Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ (...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ (ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ) ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ԵՔՐԴ/0269/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՔՐԴ/0269/01/08

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Մ. Սիմոնյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Կ. Աբրահամյանի

                   մասնակցությամբ պաշտպան     Վ. Խաչատրյանի

 

    2009 թվականի դեկտեմբերի 18-ին             Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ամբաստանյալ Արթուր Գրիգորիի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ պաշտպան Վ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. 2007 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի Շենգավիթ համայնքի դատախազությունում հարուցվել է թիվ 11205207 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2008 թվականի մարտի 15-ի որոշմամբ Ա.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի հունիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

2. 2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով` 2009 թվականի փետրվարի 27-ին Ա. Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ ընդդատության:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով Ա. Գրիգորյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը վերաորակել է նույն հոդվածի 1-ին մասով և «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով Ա. Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել: Ա. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով:

Նույն համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ` Ա.Գրիգորյանն ազատվել է պատժի կրումից:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը բեկանելու մասին:

Ա. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման 2 տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 4 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա. Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատժի մեջ հաշվակցվել է Ա. Գրիգորյանի` կալանքի տակ գտնվելու 9 ամիս 14 օր ժամկետը, և նրան թողնվել է կրելու ազատազրկում 3 տարի 8 ամիս 16 օր ժամկետով:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա. Գրիգորյանի պաշտպան Վ. Խաչատրյանը:

Վճռաբեկ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

5. Ա. Գրիգորյանը դատապարտվել է հետևյալ արարքների համար.

Ա. Գրիգորյանը 2007 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 22:30-ի սահմաններում, տեսնելով Երևանի Արտաշիսյան և Շևչենկո փողոցների խաչմերուկում, Արագածի 6 հասցեում գտնվող «Մոնոտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Լյուքս» համալիրի մոտ վիճաբանող Կարեն Գրիշյանին և նշված համալիրում իր ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Շենգավիթի բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Սամվել Զարգարյանին, անհարկի վեճի է բռնվել վերջինիս հետ և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով նրա նկատմամբ, ձեռքերով բռնել է Ս. Զարգարյանի համազգեստից, քաշքշել ու հայհոյել է: Վիճաբանության ու հայհոյանքի ձայները լսելով` «Լյուքս» համալիրից դուրս են եկել երկու աշխատակիցներ և համալիրի համասեփականատեր Միհրան Մաթոսյանը, որը, տեսնելով Ս. Զարգարյանի նկատմամբ կիրառվող բռնությունը, մոտեցել է նրանց, Ա. Գրիգորյանին ուժով հեռացրել Ս. Զարգարյանից, որի ընթացքում պոկվել է վերջինիս ոստիկանական փողկապը: Այնուհետև Ա. Գրիգորյանը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալով Ս. Զարգարյանի և Մ. Մաթոսյանի հասցեին, Շևչենկո փողոցով դիմել է փախուստի և շուրջ 12 մետր հեռանալուց հետո իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող, հրազեն չհանդիսացող ատրճանակով կրակոցներ է արձակել իրենից շուրջ 5 մետր հեռավորության վրա գտնվող Մ. Մաթոսյանի ուղղությամբ, ապա հայհոյանքներ տալով` հեռացել է:

Ա. Գրիգորյանի խուլիգանական գործողությունների հետևանքով, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և Մ.Մաթոսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու փորձով, շուրջ 10 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և խանգարվել «Լյուքս» համալիրի աշխատանքը:

6. Սույն գործով առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է` «Ըստ Արթուր Գրիգորյանի բոլոր ցուցմունքների, որպիսիք հաստատվել են վկաների ցուցմունքներով, նա վկա Մաթոսյանի կողմից տապալվելով գետնին` անմիջապես դիմել է փախուստի և հետապնդվելով վերջինիս կողմից` վախից օդ է կրակել, այդ կրակոցով որևէ վտանգ չի առաջացրել, այլ կարողացել է խուսափել հետագա հետապնդումից, անխափան հեռանալ դեպքի վայրից:

Այս ցուցմունքներին հակառակ ապացույցներ ձեռք չեն բերվել:

(...)

Դատարանը եկավ այն հետևության, որ ամբաստանյալ Արթուր Գրիգորյանը փախուստի դիմելու ընթացքում` վկաների հասցեին հայհոյանքներ տալով, հետապնդումից խուսափելու նպատակով օդամղիչ ատրճանակից օդ կրակելով, կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմին, ուստի ամբաստանյալ Արթուր Գրիգորյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից պետք է վերաորակել նույն հոդվածի 1-ին մասով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 97):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է` «Վերաքննիչ դատարանը, գնահատության ենթարկելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, գտնում է, որ դատարանի հետևությունները և հիմնավորումներն ամբաստանյալ Ա.Գրիգորյանի հանցավոր արարքը խուլիգանության դրվագով վերաորակելու առումով անհիմն են և չեն բխում ինչպես գործող օրենսդրության, այնպես էլ քրեական գործով ձեռք բերված ապացույցներից» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 143):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:

Ըստ բողոքաբերի` ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կվկայեին, որ Ա.Գրիգորյանն իր մոտ գտնվող, հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Բողոք բերած անձը շեշտում է, որ Ա. Գրիգորյանը, Մ. Մաթոսյանի կողմից վայր գցվելուց հետո դիմելով փախուստի, նկատել է, որ վերջինս հետապնդում է իրեն և ցանկանալով ազատվել հետապնդումից` իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել է օդ, իսկ այն հանգամանքը, որ նա կրակել է Մ.Մաթոսյանի և Ս. Զարգարյանի ուղղությամբ և իրական վտանգ առաջացրել վերջիններիս համար, հաստատված չէ պատշաճ ապացույցներով:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Ա.Գրիգորյանի կողմից հրազեն չհանդիսացող ատրճանակով կրակոցներ արձակելը արդյո՞ք վկայում է նրա արարքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշների առկայության մասին:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն`

«1. Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (...):

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով (...):

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,

3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից,

4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,

5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով`

(...):

4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ

(...)»:

12. Ա. Խաչատրյանի վերաբերյալ գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն» (տե՛ս Արման Մհերի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 24-ի ՎԲ-223/06 որոշումը):

13. Վերոշարադրյալի վերլուծությունից բխում է, որ խուլիգանության ինչպես հասարակ, այնպես էլ որակյալ հանցակազմերի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է արարքում խուլիգանական մղումների առկայությունը: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, այն է` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանությունը ենթադրում է խուլիգանական մղումների առկայություն, հակառակ պարագայում` արարքը չի կարող որակվել վերոնշյալ հատկանիշով:

14. Սույն գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալ Ա. Գրիգորյանի և ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակից Ս. Զարգարյանի միջև տեղի ունեցող վիճաբանության ընթացքում Ա. Գրիգորյանը, վկա Մ. Մաթոսյանի միջամտությամբ հեռացվելով ոստիկանության աշխատակցից, վայր է ընկել և անմիջապես ոտքի բարձրանալով` դիմել է փախուստի: Ընդ որում, հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակն այդ ընթացքում գտնվել է ամբաստանյալի մոտ և վերջինս այդ ընթացքում որևէ կերպ չի փորձել օգտագործել այն` Մ.Մաթոսյանի և Ս. Զարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու կամ այդպիսի սպառնալիք ստեղծելու նպատակով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Քրեական գործի նյութերով հաստատված է, որ Ա. Գրիգորյանի փախուստի ընթացքում Մ. Մաթոսյանը հետապնդել է նրան, որի ժամանակ ամբաստանյալը, գրպանից հանելով օդամղիչ ատրճանակը, դրանով կրակոցներ է արձակել: Նշվածի մասին իրենց ցուցմունքներում հայտնել են ինչպես ամբաստանյալ Ա. Գրիգորյանը, այնպես էլ վկաներ Մ. Մաթոսյանը, Ս. Զարգարյանը, Լ. Բադալյանը, Ս. Դալլաքյանը:

Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Ա.Գրիգորյանը ցուցմունք է տվել այն մասին, որ փախուստի ընթացքում նկատելով, որ իրեն հետապնդում է Մ. Մաթոսյանը, վախենալով, որ իրեն կծեծեն, հետապնդումից խուսափելու նպատակով իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով երկու անգամ կրակել է օդ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերոշարադրյալից հետևում է, որ Ա. Գրիգորյանի կողմից օդամղիչ ատրճանակով օդ կրակելն ուղղված չի եղել հասարակական կարգի դեմ և թելադրված` շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, այսինքն` չի կատարվել խուլիգանական մղումներից ելնելով:

Այսինքն` միջադեպից հետո փախուստի դիմելու ընթացքում Ա.Գրիգորյանի կողմից իր մոտ գտնվող, հրազեն չհանդիսացող ատրճանակով կրակոցներ արձակելը չի վկայում նրա արարքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշների առկայության մասին:

15. Ի լրումն վերոգրյալ դատողությունների` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհերքեր ամբաստանյալ Ա.Գրիգորյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել` Մ. Մաթոսյանի հետապնդումից խուսափելու նպատակով և կհաստատեր այն հանգամանքը, որ ամբաստանյալը գործել է խուլիգանական մղումներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի (...)»:

Հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում առկա դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակի գործադրմամբ խուլիգանություն, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ ամբաստանյալ Ա. Գրիգորյանի մեղավորությունը հաստատված չէ, ուստի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Ա. Գրիգորյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն որակելու իրավական հարցի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արթուր Գրիգորիի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.12.2009
N ԵՔՐԴ/0269/01/08
Որոշում