Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ          Վարչական գործ թիվ 3-233 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                            2010թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2237

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճռի դեմ` ըստ Հասմիկ Հարությունյանի, Ռաիսա Հակոբյանի, Քնարիկ Աբգարյանի, Անահիտ Գևորգյանի, Վարսենիկ Հակոբյանի դիմումի ընդդեմ Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավարի` պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Հասմիկ Հարությունյանը, Ռաիսա Հակոբյանը, Քնարիկ Աբգարյանը, Անահիտ Գևորգյանը և Վարսենիկ Հակոբյանը պահանջել են պարտավորեցնել Երևանի Շենգավիթի թաղապետին կատարելու իր 19.10.2006 թվականի թիվ 282 որոշման պահանջը, այն է` քանդել Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51 շենքի դիմաց գտնվող ապօրինի շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 18.04.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիմքով նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճռի կայացման համար հիմք էր ապօրինի շինությունը քանդելու վերաբերյալ Երևանի Շենգավիթի թաղապետի 19.10.2006 թվականի թիվ 282 որոշումը:

Երևանի քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2471-Ա և 15.02.2008 թվականի թիվ 650-Ա որոշումներով Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/4 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը ճանաչվել է պետական սեփականություն և օրինականացվել է:

Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավարի 22.04.2009 թվականի թիվ 124 որոշմամբ վերացվել է Երևանի Շենգավիթ համայնքի թաղապետի 19.10.2006 թվականի թիվ 282 որոշումը` նկատի ունենալով, որ վերացել է այդ որոշմամբ կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը: Հետևաբար, վերացել է այն որոշումը, որը հիմք է ծառայել վիճարկվող դատական ակտի կայացման համար, ինչը նոր երևան եկած հանգամանք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը և գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Շենգավիթի թաղապետի 19.10.2006 թվականի թիվ 282 որոշման համաձայն` որոշվել է քանդել Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51 շենքի դիմաց գտնվող ապօրինի շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի (գ.թ. 18):

2) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով դիմումը բավարարելիս հիմք է ընդունվել Երևանի Շենգավիթի թաղապետի 19.10.2006 թվականի թիվ 282 որոշումը (գ.թ. 92):

3) Երևանի քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2471-Ա որոշման համաձայն` Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/4 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 172.9 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (հասարակական) ճանաչվել է պետական սեփականություն (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

4) Երևանի քաղաքապետի 15.02.2008 թվականի թիվ 650-Ա որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/4 հասցեում գտնվող 132.9 քմ ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական կիսակառույց շինությունը) ճանաչվել է օրինական (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

5) Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավարի 22.04.2009 թվականի թիվ 124 որոշմամբ վերացվել է Երևանի Շենգավիթ համայնքի թաղապետի 19.10.2006 թվականի թիվ 282 որոշումը` նկատի ունենալով, որ վերացել է նշված որոշմամբ կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ

4) այն դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դիմումը բավարարելու հիմքում դրել է Երևանի Շենգավիթի թաղապետի 19.10.2006 թվականի թիվ 282 որոշումը, որի համաձայն` Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51 շենքի դիմաց գտնվող ապօրինի շինությունը ենթակա էր քանդման, իսկ տարածքը` նախկին տեսքի բերելու:

Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավարի 22.04.2009 թվականի թիվ 124 որոշումը, որով վերացվել է Երևանի Շենգավիթ համայնքի թաղապետի 19.10.2006 թվականի թիվ 282 որոշումը, ինչպես նաև ներկայացվել է Երևանի քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2471-Ա որոշումը, որի համաձայն` Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/4 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 172.9 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (հասարակական) ճանաչվել է պետական սեփականություն, Երևանի քաղաքապետի 15.02.2008 թվականի թիվ 650-Ա որոշումը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/4 հասցեում գտնվող 132.9 քմ ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական կիսակառույց շինությունը) ճանաչվել է օրինական:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիմքով նոր երևան եկած հանգամանք, որը Վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը վերանայելու հիմք է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիմքով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ինչ վերաբերում է գործի վարույթը կարճելու վերաբերյալ վճռաբեկ բողոքում նշված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի ուժով սույն գործի վարույթը կարճելու որևէ հիմք առկա չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N 3-233 (ՎԴ)
Որոշում