ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
10 ապրիլի 2010 թվականի N 5
ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ավելացված արժեքի հարկ վճարող համարված ռեզիդենտներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր տարվա արդյունքներով ներկայացնում են շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 26.02.2008 թ. N 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ N 3-ը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ` բանկեր) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները: Իսկ բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 10.07.2007 թ. N 205-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 06.08.2007 թ. N 624-Ն հրամանով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 03.03.2005 թ. N 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ N 15-ը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները: Իսկ վարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.08.2003 թ. N 279-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 23.09.2003 թ. N 741-Ն հրամանով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 16.11.2007 թ. N 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները: Իսկ ապահովագրական ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.06.2007 թ. N 180-Ն որոշմամբ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 18.07.2007 թ. N 591-Ն հրամանով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 22.04.2008 թ. N 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ N 4/03-ը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի (այսուհետ` ներդրումային ընկերություն) կողմից, ինչպես նաև բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային գործունեության մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները: Իսկ ներդրումային ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.12.2008 թ. N 374-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 24.02.2009 թ. N 136-Ն հրամանով:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները և ներդրումային ընկերությունները իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր տարվա արդյունքներով (մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը) շահութահարկի հաշվարկների հետ միասին ներկայացնում են նաև ֆինանսական հաշվետվություններ (հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամաններով հաստատված` հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների ձևերով: