավորվածության համաձայն նման հիվանդները հոսպիտալացվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն: Վարակված ճանապարհորդի տեղափոխումը կազմակերպվում է հիվանդանոցի տրանսպորտային միջոցներով:

Անհրաժեշտության դեպքում աշխատանքներում կարող է ներգրավվել «Ավիաբուժ» բժշկական կենտրոնը: Կենտրոնը հագեցված է դեղատնով և բժշկական սարքավորումներով: Առկա է բոլոր այն բուժկանխարգելիչ կազմակերպությունների ցանկը և հիմնական կոնտակտային տեղեկատվությունները (հասցե, հեռախոսի համար և այլն), որոնք կարող են ընդունել հիվանդ կամ կասկածելի հիվանդ ճանապարհորդներին:

17) Օդանավակայանում գործում է «Ավիաբուժ» բժշկական կենտրոնի բուժկետը, որն ապահովված է անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներով: Բուժկետը բոլոր օդանավերին ապահովում է առաջին օգնության դեղատուփերով, որոնց հագեցվածությունը համապատասխանում է Ավիացիայի միջազգային կազմակերպության և միջպետական ավիացիոն կոմիտեի պահանջներին:

18) Սահմանային գոտում կարևոր նշանակություն ունի խմելու ջրի անվտանգության հարցը: «Ավիաբուժ» բժշկական կենտրոնի կողմից գոյություն ունի օդանավակայանի ջրամատակարարման ցանցից ջրի նմուշառման պլան-գրաֆիկ: «Սարվանլար» և «Նազրվան» ջրմուղներից օդանավակայանին մատակարարվող ջրի մանրէաբանական և հետազոտությունը պայմանագրային կարգով իրականացնում է նաև Առողջապահության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններում: Վերը նշված ջրամատակարարման համակարգի ջրառի կառույցները գտնվում են Առողջապահության նախարարության համապատասխան կառույցների հսկողության ներքո: «Ավիաբուժ» բժշկական կենտրոնի սանիտարական ծառայության կողմից սիստեմատիկ (շաբաթը 1 անգամ մանրէաբանական) հետազոտման է ենթարկվում օդանավերը ջրալիցքավորող տարողությունների ջուրը: Ամիսը մեկ անգամ կատարվում է նշված տարողությունների ախտահանում: Հսկողության տակ է գտնվում նաև օդանավակայանում գործող թվով 2 օրվա կարգավորիչ ավազանները, որոնք տարին 1 անգամ մաքրվում և ախտահանվում են: Ջրի որակի շեղումների արձանագրման ժամանակ, որը կարող է պոտենցիալ վտանգ հանդիսանալ հանրային առողջության համար, ձեռնարկվում է համապատասխան միջոցառումներ և տեղյակ է պահվում օդանավակայանի բոլոր կազմակերպություններին:

19) Սանիտարա-հիգիենիկ հսկողություն է սահմանվում նաև «Ավիասերվիս» սահմանափակ պատասխանատվության ընկերություն կազմի մեջ մտնող բորտսնուցման արտադրամասի նկատմամբ: Հսկողությունն իրականացվում է Գյուղատնտեսության նախարարության համապատասխան կառույցների կողմից: Դիտարկումներ են իրականացվում նաև «Ավիաբուժ» բժշկական կենտրոնի կողմից: Բորտսնուցման արտադրամասում սիստեմատիկ մոնիտորինգ են կազմակերպում այդ արտադրամասի ծառայությունից օգտվող մի շարք ավիաընկերությունների բժշկական ներկայացուցիչները:

20) Սահմանային անցակետերում գտնվող սանհանգույցների սանիտարական վիճակը գտնվում է բավարար վիճակում: Սանհանգույցների ընթացիկ մաքրումները պայմանագրային կարգով իրականացվում է «Ֆեկոլյուքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

21) Օդանավակայանում կոշտ թափոնների ուտիլացումը իրականացվում է պայմանագրային կարգով «Նիկման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից: Փակ շինություններում օդի և օդանավակայանում մթնոլորտի օդի լաբորատոր հետազոտություն չի իրականացվում: Այս ուղղությամբ համապատասխան նորմատիվ-իրավական ակտերը լրամշակման կարիք ունեն:

