Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ, 24-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԻՐԱՌԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ2/0168/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0168/05/09                             2010թ.

Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Նախարարության ընդդեմ «Քյավառ Աուդիտ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 200.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, որի արդյունքում կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 56-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վարչական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատական չի տվել գործով ներկայացված և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող 2008 թվականի տարեկան ու նույն թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների հաշվետվություններին:

Մասնավորապես, Դատարանը հաշվի չի առել, որ Նախարարության կողմից 19.03.2008 թվականին ընդունված թիվ 251-Ա հրամանն իր մեջ ներառում է գրավոր վարչական ակտին բնորոշ պահանջները և որոշակիության չափանիշները, որի ընդունման համար հիմք է հանդիսացել Ընկերության կողմից 2008 թվականի համար ներկայացրած հաշվետվությունում առկա տեղեկատվությունը: Այդ հաշվետվությունից ակնհայտ է, որ Ընկերությունը, ունենալով աուդիտորի որակավորման վկայական չունեցող աշխատող, չորրորդ եռամսյակում մատուցել է երկու աուդիտորական ծառայություն, և աուդիտորական եզրակացությունները ստորագրվել են ոչ աուդիտորի կողմից:

Դատարանը վերը նշված ապացույցներն անտեսելու հետևանքով հիմնավոր է համարել Ընկերության ներկայացրած հաշվետվությունները, պատճառաբանված և հիմնավոր դիտել Ընկերության կողմից Վարդենիսի քաղաքապետարանին և «Սուսմետ» ՍՊԸ-ին մատուցած աուդիտորական ծառայությունների իրավաչափությունը, այն է` 24.09.2008 թվականին մատուցած լինելու փաստը: Դատարանը հաշվի չի առել, որ Նախարարության կողմից վարչարարությունն իրականացվել է օրենսդրության պահանջների շրջանակներում և քանի դեռ վարչական ակտն անվավեր կամ առոչինչ չի ճանաչվել կամ չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով, ապա այն ենթակա է կատարման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 17.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 14.04.2005 թվականին Նախարարության կողմից Ընկերությանը տրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման թիվ ԱԾ-38 լիցենզիան (գ.թ. 23):

2. Նախարարության աուդիտորների որակավորման հանձնաժողովի կողմից 17.02.2000 թվականին Անահիտ Շահզադյանին տրվել է աուդիտորի որակավորման թիվ 159 վկայականը (գ.թ. 7):

3. Սույն գործով չի վիճարկվել այն փաստը, որ 17.02.2000 թվականին Անահիտ Շահզադյանին տրված աուդիտորի որակավորման թիվ 159 վկայականի ժամկետն առաջին անգամ երկարաձգվել է մինչև 13.09.2005 թվականը, այնուհետև` մինչև 25.09.2008 թվականը, որի դեմ Անահիտ Շահզադյանն առարկություններ չի ներկայացրել:

4. Ընկերության կողմից Նախարարությանը ներկայացված 2008 թվականի 3-րդ, 4-րդ եռամսյակների եռամսյակային և 2008 թվականի տարեկան հաշվետվություններում առկա տեղեկատվության համաձայն` 2008 թվականի 3-րդ եռամսյակում Ընկերությունը մատուցել է մեկ աուդիտորական ծառայություն, այն է` «Արատես Տուր» ՍՊԸ-ին, իսկ 4-րդ եռամսյակում` երկու աուդիտորական ծառայություն` Վարդենիսի քաղաքապետարանին և «Սուսմետ» ՍՊԸ-ին: Ըստ 4-րդ եռամսյակի եռամսյակային հաշվետվության ստուգման ժամանակաշրջանն է 01.10.2008 թվականից մինչև 31.12.2008 թվականը (գ.թ. 16-22):

5. 23.02.2009 թվականին Նախարարությունն Ընկերությանը ծանուցել է, որ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը խախտելու համար հարուցվել է վարչական վարույթ, ինչը հանգեցնում է նույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառմանը: Միաժամանակ, Նախարարությունը հայտնել է, որ Ընկերությանը տրվում է 5-օրյա ժամկետ վարչական վարույթում քննվող փաստական հանգամանքների վերաբերյալ գրավոր արտահայտվելու համար (գ.թ. 8):

6. ՀՀ ֆինանսների նախարարի 19.03.2009 թվականի թիվ 251-Ա հրամանի համաձայն` Ընկերությունը խախտել է «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է` Ընկերության կողմից ներկայացված 2008 թվականի համար ՀՀ կառավարության 24.02.2005 թվականի թիվ 201-Ն որոշմամբ հաստատված տարեկան հաշվետվության մեջ առկա տեղեկատվության համաձայն` Ընկերությունը գործող աուդիտորի որակավորման վկայական ունեցող աշխատող չունի, սակայն չորրորդ եռամսյակում մատուցել է թվով 2 աուդիտորական ծառայություն, որի արդյունքում կազմված աուդիտորական եզրակացությունները ստորագրվել են ոչ աուդիտորի կողմից, որի համար հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը` Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք 200.000 ՀՀ դրամ (գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` աուդիտորական ծառայության իրականացումն առանց լիցենզիայի արգելվում է: Աուդիտորական ծառայությունները պետք է իրականացվեն առնվազն մեկ աուդիտորի կողմից:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` աուդիտորն աուդիտորական ծառայություններ կարող է իրականացնել ինքնուրույն` որպես անհատ աուդիտոր և (կամ) որպես աուդիտ իրականացնող անձի աշխատող:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով: Աուդիտորական եզրակացության մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտ իրականացնող անձի մոտ:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը խախտել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 100.000 դրամի չափով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ աուդիտորական ծառայություններ կարող են մատուցվել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության պայմաններում, դրանք պետք է իրականացվեն առնվազն մեկ աուդիտորի կողմից, որը կարող է աուդիտորական ծառայություններ իրականացնել ինքնուրույն կամ որպես աուդիտ իրականացնող անձի աշխատող: Ընդ որում աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

Սույն վարչական գործով Դատարանը, մերժելով 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի բռնագանձման հայցը, հաստատված է համարել, որ Վարդենիսի քաղաքապետարանում և «Սուսմետ» ՍՊԸ-ում իրականացված աուդիտորական գործունեության արդյունքում 24.09.2008 թվականին Ընկերությունը կազմել է երկու աուդիտորական եզրակացություն` երկու օրինակից, որոնք ստորագրվել են աուդիտ իրականացնող և համապատասխան որակավորում ունեցող աուդիտորի կողմից, հաստատվել են աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով, և հանգել այն հետևության, որ Ընկերությունը «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության խախտում թույլ չի տվել, ուստի ՀՀ ֆինանսների նախարարի 19.03.2009 թվականի թիվ 251-Ա հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն առոչինչ վարչական ակտ է, ու առոչինչ վարչական ակտի հիման վրա գումարի բռնագանձում չի կարող իրականացվել:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Շահզադյանին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աուդիտորների որակավորման հանձնաժողովի կողմից 17.02.2000 թվականին տրվել է աուդիտորի որակավորման թիվ 159 վկայականը, որի ժամկետն առաջին անգամ երկարաձգվել է մինչև 13.09.2005 թվականը, այնուհետև` մինչև 25.09.2008 թվականը: Ընկերության կողմից Նախարարությանը ներկայացված 2008 թվականի 3-րդ, 4-րդ եռամսյակների եռամսյակային և 2008 թվականի տարեկան հաշվետվություններում առկա տեղեկատվության համաձայն` 2008 թվականի 3-րդ եռամսյակում Ընկերությունը մատուցել է մեկ աուդիտորական ծառայություն, իսկ 4-րդ եռամսյակում` երկու, այն է` Վարդենիսի քաղաքապետարանին և «Սուսմետ» ՍՊԸ-ին: Ընդ որում ըստ 4-րդ եռամսյակի եռամսյակային հաշվետվության ստուգման ժամանակաշրջանն ընդգրկել է 01.10.2008 թվականից մինչև 31.12.2008 թվականը: ՀՀ ֆինանսների նախարարի 19.03.2009 թվականի թիվ 251-Ա հրամանով, Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով` «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը խախտելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Շահզադյանին տրված վկայականի ժամկետն ավարտվել է 25.09.2008 թվականին, մինչդեռ Անահիտ Շահզադյանը ստորագրել է Ընկերության կողմից 2008 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Վարդենիսի քաղաքապետարանին և «Սուսմետ» ՍՊԸ-ին մատուցված ծառայությունների արդյունքում կազմված աուդիտորական եզրակացությունները, ուստի Ընկերության կողմից թույլ է տրվել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, հետևաբար վարչական տուգանքի գումարը ենթակա է բռնագանձման:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը տվյալ դեպքում կիրառելի չէ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` ՀՀ ֆինանսների նախարարության հայցը բավարարել` «Քյավառ Աուդիտ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձել 200.000 ՀՀ դրամ:

2. «Քյավառ Աուդիտ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ՎԴ2/0168/05/09
Որոշում