Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 255-ՐԴ, 281-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ2/0197/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0197/05/09                             2010թ.

Դատավոր` Հ. Թորոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.08.2009 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի հայցի ընդդեմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Բարեպատ համայնքի ղեկավար Սամվել Ծատուրյանի` 40.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին և Սամվել Ծատուրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի` 27.10.2008 թվականի թիվ 3970 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնը պահանջել է բռնագանձել ՀՀ Գեղարքունիքի մարզի Բարեպատ համայնքի ղեկավար Սամվել Ծատուրյանից 31.10.2008 թվականի որոշմամբ սահմանված 40.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` ՀՀ Գեղարքունիքի մարզի Բարեպատ համայնքի ղեկավար Սամվել Ծատուրյանը պահանջել է անվավեր ճանաչել 27.10.2008 թվականի թիվ 3970 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.08.2009 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ, 281-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Դատարանն անտեսել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն այն փաստաթուղթն է, որի հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) իրականացնում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության նախապատրաստություն և գործի քննություն: Անձին պատասխանատվության ենթարկելու գործերով վարչական վարույթի կենտրոնական փուլը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն է, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել վարչական ակտի հասցեատիրոջ հնարավորությունը` առավելագույնս արդյունավետ կերպով պաշտպանելու սեփական իրավունքները: Բացի այդ, Դատարանն անտեսել է նաև, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացվել է Սամվել Ծատուրյանի մասնակցությամբ, որի ընթացքում վերջինիս բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները և ապահովվել նրա` սեփական դիրքորոշումը ներկայացնելու և իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու հնարավորությունը:

Դատարանը հաշվի չի առել, որ 31.10.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» որոշումը պարունակում է գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը: Մասնավորապես, որոշման մեջ առկա է «Հաստատեցի» բաժին, որը հատուկ նախատեսված է գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքները շարադրելու համար:

Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ վարչական իրավախախտման համար պատասխանատու անձի նկատմամբ պատասխանատվություն նախատեսող նորմով սահմանված տուգանքի նվազագույն չափը սահմանելը վկայում է այն մասին, որ պահպանվել են իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքները, և բացակայել է սահմանված նվազագույն չափը գերազանցող տուգանք սահմանելու շարժառիթները հիմնավորելու անհրաժեշտությունը:

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ, 158-րդ, 159-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ հակընդդեմ հայցը ներկայացվել է ոչ թե տուգանք սահմանելու մասին որոշումը վերացնելու, այլ ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջով: Այսինքն, վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու համար անհրաժեշտ է այն վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնել, որի հիման վրա արձակվել է վճարման կարգադրությունը: Ավելին, Դատարանը ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին հակընդդեմ հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում քննել է մեկ այլ վարչական ակտի` տուգանք սահմանելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը:

3) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 84-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Դատարան ներկայացված հակընդդեմ հայցը չի պարունակում դրա համար անհրաժեշտ բովանդակային տարրեր հանդիսացող հայցի էության հակիրճ նկարագրությունը, այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջի իրավական հիմքերը, հայցվորի պահանջը, տեղեկություններ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ, այն ապացույցների ցանկը, որոնք հաստատում են հայցվորի պնդած փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված և այլն: Այսինքն` Դատարանը վարույթ է ընդունել հայց ներկայացնելու կանոնների խախտմամբ ներկայացված հակընդդեմ հայցն այն դեպքում, երբ այն ենթակա էր վերադարձման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 19.08.2009թ. վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 03.10.2008 թվականի թիվ 2617/05 հանձնարարագրի հիման վրա 15.10.2008 թվականից մինչև 30.10.2008 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզի Բարեպատ համայնքի ջրամատակարարման համակարգում անցկացվել է սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգում (գ.թ. 3):

2) Ստուգման արդյունքներն արձանագրվել են 27.10.2008 թվականի թիվ 3970 ստուգման ակտում, որի համաձայն` ի թիվս այլ խախտումների արձանագրվել է, որ կապտաժները վերցված չեն սանիտարական պահպանության գոտու մեջ, կապտաժներից միացված երկու ցիստեռնները չունեն կողպեք, փականքներ, դրանք էլ չեն վերցված սանիտարական պահպանության գոտու մեջ, համայնքը չունի լաբորատորիա և համապատասխան հսկողություն չի իրականացվում, լիցենզավորված կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր կնքված չէ, ջրի քլորացում չի կատարվում, ջրամատակարարման համակարգի կառուցվածքներում առաջացած վթարային իրավիճակը գրանցված չէ հատուկ մատյանում, չի հաղորդվում տեղի պետական հակահամաճարակային տեսչությանը (գ.թ. 2, 6):

3) Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 27.10.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 3688 արձանագրությամբ, հղում կատարելով 27.10.2008 թվականի թիվ 3970 ստուգման ակտին, արձանագրվել է, որ Բարեպատ համայնքի ջրամատակարարման համակարգում 2008 թվականին խախտվել են խմելու, տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանության գոտիների վերաբերյալ թիվ 2-III Ա 2-2 սանիտարական կանոնների և նորմերի, ինչպես նաև խմելու ջրի մատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների որակի հսկողության թիվ 2-III Ա 2-1 սանիտարական կանոնների և նորմերի պահանջները: Արձանագրության մեջ նշվել է, որ խախտողին բացատրվել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 235-րդ և 267-րդ հոդվածներով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները: Բարեպատ համայնքի ղեկավար Սամվել Ծատուրյանը ստորագրել և ստացել է արձանագրությունը (գ.թ. 4):

4) Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 31.10.2008 թվականի թիվ 2599 որոշման համաձայն` հիմք ընդունելով Բարեպատ համայնքի ջրամատակարարման համակարգի վերաբերյալ 27.10.2008 թվականին կազմված թիվ 3970 ստուգման ակտը և 27.10.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 3688 արձանագրությունը` Բարեպատ համայնքի ղեկավար Սամվել Ծատուրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 40.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 27.10.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 3688 արձանագրությունը բովանդակային առումով չի մատնանշում կատարված խախտումները, այսինքն` դրանում նշված չէ վարչական իրավախախտման էությունը, ինչպես նաև արձանագրությունը կազմելիս խախտողին չեն բացատրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:

Բացի այդ, Դատարանը պատճառաբանել է, որ «Տուգանք սահմանելու մասին» 31.10.2008 թվականի թիվ 2599 որոշման մեջ նշում չկա այն մասին, թե կոնկրետ ինչ խախտումներ է թույլ տվել Սամվել Ծատուրյանը, ինչը բավարար չէ եզրահանգելու, որ որոշման մեջ շարադրված են քննությամբ պարզված բոլոր փաստական հանգամանքները, մասնավորապես, բացահայտված խախտումների տեսակը կամ բնույթը:

Միաժամանակ Դատարանը հակընդդեմ հայցը մերժելիս գտել է, որ հիմքեր չկան եզրահանգելու, որ 27.10.2008 թվականի թիվ 3970 ստուգման ակտը կազմվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` 27.10.2008 թվականի թիվ 3970 ստուգման ակտում արձանագրվել է, որ կապտաժները վերցված չեն սանիտարական պահպանության գոտու մեջ, կապտաժներից միացված երկու ցիստեռնները չունեն կողպեք, փականքներ, դրանք էլ չեն վերցված սանիտարական պահպանության գոտու մեջ, համայնքը չունի լաբորատորիա և համապատասխան հսկողություն չի իրականացվում, լիցենզավորված կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր կնքված չէ, ջրի քլորացում չի կատարվում, ջրամատակարարման համակարգի կառուցվածքներում առաջացած վթարային իրավիճակը գրանցված չէ հատուկ մատյանում, չի հաղորդվում տեղի պետական հակահամաճարակային տեսչությանը, իսկ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 27.10.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 3688 արձանագրությամբ հղում է կատարվել 27.10.2008 թվականի թիվ 3970 ստուգման ակտին: Ընդ որում` «Տուգանք սահմանելու մասին» 31.10.2008 թվականի թիվ 2599 որոշման հիմքում դրվել են 27.10.2008 թվականին կազմված թիվ 3970 ստուգման ակտը և 27.10.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 3688 արձանագրությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 27.10.2008 թվականի ստուգման ակտն օրենքի պահանջների պահպանմամբ կազմված լինելու պայմաններում սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 3688 արձանագրությամբ տվյալ ստուգման ակտին հղում կատարելը, իսկ «Տուգանք սահմանելու մասին» 31.10.2008 թվականի թիվ 2599 որոշման մեջ նշված ստուգման ակտն ու սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին արձանագրությունը վկայակոչելը բավարար է արձանագրելու համար, որ 27.10.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 3688 արձանագրության մեջ նշվել են վարչական իրավախախտման էությունը, իսկ «Տուգանք սահմանելու մասին» 31.10.2008 թվականի թիվ 2599 որոշման մեջ շարադրվել են գործի քննությամբ պարզված փաստական հանգամանքները:

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, թե 27.10.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 3688 արձանագրությամբ խախտողին չեն բացատրվել նրա իրավունքներն ու պարտականությունները, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ տվյալ արձանագրության ուսումնասիրությամբ պարզվեց, որ դրանում առկա է նշում Բարեպատ համայնքի ղեկավար Սամվել Ծատուրյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 235-րդ և 267-րդ հոդվածներով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու վերաբերյալ, ավելին` վերջինս ստորագրել և ստացել է արձանագրությունը:

Բացի այդ, սույն վարչական գործով Դատարանը, կիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը, պատճառաբանել է, որ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնը «Տուգանք սահմանելու մասին» 31.10.2008 թվականի թիվ 2599 որոշումը կայացնելիս չի հիմնավորել, թե ինչ հանգամանքներ նկատի ունենալով է կիրառել 40.000 ՀՀ դրամի, այլ ոչ թե մեկ այլ չափով տուգանք:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով:

Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` գրավոր վարչական ակտի հիմնավորումներին ներկայացվող պահանջները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորումը սույն գործով կիրառելի չէ (տե՛ս Տեսչության հայցն ընդդեմ Մերուժան Մովսիսյանի` 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի` տուգանք սահմանելու մասին 16.09.2008 թվականի թիվ 2322 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ2/0078/05/09 գործով Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը):

Բացի այդ, վարչական իրավախախտման համար պատասխանատու անձի նկատմամբ պատասխանատվություն նախատեսող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված տուգանքի նվազագույն չափը սահմանելը վկայում է այն մասին, որ բացակայել է անհրաժեշտությունը նշելու այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է այդ լուծումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 27.10.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 3688 արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ «Տուգանք սահմանելու մասին» 31.10.2008 թվականի թիվ 2599 որոշումը` նույն օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում սույն վճռաբեկ բողոքի երկրորդ և երրորդ հիմքերին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.08.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի հայցը բավարարել` ՀՀ Գեղարքունիքի մարզի Բարեպատ համայնքի ղեկավար Սամվել Ծատուրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Բարեպատ համայնքի ղեկավար Սամվել Ծատուրյանից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ՎԴ2/0197/05/09
Որոշում