Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ6/0218/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ6/0218/05/08                             2010թ.

Դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Թումանյանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Կարեկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 9.793.620 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է «Կարեկ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ ԿԱ ՊԵԿ Թումանյանի ՏՀՏ-ի բռնագանձել 7.718.820 ՀՀ դրամ` որպես հարկային և սոցիալական ապահովության պարտադիր վճարների գծով ունեցած պարտավորություն: Մնացած մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վարչական դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատճառաբանել է, որ «պատասխանողի հարկային պարտավորությունները տեսչությունն ըստ էության հայտնաբերել է շատ ավելի վաղ, մասնավորապես, համապատասխան հայտարարությունները պատասխանողի կողմից չներկայացնելու ժամանակ: Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը»:

Դատարանի նման եզրահանգումը տրամաբանական չէ, քանի որ Դատարանն ընդունել է, որ պարտավորությունը հայտնաբերվել է ավելի վաղ, սակայն կիրառել է վերը նշված նորմը: Տվյալ դեպքում հայցի առարկան ոչ թե Ընկերության կողմից կատարված խախտման փաստի հայտնաբերումն է, այլ հարկային օրենսդրության պահանջները չկատարելու արդյունքում հարկային պարտավորությունները բռնագանձելը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 19.06.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերությանը հասցեագրված Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 05-2/722 գրությամբ հայտնվել է, որ հաստատագրված վճարն ըստ Ընկերության ներկայացրած ելակետային տվյալների հաշվարկվել է 2002 թվականի հունիս ամսից սկսած:

2002 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար հաշվարկվել է համապատասխանաբար 400.000, 400.000 և 245.200 ՀՀ դրամ, որից նույն թվականի ընթացքում վճարվել է 694.800 ՀՀ դրամ և 01.01.2003 թվականի դրությամբ ապառքի մնացորդը կազմել է 350.400 ՀՀ դրամ:

10.02.2003 թվականին ներկայացված ելակետային տվյալների համաձայն` 2003 թվականի փետրվար ամսից սկսած հաշվարկվել է հաստատագրված վճար, յուրաքանչյուր ամսվա համար 800.000 ՀՀ դրամ, ընդամենը` 8.774.200 ՀՀ դրամ: Նույն թվականի ընթացքում վճարվել է 7.495.400 ՀՀ դրամ և 2003 թվականի համար ապառքի մնացորդը կազմել է 1.366.900 ՀՀ դրամ:

2002 և 2003 թվականների համար ապառքը 01.01.2004 թվականի դրությամբ կազմել է 1.717.300 ՀՀ դրամ:

2004 թվականի համար հաշվարկվել է 10.482.200 ՀՀ դրամ հաստատագրված վճար, վճարվել է 11.012.900 ՀՀ դրամ: Ապառքի մնացորդը 01.01.2005 թվականի դրությամբ կազմել է 1.186.600 ՀՀ դրամ (հ. 2-րդ, գ.թ. 70-71):

2. Ապառքի գումարների նկատմամբ` ըստ համապատասխան ժամանակահատվածների հաշվարկվել է 888.200 ՀՀ դրամ տույժ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ նշված հոդվածով սահմանված ժամկետը վերաբերում է հարկային օրենսդրության խախտման փաստի և դրա` հարկային մարմնի կողմից հայտնաբերման միջև ընկած ժամանակահատվածին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դրույթը վերաբերում է հարկային պարտավորությունների հայտնաբերման բոլոր դեպքերին` առանց բացառության (տես` ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Աբելյան Դ/Ձ» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1586 (ՏԴ) որոշումը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Ռազմիկ Ասատրյան և որդի» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի թիվ 3-90(ՎԴ) որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հարկային պարտավորության խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու պահի հարցին, արձանագրել է, որ հարկ վճարողի կողմից հարկային պարտավորության խախտման համար հարկային մարմնի կողմից տույժ հաշվարկելը բավարար հիմք է արձանագրելու համար, որ հարկ վճարողի կողմից թույլ տրված խախտումը հարկային մարմինը հայտնաբերել է խախտման առաջին օրը (տե՛ս, ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի` 4.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1150 (ՎԴ)):

Դատարանը հայցը մասնակիորեն մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ «2002-2003թթ. համար հաստատագրված վճարի գծով հաշվարկված 1.186.600 դրամ գումարի մասով պատասխանողի համար հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ նույնիսկ դրանց տվյալ պարագայում առկայության դեպքում, քանի որ այդ գումարը պարզ չէ թե ինչ մեթոդով, հայցվորի կողմից ըստ էության հայտնաբերվել է 2008թ., որի բռնագանձման համար 05.06.2008թ. դիմել է դատարան»:

Սույն գործով Ընկերության կողմից ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունների հիման վրա 2002 թվականի հունիս ամսից հաշվարկվել է հաստատագրված վճար: 01.01.2003 թվականի դրությամբ ապառքի մնացորդը կազմել է 350.400 ՀՀ դրամ, 01.01.2004 թվականի դրությամբ` 1.717.300 ՀՀ դրամ, իսկ 01.01.2005 թվականի դրությամբ` 1.186.600 ՀՀ դրամ: Ապառքի գումարների նկատմամբ` ըստ համապատասխան ժամանակահատվածների հաշվարկվել է 888.200 ՀՀ դրամ տույժ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված տույժերի հաշվարկը բավարար հիմք է արձանագրելու համար, որ Ընկերության կողմից թույլ տրված խախտումները Տեսչությունը հայտնաբերել է դեռևս այդ խախտումների ժամանակ: Հետևաբար, Ընկերությունից բռնագանձման են ենթակա մինչև 01.01.2005 թվականը հաշվարկված 1.186.600 ՀՀ դրամ ապառքի գումարը և դրա նկատմամբ` ըստ համապատասխան ժամանակահատվածների հաշվարկված 888.200 ՀՀ դրամ տույժերը:

Այսինքն` ապառքի նկատմամբ տույժեր հաշվարկելու փաստով հաստատվում է, որ Հարկային տեսչության կողմից խախտումը հայտնաբերվել է հարկային պարտավորությունները վճարելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` հաջորդ օրը: Հետևաբար, հիմնավոր չէ Դատարանի եզրահանգումն այն մասին, որ «2002-2003թթ. համար հաստատագրված վճարի գծով հաշվարկված 1.186.600 դրամ գումարի մասով պատասխանողի համար հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ նույնիսկ դրանց տվյալ պարագայում առկայության դեպքում, քանի որ այդ գումարը պարզ չէ թե ինչ մեթոդով, հայցվորի կողմից ըստ էության հայտնաբերվել է 2008թ., որի բռնագանձման համար 05.06.2008թ. դիմել է դատարան»:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը կիրառելի չէ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.06.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել. «Կարեկ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2.074.800 ՀՀ դրամ: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. «Կարեկ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Թումանյանի տարածքային հարկային տեսչության բռնագանձել 62.244 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի, ինչպես նաև 40.325 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ՎԴ6/0218/05/08
Որոշում