ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/2804/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ/2804/05/09 2010թ.
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մոսես Բալամուտյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Մոսես Բալամուտյանից 991.900 ՀՀ դրամ` որպես հաստատագրված և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումար, որից ապառք` 668.900 ՀՀ դրամ, տույժ` 323.000 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Մոսես Բալամուտյանից 356.100 ՀՀ դրամ` հօգուտ ՀՀ պետական բյուջեի և 7122 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի մասնակի փոխհատուցում բռնագանձվելու մասով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ Մոսես Բալամուտյանի պարտավորությունը հայտնաբերված է համարվում դրանք չվճարելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` անկախ դատարան դիմելու ժամանակից:
Բացի այդ, նույնատիպ փաստական հանգամանքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումը հայտնել է 01.08.2007 թվականի թիվ 3-1150 (ՏԴ) որոշմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 17.09.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 27.12.1996 թվականի թիվ 028653 վկայականի համաձայն` Մոսես Բալամուտյանը գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր, հանդիսացել է հաստատագրված հարկ վճարող (գ.թ. 7, 14):
2) Տեսչության 25.05.2009 թվականի «Բռնագանձման ենթակա վիճարկվող գումարի հաշվարկ»-ի համաձայն` Մոսես Բալամուտյանը 2003 թվականից առ 25.05.2009 թվականը սոցիալական ապահովագրության վճարի գծով ունի 540.900 ՀՀ դրամի, իսկ 2002 թվականից առ 25.05.2009 թվականը հաստատագրված վճարի գծով` 288.900 ՀՀ դրամի հարկային պարտավորություն (գ.թ. 5-6):
3) Դատարանը հաստատագրված և սոցիալական ապահովագրության վճարների գծով Մոսես Բալամուտյանի պարտքը հաշվարկել է 2006 թվականի մայիսի 25-ից մինչև 2009 թվականի մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածի համար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի
(իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող խմբագրությամբ) համաձայն` հարկային տեսչության մարմնին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային տեսչության մարմնի կողմից` նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտվում է հաստատագրված վճարի չափը, այդ թվում` նույն օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:
Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի (իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող խմբագրությամբ) համաձայն` հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի կիրառելիության խնդրին` նշելով, որ հարկատուի մոտ հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինիս կողմից թույլ տրված հարկային օրենսդրության խախտումը դրան հաջորդող երեք տարիների ընթացքում հարկային մարմնի կողմից չի հայտնաբերվել: Տույժի հաշվարկը բավարար հիմք է արձանագրելու համար, որ թույլ տրված խախտումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հայտնաբերվել է դեռևս խախտման առաջին օրը (տե՛ս ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի` 4.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ 3-1150(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Մոսես Բալամուտյանը պարտավոր էր 2002 թվականի հունվար ամսվա համար հաստատագրված վճարը վճարել մինչև 2002 թվականի փետրվարի 15-ը ներառյալ, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարը` մինչև 2003 թվականի փետրվարի 15-ը: Նշված ժամանակահատվածում հարկային պարտավորությունը չկատարելու արդյունքում Տեսչության կողմից, ըստ էության 2002 թվականի փետրվարի 15-ից հայտնաբերված է համարվել հաստատագրված վճարի, իսկ 2003 թվականի փետրվարի 15-ից` պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով հարկատուի ունեցած ապառքը, որին հաշվարկվել է նաև օրենքով սահմանված չափով տույժեր:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված տույժերի հաշվարկը բավարար հիմք է արձանագրելու համար, որ Մոսես Բալամուտյանի կողմից թույլ տրված խախտումները Տեսչությունը հայտնաբերել է դեռևս այդ խախտումների ժամանակ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.09.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան