ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0516/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ/0516/05/09 2010թ.
Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 17.12.2008 թվականի թիվ 1100303 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 17.12.2008 թվականի թիվ 1100303 ստուգման ակտը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ հոդվածները, չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի 314-րդ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) կարգ»-ի (այսուհետ` Կարգ) 7-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է Կարգի 5-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, ղեկավարվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով և Կարգի 1-ին, 2-րդ, 5-րդ, 11-րդ և 12-րդ կետերով, պատճառաբանել է, որ նշված նորմերի պահանջներին համապատասխան խախտում կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կհաստատվի, որ տնտեսվարող սուբյեկտը կատարել է արտադրանքի (ապրանքների) առաքում, տրամադրում կամ տեղափոխում և դրանք չի գրանցել գրանցման գրքում: Մինչդեռ, ստուգողները Ընկերության կողմից ապրանքների փոխադրումներ իրականացնելու փաստը հիմնավորել են միայն 22 «ելքի ապրանքագրեր» վերնագրերով փաստաթղթերի առկայությամբ և հաստատված են համարել, որ Ընկերության պահեստում ապրանքների գույքագրում չի կատարվել և չի պարզվել նշված ապրանքներն իրականում բացակայում են պահեստից, թե` ոչ:
Մինչդեռ, Դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, պատշաճ չի գնահատել վերոհիշյալ 22 հատ ելքի ապրանքագրերը: Այսպես` եզրահանգելով, որ դրանք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջներին, այն է` դրանցում չկան ապրանքները տեղափոխողի կամ ստացողի ստորագրությունները, բացակայում է կնիքը, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ բովանդակությանը ներկայացվող վավերապայմանները, ըստ էության չի կիրառել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, համաձայն որի` սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերին ներկայացվող վավերապայմաններն են` փաստաթղթի անվանումը, հերթական համարը, փաստաթուղթը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, գործառնության մասնակիցների անվանումը, տնտեսական գործառնության բովանդակությունն ու չափման միավորները` դրամական և բնաիրային արտահայտությամբ: Սույն քաղաքացիական գործում առկա ելքի ապրանքագրերից երևում է, որ նշված պահանջները հիշյալ ապրանքագրերում ամբողջովին պահպանված են, առկա է հանձնողի և ստացողի անվանումներն ու ստորագրությունները, իսկ կնիքի դրոշմման մասին պահանջ օրենսդրությամբ սահմանված չէ:
Վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է Կարգի 7-րդ կետը, որի համաձայն` ապրանքների առաքման դեպքում առաքումների գրանցման գրքում ապրանքի բացթողման համար պատասխանատու համապատասխան անձի կողմից գրանցումներ կատարվում են նախապես` մինչև տնտեսվարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը (տեղափոխման սկիզբը):
Նշված իրավական նորմի բովանդակությունից հետևում է, որ ելքի ապրանքագիրը լրացվելուց հետո, անկախ նրանում նշված ապրանքների բացթողման փաստից, ապրանքի բացթողման համար պատասխանատու անձի կողմից ապրանքները պետք է գրանցվեն առաքումների գրանցման գրքում, իսկ գրանցում չկատարելու փաստը բավարար է արարքը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված խախտում որակելու համար, հետևաբար` բացթողման ենթակա ապրանքները պահեստում գտնվելը չի կարող դիտվել որպես նշված իրավախախտումը բացառող հանգամանք:
Բացի այդ, Դատարանը հաստատված է համարել, որ Ընկերության պահեստում ապրանքների գույքագրում չի կատարվել և կարևորելով գույքագրում կատարելու փաստը, բավարար չի համարել գույքագրում կատարված լինելու մասին բացատրությունները և չի պահանջել այդ փաստը հիմնավորող գրավոր ապացույցներ: Այնինչ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով ի պաշտոնե պետք է պարզեր գույքագրում կատարված լինելու հանգամանքը (գույքագրման փաստաթղթերը կցվել են վճռաբեկ բողոքին), ինչը չի արել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 28.11.2008 թվականի թիվ 1100303 հանձնարարագրի համաձայն` Ընկերությունում իրականացվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգում (գ.թ. 16):
2) Ստուգման արդյունքներով 26.12.2008 թվականին կազմված թիվ 1100303 ակտով արձանագրվել է, որ «Ընկերությունը` խախտելով ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշման պահանջները, 2008 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Մասիսի շրջանի Այնթափ գյուղում գտնվող պահեստից թվով 22 ելքի ապրանքագրերով կատարել է ապրանքների տեղափոխում շինարարական հրապարակներ (Ավան համայնք, ք. Գյումրի) գումարով 58.258.1 հազ. դրամ, որոնք չի գրանցվել առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում», և Ընկերությանն առաջադրվել է 14.564.500 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար:
Նշված հոդվածից հետևում է, որ հարկատուի պատասխանատվությունը նախատեսված է ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, ինչպես նաև դրանց գրանցման կարգի խախտման համար:
Կարգի 2-րդ կետի համաձայն` կազմակերպությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատերերը` եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց շարժական (նյութական) գույք հանդիսացող արտադրանքի (ապրանքների) առաքման կամ տրամադրման (այսուհետ` առաքման) կամ տեղափոխման դեպքում պարտավոր են նույն կարգին համապատասխան վարել դրանց հաշվառումը` գրանցումներ կատարելով առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում:
Կարգի 5-րդ կետի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները (այսուհետ` ապրանք): Ընդ որում, առաքվող ապրանքը ներառում է`
ա) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտներին իրացնելու համար նախատեսված ապրանքը,
բ) իրացման համար չնախատեսված ապրանքների (պատրաստի արտադրանքի) տրամադրումը (հատկացումը, բացթողումը, այլ ձևով օտարումը, այդ թվում` անհատույց): Առաքվող ապրանք է համարվում նաև առևտրական կետից տնտեսվարող սուբյեկտներին իրացվող (վաճառվող, տրամադրվող) ապրանքը: Իսկ տեղափոխվող ապրանքը ներառում է տնտեսական տեղաշարժերի ենթարկվող (պատրաստի արտադրանքի` պահեստից կամ այլ վայրերից ֆիրմային խանութ, պահեստից վաճառքի կետ կամ այլ վայր (պահեստ և այլն) տեղափոխվող) ապրանքը (պատրաստի արտադրանքը), ինչպես նաև մաքսատուն կամ մաքսային կետ տեղափոխվող կամ ի պահ հանձնվող ապրանքը:
Կարգի 7-րդ կետի համաձայն` ապրանքների առաքման դեպքում առաքումների գրանցման գրքում ապրանքի բացթողման համար պատասխանատու համապատասխան անձի կողմից գրանցումներ կատարվում են նախապես` մինչև տնտեսավարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը (տեղափոխման սկիզբը) յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի համար առանձին-առանձին` ըստ առաքման կամ տեղափոխման համար հաշիվ-ապրանքագրերի լրացման հաջորդականության` գրանցման հերթական համարներով:
Այսինքն` ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված կարգի դրույթներով տարբերակված է արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքում գրանցման ենթակա ապրանքների երկու տարատեսակ` առաքվող և տեղափոխվող: Ընդ որում, առաքվող ապրանքը (արտադրանքը) այլ տնտեսվարող սուբյեկտներին դեռևս չիրացված (չվաճառված), սակայն վաճառքի համար նախատեսված ապրանքն է, իսկ տեղափոխվող ապրանքն այն ապրանքն է, որը պահեստից կամ այլ վայրերից տեղափոխվում է ֆիրմային խանութ, պահեստից` վաճառքի կետ կամ այլ վայր, այսինքն` ենթարկվում է տնտեսական տեղաշարժերի, որը ենթակա է գրանցման:
Սույն գործի փաստերից հետևում է, որ ստուգում իրականացրած անձանց կողմից Ընկերության նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի հիմքով տուգանքը նշանակվել է այն բանի համար, որ Ընկերությունը 2008 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Մասիսի շրջանի Այնթափ գյուղում գտնվող պահեստից, թվով 22 ելքի ապրանքագրերով կատարել է ապրանքների տեղափոխում շինարարական հրապարակներ, որոնք չեն գրանցվել առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում: Մինչդեռ, հայցը բավարարելու հիմքում Դատարանը դրել է եզրահանգումն այն մասին, որ «դրանք չեն կարող համարվել ՀՀ հաշվարկային փաստաթղթեր, քանի որ չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջներին»:
Վերոնշյալ փաստական հանգամանքների և իրավական նորմերի դրույթների համադրումից հետևում է, որ Ընկերության կողմից տեղափոխվող ապրանքները սահմանված կարգով չգրանցելու համար Ընկերությանը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի հիմքով պատասխանատվության ենթարկելն իրավաչափ է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:
Սույն գործով Դատարանը, բավարարելով հայցը, կարևորել է այն փաստը, որ ստուգում իրականացնողները չեն կատարել գույքագրում և չեն պարզել` նշված ապրանքները փաստացի գտնվում են պահեստում, թե` ոչ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պետք է Հարկային տեսչությունից պահանջեր ներկայացնել նշված փաստի վերաբերյալ ապացույցներ:
Մինչդեռ, առանց Հարկային տեսչությունից համապատասխան ապացույցներ պահանջելու, գույքագրում չկատարելու փաստը համարել է հիմնավորված` այդ հանգամանքը դնելով հայցը բավարարելու հիմքում:
Վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է նշված իրավական խնդրին (Տես օրինակ, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության հայցի ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին, թիվ ՎԴ3/0207/05/08 (2008թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում):
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն, Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան