ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
8 ապրիլի 2010 թվականի N 13
16. ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման հայեցակարգին և տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման ներդրումն ապահովող միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
նիստի N 13 արձանագրային
որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Աշխարհում տեղի ունեցող գործընթացներն անշեղորեն տանում են տեղեկատվական հասարակության ձևավորմանը, որի առանձնահատկություններից են` տեղեկատվության, գիտելիքների, տեղեկատվական տեխնոլոգիաների դերի բարձրացումը հասարակության կյանքում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) արտադրանքի ծավալի աճը ընդհանուր արտադրության ծավալի մեջ, ՏՀՏ ոլորտում աշխատողների թվաքանակի ավելացումը, հասարակության տեղեկատվայնացումը: Գլոբալ տեղեկատվական միջավայրի ձևավորումը պահանջում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաներ, հաղորդակցվի հասարակության անդամների հետ, բավարարի իր տեղեկատվական պահանջները, մուտք գործի համաշխարհային տեղեկատվական շտեմարաններ:
Զարգացման այս միտումները` տեղեկատվության ստացման, մշակման, պահպանման և փոխանցման առումով, բարձր պահանջներ են ներկայացնում հասարակության բոլոր անդամների, առավել ևս` աշխատանքային շուկայում մասնագետների գիտելիքների և հմտությունների մակարդակին: Այսօր տեղեկատվության հետ աշխատանքը չի կարելի պատկերացնել առանց համակարգիչների, թվային այլ տեխնոլոգիաների և ժամանակակից կապուղիների: Դրանք, լինելով մարդու մտքի թռիչքի արդյունքը, մնում են սոսկ սարքեր, որ ազատում են մարդուն մեծածավալ մեխանիկական աշխատանք կատարելուց: Տեղեկատվության հետ արդյունավետ աշխատանքի կարևորագույն երաշխիքներն են` հասարակության անդամի տեղեկատվական մշակույթը (կուլտուրան), վերլուծական և լեզվատրամաբանական հմտությունները:
Հասարակության լիարժեք և ակտիվ անդամ, աշխատաշուկայում մրցունակ մասնագետ «աճեցնելու» համար անհրաժեշտ է ներկայացվող բարձր պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, որի պարտադիր պայման է ՏՀՏ-ի ներդրումը կրթության մեջ, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի առարկաների միջանցիկ և անընդհատ դասավանդումը կրթության բոլոր աստիճաններում` սկսած տարրականից: Դա թույլ է տալիս ապահովել`
- ուսումնական նյութի մեծ ծավալի ուսումնասիրությունը,
- ձևավորել նորագույն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և սարքերի հետ աշխատանքի հմտություններ,
- սովորողների մոտ ձևավորել արժեքային համակարգ` հիմնված ազգային և համաշխարհային արժեքների վրա:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՀՏ-Ի ԴՐՎԱԾՔԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած կրթության քաղաքականության համատեքստում մեծ դեր ունի ՏՀՏ ներդրումը հանրակրթության մեջ: ՏՀՏ-ի արդյունավետ ներդրումն ապահովելու նպատակով իրականացվում են գործնական ծրագրեր`
- հանրակրթության կրթակարգում սահմանվել են ՏՀՏ դերն ու նպատակները,
- հանրակրթական դպրոցներն ապահովվում են համակարգչային տեխնիկայով,
- ստեղծված են համակարգչային տեխնիկայի շահագործման և թարմացման մեխանիզմներ,
- արագ տեմպերով աճում է դպրոցների և կրթական այլ կառույցների ընդգրկումը համակարգչային ցանցում,
- 2006 թվականից իրականացվել և շարունակվում է «Համակարգչային գրագիտություն» և «ՏՀՏ-ն դասապրոցեսում» ծրագրի ուղղություններով ուսուցիչների վերապատրաստումը,
- «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդումն սկսվում է 6-րդ դասարանից,
- մշակվել են «Ինֆորմատիկա» առարկայի 6-9-րդ դասարանների ուսումնական գործընթացը, ծրագրերն ու չափորոշիչները, դասագրքերը, ինչպես նաև ավագ դպրոցի հոսքային դասարանների ուսումնական ծրագրերն ու չափորոշիչները,
- ստեղծվել և դպրոցներին են բաժանվել հայալեզու թվային ուսումնական նյութեր` տարբեր առարկաների դասավանդման ժամանակ օգտագործելու համար:
Այսօրվա առաջին դասարանցին դպրոցն ավարտելու է 2021 թվականին, երբ բարձր պահանջներ կներկայացվեն շրջանավարտներին` տեղեկատվության որոնման, մշակման, փոխանցման և պահպանման առումով: Դպրոցի շրջանավարտի` ՏՀՏ ոլորտի մեծ ծավալի գիտելիքներն ու հմտություններն անհրաժեշտ հիմք կապահովեն կրթությունը շարունակելու և աշխատաշուկայում (այդ թվում նաև միջազգային) պատշաճ տեղ գտնելու համար:
Հաշվի առնելով, որ երեխաների մտածելակերպը, լեզվատրամաբանությունը, սովորելու և հաղորդակցվելու կարողությունները ձևավորվում են տարրական դպրոցում` համակարգչային հմտությունների ուսուցումը անհրաժեշտ է սկսել 2-րդ դասարանից: Դա թույլ կտա սովորողների մոտ զարգացնել անհրաժեշտ տեղեկատվական մշակույթ, սովորողին հաղորդել գիտելիքների մեծ ծավալ և ձևավորել արժեքային համակարգ ու անհրաժեշտ այն հմտությունները, որոնք պետք է ունենա դպրոցի շրջանավարտը մոտ ապագայում:
Տեխնոլոգիաներին տիրապետելու հմտություններն ու գիտելիքներն ուսումնառության ընթացքում կբարձրացնեն կրթության որակը, կընդլայնեն սովորողների ստեղծագործական աշխատանքի հնարավորությունները, թույլ կտան սովորողներին հաղորդակցվել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի իրենց հասակակիցների հետ:
III. ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՏԵՂԸ ԵՎ ԿԱՊՆ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏ
ՈՒսումնառության առաջին օրից աշակերտներն, օգտագործելով դասագրքերը, աշխատանքային տետրերը, նկարչական ալբոմները, տեսաերիզները և ձայներիզները, աշխատում են տարբեր տիպի տեղեկատվության հետ` սովորում են ստանալ, պահպանել, վերլուծել և հաղորդել տեղեկատվությունը: Սա նշանակում է, որ «Ինֆորմատիկա» առարկայի հիմնական տարրերը առկա են ուսումնառության առաջին իսկ օրից: Սկզբնական այս փուլում շատ կարևոր է ընդգծել տեղեկատվության հետ աշխատանքի կանոնները բոլոր առարկաների ուսուցման ընթացքում:
Լինելով ճշգրիտ առարկաներից մեկը` «Ինֆորմատիկան» պետք է դասավանդվի այլ առարկաների հետ ինտեգրված: Ինֆորմատիկայի դասավանդումը տարրական դպրոցում այն նախապատրաստական փուլն է, որը թույլ կտա միջին և ավագ դպրոցում խորությամբ ուսումնասիրել ինֆորմատիկան որպես գիտություն, ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատանքի հմտություններ:
Տարրական դպրոցում ինֆորմատիկայի դասավանդման հիմքում ընկած են այլ առարկաներից ստացված գիտելիքների` այբուբենի, թվերի, թվաբանական գործողությունների, հեքիաթների հերոսների, վարվելակերպի կանոնների և այլնի համակարգումը, համակարգչի` որպես գործիքի հետ ծանոթանալը: «Ինֆորմատիկա» առարկայի դասերին աշակերտները կսովորեն համակարգել, փոխկապակցել իրենց շուրջը տեղի ունեցող գործընթացները, կատարել տրամաբանական հետևություններ, հաղորդակցվել:
Տարրական դասարանի աշակերտները տարբեր աղբյուրներից պատկերացում ունեն համակարգչի մասին, շատերն ունեն դրա օգտագործման սահմանափակ կարողություններ: Ինֆորմատիկայի դասերին աշակերտները կսովորեն ընկալել համակարգիչը որպես գործիք, համակարգված գիտելիքներ կստանան համակարգչի հետ աշխատելու համար, կյուրացնեն համակարգչով աշխատելու օրինաչափություններն ու ինֆորմատիկայի հիմնական օրենքները: Համակարգչի հետ աշխատանքի հմտությունները լայն հնարավորություններ կստեղծեն հետագա ուսումնառության համար:
