Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 21-ՐԴ, 30-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ/1624/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/1624/05/09                             2010թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.08.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Խաչատուր Ստեփանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Տիգրան Ստեփանյանի` Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշումը և դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Խաչատուր Ստեփանյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշումը և դրա հիման վրա Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի 59/2 հասցեում գտնվող 0,00506 հա հողամասի և 151,8 քմ շինության նկատմամբ կատարված պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.08.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 30-րդ, 53-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշմամբ հաստատված կարգի դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշումն անվավեր ճանաչելիս անհրաժեշտ էր պարզել, թե այդ վարչական ակտով Խաչատուր Ստեփանյանի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված որ իրավունքը կամ իրավունքներն են խախտվել:

Դատարանը, հանգելով այն եզրահանգման, որ ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը կարող է հարուցվել միայն այդ կառույցն իրականացրած անձի դիմումի հիման վրա, հաշվի չի առել, որ Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշումը չի վերաբերում ինքնակամ կառույցի օրինականացմանը: Այսինքն` վարչական ակտի առարկան է ինքնակամ կառույցի նկատմամբ պետության սեփականության իրավունքը ճանաչելու հարցը, այլ ոչ թե ինքնակամ կառույց իրականացրած անձի իրավունքի ճանաչման կամ մերժման հարցը:

ՈՒստի, անկախ կառուցապատողի անձից, գույքի նկատմամբ պետք է ճանաչվեր պետության սեփականության իրավունքը, քանի որ այն կառուցվել է պետության սեփականությունը հանդիսացող հողամասի վրա, և վարչական վարույթին ծանուցելու պարտավորություն Քաղաքապետարանը չի ունեցել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.08.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշման համաձայն` Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 59/2 հասցեում պետական սեփականություն հանդիսացող 50,60 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (բնակելի տուն) ճանաչվել է պետական սեփականություն (գ.թ. 7-8):

2. Սույն գործով չի վիճարկվել այն փաստը, որ ինքնակամ կառույցն իրականացվել է պետական սեփականության հողամասի վրա:

3. Սույն գործով հաստատվել և Տիգրան Ստեփանյանի կողմից ընդունվել է փաստն այն մասին, որ վիճելի շինությունը կառուցվել է Տիգրան Ստեփանյանի հոր` Խաչատուր Ստեփանյանի կողմից և նրա միջոցներով (գ.թ.10, 83):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 105-րդ հոդվածի համաձայն` համայնքի սեփականությունը կառավարելու և տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու և համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կառուցապատման նպատակով չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ նախատեսված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացված կառույցը համարվում է ինքնակամ կառույց, որի նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է հողամասը: Ընդ որում, Երևան քաղաքում ինքնակամ կառույցն օրինական կարող է ճանաչվել Երևանի քաղաքապետի որոշմամբ:

Բացի այդ, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 1-ին բաժնի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող այն ինքնակամ կառույցները, որոնց մի մասը կառուցված է սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, օրինականացվում և տնօրինվում են սույն կարգի IV բաժնի պահանջներին համապատասխան, ընդ որում, հողամասին կից ինքնակամ կառույցով զբաղեցված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օրինականացվում և տնօրինվում է ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասի մասով կամ կառույցի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասով:

Նույն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 4-րդ բաժնի 33-րդ կետի համաձայն` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում (եթե դրանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս չեն) գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության ճանաչումից հետո ինքնակամ կառուցված բնակելի տների և մինչև 200 քառ. մետր կառույցների համար` 30, իսկ 200 քառ. մետրից ավելիի դեպքում` 60-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետն ընդունում է ինքնակամ կառույցների օրինականացման կամ չօրինականացված ինքնակամ կառույցները քանդելու մասին որոշում:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Վարդաշենի 6-րդ փողոցի 59/2 հասցեում պետական սեփականություն հանդիսացող 50.6 քմ մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառուցած շինությունը (բնակելի տունը) կառուցվել է ոչ թե Տիգրան Ստեփանյանի կողմից, այլ սույն գործով հայցվոր Խաչատուր Ստեփանյանի կողմից և նրա միջոցներով, հանգել է այն հետևության, որ վիճարկվող վարչական ակտն ընդունվել է կեղծ տեղեկությունների հիման վրա, ուստի այն իրավաչափ չէ:

Մինչդեռ, սույն գործով Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա վիճարկվող որոշմամբ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 59/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 50,60 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (բնակելի տուն) պետական սեփականություն ճանաչվելու հիմքում դրվել է ինքնակամ կառույցը պետական հողամասում առկա լինելու փաստը:

Այսինքն` Քաղաքապետը, իրացնելով օրենսդրությամբ սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունը, համայնքի սեփականության հողամասի վրա կատարված ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչել է Քաղաքապետարանի սեփականության իրավունքը` հետագայում այդ նույն գույքի վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 4-րդ բաժնով նախատեսված պահանջներին համապատասխան որոշում ընդունելու նպատակով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնակամ կառուցված շինությունն այս կամ այն անձի կողմից կառուցված լինելու հանգամանքը հիմք չէ Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշումն անվավեր ճանաչելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.08.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Խաչատուր Ստեփանյանի հայցը մերժել:

2. Խաչատուր Ստեփանյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ՎԴ/1624/05/09
Որոշում