Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱ ...

 

 

040.1351.011209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 1351-Ն

 

ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

(2-րդ մաս)

 

85. Զվարճահարմարանքների` շահագործման ռեժիմով աշխատելու դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

1) զվարճահարմարանքը պետք է միշտ գործարկվի օպերատորի կողմից` բացառությամբ չընդհատվող նստեցման ու իջեցման դեպքերի, եթե դա թույլատրվում է` ելնելով ռիսկի գնահատումից.

2) եթե ուղևորների առողջական վիճակի հետ կապված առաջացել են խնդիրներ, օպերատորին տեղյակ պահելու համար պետք է ստեղծել հնարավորություն նախատեսված զբոսանքի ժամանակը կրճատելու համար.

3) շահագործման այլ ռեժիմների կիրառում, եթե դրանք չեն մեծացնում ռիսկերը:

86. Այնպիսի զվարճահարմարանքներում, որտեղ ուղևորների նստեցումն ու իջեցումը կատարվում են առանց կանգառի, պետք է ապահովվի օպերատորի մշտական հսկողությունը:

87. Զվարճահարմարանքը համարվում է պարապուրդի ռեժիմի մեջ, որը կարող է առաջանալ հետևյալ դեպքերում`

1) վթարային կանգառի.

2) էլեկտրասնուցման վթարային անջատման.

3) արտահերթ անջատումից հետո էլեկտրամատակարարման վերականգնման.

4) պաշտպանիչ կանգառի իրագործման:

88. Կառավարման համապատասխան համակարգով զվարճահարմարանքի անվտանգության ապահովումը նշանակում է, որ`

1) զվարճահարմարանքի ոչ աշխատանքային վիճակում, ցանկացած պահի պետք է բացառվեն վտանգավոր իրավիճակները.

2) վթարային կամ արտահերթ կանգառից հետո զվարճահարմարանքի պարապուրդի ժամանակ անհրաժեշտ է կառավարման համակարգում ստուգել ու վերականգնել բոլոր պարամետրերն ու տվյալները, որոնք կապ ունեն անվտանգության ապահովման հետ, և միայն դրանից հետո անցնել շահագործման նորմալ ռեժիմի:

89. Զվարճահարմարանքի արգելակման ու կանգառի ժամանակ անհրաժեշտ է`

1) պահպանել գործողությունների անվտանգ հաջորդականությունը.

2) ժամանակի ցանկացած պահի թույլ չտալ արագությունների անկում` աշխատանքային թույլատրելի ցուցանիշների նվազագույնից կամ բարձրացում` առավելագույնից:

90. Զվարճահարմարանքը շարժման մեջ դնող էլեկտրամատակարարման հիմնական աղբյուրից բացի պետք է լինի էներգիայի մատակարարման լրացուցիչ աղբյուր, որն էլեկտրասնուցման անջատման դեպքում կապահովի զվարճահարմարանքի անվտանգ կանգառն ու կկանխի ինքնաբերական թողարկումը:

91. Արտակարգ ռեժիմում զվարճահարմարանքների աշխատանքի ժամանակ պետք է կատարվեն այն պահանջները, որոնք սահմանված են շահագործումից առաջ և լրացուցիչ`

1) հրահանգներ տալն անվտանգությունն ապահովող կառավարման համակարգի կողմից թույլատրվում է կիրառել միայն խիստ որոշակի առանձին քայլերով, որի դեպքում պետք է երաշխավորվի, որ յուրաքանչյուր առանձին հրահանգ կատարվում է նպատակաուղղված.

2) եթե արտակարգ կանգառի դեպքում ուղևորների ազատման միակ միջոցը համարվում է անվտանգության համար նախատեսված բլոկավորումը, ապա ռեժիմի կարգավորման աշխատանքները պետք է կատարվեն պատասխանատու օպերատորի կողմից:

92. Զվարճահարմարանքներում պետք է նախատեսվեն ուղևորատար մոդուլների չնախատեսված բախումները կանխող միջոցներ, եթե այդպիսի բախումներ հնարավոր են:

93. Զվարճահարմարանքների բլոկավորման գոտիները, որոնց վրա բաժանվում է ռելսուղին կամ առուն, պետք է լինեն այնպիսի քանակությամբ, որպեսզի կանխվեն վտանգավոր բախումները:

94. Բլոկավորման գոտիների կառավարման համակարգը պետք է ընդգրկի`

1) գոտու զբաղվածության ցուցանշման միջոցները` զբաղվածության տվիչները.

2) գոտու ազատման ցուցանշման միջոցները` ազատման տվիչները.

3) կառավարման սկզբունքային սխեմաները.

4) ուղևորատար մոդուլը կանգնեցնելու ունակ արգելակման սարքվածքները:

95. Բլոկավորման գոտի մտնելու ժամանակ յուրաքանչյուր ուղևորատար մոդուլը պետք է կառավարման համակարգին տա ազդանշան, որը նշանակում է, որ գոտին զբաղված է: Բացի նշված դեպքերից, ուղևորատար մոդուլը կամ գնացքը կարող է հեռանալ բլոկավորման գոտուց միայն այն դեպքում, երբ ազատ է հաջորդ գոտին:

96. Բլոկավորման գոտուց հեռանալու ժամանակ յուրաքանչյուր ուղևորատար մոդուլի վերջին բաժանմունքը (սեկցիան) պետք է կառավարման համակարգին տա ազդանշան, որը նշանակում է, որ գոտին ազատ է:

97. Յուրաքանչյուր խափանման դեպքում, որը մեծացնում է ուղևորներին սպառնացող հնարավոր ռիսկերը (պահեստային տվիչներից մեկի խափանում կամ էլեկտրասնուցման աղբյուրի անջատում), կառավարման համակարգը պետք է իրագործի ուղևորատար մոդուլի վթարային կանգառ:

98. Կանգառից հետո էլեկտրական, հիդրավլիկ և օդաճնշակային (պնևմատիկ) սարքերի աշխատունակության վերականգնման դեպքում, եթե բացակայում է կրկնակի թողարկման անվտանգության ավտոմատ ապահովումը, բլոկավորման գոտու կառավարման համակարգերը պետք է կանխեն արգելակների անջատումը` բացառությամբ ձեռքի կառավարման համակարգով աշխատելու դեպքում: Եթե նախատեսված է կրկնակի թողարկման ավտոմատ համակարգ, ապա այն պետք է միանա ձեռքի կառավարմամբ:

99. Բլոկավորման գոտիների կառավարման համակարգում բախումը կանխող սարքվածքները պետք է աշխատեն մշտապես:

100. Կանգառի սարքվածքները պետք է տեղաբաշխված լինեն այնպես, որ դրանց կողմից ուղևորատար մոդուլի կանգառից հետո նորմալ պայմաններում հնարավոր լինի իրագործել անվտանգ կրկնակի թողարկում:

101. Յուրաքանչյուր բլոկավորման գոտում տեղադրված տվիչների միջակայքը (ինտերվալը) պետք է լինի այնպիսին, որ կանխվի ցանկացած պատճառով կանգառից հետո գոտուց հեռացող ուղևորատար մոդուլի բախումն իր հետևից ընթացող մոդուլի հետ:

102. Զբաղվածության ու միջակայքի տվիչները պետք է տեղաբաշխված լինեն այնպես, որ մինչև ուղևորատար մոդուլի գոտուց լրիվ հեռանալը դրանք ցույց տան, որ գոտին զբաղված է:

103. Հսկման ու կառավարման համակարգերը (էլեկտրական, էլեկտրոնային, օդաճնշակային կամ հիդրավլիկ)` էլեկտրասնուցման անջատման դեպքում պետք է ի վիճակի լինեն կառավարելու կանգառի սարքվածքները:

 

IX. ՄԱՆԿԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

104. Մանկական հրապարակների սարքավորումների շահագործման ժամանակ պետք է հաշվի առնվեն`

1) տարբեր տարիքային խմբերի երեխաների համար խաղային հրապարակներում սարքավորումների շահագործման առանձնահատկությունները.

2) սարքավորումների տարբեր բացվածքներում, ճեղքերում, անցքերում երեխաների ձեռքերի, ոտքերի, գլխի, մատների, հագուստի խցկված մնալու, լռվելու անթույլատրելիությունը.

3) խաղային ու վայրէջքի գոտիների չափերի բավարարությունը.

4) այն տեղերում, որտեղ կարող են ընկնել տարբեր առարկաներ, որտեղ տեղի են ունենում սահք, գլորում, թռիչքներ, սարքավորման տարրերում և դրանց միջև ճեղքերի, բացվածքների առկայության անթույլատրելիությունը.

5) ազատ անկման անվտանգ բարձրության (խաղային մակերեսից մինչև վայրէջքի գոտու միջև ընկած ուղղաձիգ հեռավորությունը) ապահովումը.

