Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 274-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 274-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական          Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1497/02/09

    դատարանի որոշում                                                 2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1497/02/09

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նարեկ Շահինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Նարեկ Շահինյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Նարեկ Շահինյանին վերադարձնել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 863 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 18.03.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարեկ Շահինյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից չի ապացուցվել, որ «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 863 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվել է Նարեկ Շահինյանի տիրապետման ներքո, ինչպես նաև չի հիմնավորվել, որ ավտոմեքենան «ամրակցված» է եղել բողոք բերած անձին: Գործում բացակայում են այդ մասին վկայող ընդունման-հանձնման կամ այլ ակտերի բնօրինակները:

Ավելին, Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել և պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ մինչև քաղաքացիական գործի քննությունը Նարեկ Շահինյանն ավտոմեքենան հանձնել է, և այն գտնվել է Երևանի Ա. Վշտունի թիվ 73 հասցեում, որն Ընկերության գործունեության նախկին հասցեն է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.07.2009 թվականի որոշումը, այն փոփոխել և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 31.05.2008 թվականին Ընկերության տնօրենի հրամանով լուծվել է Ընկերության և վարորդ առաքիչ Նարեկ Շահինյանի միջև 06.03.2008 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը և նույն հրամանով հանձնարարվել է Ընկերության ավտոհավաքակայանի պետին կազմակերպել և իրականացնել Նարեկ Շահինյանին կցված «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 863 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենայի հանձնում-ընդունում (գ.թ. 55):

2. Սույն գործում բացակայում է Ընկերության «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 863 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Նարեկ Շահինյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը հիմնավորող ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): ՈՒստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները դադարել են, հանգել է այն հետևության, որ վեճի առարկա ավտոմեքենան գտնվում է Նարեկ Շահինյանի մոտ:

Մինչդեռ, սույն գործի փաստերով չի հիմնավորվել Ընկերության «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 863 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Նարեկ Շահինյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. ԴՐՄԵՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ԵԱԴԴ/1497/02/09
Որոշում