Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

18 մարտի 2010 թվականի N 10

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻԿԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2009 Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

13. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի համաձայն` ՀՀ ԱՎԾ գործառույթներին վերաբերող միջոցառումների շրջանակը նախանշված է «ՈՒսումնասիրությունների կատարում» V-րդ բաժնում` ռազմավարությունների և ակնկալվող արդյունքների բաշխումով: Ազգային ծրագրի կատարման ժամանակացույցով ՀՀ-ում մարդկանց աշխատանքային շահագործման (թրաֆիկինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ընտրանքային ուսումնասիրությունների և ՀՀ տարածքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման գործառույթները (ժամանակացույցի` 5.1.2 և 5.1.3 կետերը):

Հիշատակված աշխատանքների իրականացման համար`

1. 2008-2009 թթ. ՀՀ պետական բյուջեներում ֆինանսական միջոցներ նախատեսված չեն եղել և համապատասխան ֆինանսական միջոցներ հայթայթելու համար աշխատանքներ են տարվել (ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի աջակցությամբ) շահագրգիռ միջազգային կազմակերպությունների շրջանում: Այսպես, 2009 թ. առաջին կիսամյակի ընթացքում ինտենսիվ բանակցություններ են ընթացել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), ինչպես նաև 29.06.09-03.07.09 թ. առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՄԿ փորձագետ` Միքելե Դե Քոքի և ԱՄԿ գլխավոր տեխնիկական խորհրդատու` Ժոլտ Դուդասի հետ: Արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, ԱՄԿ ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ, 5000 տնային տնտեսությունների շրջանում աշխատանքային միգրացիայի ընտրանքային հետազոտություն անցկացնելու մասին` նպատակ ունենալով գնահատել հարկադիր աշխատանքը և մարդկանց շահագործումը (թրաֆիկինգը), հետազոտությանը նախորդող երկու տարիների ընթացքում` աշխատանքային միգրացիայից վերադարձած անձանց հարցման միջոցով.

2. Աշխատանքային միգրացիայի ընտրանքային հետազոտություն անցկացնելու Ծրագիրը հանրապետությունում սկիզբ է առել 2009 թ. նոյեմբերից: Ծրագրի ֆինանսական կառավարումն իրականացվում է «Առաջադեմ տեխնոլոգիաներ» ՀԿ-ի միջոցով: ՀՀ ԱՎԾ, «Առաջադեմ տեխնոլոգիաներ» ՀԿ և ԱՄԿ Երևանյան գրասենյակը կազմել են համատեղ միջոցառումների իրականացման ծրագիր, ինչպես նաև մշակվել դրանց իրականացման ժամանակացույցը` ԱՄԿ կողմից սահմանված ժամկետների շրջանակում (կցվում է): Թեև Ծրագիրը սկսվել է նոյեմբեր ամսից, սակայն խնդրո առարկա կապակցությամբ նախնական աշխատանքներ են տարվել հարցաթերթի բովանդակության և ընտրանքի մեթոդաբանության վերաբերյալ, ինչի կապակցությամբ ստացվել է նաև ԱՄԿ փորձագետ` Միքելե Դե Քոքի և ԱՄԿ ընտրանքի գծով փորձագետի խորհրդատվությունը.

3. ԱՄԿ փորձագետի հետ իրականացված նախնական մեթոդաբանական խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հետազոտությունն իրականացնել երկու հարցաթերթերի միջոցով` տնային տնտեսուհիների - ընտրանքում ներառված բոլոր տնային տնտեսություններում (տ/տ) համար և անհատական` հետազոտված տնային տնտեսություններում առկա վերադարձած միգրանտների համար: Ընդ որում, կիրառվել է նաև ԱՄԿ փորձագետների կողմից առաջարկված լրացուցիչ ընտրանքի մեթոդը, ըստ որի ընդհանուր հարցաթերթում ներառվել է լրացուցիչ հարցադրում առ այն, թե արդյոք հարցվողներին հայտնի է տեղեկություն հետազոտվող ժամանակահատվածում վերադարձած միգրանտների վերաբերյալ` հարցվողի շրջապատում (հարևանների շրջանում) կամ գյուղում: Այդ ճանապարհով հետազոտությամբ ընդգրկվել է վերադարձած միգրանտների լրացուցիչ քանակություն: Միջազգային փորձագետի և ԱՄԿ կողմից ընտրված ազգային փորձագետի (Ա. Մինասյան) հետ հարցաթերթի վերջնական բովանդակության հաստատումից հետո հարցաթերթերի նախագծերը քննարկվել են նաև ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամների հետ, ստացվել և հարցաթերթերում ներառվել են նրանց կողմից կատարված որոշ խմբագրական առաջարկներ (հարցաթերթերը և դրանց լրացման ցուցումները կցվում են).

