ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ2/0192/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ2/0192/05/09 2010թ.
Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ահարոն Տեր-Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Ահարոն Տեր-Գրիգորյանի և «ԱՄԱ Կոմպրեսոր» ՀՁ ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` տուգանքի գումար բռնագանձելու և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Ահարոն Տեր-Գրիգորյանից Կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 29.05.2009 թվականի որոշմամբ սահմանված 2.722.944 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և Ընկերությանը պարտավորեցնել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 36-րդ հոդվածով նախատեսված պարտավորություններից որևէ մեկը: Գործի քննության ընթացքում Կոմիտեն հրաժարվել է մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու հայցապահանջից:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.09.2009 թվականի վճռով հայցը` տուգանքի գումարը բռնագանձելու մասով, բավարարվել է, իսկ մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ահարոն Տեր-Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 42.1-րդ, 43-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, 78-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետի դ/ ենթակետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի գ) ենթակետով սահմանված ժամկետների մեջ, համաձայն նույն հոդվածի բ) ենթակետի, ներառվում է նաև ՀՀ կառավարության կողմից երկարաձգված ժամկետը: Նշված հոդվածը, սակայն, չի սահմանել կոնկրետ պարտականություններ այն դեպքի համար, երբ հայտարարատուն, ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն, դիմել է ՀՀ կառավարություն, ներկրված ապրանքների նախապես ձևակերպված ժամկետը երկարաձգելու համար: Հետևաբար, ՀՀ Սահմանադրության 3-րդ, 42.1-րդ, 43-րդ հոդվածների և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի ուժով Դատարանի վճիռը ճիշտ կլիներ այն դեպքում, երբ ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի գ) ենթակետով սահմանված լիներ հետևյալ դրույթը. «Լիազոր մարմին դիմում տալը չի ազատում հայտարարատուին «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներկրված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու պատասխանատվությունից»:
Դատարանը մեկնաբանել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 36-րդ հոդվածով սահմանված պարտավորություններն առաջանում են արտահանման համար սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում, սակայն անտեսել է այն փաստը, որ ՀՀ կառավարություն դիմում տալը վերաբերում է հենց այդ ժամկետի երկարաձգմանը: Բացի այդ, նշել է, որ նախապես խնդրարկված ժամկետը լրանալու օրվա դրությամբ ՀՀ կառավարությունը Ընկերությանն այդ ժամկետը երկարաձգելու թույլտվություն չի տրամադրել` անտեսելով, որ Ընկերությունը չի ստացել նաև դրա մերժումը: Այդ առումով անհիմն է նաև Դատարանի այն պատճառաբանությունը, որ Ընկերությունը ժամկետը երկարաձգելու մասին դիմումը ՀՀ կառավարություն է ներկայացրել 31 օր ուշացումով, հետևաբար, ՀՀ կառավարությունն այդ պատճառով է դիմումին պատասխանել ավելի քան հինգ ամիս հետո:
Դատարանն անտեսել է, որ ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշմամբ վեց ամսով երկարաձգվել է Ընկերության ներկրած ապրանքների արտահանման ժամկետը` մինչև 12.10.2009 թվականը: Այսինքն, այդ որոշումը բարելավում է Ընկերության տնօրենի իրավական դրությունը, և այդ որոշմամբ կամ այլ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, ուստի նշված որոշումն ունի հետադարձ ուժ և պետք է տարածվի մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: Բացի այդ, որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ դրանով կարգավորվել են մինչև «Վարչական տույժ նշանակելու մասին» 29.05.2009 թվականի որոշման ընդունումը ծագած հարաբերություններ, այն է` 12.04.2009 թվականից մինչև 12.10.2009 թվականը երկարաձգվել է ապրանքների վերաարտահանման ժամկետը: Վերջին հաշվով տուգանք սահմանելու մասին որոշումը կայացնելու օրվա դրությամբ Ընկերությունն ունի թույլտվություն` ներկրված ապրանքների արտահանման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, սակայն Ընկերության տնօրենը տուգանվել է այդ թույլտվությունը չունենալու համար, այսինքն` նրա վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.09.2009 թվականի վճռի` 2.722.944 ՀՀ դրամ բռնագանձելու մասը և այդ մասով գործի վարույթը կարճել, կամ գործն ուղարկել նոր քննության, կամ վճիռը փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 12.04.2008 թվականի թիվ C 7514 բեռնամաքսային հայտարարագրի համաձայն` Ընկերությունը «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել երկու կոմպրեսոր և դրանք համալրող դետալները` նախապես խնդրարկված մեկ տարի ժամկետով` մինչև 14.04.2009 թվականը (գ.թ. 14-16):
2) Ըստ 17.03.2009 թվականի թիվ 15/03 դիմումի` ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 09.11.2005 թվականի թիվ 1934-Ն որոշման համապատասխան Ընկերությունը դիմել է ՀՀ կառավարություն` «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաարտահանման` նախապես ձևակերպված ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու համար (գ.թ. 42-44):
3) Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 14.05.2009 թվականի արձանագրության համաձայն` Ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված երկու կոմպրեսորը և դրանց մասերը վերաարտահանելու պարտավորությունը (գ.թ. 8):
4) «Վարչական տույժ նշանակելու մասին» 29.05.2009 թվականի որոշման համաձայն` «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված երկու հատ կոմպրեսորը և դրանց մասերը սահմանված ժամկետում վերաարտահանելու պարտավորությունը չկատարելու համար Ընկերության տնօրեն Ահարոն Տեր-Գրիգորյանը ենթարկվել է 2.722.944 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 11):
5) ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշման համաձայն` թույլատրվել է 12.04.2008 թվականի C 7514 բեռնամաքսային հայտարարագրով Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը վեց ամսով` մինչև 12.10.2009 թվականը (գ.թ. 99):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք վերամշակման նպատակով և հետագա արտահանման պայմանով ներմուծելը:
Նույն հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետի համաձայն` մաքսային այս ռեժիմի շրջանակներում մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է նույն օրենսգրքի 35-րդ հոդվածում նշված մարմնի եզրակացության հիման վրա` հայտարարատուի խնդրարկած, սակայն ներմուծման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետում, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով:
Նույն հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն` նույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձևակերպվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ապրանքների մեկ տարուց ավելի ժամկետով բացթողման թույլտվության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում նշված մաքսային ռեժիմով կատարման ենթակա պարտավորությունների կատարումը երկարաձգվում է մինչև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը, այսինքն` ապրանքների արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված, եթե այն կատարվել է ՀՀ կառավարության որոշմամբ երկարաձգված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի կիրառմամբ անձն ազատվում է նախկինում կիրառված պատասխանատվության միջոց կամ իրավունքի սահմանափակում նախատեսող անհատական ակտերի կատարման պարտականությունից:
Սույն գործի փաստերի համաձայն` 12.04.2008 թվականի թիվ C 7514 բեռնամաքսային հայտարարագրով Ընկերությունը «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել երկու հատ կոմպրեսոր և դրանք համալրող դետալները` նախապես խնդրարկված մեկ տարի ժամկետով` մինչև 14.04.2009 թվականը: «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաարտահանման` նախապես ձևակերպված ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու համար Ընկերությունը ՀՀ կառավարություն է դիմել 17.03.2009 թվականին, իսկ նշված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը վեց ամսով` մինչև 12.10.2009 թվականը, թույլատրվել է միայն ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշմամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշման ուժով Ընկերության համար «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքների արտահանման պարտավորությունը ենթակա էր կատարման 12.10.2009 թվականին հաջորդող տասն օրվա ընթացքում: Մինչդեռ, տվյալ դեպքում Ընկերության տնօրենը 29.05.2009 թվականին ենթարկվել է վարչական պատասխանատվության սահմանված ժամկետում ապրանքները վերաարտահանելու պարտավորությունը չկատարելու համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշումն ունի հետադարձ ուժ: Հետևաբար, ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշումը բացառում է իրավախախտման դեպքը: Նշված որոշմամբ կարգավորվել են նախկինում առկա իրավահարաբերություններ, այն է` երկարաձգվել է ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը, հետևաբար, Ընկերության տնօրենի նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշումը չպետք է կատարվի:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճռի կայացման օրվա դրությամբ գոյություն է ունեցել «Վարչական տույժ նշանակելու մասին» 29.05.2009 թվականի որոշումից ավելի բարձր իրավաբանական ուժով օժտված և անձին պատասխանատվությունից ազատող իրավական ակտ, մինչդեռ Դատարանը վճռել է Ընկերության տնօրենից բռնագանձել նշված որոշմամբ սահմանված տուգանքի գումարը: Հետևաբար, ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշման առկայության պայմաններում «Վարչական տույժ նշանակելու մասին» 29.05.2009 թվականի որոշման կատարմամբ ոչ միայն կիմաստազրկվի ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը, այլև կխաթարվի իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ ավելի բարձր իրավաբանական ուժով օժտված և անձին պատասխանատվությունից ազատող իրավական ակտի պայմաններում կգործի ավելի ցածր իրավաբանական ուժով օժտված ակտը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.09.2009 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան