Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ/0047/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/0047/05/09                             2010թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 24.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ Էդիտա Կյուրեղյանի հայցի ընդդեմ Կոմիտեի Արաբկիրի 1 հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 27.11.2008 թվականի թիվ 2303046 ակտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդիտա Կյուրեղյանը պահանջել է վերացնել Տեսչության 27.11.2008 թվականի թիվ 2303046 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 24.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էդիտա Կյուրեղյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճիռ կայացնելիս գտել է, որ Տեսչության 27.11.2008 թվականի թիվ 2303046 ստուգման ակտը կազմելու համար հիմք ծառայած իրացման փաստը բացակայում է, իսկ ներկայացված զեկուցագրերը, հայտարարությունները, ինչպես նաև ակնհայտ առևտրային քանակությամբ ապրանք ներմուծելու հանգամանքը անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը հիմնավորող ապացույց չի համարել:

Դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե իրո՞ք հնարավոր է, որ քաղաքացին ներմուծի 1.410 կիլոգրամ տակդիր և պնդի, թե այն բերվել է անձնական օգտագործման համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 24.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

 

Էդիտա Կյուրեղյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել: Տեսչությունը, հիմնվելով միայն այն փաստի վրա, որ Էդիտա Կյուրեղյանը 22.07.2008 թվականին Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել 1.410 կիլոգրամ մանկական տակդիր, առանց որևէ հիմնավորման նշված փաստը դիտել է որպես ձեռնարկատիրական գործունեության իրականացում: Մինչդեռ, անձի գործողությունները որպես ձեռնարկատիրական գործունեություն որակելու համար անհրաժեշտ է առնվազն հիմնավորել, որ նշված գործողությունների արդյունքում անձը ստացել կամ անվերապահորեն ստանալու էր շահույթ:

Տեսչությունը վիճարկվող ակտը կազմելիս հաշվի չի առել Էդիտա Կյուրեղյանի այն հայտարարությունը, որ նշված ապրանքները ներմուծվել են սեփական սպառման նպատակով, և այն վաճառելու և դրանից շահույթ ստանալու որևէ նպատակ վերջինս չի հետապնդել: Նշված հայտարարությունը չի կցվել նաև վիճարկվող ակտին:

Այսպիսով, Տեսչությունը, չունենալով ոչ մի հիմնավորում և ապացույց այն մասին, որ Էդիտա Կյուրեղյանն իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, զուտ այն պատճառով, որ վերջինս Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել 1.410 կիլոգրամ մանկական տակդիր, այն դիտել է որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:

Վճռաբեկ դատարանը 26.10.2006 թվականի թիվ 3-1758(ՎԴ) քաղաքացիական գործով կայացված որոշմամբ նույնպես արձանագրել է, որ գործունեությունը որպես ձեռնարկատիրական որակելու համար պարտադիր պայման է հանդիսանում շահույթ ստանալու նպատակի առկայությունը:

Տեսչությունը 17.11.2008 թվականին Էդիտա Կյուրեղյանին է ուղարկել 2303046 թիվը կրող ինչ-որ հանձնարարագրի լուսապատճեն, որը գրեթե անընթեռնելի է, իսկ Տեսչության պետի ազգանունն էլ սխալ է գրառված, ինչը չի կարող պատշաճ հանձնարարագրի օրինակ համարվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ Արկադի Դավթյանի և հարկային տեսուչ Արթուր Շահմուրադյանի` Տեսչության պետին ուղղված 12.11.2008 թվականի զեկուցագրի համաձայն` քաղաքացի Էդիտա Կյուրեղյանի մոտ այցելությունից պարզվել է, որ վերջինս Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել «GMC» և «BMW X 5» մակնիշների ավտոմեքենաներ, 5 հատ սառնարան, 5 հատ սպասք լվացող մեքենա, 6 հատ սալօջախ, 5 հատ միկրոալիքային վառարան, 1.410 կիլոգրամ մանկական տակդիր ընդհանուր 14.501.566 ՀՀ դրամ մաքսային արժեքով: Նույն զեկուցագրով նշվել է, որ բազմաթիվ այցելությունների արդյունքում հնարավոր չէր տեսնել նշված ապրանքները (գ.թ. 28):

2) Տեսչության պետի 17.11.2008 թվականի թիվ 2303046 հանձնարարագրի հիման վրա քաղաքացի Էդիտա Կյուրեղյանի մոտ իրականացվել է առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգում (գ.թ. 6):

3) Տեսչության գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ Արկադի Դավթյանը և հարկային տեսուչ Արթուր Շահմուրադյանը Տեսչության պետին ուղղված 17.11.2008 թվականի զեկուցագրով հայտնել են, որ քաղաքացի Էդիտա Կյուրեղյանը հրաժարվել է ստանալ նշված հանձնարարագիրը, որը վերջինիս ուղարկվել է պատվիրված նամակով (գ.թ. 26):

4) Տեսչության 27.11.2008 թվականի թիվ 2303046 ակտի 4-րդ կետի համաձայն` քաղաքացի Էդիտա Կյուրեղյանը 22.07.2008 թվականին Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել 1.410 կիլոգրամ մանկական տակդիր ընդհանուր 1.996.944 ՀՀ դրամ մաքսային արժեքով, որի համար վճարվել է 199.694 ՀՀ դրամ մաքսատուրք և 439.327 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ: Նշված տվյալների համաձայն` վերջինիս համախառն եկամուտը կազմում է 2.636.000 ՀՀ դրամ: Նույն ակտով Էդիտա Կյուրեղյանի նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով կիրառվել է տուգանք համախառն եկամտի 50 տոկոսի չափով` 1.319.000 ՀՀ դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով 4-րդ մասով` 10 տոկոսի չափով` 263.600 ՀՀ դրամ (գ.թ. 4-5):

5) Էդիտա Կյուրեղյանը 12.09.2008 թվականի հայտարարությամբ հայտնել է, որ 2008 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության տարածք ներկրած ապրանքները ներկրվել են անձնական օգտագործման նպատակով (գ.թ. 48):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60.000 դրամից ոչ պակաս):

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ֆիզիկական անձը ցանկացած տեսակի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պարտավոր է ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և հաշվառվել հարկային մարմնում:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է ձեռնարկատիրական գործունեության մեկնաբանման խնդրին` արտահայտելով իրավական դիրքորոշում այն մասին, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև` ձեռնարկատիրական լինելը) որոշելիս անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.

1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,

2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,

3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,

4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի է համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,

5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին,

6. այլ առանձնահատուկ հատկանիշներ (Ձեռնարկատիրական գործունեության նշված մեկնաբանման վերաբերյալ տե՛ս, օրինակ` ըստ Նունե Սահակյանի հայցի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի` ապօրինի տիրապետումից «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ բաժնետոմսերը հետ պահանջելու և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Ստեփան Ախոյանի հայցի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի` սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու նպատակով «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի` ապօրինի տիրապետումից «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ բաժնետոմսերը հետ պահանջելու պահանջների մասին, թիվ 3-1161(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 01.08.2007 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ ներմուծված ապրանքների քանակության ակնհայտ առևտրային գնահատումը դեռևս բավարար չէ անձի` ձեռնարկատիրական գործունեության փաստն ապացուցված համարելու համար: Տեսչության բերած փաստարկներն անբավարար են Էդիտա Կյուրեղյանի գործունեությունը ձեռնարկատիրական որակելու համար: Բացի այդ, Տեսչությունը չի ապացուցել, որ Էդիտա Կյուրեղյանի հիմնական նպատակը գույքն օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

Մինչդեռ, Դատարանի նշված պատճառաբանությունները հիմնավոր չեն, քանի որ Վճռաբեկ դատարանի նշված որոշմամբ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումից ուղղակիորեն հետևում է, որ անձի կողմից մեծ քանակությամբ ապրանքի ներմուծումն այլ հատկանիշների առկայության հետ մեկտեղ նույնպես կարող է վկայել վերջինիս գործունեության ձեռնարկատիրական բնույթի մասին (տե՛ս նաև` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Անդրանիկ Խաչատրյանի` 4.158.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Անդրանիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության` 12.05.2008 թվականի թիվ 2326223 ակտը վերացնելու պահանջի մասին, թիվ ՎԴ3/0253/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Նշվածից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էդիտա Կյուրեղյանն առանց պետական գրանցման և առանց հարկային մարմնում հաշվառման 22.07.2008 թվականին Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել 1.410 կիլոգրամ մանկական տակդիր, նշված ապրանքի քանակից ակնհայտորեն երևում է դրա իրացնելու և շահույթ ստանալու նպատակը և այն նման քանակով անձնական կարիքների համար օգտագործելու անհնարինությունը: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակը հաստատվում է նաև ներկրված ապրանքի տեսակով և նպատակային նշանակությամբ, որը տվյալ դեպքում այլ առանձնահատուկ հատկանիշ է:

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:

Տվյալ դեպքում գործում առկա Տեսչության գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ Արկադի Դավթյանի և հարկային տեսուչ Արթուր Շահմուրադյանի` Տեսչության պետին ուղղված 12.11.2008 թվականի զեկուցագրի բովանդակությունից հետևում է, որ Էդիտա Կյուրեղյանի մոտ կատարված այցելությունների ժամանակ վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներկրված ապրանքները, այդ թվում նաև` 1.410 կիլոգրամ մանկական տակդիրը, չեն ներկայացվել նշված հարկային տեսուչներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1.410 կիլոգրամ մանկական տակդիրը գտնվում է Էդիտա Կյուրեղյանի տիրապետության ներքո, սակայն դրա առկայության վերաբերյալ ապացույցը չի ներկայացվել ինչպես հարկային տեսուչներին, այնպես էլ Դատարանին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էդիտա Կյուրեղյանը պարտավոր էր Դատարանին ներկայացնել նշված ապրանքի` տվյալ պահին առկա քանակի վերաբերյալ ապացույցները: Մինչդեռ, սույն գործում այդպիսի ապացույցներ առկա չեն, որպիսի հանգամանքը հիմք է տալիս եզրակացնելու, որ Էդիտա Կյուրեղյանը 1.410 կիլոգրամ մանկական տակդիրը Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել իրացնելու և շահույթ ստանալու նպատակով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանով բերված փաստարկներին այն մասին, որ Տեսչությունը 17.11.2008 թվականին Էդիտա Կյուրեղյանին է ուղարկել 2303046 թիվը կրող ինչ-որ հանձնարարագրի լուսապատճենը, որը գրեթե անընթեռնելի է, իսկ Տեսչության պետի ազգանունն էլ սխալ է գրառված, ինչը չի կարող պատշաճ հանձնարարագրի օրինակ համարվել, ապա Վճռաբեկ դատարանը նշված փաստարկները համարում է անհիմն, քանի որ Էդիտա Կյուրեղյանի կողմից հայցադիմումին կից ներկայացված Տեսչության պետի 17.11.2008 թվականի թիվ 2303046 հանձնարարագրի օրինակից ակնհայտորեն երևում է, որ այն համապատասխանում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերությամբ սահմանված առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերմանն ուղղված ստուգման ժամանակ ստուգման հանձնարարագրին ներկայացվող պահանջներին, մասնավորապես` վերոգրյալ հանձնարարագրում նշված են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնները, անունները, ազգանունները, ստուգման նպատակը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման իրավական հիմքերը: Հետևաբար միայն տեխնիկական թերությունների` տպագրական ներկի որակի և Տեսչության պետի ազգանունը «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»-ի փոխարեն «ՀԱՐՈՒԹՅՈՅՆԱՆ» նշված լինելու հիմքով Տեսչության պետի 17.11.2008 թվականի թիվ 2303046 հանձնարարագիրը չի կարող դիտվել ոչ պատշաճ:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 24.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Էդիտա Կյուրեղյանի հայցը մերժել:

2. Էդիտա Կյուրեղյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ՎԴ/0047/05/09
Որոշում