Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական          Քաղաքացիական գործ թիվ 07-3422

    դատարանի վճիռ                                             2010թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-177 (ՎԴ)

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Վարդան Ղազարյանի ընդդեմ Լևոն Գրիգորյանի` ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ պահանջելու կամ դրա արժեքը վճարելու պահանջի մասին քաղաքացիական գործով Լևոն Գրիգորյանի բողոքը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Վարդան Ղազարյանը պահանջել է պարտավորեցնել Լևոն Գրիգորյանին վերադարձնել 1996 թվականին վարձավճարով տրված 1985 թվականի արտադրության «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենան կամ վճարել դրա արժեքը` 12000 ԱՄՆ դոլար:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 20.06.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի. Լևոն Գրիգորյանին պարտավորեցվել է Վարդան Ղազարյանին վերադարձնելու «Կամազ-5321» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենան կամ վճարել մեքենայի շուկայական արժեքը, հայցը մնացած մասով մերժվել է:

Վերաքննիչ դատարանի` 29.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Լևոն Գրիգորյանը:

Բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճռից հետո ի հայտ է եկել նոր երևան եկած հանգամանք, մասնավորապես, Էդվարդ Շահբազյանի 25.03.2009 թվականի նոտարական կարգով հաստատված բացատրության համաձայն` Լևոն Գրիգորյանը «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենայի հետ որևէ առնչություն չունի, քանի որ հայցվորն ինքն է ավտոմեքենան հանձնել Էդվարդ Շահբազյանին: Բացի դրանից, ավտոմեքենայի համար արդեն վճարվել է Վարդան Ղազարյանին, ուստի Վարդան Ղազարյանը ավտոմեքենայի հետ կապված պահանջի իրավունք չունի:

Նշված հանգամանքով հիմնավորվում է, որ Վարդան Ղազարյանի և Լևոն Գրիգորյանի միջև որևէ գործարք չի կնքվել, և վերջինս պատշաճ պատասխանող չէ:

Այդ մասին Լևոն Գրիգորյանը չի իմացել և չէր էլ կարող իմանալ, քանի որ Էդվարդ Շահբազյանը 1996 թվականից բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, և նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել Լևոն Գրիգորյանին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքների հիմքով բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված Էդվարդ Շահբազյանի ՀՀ վճռաբեկ դատարանին ուղղված 25.03.2009 թվականի նոտարական կարգով հաստատված բացատրության համաձայն` Լևոն Գրիգորյանը «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենայի հետ կապված որևէ առնչություն չունի, և Էդվարդ Շահբազյանը վճարել է ավտոմեքենայի գումարը:

2. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված Վարդաբլուրի գյուղապետարանի 28.04.2009 թվականի տեղեկանքի համաձայն` 1996 թվականին Էդվարդ Շահբազյանը ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Մինչ օրս նրա գտնվելու վայրի մասին Վարդաբլուրի գյուղապետարանում որևէ տեղեկություն չկա:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է բավարարման, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճիռը ենթակա է վերանայման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տես` Մարինե Մանուկյանին ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու, շուկայական միջինացված արժեքով երկուսենյականոց տան համար դրամական փոխհատուցում տալու, նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) գործով որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Լևոն Գրիգորյանը ընդունել է վիճելի ավտոմեքենայի վերաբերյալ Վարդան Ղազարյանի հետ պայմանավորվածության փաստը:

Մինչդեռ, սույն գործով բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացվել է Էդվարդ Շահբազյանի Վճռաբեկ դատարանին ուղղված 25.03.2009 թվականի նոտարական կարգով հաստատված բացատրությունը, ըստ որի` Լևոն Գրիգորյանը «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենայի հետ կապված որևէ առնչություն չունի, ինչպես նաև այն, որ Էդվարդ Շահբազյանը Վարդան Ղազարյանին վճարել է «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենայի գումարը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից վկայակոչված Էդվարդ Շահբազյանի 25.03.2009 թվականի բացատրությունը նոր երևան եկած հանգամանք է, որը էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էդվարդ Շահբազյանի 25.03.2009 թվականի բացատրությունում վկայակոչված հանգամանքները հայտնի են եղել Լևոն Գրիգորյանին, և նա ապացուցել է իրենից անկախ պատճառներով դրանք դատարան չներկայացնելու փաստը: Մասնավորապես` տվյալ հանգամանքը հիմնավորվում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված Վարդաբլուրի գյուղապետարանի 28.04.2009 թվականի տեղեկանքով, համաձայն որի` Էդվարդ Շահբազյանը ընտանիքով 1996 թվականից բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, և վերջինիս գտնվելու վայրը հայտնի չի եղել, ուստի դրա ներկայացումը դատարան անհնար է եղել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 204.11-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.18-րդ, 240-241.2 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. ԴՐՄԵՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N 3-177 (ՎԴ)
Որոշում