6) սարքավորման շարժվող ու անշարժ տարրերի, ինչպես նաև խաղային հրապարակի միջև անվտանգ հեռավորության ապահովումը.

7) որպեսզի ռիսկը, որը ենթադրվում է զվարճանքի և խաղի ժամանակ, երեխայի համար լինի ակնհայտ, և նա կարողանա կանխատեսել դրանք ու խուսափել դրանցից.

8) սարքավորման մեջ երեխաների օգնության համար մեծահասակների մուտքի մատչելիությունը.

9) սարքավորման մակերեսին ջրի կուտակման անթույլատրելիությունը, ջրի ազատ հոսքի և չորացման ապահովումը.

10) ամրացման միացությունների դուրս ցցված վերջույթներից պաշտպանվածության ապահովումը.

11) որպեսզի սարքավորման փայտե տարրերի ու դրանց մակերեսների վրա չլինեն մշակման թերություններ.

12) որպեսզի սարքավորման վրա երեխաներին պահող (բռնող) տարրերի լայնությունը համապատասխանի նախագծով նախատեսված չափերին.

13) որպեսզի հարկ եղած տեղերում սարքավորումն ապահովվի բազրիքներով, ճաղաշարքերով ու պաշտպանակներով` հաշվի առնելով երեխաների տարիքային խմբերը: Դրա հետ մեկտեղ, բազրիքների, ճաղաշարքերի ու պաշտպանակների կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որ հնարավոր չլինի երեխաներին կանգնել կամ նստել, մագլցել ու բարձրանալ դրանց վրա:

105. Սարքավորումների շահագործման ընթացքում պետք է հսկել`

1) որպեսզի օգտագործվող նյութերը երեխաների ու շրջակա միջավայրի վրա չունենան վտանգավոր ազդեցություն.

2) որպեսզի շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում երեխաների մաշկի վրա սարքավորումների հետ շփումից չառաջանան ջերմային այրվածքներ:

106. Մանկական խաղային հրապարակների սարքվածքների համար արգելվում է օգտագործել հետևյալ նյութերը`

1) պոլիմերային դյուրավառ նյութեր.

2) այրման արգասիքների թունավորության տեսակետից վտանգավոր նյութեր.

3) նոր նյութերը, որոնց հատկությունները դեռևս բավականաչափ չեն ուսումնասիրված:

107. Եթե սարքավորումներում օգտագործվում են տարբեր ձուլամայրային (մատրիցա) հիմքով ոչ դյուրավառ պոլիմերային և կոմպոզիցիոն նյութեր, ապա դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործության հանդեպ պետք է լինեն կայուն:

108. Պոլիմերային և կոմպոզիցիոն նյութերի մակերեսների կարծրությունը շահագործման ամբողջ ընթացքում պետք է ապահովի երեխաների անվտանգությունը:

109. Մետաղե նյութերը, որոնց շերտազատման, կեղևահանման, կլպման հետևանքով առաջանում են թթուներ (օքսիդներ), պետք է պաշտպանված լինեն ոչ թունավոր ծածկույթով:

110. Նրբատախտակները մթնոլորտային ներգործությունների նկատմամբ պետք է լինեն կայուն:

111. Սարքավորման հավաքակցումը, տեղադրումն ու շահագործումը պետք է կատարվեն նախագծին, սարքավորման տեխնիկական անձնագրի պահանջներին համապատասխան:

112. Սարքավորումը պետք է հավաքակցվի և տեղադրվի այնպես, որպեսզի ապահովվի խաղացող երեխաների անվտանգությունը:

113. Արգելվում է շահագործել մանկական հրապարակների սարքավորումները, եթե դրանցում աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել:

114. Մանկական հրապարակների սարքավորումների ստուգման ժամանակ անհրաժեշտ է`

1) համոզվել սարքավորման սարքինության և համալրության մեջ.

2) հավաստիանալ սարքավորման յուրաքանչյուր կառուցվածքի, դրա առանձին տարրերի ու մասերի առավելագույն ունակության մեջ` դրանց մշտական և ժամանակավոր բեռնվածության պայմաններում:

115. Մանկական հրապարակների սարքավորումների շահագործման ժամանակ անհրաժեշտ է`

1) արգելապատել խաղային գոտիները, որպեսզի դրանք չհատեն հետիոտնի անցումային գոտիները.

2) բացառել սարքավորման շահագործումը, եթե այն վնասված է և կարող է վնաս հասցնել երեխաների առողջությանը.

3) խաղային գոտում չստեղծել խոչընդոտներ, որոնք կարող են վնասվածքի պատճառ հանդիսանալ.

4) վայրէջքի գոտիները սարքավորել հարվածամեղմիչ ծածկույթով` երեխաների վնասվելը բացառելու համար.

5) տեղակայել ցուցանակներ` համապատասխան բովանդակությամբ:

116. Զվարճահարմարանքի սեփականատերն օբյեկտի համար մշակում է տեխնիկական անվտանգության համալիր միջոցառումներ և պարբերաբար, առնվազն տարեկան մեկ անգամ ստուգում և գնահատում է այդ միջոցառումների արդյունավետությունը և շահագործման պայմանների փոփոխության դեպքում ճշգրտում դրանք ու ապահովում դրանց պարտադիր կատարումը:

 

X. ՋՐԱՅԻՆ ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

117. Ջրային ատրակցիոնների (ակվապարկեր, ջրամբարներ, ջրավազաններ և այլն) շահագործման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել`

1) ջրային միջավայրի առանձնահատկությունները, հաճախորդների` սահուն մակերեսների վրա ընկնելու ռիսկը, սահմանված քանակից ավելի ջրի կուտակման անթույլատրելիությունը, խեղդվելու ռիսկը, խոնավ միջավայրում էլեկտրահարվելու ռիսկը, բարձրությունից ընկնելու ժամանակ վնասվածք ստանալու ռիսկը.

2) սուր վերջույթներից, անհարթություններից, ցցվածքներից մեխանիկական վնասվածքներ ստանալու անթույլատրելիությունը.

3) չարգելափակված մակերեսներից 0,4 մ-ից ավելի բարձրությունից ընկնելու ռիսկերը (եթե դա նախատեսված չէ զվարճալիքային էֆեկտներ ստեղծելու համար).

4) անցարանների լայնության բավարար լինելը, հնարավորությունը մարդկանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար.

5) պահիչ միջոցների` հենարանների, բազրիքների, ճաղաշարքերի հարմարությունը.

6) ատրակցիոններից օգտվողների մարմինները հպվող տեղերի վրա հարթ մակերեսների ստեղծման անհրաժեշտությունը.

7) մաշկի վնասվածքի կանխման համար ջրային մակերեսներում սահմանված նորմերով անհրաժեշտ ջրային շերտի ու հոսքի ստեղծման անհրաժեշտությունը.

8) ատրակցիոնի ձևի ընտրության ժամանակ անվտանգության հաշվարկի կատարման անհրաժեշտությունը, հատկապես առավել արագությամբ սահելու տեղերի մակերեսների հաշվարկը.

9) արգելակման տեղերի քանակների և հարմարությունների ստեղծումը` հաճախորդներին իջնելուց հետո տեղահանելու համար, որպեսզի բացառվեն բախումները մյուս հաճախորդների հետ.

10) ատրակցիոնների տարրերին շահագործման նորմերով սահմանված չափերից ավելի ծանրաբեռնվածության անթույլատրելիությունը:

118. Ջրային ատրակցիոնների շահագործական փաստաթղթերը պետք է մշակվեն` հաշվի առնելով սույն կանոնակարգի 81-րդ կետի բոլոր պահանջները:

119. Ջրային ատրակցիոնների համար կիրառվող նյութերի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել օգտագործվող մետաղե, փայտե, ոչ մետաղե շինվածքների և ամրակապող արտադրատեսակների կայունությունը, հակակոռոզիոն հատկությունները:

120. Սահելու համար մակերեսները և հենարանային մակերեսները պետք է պատրաստվեն այնպիսի նյութերից, որոնցում բացառվում են շերտատումը կամ նշանակալի ձևախախտումները:

121. Ջրային ատրակցիոններում կիրառվող էլեկտրասարքավորումների տեղադրումը պետք է կատարվի` հաշվի առնելով խոնավ միջավայրի առանձնահատկությունները:

122. Ջրային ատրակցիոնների շահագործման ժամանակ պետք է օբյեկտի անհրաժեշտ տեղերում տեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ և ցուցիչներ, ինչպես նաև ատրակցիոնից օգտվելու անվտանգության կանոնները:

123. Ջրային ատրակցիոնների սարքերի համար օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.III.2.2.4» սանիտարական նորմերի պահանջներին:

 

XI. ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

 

I. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ

 

