Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ, 113-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ         Վարչական գործ թիվ ՎԴ6/0234/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ6/0234/05/08                            2010թ.

Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գուրգեն Բերոյանի, հայցվորի կողմում երրորդ անձինք Վերգուշ, Արփենիկ, Վերիշկա, Անգին և Նորիչկա Բերոյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.03.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գուրգեն Բերոյանի, երրորդ անձինք Վերգուշ, Արփենիկ, Վերիշկա, Անգին և Նորիչկա Բերոյանների ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Ալավերդու տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Լոռու մարզի Շնողի գյուղապետարանի, Վարդան Բերոյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և Գուրգեն Բերոյանին փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գուրգեն Բերոյանը, երրորդ անձինք Վերգուշ, Արփենիկ, Վերիշկա, Անգին և Նորիչկա Բերոյանները պահանջել են անվավեր ճանաչել Գառնիկ Բերոյանի անվամբ Շնող գյուղում գտնվող տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և փաստացի տիրապետմամբ ճանաչել Գուրգեն Բերոյանի մոր` Վարսենիկ Բերոյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Գուրգեն Բերոյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել է նաև անվավեր ճանաչել Շնողի գյուղապետարանի 1991 թվականի թիվ 1 տնտեսական գրքի 43 էջի գրանցումը և դրա հիման վրա տրված քաղվածքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.03.2009 թվականի վճռով հայցը` Գառնիկ Բերոյանի անվամբ Շնող գյուղում գտնվող տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Շնողի գյուղապետարանի 1991 թվականի թիվ 1 տնտեսական գրքի 43 էջի գրանցումը և դրա հիման վրա տրված քաղվածքը անվավեր ճանաչելու պահանջների մասով մերժվել է, իսկ Գուրգեն Բերոյանին փաստացի տիրապետման և կառավարման ուժով ժառանգական գույքը ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով վարչական գործի վարույթը կարճվել է` վեճն այդ մասով Դատարանին ընդդատյա չլինելու հիմքով:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գուրգեն Բերոյանը, երրորդ անձինք Վերգուշ, Արփենիկ, Վերիշկա, Անգին և Նորիչկա Բերոյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 113-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները:

Մասնավորապես, դատարանը հաշվի չի առել Գյուղապետարանի 17.04.2008 թվականի գրությունը, Շնող համայնքի ղեկավարի 19.05.2008 թվականի տեղեկանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Վարսենիկ Բերոյանը, Գառնիկ Բերոյանը, ինչպես նաև Գուրգեն Բերոյանը առանձին տնտեսություններ էին: Դատարանի կողմից անտեսվել է նաև, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է այն փաստը, որ Գուրգեն Բերոյանը և իր ընտանիքը եղբոր` Գառնիկ Բերոյանի հետ բնակվել է մեկ հարկի տակ:

Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ կադաստրը գրանցման հիմք հանդիսացած փաստաթղթում Գյուղապետարանի կողմից ուղղում կատարելուց հետո Գյուղապետարանի 17.04.2008 թվականի գրության հիման վրա պարտավոր էր կատարել համապատասխան գրանցման ուղղում` առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ավելին, պետական գրանցման հիմքում դրված քաղվածքը եղել է ջնջումներով, ուղղումներով, իսկ օրենսդրորեն ուղղակիորեն արգելված է նման փաստաթղթերի հիման վրա պետական գրանցման իրականացումը: Ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթերը հիմք են պետական գրանցումը մերժելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 06.03.2009 թվականի վճռի` Գառնիկ Բերոյանի անվամբ Շնող գյուղում գտնվող տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Շնողի գյուղապետարանի 1991 թվականի թիվ 1 տնտեսական գրքի 43 էջի գրանցումը և դրա հիման վրա տրված քաղվածքը անվավեր ճանաչելու պահանջի մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Շնող համայնքի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսական գրքի անձնական հաշիվ թիվ 43-ում որպես տնտեսության անդամ նշվել է Վարսենիկ Բերոյանը: Տունը և տնամերձ հողամասը գտնվում է փողոց 11, փակուղի 1, թիվ 21 տուն հասցեում (հատոր 1-ին գ. թ. 12):

2. Շնող համայնքի 1991-1995 թվականների և 2001-2006 թվականների թիվ 1 տնտեսական գրքի անձնական հաշիվ թիվ 44-ում որպես տնտեսության անդամներ նշվել են Գուրգեն Բերոյանը, Արմենուհի Մաշինյանը, Գոհար Բերոյանը, Լիլիթ Բերոյանը, Գերաս Բերոյանը (հատոր 1-ին գ.թ. 11, գ.թ. 62):

3. Շնող համայնքի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսական գրքի անձնական հաշիվ թիվ 45-ում որպես տնտեսության անդամ նշվել է Գառնիկ Բերոյանը: Տունը և տնամերձ հողամասը գտնվում է փողոց 11, փակուղի 1, թիվ 21 տուն հասցեում (հատոր 1-ին գ. թ. 12):

4. Վարսենիկ Բերոյանը մահացել է 1995 թվականին: Շնող համայնքի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսական գրքի անձնական հաշիվ թիվ 43-ի` որպես տնտեսության անդամ գրանցված Վարսենիկ Բերոյանի անվան, հայրանվան վրա կատարվել է գծանշում և փոխարենը նշվել է «Բերոյան Գառնիկ Գերասիմի»: Նույն գրքի անձնական հաշիվ թիվ 45-ի Գառնիկ Գերասիմի Բերոյանի տվյալների էջի վրա կատարվել է նշում` «անցել է թիվ 43 անձնական հաշիվ» (հատոր 1-ին գ. թ. 12):

5. 30.06.2004 թվականին Շնող գյուղում գտնվող տան և տնամերձի նկատմամբ պետական գրանցման միասնական 06-088-4-7 մատյանի 119 համարի տակ գրանցվել է Գառնիկ Բերոյանի սեփականության իրավունքը` հիմք ընդունելով Շնող համայնքի տնտեսական համար 1 գրքի անձնական հաշիվ 43-ի քաղվածքը (հատոր 1-ին գ. թ. 55-57):

6. ՀՀ Լոռու մարզի Շնողի գյուղապետարանի ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Ալավերդու տարածքային ստորաբաժանման պետ Ն. Գալստյանին ուղղված 17.04.2008 թվականի գրությամբ նշվել է. «Գուրգեն Գերասիմի Բերոյանի ընտանիքը քարտեզագրման նախապատրաստական աշխատանքների ժամանակ թյուրիմացաբար դուրս է մնացել սեփականության իրավունքի վկայականից, սակայն փաստացի այդ ընտանիքը գրանցված և մշտապես բնակվել և բնակվում է այդ նույն տանը» (հատոր 1-ին գ.թ. 58):

7. Շնողի համայնքի ղեկավարի 19.05.2008 թվականին տրված տեղեկանքի համաձայն` 2006-2010 թվականների տնտեսական գրքի թիվ 1 գրքի էջ 56-ի կատարվել է նախկին սխալ գրանցման ուղղում կապված հասցեագրման աշխատանքների հետ, և Գուրգեն Բերոյանի և նրա ընտանիքի անվան դիմաց գրանցվել է շինություն (տուն), որի հասցեն է փողոց 11 փակուղի 1 տուն 21 (հատոր 1-ին գ.թ. 61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Սույն վարչական գործով Դատարանը, հաստատված համարելով, որ 1980-1982 թվականների և 1988-1990 թվականների տնտեսական գրքերով չի հաստատվում Գուրգեն Բերոյանի` բնակելի տուն և տնամերձ ունենալու փաստը, հանգել է այն հետևության, որ վիճելի տան մի մասը պատկանել է Գառնիկ Բերոյանին, իսկ մյուս մասը` Վարսենիկ և Գերասիմ Բերոյաններին:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Մինչդեռ, սույն գործով Դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել Շնող համայնքի 1991-1995 և 2001-2006 թվականների թիվ 1 տնտեսական գրքերի անձնական հաշիվ թիվ 43, թիվ 44, թիվ 45-ի նշումներն այն մասին, որ առանձին տնտեսությունների անդամներ են համապատասխանաբար Վարսենիկ Բերոյանը, Գուրգեն Բերոյանը և նրա ընտանիքը, ինչպես նաև Գառնիկ Բերոյանը, Շնողի Գյուղապետարանի` 17.04.2008 թվականի գրությունը, ըստ որի` Գուրգեն Բերոյանը և նրա ընտանիքը քարտեզագրման նախապատրաստական աշխատանքների ժամանակ թյուրիմացաբար դուրս են մնացել սեփականության իրավունքի վկայականից, սակայն փաստացի այդ ընտանիքը գրանցված և մշտապես բնակվել և բնակվում է այդ նույն տանը, Շնողի համայնքի ղեկավարի կողմից 19.05.2008 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն` 2006-2010 թվականների տնտեսական թիվ 1 գրքի էջ 56-ում կատարվել է նախկին սխալ գրանցման ուղղում կապված հասցեագրման աշխատանքների հետ և Գուրգեն Բերոյանի և նրա ընտանիքի անվան դիմաց գրանցվել է շինություն (տուն), որի հասցեն է փողոց 11 փակուղի 1 տուն 21:

Մասնավորապես, Դատարանը չի նշել, հայցվորի կողմից ներկայացված վերը նշված ապացույցների մերժման հիմքերը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը հիմնավոր չէ:

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներին, ապա Դատարանի կողմից վերը նշված ապացույցները չգնահատվելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.03.2009 թվականի վճռի` Գառնիկ Բերոյանի անվամբ Շնող գյուղում գտնվող տան և տնամերձ հողամասի նկատմամբ անշարժ գույքի գրանցման միասնական 06-088-4-7 մատյանի թիվ 119 սեփականության իրավունքի պետական գրանցումը, Շնողի գյուղապետարանի 1991 թվականի թիվ 1 տնտեսական գրքի 43 էջի գրանցումը և դրա հիման վրա տրված քաղվածքը անվավեր ճանաչելու պահանջի մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ՎԴ6/0234/05/08
Որոշում