2-4-րդ դասարաններում համակարգչային հմտությունների ուսուցումը նաև նպատակ ունի աշակերտների համար ստեղծել օտար լեզուն սովորելու հոգեբանական և դիդակտիկ պայմաններ` օգտագործելով համակարգչի լայն հնարավորությունները:
Տարրական դասարաններում «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդումը բաղկացած է երկու բաղադրիչներից` տեսական և գործնական:
Տեսական բաղադրիչը նախատեսում է ծանոթացում ինֆորմատիկայի հիմնական հասկացություններին, թեմաների և հասկացությունների շարադրման բարդությունը որոշվում է այդ տարիքի երեխաների կարողություններին համապատասխան: Օգտագործվող օրինակներն ընդգրկում են այլ առարկաներից ծանոթ ուսումնական նյութը:
Գործնական բաղադրիչը նախատեսում է գործնական աշխատանքների կատարում, խնդիրների լուծում, որոնց կատարման համար կիրառվում են սովորողներին ծանոթ գործողություններ, քայլեր: Սովորողները տարրական դպրոցում ստանում են նաև համակարգչի հետ աշխատելու տարրական գիտելիքներ` վարվելակերպը համակարգչի հետ աշխատելուց, գործողությունների իրականացում մկնիկի միջոցով, աշխատանք ստեղնաշարի հետ:
Ընդհանուր առմամբ, յուրացնելով ինֆորմատիկայի ուսումնական նյութը, սովորողները ամրապնդում են այլ առարկաներից ստացված տեղեկատվությունը, սովորում դա կիրառել կյանքում:
Տարրական դպրոցում ինֆորմատիկայի դասավանդման նպատակներն են` ալգորիթմական մտածելակերպի, տեղեկատվական մոդելներ կառուցելու, գործողությունները պլանավորելու, հաղորդակցվելու, համակարգչային տեխնիկայից օգտվելու հմտությունների ձևավորումը:
Տարրական դասարաններում «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման սկզբունքները բխում են հանրակրթական դպրոցում ինֆորմատիկայի միջանցիկ դասավանդման սկզբունքից, շրջանավարտին ներկայացվող պահանջներից և սովորողների տարիքային առանձնահատկություններից:
Տարրական դասարաններում Ինֆորմատիկա առարկայի դասավանդումը հիմնված է առարկայական չափորոշչի և ծրագրի վրա: Հաշվի առնելով, որ այդ տարիքի սովորողների գործունեության հիմնական ձևը խաղն է` ինֆորմատիկայի դասավանդման մեթոդների հիմքը խաղային միջավայրն է, կարելի է կիրառել նախագծերի մեթոդը, այլ մեթոդներ, որոնք համապատասխանում են սովորողների տարիքային առանձնահատկություններին և բարձրացնում են դասավանդման արդյունավետությունը: Համակարգչային տեխնոլոգիաներին տիրապետելու համար նախատեսվում է հատուկ հայալեզու միջավայր, որը թույլ կտա սովորողներին առանց դժվարությունների տիրապետել նախատեսված հմտություններին: Այդպիսի ուսուցանող միջավայրը թույլ կտա բոլոր դպրոցներում դասավանդել միանման մոտեցումներով, հասնել որոշակի հաստատուն արդյունքի: Դասի կառուցվածքը, ուսումնական նյութը պետք է բաժանվեն այնպես, որ պահպանվի համակարգչի հետ աշխատանքի անվտանգության կանոնները և սանիտարահիգիենիկ նորմերը:
«Ինֆորմատիկա» առարկայի դասավանդումն իրականացնում են դասվարները:
Հաշվի առնելով տարրական դպրոցում ինֆորմատիկայի դասավանդման առանձնահատկությունները` անհրաժեշտ է`
մշակել 12-ամյա դպրոցի 2-12-րդ դասարաններում ինֆորմատիկայի դասավանդման չափորոշիչներն ու ծրագրերը կրթական բոլոր աստիճանների համար,
մշակել, փորձարկել և ներդնել հայալեզու էլեկտրոնային ուսուցողական միջավայր,
ստեղծել տարրական դպրոցի աշակերտների համար նախատեսված տպագիր ուսումնական ռեսուրսներ,
իրականացնել դասվարների մասնագիտական զարգացման ծրագիր:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
նիստի N 13 արձանագրային
որոշման
Ցանկ
տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման
ներդրումն ապահովող միջոցառումների
._____________________________________________________________________.
