Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ...

 

 

020.0875.200410

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 ապրիլի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 16.03.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. դեկտեմբերի 10-ին Երևանում` երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների կարգավորման նպատակով:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածը, որը սահմանում է երթուղիների ցանկը:

3. Համաձայնագրով սահմանված են սերտիֆիկատների և լիցենզիաների ճանաչման, ավիաընկերությունների նշանակման և շահագործման թույլտվության տրամադրման, օդային ուղիների շահագործման թույլտվության մերժման, չեղյալ ճանաչման կամ կասեցման կարգն ու պայմանները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- մյուս կողմին տրամադրել համաձայնագրով սահմանված իրավունքները համաձայնագրի հավելվածում սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցությունները շահագործելու նպատակով,

- ավիաընկերությունների նշանակման մասին տեղեկություն ստանալուն պես նվազագույն ընթացակարգային հետաձգումներով տրամադրել շահագործման համապատասխան լիազորությունները և թույլտվությունները,

- եթե օդային ուղիների չեղյալ ճանաչելը, կասեցնելը կամ համաձայնագրով նախատեսված այլ պայմաններ սահմանելն էական չեն օրենքների և/կամ կանոնակարգերի հետագա խախտումները կանխելու նպատակով, ապա նման իրավունքն իրականացնել միայն մյուս կողմի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո,

- մյուս կողմի նշանակած ցանկացած ավիաընկերության օդանավի համար օդանավակայանների և այլ ավիացիոն միջոցների օգտագործման դիմաց չգանձել ավելի բարձր վճարներ, քան նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություններ շահագործող ազգային ավիաընկերությունից գանձվող վճարներն են,

- մյուս կողմի նշանակած ազգային օդանավերը, դրանց սովորական սարքավորումները, պահեստամասերը, վառելիքի և քսայուղերի պաշարները, օդանավում գտնվող պաշարներն ազատել բոլոր տեսակի մաքսատուրքերից, տեսչական և նմանատիպ այլ վճարներից` պայմանով, որ այդ սարքավորումները, պահեստամասերը և պաշարները մնալու են օդանավում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն վերաարտահանվել, օգտագործվել կամ սպառվել օդանավերի թռիչքի ընթացքում,

- ՀՀ տարածքում մաքսատուրքերից և հարկերից ազատել ՀՀ տարածք ներմուծված անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպիսիք են չվացուցակները, ավիատոմսերը և բեռնագրերը` նախատեսված մյուս կողմի նշանակած ավիաընկերության օգտագործման համար,

- հաղորդակցությունների շահագործումից առնվազն երեսուն օր առաջ մյուս կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնել չվերթերի ծրագրերը,

- ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները` վերացնելու համար խտրականության բոլոր դրսևորումները կամ անարդար մրցակցային գործելակերպը, ինչպես նաև երաշխավորել համաձայնագրի հավելվածում սահմանված ցանկացած երթուղում համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելու` արդար և հավասար հնարավորությունները,

- տրամադրել անհրաժեշտ ողջ աջակցությունը` կանխելու համար օդանավերի ապօրինի զավթման գործողությունները և օդանավերի, ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և աերոնավիգացիոն միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք,

- ժամանակ առ ժամանակ անցկացնել խորհրդակցություններ` ապահովելով համաձայնագրի և դրան կից հավելվածի դրույթների կիրառումը, ինչպես նաև համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ առաջացած ցանկացած վեճ առաջին հերթին կարգավորել բանակցությունների միջոցով:

5. Համաձայնագիրն ամրագրում է դրույթներ, որոնք վերաբերում են ավիացիոն անվտանգությանը, սահմանված են նաև օրենքների և կանոնակարգերի կիրառման, վեճերի կարգավորման, համաձայնագրում փոփոխությունների կատարման, համաձայնագրի դադարեցման և ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2009 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 ապրիլի 2010 թվականի

ՍԴՈ-875

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.04.2010
N ՍԴՈ-875
Որոշում