Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ306-ՐԴ, 317-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ306-ՐԴ, 317-ՐԴ ԵՎ 332-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական          Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ2/0053/02/08

    դատարանի որոշում                                                 2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ2/0053/02/08

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սլավիկ Ավետիսյանի և Վանիկ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2009 թվականի որոշման դեմ ըստ հայցի Սլավիկ Ավետիսյանի և Վանիկ Խաչատրյանի ընդդեմ Արուսյակ Օթարյանի, Վրեժ Օթարյանի, Գոռ Գասպարյանի, երրորդ անձինք` Երևանի Նոր Նորք նոտարական գրասենյակի, Արարատի նոտարական գրասենյակի` առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) գրանցամատյանում կատարված գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Սլավիկ Ավետիսյանը և Վանիկ Խաչատրյանը պահանջել են անվավեր ճանաչել 02.10.2002 թվականի Վանիկ Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և Արուսյակ և Վրեժ Օթարյանների անվամբ Կադաստրի գրանցամատյանում կատարված գրանցումը, կիրառելով գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Գոռ Գասպարյանի և Արուսյակ ու Վրեժ Օթարյանների միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և Կադաստրի գրանցամատյանում կատարված գրանցումը` վերականգնելով իրենց խախտված իրավունքը:

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 16.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սլավիկ Ավետիսյանը և Վանիկ Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արուսյակ և Վրեժ Օթարյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի առաջին մասը, որը պետք է կիրառվեր:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է հայցային վաղեմության եռամյա ժամկետի բացթողումը, այն դեպքում, երբ հայցը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի, այսինքն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու հիմքով: Նման պահանջ կարող է Դատարան ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի թիվ ԱՎԴ/0299/01/08 դատավճռով հաստատված հանգամանք է համարվել այն փաստը, որ Արուսյակ Օթարյանի և Սլավիկ Ավետիսյանի միջև 2002 թվականին կնքվել է 2000 ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիր: Փոխառության պայմանագրի ապահովման համար գրավի պայմանագրի փոխարեն 02.10.2002 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Այսինքն` 02.10.2002 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը շինծու գործարք է:

Վճռաբեկ դատարանը 01.02.2008 թվականի թիվ 3-89 (ՏԴ) և 29.02.2008 թվականի թիվ 3-16 (ՎԴ) նախադեպային որոշումներով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման վերաբերյալ արտահայտել է իր դիրքորոշումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

 

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը խաբեության արդյունքում կնքված լինելու վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի մասը կարճելու մասին» 07.12.2007 թվականի որոշմամբ խարդախության դրվագով, արարքում հանցակազմի բացակայության պատճառով Արուսյակ Մանուկի Օթարյանի նկատմամբ գործի վարույթը կարճվել է, իսկ Արուսյակ Օթարյանի հանդեպ քրեական հետապնդումը` դադարեցվել է: 02.10.2002 թվականի առուվաճառքի պայմանագիրը Սլավիկ Ավետիսյանի և Արուսյակ Օթարյանի միջև չի կնքվել, Սլավիկ Ավետիսյանն այդ գործարքի կողմ չի հանդիսացել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վանիկ Խաչատրյանի խնամակալ և Սլավիկ Ավետիսյանի կնոջ` Մարգարիտա Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքվել է Արարատի մարզի Մրգավան համայնքի տան առուվաճառքի պայմանագիր, պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է (գ.թ. 9-10, 14-15):

2) Արուսյակ ու Վրեժ Օթարյանների և Գոռ Գասպարյանի միջև 30.05.2007 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից բխող իրավունքը գրանցվել է (հատոր առաջին գ.թ. 11-13):

3) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանք է համարվել, որ Մարգարիտա Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքվել է Արարատի մարզի Մրգավան համայնքի տան առուվաճառքի պայմանագիր` Արուսյակ Օթարյանի կողմից փոխառությամբ տրամադրված գումարի (2000 ԱՄՆ դոլար) վերադարձելիությունը ապահովելու համար: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 31.06.2008 թվականի որոշմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի դատավճիռը փոփոխվել է միայն Արուսյակ Օթարյանի պատժի մասով (հատոր առաջին գ.թ. 32-52):

4) Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի մասը կարճելու մասին 07.12.2007 թվականի որոշման համաձայն` «քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արուսյակ Օթարյանը և Սլավիկ Ավետիսյանը` առուվաճառքի պայմանագիրը կնքել են փոխառության պայմանագիրը քողարկելու նպատակով, այսինքն` Ա. Օթարյանը դիտավորություն չի ունեցել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով Վ. Խաչատրյանի բնակելի տան նկատմամբ իրավունք ձեռք բերելու այլ նրա դիտավորությունը ուղղված է եղել Ս.Ավետիսյանից տոկոսներ ստանալուն» (հատոր առաջին գ.թ. 117-120):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:

Վերաքննիչ դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձինք դիմելով դատարան խնդրել են անվավեր ճանաչել Վանիկ Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Իսկ տվյալ դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածում սահմանված հայցային վաղեմության ընդհանուր եռամյա ժամկետը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական և փաստական հիմնավորումները:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):

Մինչդեռ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության ընդհանուր եռամյա ժամկետը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված է առոչինչ գործարքի նկատմամբ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջ, որն ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին մասի` կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի առարկա պայմանագրի վիճարկման հայցային վաղեմության ժամկետը չի լրացել:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս օրինակ` «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ Սերգեյ Գաբրիելյան և Վիոլետա Գաբրիելյան` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին տարածքից վտարելու պահանջների մասին թիվ 3-89(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Մարգարիտա Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքվել է Արարատի մարզի Մրգավան համայնքի տան առուվաճառքի պայմանագիր: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանք է համարվել, որ Մարգարիտա Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքվել է Արարատի մարզի Մրգավան համայնքի տան առուվաճառքի պայմանագիր` Արուսյակ Օթարյանի կողմից փոխառությամբ տրամադրված գումարի (2000 ԱՄՆ դոլար) վերադարձելիությունը ապահովելու համար: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 31.06.2008 թվականի որոշմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի դատավճիռը փոփոխվել է միայն Արուսյակ Օթարյանի պատժի մասով:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարգարիտա Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի շինծու լինելը դատավճռով հաստատված, ապացուցման ոչ ենթակա փաստ է:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 26.05.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ՀՔԴ2/0053/02/08
Որոշում