22) Վարակիչ հիվանդությունների հարուցիչների և փոխանցողների դեմ պայքարի ծրագիրը բացակայում է: Վերջինս մշակման անհրաժեշտություն ունի:

23) Սահմանային գոտում բժշկական օգնություն կազմակերպելու համար «Ավիաբուժ» բժշկական կենտրոնում առկա են բարձր որակավորում ունեցող անհրաժեշտ քանակությամբ բժշկական մասնագետներ: Սանիտարական կարանտինային կետերը ևս ապահովված են անհրաժեշտ մասնագետներով: Սակայն մասնագետներն ունեն վերապատրաստման կարիք:

24) «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործում է միայն հերթապահ անասնաբույժ, որը սահմանային գոտում հիվանդ կենդանիների առկայության մասին տեղյակ է պահում քաղաքի անասնաբուժական ծառայությանը: Գոյություն չունի պաշտոնական գրավոր համաձայնություն անասնաբուժական ծառայությունների հետ հիվանդ կենդանիների ախտորոշման, հետազոտության և հետագա միջոցառումներ կազմակերպելու մասին:

25) Հատուկ տարածք, որտեղ հնարավոր է իրականացնել ուղեբեռների, բեռների, բեռնարկղների, տրանսպորտային միջոցների և փոստային ծանրոցների միջատազերծում, կրծողազերծում, ախտահանում, ապաբաղարկում (դեկոնտամինացիա) և մշակում, բացակայում է: «Ավիաբուժ» բժշկական կենտրոնի կողմից, անհրաժեշտության դեպքում կարող են կատարվել նշված աշխատանքները:

26) Արտակարգ իրավիճակների ժամանակ կարողություններից կարևորվում է Օդանավակայանում արտակարգ իրավիճակների ժամանակ հանրային առողջության պահպանման ծրագրի առկայությունը, որը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դեռևս չի գործադրվում: Խիստ կարևոր է այդպիսի ծրագրի առկայությունը, որը կհամագործակցի «հանրային առողջության պահպանման» տարբեր մակարդակներում (ազգային (միջանկյալ) տեղային) գործող այլ ծրագրերի հետ:

27) Օդանավակայաններում բնակչության առողջության պահպանման հարցերին առնչվող գործընթացները կանոնակարգման անհրաժեշտություն ունեն` Կանոնների պահանջների կատարման տեսակետից:

28) Պետական սահմանի մյուս անցակետերի սանիտարական կարանտինային կետերի գործունեության բնագավառում ևս առկա է կանոնակարգման անհրաժեշտություն:

 

ԳԼՈՒԽ 6. ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Արտակարգ իրավիճակների ներկա և ներուժային նկարագիր

 

1) Հայաստանի Հանրապետությունը արդյունաբերական-ագրարային պետություն է: Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս զարգացած արդյունաբերական ճյուղերից են լեռնամետալուրգիան, արդյունաբերությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը (ատոմային էլեկտրաէներգիա, ջերմային էլեկտրաէներգիա, հիդրոէլեկտրաէներգիա), սարքաշինությունը, շինանյութերի արտադրությունը ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտը:

2) Տեխնածին բարձր ռիսկ են ներկայացնում լեռնամետալուրգիական կոմպլեքսում առկա 12 պոչամբարները: Պոչամբարների պատվարների ավերման դեպքում տեղի կունենա թափոնների մեծածավալ ցեխահոսք, որը կծածկի գյուղատնտեսական տարածքներ և բնակավայրեր` հանգեցնելով տարածքների աղտոտմանը: Կավերվեն բնակելի և արդյունաբերական շինություններ, ենթակառուցվածքներ: Մարդկանց շրջանում կլինեն կորուստներ, ընտանի և վայրի կենդանիների անկում: Թափոններով կաղտոտվեն Արաքս, Դեբեդ գետերը (Քուռ գետի վտակ) և նրանց մեջ թափվող գետերը: Աղետը կկրի անդրսահմանային բնույթ:

3) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված հիդրոտեխնիկական կառույցները հիմնականում գտնվում են լեռնային և նախալեռնային գոտում, որոնց մեջ ընդհանուր առմամբ կուտակվում է մինչև 1.3 մլդ մ3 ջուր: Խոշոր ջրամբարներից են` Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Աիփի լճի, Կապսի, Հերհերի, Կեչուտի, Սպանդարյանի և այլ ջրամբարները: Հիդրոտեխնիկական կառույցների պատվարների ավերման դեպքում դուրս մղվող ջուրը ոչ միայն կտարածվի մեծ արագությամբ, այլ նաև կպատճառի զգալի ավերածություններ, կառաջացնի սելավային հոսքեր և սողանքներ: Գյուղատնտեսական նշանակության տարածքները և բնակավայրերը (լրիվ կամ մասամբ) կջրածածկվեն: Մարդկանց շրջանում կլինեն սանիտարական և անվերադարձ կորուստներ, ընտանի և վայրի կենդանիների անկում: Կստեղծվի համաճարակի առաջացման սպառնալիք:

4) Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային վտանգ ներկայացնող հիմնական օբյեկտը Հայկական ատոմային էլեկտրակայանն է, որի միջուկային ծանր վթարը կարող է բերել անդրսահմանային ազդեցության: Նման վթարի հետևանքով տեղի կունենա բազմաթիվ մարդկանց գերճառագայթահարում, ռադիոակտիվ աղտոտման կենթարկվեն լայնածավալ տարածքներ, կաղտոտվի տեղական արտադրության սննդամթերքն ու խմելու ջուրը: Հնարավոր է անհրաժեշտ լինի մարդկանց տարահանում, վերաբնակեցում: Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման միջոցառումների արդյունքում միջուկային ծանր վթարի հավանականությունը հասցվել է միջազգային ընդունելի մակարդակի:

5) Հայաստանի Հանրապետության տարածքում 2009 թ. օգոստոսի մեկի դրությամբ առկա են 23 քիմիապես վտանգավոր օբյեկտ, որոնցից միայն երկուսն են ուղղվածության կազմակերպություններ («Նաիրիտ-գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը և «Մաքուր երկաթ» բաց բաժնետիրական ընկերությունը), մյուսները սառնարանային արտադրամասեր ունեցող սննդի, գյուղատնտեսական մթերքների վերամշակման կազմակերպություններ են կամ սառնարանային պահեստարաններ, որոնք որպես սառեցնող ռեագենտ օգտագործում են ամոնիակ:

6) Քիմիապես վտանգավոր օբյեկտներից առավել վտանգավորը «Նաիրիտ-գործարան» փակ բաժնետիրական ընկերությունն է, որտեղ արտադրվում է քլորոպրենային կաուչուկ: Արտադրության կազմակերպման համար արտադրվում և օգտագործվում է քլոր, աղաթթու, քլորաջրածնական գազ, ազոտական թթու: Այս նյութերը միջազգային դասակարգմամբ համարվում են ուժեղ ներգործող թունավոր նյութեր (ՈՒՆԹՆ): Լոռու մարզում «Պրոմեթևս քիմպորմ» փակ բաժնետիրական ընկերության գործարքումից հետո, այդ կազմակերպությունը ևս կդառնա ուղղվածության քիմիապես վտանգավոր օբյեկտ, որտեղ նախատեսվում է արտադրել ամոնիակ:

7) Կենսաբանական ռիսկի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են հատուկ վտանգավոր վարակների բնական օջախներ` ժանտախտի, տուլարեմիայի, լեպտոսպիրոզի և այլն: Հանրապետության տարածքում առկա են անասնագերեզմանոցներ, ուր 1930-ական թվականներից սկսած թաղվել են նաև սիբիրախտից սատկած ընտանի կենդանիներ` դիակների այրման փոխարեն: Սիբիրախտի սպորները ունեն մինչև 100 տարի վարակելիության պահպանման ընդունակություն: Այդ պատճառով, անասնագերեզմանոցների տեղակայման տարածքներում պարբերաբար կարող են տեղի ունենալ սիբիրախտի անասնահամաճարակների տեղային դեպքեր:

8) 2008 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած աֆրիկյան ժանտախտի անասնահամաճարակ, որի հետևանքով հանրապետությունում առկա խոզերի գլխաքանակը զգալիորեն նվազեց: Անասնահամաճարակներից Հայաստանի Հանրապետությունում առավել հաճախակի նկատվում է բրուցելոզը:

9) Ինչ վերաբերում է բնածին վտանգներին, ապա Արաբական և Եվրասիական սալերի բախմամբ պայմանավորված առանձնահատուկ ֆիզիկաերկրաբանական պայմանները, ինչպես նաև լեռնային ռելիեֆն ու կտրուկ մայրցամաքային կլիման նախասահմանել են Հայաստանի տարածքում բնական վտանգների տեսակները` ուժեղ երկրաշարժեր, սողանքներ, փլուզումներ, սելավներ, ջրհեղեղներ և այլն:

10) Հանրապետության տարածքում, հանդիսանում է ամբողջությամբ սեյսմավտանգ (հիմնականում գտնվում է 8-11 բալ ուժգնությամբ սեյսմիկական գոտում և պարբերաբար ենթարկվում է երկրաշարժերի ավերիչ ազդեցությանը), բնութագրվում է բնական վտանգավոր երևույթների ու գործընթացների` (սողանքների, փլուզումների, սելավների, ջրածածկումների, ցրտահարության, ուժեղ քամիների և շանթահարման, երաշտի, հորդառատ անձրևների և կարկուտների լայն տարածվածությամբ, որոնք մեծ վնաս են հասցնում հանրապետության տնտեսությանը, բնակավայրերին, տրանսպորտային հաղորդակցուղիներին, շրջակա միջավայրին, սպառնում են մարդկանց կյանքին և առողջությանը:

Նշված աղետավտանգ տեղամասերը մեծամասամբ գտնվում են բնակավայրերի սահմաններում կամ նրանց հարակից տարածքներում և կազմում են Հայաստանի տարածքի շուրջ 45%-ը: Ամենամյա տարերային աղետները հանրապետության բնակչությանը և սոցիալ-տնտեսական համակարգին պատճառում են ավելի քան 10-12 մլրդ դրամի հասնող նյութական վնասներ` մարդկային զոհերով:

11) Հայաստանը, կլիմայի փոփոխության տեսակետից, խոցելի էկոհամակարգեր ունեցող լեռնային, չոր կլիմայով և սակավաջուր երկիր է: Հետևաբար բնակչության առողջության վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները ցայտուն դրսևորումներ կարող են ունենալ:

12) Կլիմայի համամոլորակային փոփոխության հետևանքով Հայաստանի տարածքում ներքին միկրոկլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել բնակչության առողջության տեղաշարժերի` հարմարողական մեխանիզմների թուլացման, հատկապես բնակչության առավել խոցելի մասի մոտ, վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակի սրացման` մի կողմից պայմանավորված արտաքին միջավայրում հարուցիչների բազմացման և զարգացման համար ջերմաստիճանային բարենպաստ ժամանակահատվածի երկարացմամբ, մյուս կողմից` մարդ-մակաբույծ-միջավայր փոխազդեցության արեալի ընդլայնմամբ:

13) Ջերմաստիճանի բարձրացման դեպքում կարող է մեծանալ բնական աղետների առաջացման հավանականությունը: Ջերմաստիճանի կանխատեսվող բարձրացման և տեղումների նվազման դեպքում կարելի է սպասել կլիմայի չորացման և այլ երևույթների փոփոխություն: Կարող է լինել բնական աղետների ակտիվացում: Սպասվում է նաև հողային զոոհամակարգերի փոփոխություն (այդ թվում հողային հելմինթների), ինչպես նաև ջրային ռեսուրսների լուրջ տեղաշարժեր: Որոշ հիվանդությունների առումով բնակչության խոցելիությունը կաճի` ելնելով նաև կլիմայի փոփոխության ազդեցությամբ տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ և այլ տեղաշարժերից: 1993 թվականին Հայաստանը վավերացրել է Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան:

14) Արտակարգ իրավիճակների ներկա իրավական դաշտը ընդգրկում է միջազգային համաձայնագրերը, Հայաստանում աղետների կառավարումն ապահովող «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Ի լրումն այս ամենին` «Հայաստանի Հանրապետության Սեյսմիկ պաշտպանության մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, 2004 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1064-Ն որոշում և այլն: Գործող իրավական դաշտը հաստատում է բազմակողմանի մոտեցում և ընդգրկում վտանգների նվազեցումը (կանխում և նվազեցում) ոչ միայն հակազդման փուլում, այլ առողջապահական հաստատություններում վտանգի գնահատման և վտանգի նվազեցման փուլում, ինչպես նաև ապահովում կարևոր ծառայությունների տրամադրումը (ջուր, կոյուղի, և այլն):

15) Չնայած արտակարգ իրավիճակների ժամանակ անվերապահ է Առողջապահության նախարարության ղեկավար դերը, սակայն գոյություն չունի Առողջապահության նախարարության համար` ազգային և տարածքային մակարդակով ճգնաժամերի ժամանակ հանրային առողջապահական հակազդման պատասխանատվություն սահմանող իրավական ակտ:

16) Հանրապետությունում ներկայումս գործադրվում են ոլորտը կանոնակարգող միջազգային կոնվենցիաներ, թվով 10 օրենք, այդ թվում` «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը կանոնակարգում է լիազոր մարմնի դերը տուժած բնակչության տեսակավորման, տարհանման և տեղափոխման աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մոտ 21 ենթաօրենսդրական ակտ: Ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը ներկայում ապահովում է արտակարգ իրավիճակներում բազմաթիվ հարցերի կանոնակարգումը, սակայն չի լուծում բոլոր հիմնախնդիրները, այդ թվում` առողջապահական մասով: Ներկայում Հայաստանը, որպես Եվրամիության հարևան երկիր, գտնվում է իր օրենսդրությունը Եվրամիության օրենսդրության հետ մոտարկելու գործընթացում: Ելնելով Կանոնների գործադրման անհրաժեշտությունից անհրաժեշտ է արտակարգ իրավիճակների ոլորտում գործող օրենսդրությունը վերանայել և համապատասխանեցնել Կանոնների պահանջներին:

17) Ինստիտուցիոնալ առումով Հայաստանի փրկարար ծառայությունը մեծածավալ արտակարգ իրավիճակների դեպքում ընդհանուր ազգային պատրաստվածության և հակազդման (աղետների կառավարման) համար պատասխանատու հաստատությունն է: Հրշեջները և փրկարար թիմերն ընդգրկված են (վերջինս նաև ներառում է փրկարարներին) Փրկարար ծառայության կազմում:

18) Ճգնաժամային կառավարման ակադեմիան Փրկարար ծառայության կրթական կազմակերպությունն է: Հրշեջ պետական տեսչությունը Փրկարար ծառայության կազմում գտնվող մեկ այլ առանձին կառույց է:

Մարզային մակարդակով գործում են նաև մասնաճյուղեր, այդ թվում` մեկը Երևանում, որը տեղական մակարդակով է իրականացնում միջոցառումներ: Այդ մասնաճյուղերը վերահսկվում են Տարածքային միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող բաժնի կողմից, որը գտնվում է Օպերատիվ ղեկավարման բաժնի կազմում:

19) Փրկարար ծառայություն մասնաճյուղերը նաև սերտորեն համագործակցում են մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ: Փրկարար ծառայության և Առողջապահության նախարարության միջև համակարգումը և համագործակցությունը մեծ մասամբ կախված են աղետի տեսակից և մասշտաբից, սակայն գոյություն ունի օպերատիվ և տեխնիկական խնդիրների ստանդարտ համակարգման աստիճան: Առողջապահության նախարարությունը պատասխանատու է ճգնաժամի դեպքում առողջապահությանը վերաբերող բոլոր խնդիրների համար, բացառությամբ «որոնողական և փրկարարական» փուլում արտակարգ ծառայությունների, որոնց համար նրանք ունեն իրենց սեփական միջին բժշկական թիմերը: Փրկարար ծառայությունում միակ բժշկական բաժինը պատասխանատու է աշխատանքի հիգիենայի համար:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2009
N 44
Արձանագրային որոշում