|Միջոցառման անվանումը|ժամկետը |ֆինանսավորման|Պատաս- |Ակնկալվող |
| | |աղբյուրը |խանատու |արդյունքներ |
|____________________|_________|_____________|_________|______________|
|1. Տարրական |2010 թ. |Ֆինանսավորում|ՀՀ |Տեղեկանք - |
|դասարաններում |ապրիլ |չի պահանջում |կրթգիտնախ|հաշվետվություն|
|Ինֆորմատիկայի | | | | |
|դասավանդման | | | | |
|տեղական և | | | | |
|արտասահմանյան | | | | |
|փորձի | | | | |
|ուսումնասիրություն | | | | |
|____________________|_________|_____________|_________|______________|
|2. 2-րդ դասարանի |2010 թ. |Ֆինանսավորում|ՀՀ |Աշակերտին |
|ավարտին |ապրիլ |չի պահանջում |կրթգիտնախ|ներկայացվող |
|Ինֆորմատիկայից | | | |գիտելիքների, |
|աշակերտի | | | |կարողություն- |
|գիտելիքների, | | | |ների և |
|կարողությունների և | | | |հմտությունների|
|հմտությունների | | | |ցանկ |
|վերաբերյալ | | | | |
|պահանջների | | | | |
|սահմանում | | | | |
|____________________|_________|_____________|_________|______________|
|3. 2-րդ դասարանի |2010 թ. |«Քվանտ |ՀՀ |Փորձնական |
|առարկաների |մայիս |վարժարան» |կրթգիտնախ|ուսումնական |
|բովանդակությունից` | | | |նյութեր |
|Ինֆորմատիկայի | | | | |
|դասավանդման համար | | | | |
|ուսումնական նյութերի| | | | |
|ընտրություն | | | | |
|____________________|_________|_____________|_________|______________|
|4. ՈՒսուցիչների |2010 թ. |ՀՀ պետբյուջե |ՀՀ |Մասնագիտական, |
|(դասվարների) |հունիս | |կրթգիտնախ|մեթոդական |
|վերապատրաստում | | | |աջակցություն |
| | | | |գիտափորձին |
| | | | |մասնակցող |
| | | | |դասվարներին |
|____________________|_________|_____________|_________|______________|
|5. Աշակերտների |2010 թ. |ՀՀ պետբյուջե |ՀՀ |Աշխատանքային |
|համար աշխատանքային |հուլիս - | |կրթգիտնախ|տետրեր և |
|տետրերի և |օգոստոս | | |ուսուցչի |
|ուսուցիչների համար | | | |ձեռնարկ |
|ուսումնական | | | | |
|ձեռնարկների | | | | |
|տպագրում | | | | |
|____________________|_________|_____________|_________|______________|
|6. ՈՒսումնական |2010 թ. |Ֆինանսավորում|ՀՀ |Գիտափորձի |
|գործընթացի |սեպտեմբեր|չի պահանջում |կրթգիտնախ|ընթացքի |
|մոնիտորինգի |2011 թ. | | |վերահսկում |
|իրականացում |մայիս | | | |
|____________________|_________|_____________|_________|______________|
|7. Գիտափորձի |2011թ. |Ֆինանսավորում|ՀՀ |Գիտափորձի |
|արդյունքների |հունվար -|չի պահանջում |կրթգիտնախ|գնահատման |
|գնահատման |ապրիլ | | |չափանիշներ |
|չափանիշների մշակում | | | | |
|____________________|_________|_____________|_________|______________|
|8. ՈՒսուցման և |2011 թ. |ՀՀ պետբյուջե |ՀՀ |Տեղեկանք - |
|ուսումնառության |մայիս | |կրթգիտնախ|հաշվետվություն|
|գործընթացի | | | | |
|արդյունքների | | | | |
|գնահատում և | | | | |
|ամփոփում | | | | |
|____________________|_________|_____________|_________|______________|
|9. Առարկայական | |Ֆինանսավորում|ՀՀ |Գործող ծրագրեր|
|չափորոշիչների և |2012 թ |չի պահանջում |կրթգիտնախ|և առարկայական|
|ծրագրերի մշակում | | | |չափորոշիչներ |
._____________________________________________________________________.