4. Ընտրանքի ձևավորման համար հանրապետության բոլոր տնային տնտեսությունների հասցեների տվյալների բազան (ստեղծվել է 2001 թ. Մարդահամարի արդյունքների հիման վրա, Համաշխարհային բանկի օժանդակությամբ) բաժանվել է 32 ստրատաների (խմբերի), որոնցից 12-ը Երևանի վարչական շրջաններն են: Ստրատաների մեջ ձևավորվել է պատահական, ըստ մարզերի ստրատիֆիկացված երկաստիճան ընտրանք: Գյուղական և քաղաքային բնակավայրերն ընտրանքային համակցության մեջ ներառվել են երկրի տ/տ ընդհանուր թվաքանակում ստրատայի տ/տ քանակային համամասնությամբ: Ընտրանքում ընդգրկվել է 32 քաղաք և 164 գյուղ.

5. Նոյեմբերի 6-8-ը` անցկացվել է հարցազրուցավարների և դաշտային աշխատանքների պատասխանատուների հրահանգավորում` ընտրանքի և հարցաթերթի լրացման կարգի վերաբերյալ.

6. Դաշտային աշխատանքները կազմակերպվել են նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ, որին զուգահեռ իրականացվել են դաշտային աշխատանքների կատարման որակի ստուգումներ: Աշխատանքների իրականացման ողջ ժամանակաընթացքում ըստ անհրաժեշտության ապահովվել է հարցազրուցավարներին մասնագիտական և մեթոդական օժանդակության տրամադրում (այդ թվում` նաև տեղերում).

7. Ներկայումս ընթացքի մեջ է լրացված հարցաթերթերի մշակման գործընթացը` թվային ծածկագրման և մուտքագրման աշխատանքները (ծրագրավորող-մասնագետների կողմից մշակված և փորձարկում անցած հարցաթերթերի մուտքագրման ծրագրի միջոցով).

8. Աշխատանքային միգրացիայի նախնական գնահատականների (հաջողակ, շահագործված, խաբված և շահագործված միգրանտներ և աշխատանքային թրաֆիքինգի զոհեր) ստացումն ըստ ժամանակացույցի սահմանված է հունվար ամսվա վերջին:

 

14. «ԱՄՔՈՐ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ

Թեժ-գիծ

 

2009 թ. ընթացքում ԱՄՔՈՐ-Հայաստան ՀԿ-ի «Թեժ-գծի» հեռախոսահամարով ստացվել է միջին հաշվով ամսական 62 զանգ, որոնցից

    . թրաֆիքինգի վերաբերյալ    - 24.1%

    . կին                      - 47%

    . տղամարդ                  - 53%

. տարիք

      . < 20-40                - 43.5%

      . 40-60>                 - 56.5%

    . Երևանից                  - 51%

    . Մարզերից                 - 11%

. Տեղեկատվության աղբյուր

      . Մետրո                  - 19.2%

      . Թերթեր                 - 5.1%

      . Հեռուստատեսություն     - 75.7%

Աջակցություն զոհերին (ապաստարան և խորհրդատվական կենտրոն)

Թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծվել և հաջողությամբ գործում են ապաստանը և խորհրդատվական կենտրոնը: Ապաստանում զոհերը բնակվում են անվտանգ պայմաններում (ցանկացած ժամանակահատվածով) և ստանում անհրաժեշտ բժշկական, հոգեբանական, սոցիալական, իրավաբանական և այլ աջակցություն: Այն դեպքում, երբ զոհը չի ցանկանում մնալ ապաստանում, նա ստանում է անհրաժեշտ օգնություն խորհրդատվական կենտրոնի միջոցով, ուր նույնպես տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ:

Անցած վեց ամիսների ընթացքում ԱՄՔՈՐ-ի ապաստանի և խորհրդատվական կենտրոնի օժանդակությամբ աջակցություն են ստացել 38 թրաֆիքինգի զոհ, որոնցից`

