ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/3105/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ/3105/05/09 2010թ.
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ Քնարիկ Չիթչյանի` 100.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Քնարիկ Չիթչյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 17.12.2008 թվականի թիվ 095116 որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Քնարիկ Չիթչյանի կողմից 100.000 ՀՀ դրամ վճարելու համար արձակել վճարման կարգադրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Քնարիկ Չիթչյանը պահանջել է վերացնել Տեսչության 17.12.2008 թվականի թիվ 095116 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.09.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Քնարիկ Չիթչյանի գործողություններում բացակայում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշները, անհիմն է, քանի որ իրավախախտման փաստն արձանագրված է Տեսչության 06.12.2008 թվականի արձանագրությամբ: Նշված արձանագրությունը և վիճարկվող որոշումը կազմված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջներին համապատասխան, ստորագրված են Քնարիկ Չիթչյանի կողմից, և վերջինս իրավախախտման փաստի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տեսչության 06.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 560 արձանագրության համաձայն` խախտելով ՀՀ կառավարության 26.10.1999 թվականի թիվ 662 որոշմամբ նախատեսված ժամկետանց ակցիզային դրոշմանիշերով ապրանքների իրացման կարգը` Քնարիկ Չիթչյանն իրացրել է ընդհանուր 6.100 ՀՀ դրամ արժողությամբ մեկ շիշ օղի և երկու շիշ գինի: Վերջինս թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում: Նշված արձանագրությունը ստորագրված է Քնարիկ Չիթչյանի կողմից (գ.թ. 27):
2) Տեսչության պետի 17.12.2008 թվականի թիվ 095116 որոշմամբ Քնարիկ Չիթչյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար ենթարկվել է 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 5):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հարյուր հազար դրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով:
Նշված նորմերի մեկնաբանությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման սուբյեկտ է ՀՀ կառավարության սահմանած որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնող անձը:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման սուբյեկտ է համարվում դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողը (հայտարարատուն), իսկ այդ իրավախախտման օբյեկտիվ կողմը` նշված ապրանքներն իրացնելն է:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական և փաստական հիմնավորումները:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, արձանագրելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման սուբյեկտ է համարվում դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողը (հայտարարատուն), չի հիմնավորել այդ պնդումը:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասով իրավախախտման սուբյեկտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքներ իրացման թույլատրելի ժամկետներից հետո իրացնող անձն է: Իսկ ապրանքների ներմուծող հանդիսանալու հանգամանքը տվյալ դեպքում քննարկվող զանցակազմի անհրաժեշտ տարր չէ:
Ինչ վերաբերում է Դատարանի վկայակոչած ՀՀ կառավարության 26.10.1999 թվականի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 662 որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման» կարգին, ապա այն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով կիրառվում է միայն որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետները բացահայտելու համար: Հետևաբար, Դատարանի վկայակոչած կարգը չի վերաբերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակին:
Բացի այդ, Քնարիկ Չիթչյանը, Տեսչության 06.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 560 արձանագրությունը ստորագրելով և նշելով, որ խախտումը կատարվել է սխալմամբ, ընդունել է արձանագրված խախտումը կատարելու փաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա Տեսչության 06.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 560 արձանագրությամբ և Տեսչության պետի 17.12.2008 թվականի թիվ 095116 որոշմամբ հաստատվում է այն հանգամանքը, որ Քնարիկ Չիթչյանը կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության հայցը բավարարել` Քնարիկ Չիթչյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 100.000 ՀՀ դրամ: Քնարիկ Չիթչյանի հակընդդեմ հայցը մերժել:
2. Քնարիկ Չիթչյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրք:
3. Քնարիկ Չիթչյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան