Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական          Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0335/02/09

    դատարանի որոշում                                                 2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0335/02/09

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Ա. Մկրտչյան

Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Հարությունյանի ընդդեմ Քաղաքապետարանի, ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Մարաշի տարածքային ստորաբաժանման` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Գագիկ Հարությունյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Մ. Հերացու 14/2 տան հողամասին կից 30 քմ տարածքի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է ճանաչել Գագիկ Հարությունյանի սեփականության իրավունքը Մ. Հերացու 14/2 տան հողամասին կից 17.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը, «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գագիկ Հարությունյանի սեփականության իրավունքը կարող է ճանաչվել միայն Երևանի քաղաքապետի, այլ ոչ թե դատարանի որոշման հիման վրա:

Վերաքննիչ դատարանը հողամասի նկատմամբ ճանաչել է Գագիկ Հարությունյանի սեփականության իրավունքը, առանց պարզելու` արդյոք այն համապատասխանում է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել Երևանի քաղաքապետարանի մերժումը` պատճառաբանելով, որ չնայած Գագիկ Հարությունյանի իրավունքները գրանցվել են 2001 թվականի մայիսի 15-ից հետո, այնուամենայնիվ նրա իրավանախորդ Սերյոժա Հարությունյանի իրավունքները գրանցվել են դեռևս 1989 թվականից, ավելին 17.0 քմ մակերեսով հողամասը դեռևս 1992 թվականից որոշվել է ամրակցել այդ հողատարածքին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 11.02.2005 թվականի թիվ 1292729 սեփականության իրավունքի վկայականով գրանցվել են հայցվորի իրավունքները, որը թույլ է տալիս ենթադրելու, որ իրավունքների պետական գրանցման պահին հողազավթում առկա չի եղել, հակառակ դեպքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «ա» կետի համաձայն կմերժվեր գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

1. ՀՍՍՀ ժողովրդական դեպուտատների Մյասնիկյանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 14.09.1989 թվականի թիվ 21/38 որոշման համաձայն` Երևանի Մ. Հերացու 14/2 հասցեի 240 քմ հողամասը ամրակցվել է Սերյոժա Հարությունյանին, իսկ դրա վրա կառուցված տունը ճանաչվել է օրինական (գ.թ. 9):

2. Գագիկ Հարությունյանը Սերյոժա Հարությունյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգն է (գ.թ. 13):

3. Գագիկ Հարությունյանին հասցեագրված Քաղաքապետարանի 19.01.2009 թվականի թիվ 20-ել-251 գրությամբ նշվել է. «Համաձայն 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի կիրառման մասին 30.10.2008թ. պաշտոնական պարզաբանման, «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը չի կիրառվում այն բնակելի տների նկատմամբ, որոնց նկատմամբ իրավունքները պետական գրանցում են ստացել 2001 թվականի մայիսի 15-ից հետո որևէ գործարքի, որոշման, դատարանի վճռի կամ այլ իրավական ակտի հիման վրա: Նկատի ունենալով, որ Ձեր տունը պետական գրանցում է ստացել 11.02.2005թ., Ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ» (գ.թ. 15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում)` քաղաքացիներին պատկանող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավելի օգտագործվող` մինչև 300 քառակուսի մետր սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և (կամ) բնակելի նշանակության օժանդակ շինությունները, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա սույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, որի (որոնց) սեփականությունը համարվող հողամասին կից է ավելի օգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Նշված օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի որոշումը:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավելի օգտագործվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքերը, սահմանել է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար միայն մեկ հիմք, այն է` Երևանի քաղաքապետի որոշումը:

Հետևաբար, Գագիկ Հարությունյանի Մ. Հերացու 14/2 տան հողամասին կից 30 քմ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հիմքը Երևանի քաղաքապետի որոշումն է:

Մինչդեռ, սույն գործով Գագիկ Հարությունյանը Երևանի Մ. Հերացու 14/2 տան հողամասին կից 30 քմ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով դիմել է Դատարան:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով ենթակա չէ դատարանում քննության, հետևաբար սույն գործի վարույթը ենթակա է կարճման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

Սույն գործի վարույթի կարճման պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2009 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. ԴՐՄԵՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ԵԿԴ/0335/02/09
Որոշում