. հոգեբանական - 27

    . բժշկական    - 24

. իրավաբանական - 14 (ներառյալ դատապաշտպանի ծառայությունները և զոհի անվտանգության ապահովումը դատավարության ժամանակ)

. բնաիրային  - 16

. ֆինանսական - 12

Մասնագիտական ուսուցում են ստացել հինգ զոհ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ քննարկվել են թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու գործում համագործակցության հնարավորությունները` մասնավորապես ապաստանի աշխատանքների համաֆինանսավորման ծրագիրը:

 

Իրազեկության բարձրացում

 

Բնակչության շրջանում թրաֆիքինգի հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով ԱՄՔՈՐ-ը մշակել և հրատարակել է գրքույկներ, թերթոններ, պաստառներ և էջանշաններ, ուր տեղ են գտել համապատասխան հղումներ, ուղերձներ և տեղեկատվություն աշխատանքային միգրացիայի, դրա հետևանքների և թրաֆիքինգի հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Նյութերը բաշխվել են հանրապետության ողջ տարածքում:

Մարզերում իրազեկության բարձրացման գործընթացն իրականացվում է «Դեմոկրատիան այսօր» տեղական ՀԿ-ի միջոցով: Այս տարվա ընթացքում կազմակերպությունը հակաթրաֆիքինգային թեմաներին նվիրված սեմինարներ և հանդիպումներ է անցկացրել հանրապետության տարբեր մարզերի 20 համայնքների, 14 գյուղերի և 5 քաղաքների գյուղապետերի և բնակչության շրջանում:

Կազմակերպությունն աջակցում է նաև զոհերի հայտնաբերման, նույնացման, հոգեբանական աջակցության, ինչպես նաև նրանց հետագա վերաինտեգրման հարցերին:

2009 թ. նոյեմբերին, ԱՄՔՈՐ-ը, ՀՀ ազգային ավիացիայի վարչության և Զվարթնոց օդանավակայանի վարչության հետ համատեղ, անց է կացրել երկօրյա դասընթաց օդանավակայանի այն աշխատակիցների համար, որոնք անմիջականորեն ներգրավված են ուղևորների գրանցման գործընթացում: Դասընթացի ժամանակ, որին մասնակցել են 12 աշխատակից, քննարկվել են թրաֆիքինգի երևույթը, վերջինիս առկայությունը Հայաստանում, խոցելի խմբերը, թրաֆիքինգի կանխարգելումը, զոհերի նույնացումը և ուղղորդման մեխանիզմը: Դասընթացը վարել է ԱՄՔՈՐ-ի խորհրդատուն` Ստրկության և վերջինիս պատճառների և հետևանքների մասին ՄԱԿ-ի զեկուցող Գ. Շահինյանը: Դասընթացից հետո օդանավակայանին տրամադրվել են տեղեկատվական թռուցիկներ` գրանցման ժամանակ ուղևորներին բաշխելու համար:

 

Երիտասարդների կարողությունների հզորացում

 

ԱՄՔՈՐ-ը Շիրակի և Տավուշի մարզերի Զբաղվածության գործակալությունների և Երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների աջակցությամբ կազմակերպել է մասնագիտական ուսուցման դասընթացներ մարզերի սոցիալապես անապահով և թրաֆիքինգի նկատմամբ խոցելի գործազուրկ երիտասարդների համար` թրաֆիքինգի կանխարգելման նպատակով: Մասնագիտական ուսուցումն իրականացվել է Գյումրիի «Արշալույս» ԲԲԸ-ի (Գյումրու գուլպայի գործարան), Իջևանի պետական քոլեջի բազայի հիման վրա, ինչպես նաև Երևանի «Եվա» ուսումնական կենտրոնում:

Ծրագրի շրջանակներում Գյումրիի Զբաղվածության մարզային գործակալությունում գրանցված 20 անապահով երիտասարդներ ստացել են 9 մասնագիտությունների, իսկ Տավուշի մարզի 22 երիտասարդներ` 6 մասնագիտությունների որակավորում: Բոլորը ստացել են մասնագիտական որակավորման ավարտական վկայականներ: ԱՄՔՈՐ-ը տրամադրել է նրանց հետագա աշխատանքների համար անհրաժեշտ մասնագիտական գործիքներ: Երիտասարդների մեծ մասն այժմ աշխատում է:

Տավուշի և Շիրակի մարզերում ԲՈՒՀ-երի լավ և գերազանց առաջադիմություն ունեցող 16 սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին տրամադրվել է ֆինանսական աջակցություն ուսումն ավարտելու կամ շարունակելու համար:

2009 թ.-ի հունիսի 26-ին կազմակերպվել է կլոր սեղանի քննարկում երիտասարդության զբաղվածության հիմնահարցերի վերաբերյալ` ՀՀ ԱՍՀ, ՀՀ ՍԵՀ նախարարությունների, ՀՀ «Զբաղվածություն» պետական ծառայություն» գործակալության, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի, ՊՈԱԿ-ների, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ինչպես նաև երիտասարդների հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են երիտասարդության շրջանում գործազրկության և աշխատանքային միգրացիայի ռիսկերը և դրանց կանխարգելման միջոցները, երիտասարդների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման հնարավորությունները, զբաղվածության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները:

 

Դասընթաց բուժաշխատողների համար

 

2009 թ.-ի հունիսի 22-ին կազմակերպվել է հակաթրաֆիկինգային թեմայով դասընթաց բուժաշխատողների համար: Հանրապետության 4 մարզերի և Երևան քաղաքի առողջապահական բաժինների և պոլիկլինիկաների աշխատակիցները իրազեկվել են զոհերին բուժօգնություն տրամադրելու, թրաֆիկինգի հնարավոր առողջապահական ռիսկերի և հետևանքների վերաբերյալ: Մասնակիցները ծանոթացել են նաև Ազգային ուղղոդման կարգի դրույթների և վերջինիս շրջանակներում բուժաշխատողների դերի հետ: 20 մասնակիցներ ստացել են վկայականներ և պատրաստ են համանման դասընթացներ անցկացնել իրենց հաստատություններում և գործընկերների շրջանում:

 

Իրավապահ մարմինների կարողությունների հզորացում

 

2009 թ. փետրվար-մարտ ամիսներին ԱՄՔՈՐ-ը հանրապետության 6 մարզերի 12 քաղաքներում անց է կացրել կարիքների գնահատման հարցում քննիչների շրջանում` իրենց մասնագիտական կարիքները և թրաֆիկինգի վերաբերյալ գիտելիքները գնահատելու նպատակով: Հարցման արդյունքների հիման վրա կազմվել են դասընթացի մոդուլներ: Քննիչների համար նախատեսված թրաֆիկինգի դեմ պայքարի հիմնահարցերին նվիրված 4 երկօրյա դասընթացներն անց են կացվել 2009 թ. ապրիլի 27-28-ին, ապրիլի 29-30-ին, մայիսի 12-13-ին և մայիսի 14-15-ին: Դասընթացների արդյունքում 46 քննիչ ՀՀ Քննչական գլխավոր վարչությունից, Երևան քաղաքի քննչական վարչությունից, Երևանի բոլոր համայնքներից, ինչպես նաև մարզային քննչական բաժիններից վերապատրաստում են անցել թրաֆիկինգի տեղական և միջազգային օրենսդրության, զոհերի պաշտպանության, աջակցության, նույնացման և ուղղորդման թեմաներով:

2009 թ. հուլիսի 27-28-ին ԱՄՔՈՐ-ը անց է կացրել լրացուցիչ դասընթաց ՀՀ ոստիկանության օպերլիազորների համար, որոնք մասնակցել էին «Իրավապահ մարմինների կարողությունների հզորացում ի պատասխան մարդկանց թրաֆիկինգի խնդրի. Փուլ - I» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին: Դասընթացի արդյունքում լրացուցիչ վերապատրաստում են անցել ընդհանուր առմամբ 15 օպերլիազոր` Երևան քաղաքից և մարզերից: Դասընթացի ժամանակ քննարկվել են նախորդ դասընթացների նյութերը, նոր օրենսդրական փոփոխություններ թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում, ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև թրաֆիկինգի հետաքննչական մեթոդաբանությունը:

2009 թ. հոկտեմբերի 19-22, ԱՄՔՈՐ-ը, ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության և ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչության հետ համատեղ, անց է կացրել եռօրյա կլոր սեղաններ Երևան քաղաքի և մարզերի օպերլիազորների և քննիչների համար, որոնց մասնակցել են 24 օպերլիազոր և 23 քննիչ: Կլոր սեղանները վարել է ԱՄՔՈՐ-ի խորհրդատու Գ. Շահինյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության փորձագետները: Կլոր սեղանների ժամանակ քննարկվել են իրավապահ մարմինների միջազգային փորձը, ինչպես նաև զոհերի նույնացման, թրաֆիկինգի դեպքերի հետաքննության և զոհերի պաշտպանության խնդիրները, օպերլիազորների և քննիչների համագործակցությունը, քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

