ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
8 ապրիլի 2010 թվականի N 13
40. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանում Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն բացելու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության անկախ պետությունների համագործակցության, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության միջև կնքվելիք հուշագրին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
նիստի N 13 արձանագրային
որոշման
ՀՈՒՇԱԳԻՐ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը («Ռոսսոտրուդնիչեստվո») (այսուհետև` Կողմեր).
Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետև` ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 14-ի նիստում հաստատված` մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական զարգացման և համագործակցության ռազմավարությանը և
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 1993 թվականի հունվարի 11-ին կնքված գիտատեխնիկական համագործակցության մասին Համաձայնագրի 4-րդ Հոդվածին համապատասխան,
գիտակցելով ազգային ինովացիոն բաց համակարգերի կարևորությունը ինչպես ազգային տնտեսությունների, այնպես էլ երկկողմ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման ապահովման գործում,
հաշվի առնելով գիտության, ինովացիոն գործունեության և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտներում միջպետական համագործակցության կարևորությունը,
հաստատելով երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժի առկայությունը,
ցանկանալով օժանդակել ձեռնարկությունների և կազմակերպությունների, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների ինովացիոն զարգացմանը երկու երկրներում,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
1. Սույն Հուշագրի հիմնական նպատակը Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության բազայի վրա Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի (այսուհետև` ԻՀՌՀԿ) բացումն է:
2. ԻՀՌՀԿ գործունեության հիմնական նպատակը երկու երկրների տնտեսական համագործակցության ինտեգրացիոն գործընթացների օժանդակումն է` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման և ընդլայնման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 2
Սկզբնական փուլում (մինչև 2011 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում) ԻՀՌՀԿ-ն կգործի Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության ներկայացուցչության բազայի վրա: 2011 թվականի հունվարի 1-ից ԻՀՌՀԿ-ն կկազմակերպվի անկախ իրավաբանական անձի կարգավիճակով:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը համաձայնել են համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով.
ա) Տեղեկատվական և կազմակերպական փոխադարձ աջակցություն.
. ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով խորհրդատվական ծառայությունների կազմակերպման գործում.
. ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով ուսումնական դասընթացների, սեմինարների, գիտաժողովների, շնորհանդեսների կազմակերպման գործում.
. ինովացիոն նախագծերի հավաքագրմանն ու ընտրությանն ուղղված միջոցառումների կազմակերպման և մեխանիզմների մշակման գործում.
. գործընկերներ գտնելու և համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու գործում օժանդակության` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:
բ) Համագործակցություն միջպետական ինովացիոն համակարգի ձևավորման ոլորտում, ինչպես նաև ԱՊՀ միջպետական ինովացիոն տարածքի ձևավորման գործում:
ՀՈԴՎԱԾ 4
Կոնկրետ նախագծերը կիրականացվեն Կողմերի շահագրգիռ սուբյեկտների միջև կնքված առանձին Համաձայնագրերի շրջանակներում:
ՀՈԴՎԱԾ 5
Երկկողմ համագործակցության հարցերի համակարգման և աշխատանքային պլանի մշակման նպատակով Կողմերը կնշանակեն պատասխանատու անձանց:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Հուշագրի գործողության արդյունքում ծագած վեճերը, որոնք առնչվում են դրա կիրարկմանը կամ մեկնաբանմանը, կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել առանձին արձանագրություններով ձևակերպվող փոփոխություններ և լրացումներ, որոնք դրա անբաժանելի մասերն են և ուժի մեջ են մտնում սույն Հուշագրի 8-րդ Հոդվածով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 8
1. Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
2. Սույն Հուշագիրը կնքվում է անժամկետ և գործում է մինչև դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին Կողմերից մեկի գրավոր ծանուցումը մյուսի կողմից ստանալու օրվանից վեց ամիս լրանալը:
Կատարված է Երևանում 2010 թվականի ապրիլի -ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն:
Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների ծագման դեպքում որոշիչ կլինի ռուսերեն տեքստը:
Հայաստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Հայաստանի Հանրապետության «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի
էկոնոմիկայի նախարար ղեկավար
Ն. Երիցյան Ֆ. Մուխամետշին
_______________________ ______________________
-------------------------
ԻՐՏԵԿ - ռուսերեն տարբերակը չի բերվում