2009 թ. նոյեմբերի 3-4, ԱՄՔՈՐ-ը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչության հետ համատեղ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի նախաձեռնությամբ, կազմակերպել է լրացուցիչ երկօրյա դասընթաց Երևան քաղաքի և մարզերի օպերլիազորների ու քննիչների համար: Դասընթացը, որին մասնակցել է 21 հոգի, վարել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի կողմից հրավիրված միջազգային փորձագետները ԱՄՆ-ի միգրացիայի և մաքսային ծառայության իրավապահ մարմինների միջազգային հարաբերությունների գրասենյակից: Դասընթացի նպատակն էր միջազգային փորձի փոխանակումը, ինչպես նաև թրաֆիկինգի դեմ պայքարում արդյունավետ քայլերի ներկայացումը:

2009 թ. դեկտեմբերին ԱՄՔՈՐ-ը ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը տրամադրել է «Քրեական իրավունք 2009 թ. հատուկ մաս» (50 օրինակ), «Քրեական իրավունք 2009 թ. ընդհանուր մաս» (50 օրինակ), ինչպես նաև «Տօռգօվլյա լյուդմի վ Ռօսսիյսկօյ Ֆեդեռացիի» (20 օրինակ) և «Սբօռնիկ մետօդիչեսկիխ պօսօբիյ պօ վօպռօսամ բօրյբի ս տօռգօվլեյ լյուդմի» (20 օրինակ) գրքերը:

 

15. «Դեմոկրատիան այսօր» ՀԿ

 

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն UMCOR-ի հետ համագործակցությամբ իրականացրել է «Թրաֆիքինգի զոհերի աջակցում, նրանց ներգրավումը հասարակության մեջ և թրաֆիքինգի զոհերի նկատմամբ զգայուն հասարակության ձևավորում» ծրագիրը:

Ծրագիրը «Թրաֆիքինգի զոհերի աջակցություն» հակաթրաֆիքինգային ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որը «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն իրականացնում է UMCOR-ի հետ համագործակցությամբ` 2004 թ.-ից ի վեր: Ծրագրի հիմնական նպատակը հասարակությանը քաջալերելն է լինել զգայուն թրաֆիքինգի զոհերի նկատմամբ և պաշտպանել նրանց: Սա իրականացվում է տեղեկատվական արշավների միջոցով` համագործակցելով պետական և հասարակական շահագրգիռ գործընկերների հետ: Այս ամենը միտված է նպաստելու զոհերի արդյունավետ սոցիալական վերաինտեգրմանը:

 

16. «Հույս և օգնություն» ՀԿ

 

2009 թ.-ի ընթացքում «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից թրաֆիկինգի կանխարգելման ոլորտում իրականացվել են հետևյալ ծրագրերը:

1. 2007-2009 թթ.-ին Եվրախորհրդի ֆինանսավորմամբ «Հույս և օգնություն» ՀԿ-ն իրականացրեց «Հարավային Կովկասում ՀԿ-ների և Կառավարության համագործակցությունը կանանց և երեխաների թրաֆիկինգի հանդեպ համատեղ պատասխանատվության զարգացում» ծրագիրը:

Ծրագիրն նպատակ ուներ բարձրացնել թրաֆիքինգի զոհերի հետ առնչություն ունեցող իրավապահ մարմինների աշխատակիցների, փաստաբանների, լրագրողների և սոցիալական աշխատողների որակավորումը, Հարավային Կովկասի երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև ուղղակի կապեր հաստատել, տարածաշրջանային ուղղորդման մեխանիզմ հաստատել, բարձրացնել թրաֆիքինգի խնդիրների ուղղությամբ հասարակության իրազեկվածությունը, ստեղծել ապաստանների և թեժ գծերի միջազգային ցանց:

Ծրագրի իրականացման արդյունքում 169 մասնակիցներ (38 լրագրողներ, 94 սոցիալական աշխատողներ, 7 իրավապահ և 30 ԹՏ) ձեռք են բերել գիտելիքներ տեղական և միջազգային օրենսդրությունների վերաբերյալ, ծանոթացել են թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման կարգերին և նրա կիրառման եղանակներին, զոհերի հետ աշխատելու հմտություններին, ստեղծվել են ցանցային համագործակցության հիմքերը Հարավային Կովկասի երկրների հասարակական կազմակերպությունների և պետական ստրուկտուրաների միջև:

2. 2009 թ.-ի հունվարի 5-ին ԱՄՆ դեսպանատան Թմրանյութերի և իրավապահ մարմինների հարցերով միջազգային բյուրոյի ֆինանսավորմամբ ՀԿ-ն սկսեց իրականացնել որակապես մի նոր ծրագիր «Թրաֆիքինգից տուժածների արդյունավետ պաշտպանության, սոցիալական վերաինտեգրման և վերականգնման համակարգի ստեղծում»:

Ծրագիրն ուրույն է նրանով, որ թրաֆիքինգից տուժածները, բացի նախորդ տարիների ծրագրերում նշված օգնություններից (իրավաբանական, սոցիալական, բժշկական, հոգեբանական, ապաստարանով ապահովում), հնարավորություն ունեցան ուսուցանվելու մասնագիտական ուսուցման կենտրոններում` մասնագիտական աշխատանքային հմտություններ ձեռք բերելու նպատակով:

Արդյունքում` 11 թրաֆիքինգից տուժածներ ընդգրկվեցին աջակցության ծրագրում, նրանցից 9-ը ուղղորդվել են իրավապահ մարմինների կողմից, իսկ 2-ը հայտնաբերվել են ՀԿ-ի կողմից: Օգնության հեռախոս թեժ գծի վրա ստացվել են 367 զանգ, որոնցից 11-ը եղել է թրաֆիքինգի ահազանգ և որոնց կապակցությամբ կատարվել են ուսումնասիրություններ: Հրատարակվել և տարածվել են թրաֆիքինգի կանխարգելման հուշաթերթեր:

Նախորդ տարիներին աջակցության ծրագրերում ընդգրկված թրաֆիքինգի տուժածներից 10 շահառու ուղղորդվել են աշխատանքային ուսուցման կենտրոններ և ձեռք են բերել մասնագիտություններ (վարսահարդարություն, մատնահարդարություն, խոհարարություն, սեղանի ձևավորում): Նրանցից առնվազն 5-ը հետագայում ստացել են աշխատանք` իրենց ուսուցանված մասնագիտությամբ, և հնարավորություն ունեցել վերաինտեգրվել հասարակության մեջ` խուսափելով կրկնազոհացումից:

3. 04.05.2009 թ. - 31.05.2009 թ. «Հույս և օգնություն» ՀԿ-ն Աշխատանքի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացրել է «Իրավապահ մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացում թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել իրավապահ մարմինների աշխատակիցների միջև (դատարան, ոստիկանություն, դատախազություն, անվտանգություն, աշխատանքի տեսչություն) արդյունավետ համագործակցության ձևավորմանը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) և հարկադիր աշխատանքի դեպքերի կանխարգելման հարցում:

Ծրագրի խնդիրներն էին բարձրացնել իրավապահ մարմինների աշխատակիցների իրազեկությունը թրաֆիքինգին վերաբերող միջազգային և տեղական օրենսդրության վերաբերյալ, ծանոթացնել իրավապահ մարմինների աշխատակիցներին Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի ուղղորդման Ազգային կարգի պահանջներին:

Ծրագրի ընթացքում կազմակերպվել են ուսուցում-վարժանքներ, որոնց մասնակցել են ք. Երևանի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Արարատի մարզերի 65 իրավապահ աշխատակիցներ:

4. 2009 թ.-ին Եվրախորհրդի ֆինանսավորմամբ «Հույս և օգնություն» ՀԿ-ն, «Մարդը դժբախտության մեջ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում են «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով ՀՀ-ում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում», ծրագիրը:

Ծրագրի նպատակն է պայքարել Հայաստանում երեխաների թրաֆիկինգի դեմ (հայտնաբերում, միջամտություն, կանխարգելում), բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Հայաստանում երեխաների թրաֆիկինգի վերաբերյալ, բարելավել երեխաների պաշտպանության համակարգի հնարավորությունները Հայաստանում երեխաների թրաֆիկինգը կանխարգելելու համար:

Ծրագրի տևողությունը 24 ամիս է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2010
N 10
Արձանագրային որոշում