124. Հավաքված կամ հավաքակցված ու շահագործման նախապատրաստված զվարճահարմարանքները ենթակա են համապատասխանության հավաստման` լիազորված պետական կառավարման մարմնում հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից: Մինչև զվարճահարմարանքների համապատասխանության հավաստումը, դրա բոլոր կրիտիկական բաղկացուցիչ մասերն ու պարամետրերը պետք է ենթարկվեն համապատասխան լաբորատոր փորձարկումների և հետազոտությունների: Փորձարկումներն իրականացվում են զվարճահարմարանքը հավաքակցած կազմակերպության կողմից` հարմարանքի սեփականատիրոջ մասնակցությամբ: Փորձարկումների արդյունքները գրանցվում են տեղեկամատյանում և համապատասխանությունը հավաստող փաստաթղթում` համապատասխանության հայտարարագրում: Համապատասխանության հավաստման գործողության կատարման և համապատասխանության գնահատման համար փաստաթղթերը, այդ թվում` նաև շահագործման, պետք է կազմված լինեն հայերենով:

125. Զվարճահարմարանքների համապատասխանության հավաստման համար սահմանված ձևերն ու սխեմաները կատարվում են «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշանագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված կարգով: Տվյալ դեպքում զվարճահարմարանքների համապատասխանության հավաստումն իրականացնելու համար կիրառելի են 3հ և 4հ սխեմաները` նույնականացման նշագրերը համապատասխանաբար D և F:

126. Եթե զվարճահարմարանքի կրիտիկական բաղկացուցիչ մասերը շուկայում տեղաբաշխվում են կոնկրետ զվարճահարմարանքից դուրս այլ զվարճահարմարանքի վրա, օգտագործելուց առաջ դրանք նույնպես ենթակա են համապատասխանության հավաստման` զվարճահարմարանքների համար պահանջվող ընթացակարգով և պետք է ունենան անհրաժեշտ տեղեկություններով սեփական տեղեկամատյան:

127. Համապատասխանության հավաստումն անցկացվում է այն տեխնոլոգիական հրահանգների կատարման հիմնավորման եղանակով, որոնք տարածվում են զվարճահարմարանքների վրա:

128. Կախված համապատասխանության հավաստման ընտրած ձևից` համապատասխանության փաստաթուղթը (համապատասխանության սերտիֆիկատ կամ հայտարարագիր) համարվում է այն միակ փաստաթուղթը, որը հաստատում է զվարճահարմարանքի համապատասխանությունը մեկ կամ մի քանի տեխնոլոգիական հրահանգներին:

129. Համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա հաստատված պատճենը պետք է կցված լինի շուկայում տեղաբաշխված յուրաքանչյուր զվարճահարմարանքի տեղեկամատյանին:

130. Զվարճահարմարանքները և դրանց տեխնիկական պատասխանատվության բաղկացուցիչ մասերը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշման, պետք է ունենան մակնշում` համապատասխանության նշանով: Համապատասխանության նշանը զետեղվում է զվարճահարմարանքի չհանվող մասի և տեխնիկական պատասխանատվության բաղկացուցիչ մասի կամ տարայի, փաթեթվածքի, պիտակի, շահագործման և ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա:

 

II. ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

131. I և II մակարդակի տեխնիկական պատասխանատվության զվարճահարմարանքների համար համապատասխանության հավաստման ձև է հանդիսանում համապատասխանության սերտիֆիկատը:

132. Զվարճահարմարանքների հավաստումն անցկացվում է լիազոր պետական մարմնում հավատարմագրված անձի կողմից` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հայտատուի հայտի համաձայն:

133. Համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպվում է հայերենով և պետք է ընդգրկի հետևյալ տեղեկությունները`

1) հայտատուի անվանումն ու գտնվելու վայրը.

2) սերտիֆիկատ տվող մարմնի անվանումն ու գտնվելու վայրը.

3) տեղեկություններ զվարճահարմարանքի մասին և դրա նույնականացման հատկանիշները (անվանումը, կոդը, փաստաթուղթը, որի համապատասխան արտադրված է զվարճահարմարանքը, սերտիֆիկացվող քանակը, խումբը, կամ արտադրանքի քանակը).

4) շահագործման փաստաթղթերի համապատասխանության հիմնավորումը.

5) սերտիֆիկատի նշանակումը.

6) սերտիֆիկատ ստանալու հիմքերը (անցկացված փորձարկումների և հետազոտությունների մասին փաստաթղթերը, արտադրանքի վիճակի վերլուծությունը).

7) սերտիֆիկատի գործողության ժամկետը.

8) գրանցման համարը.

9) սերտիֆիկատ տվող անձի ստորագրությունը:

134. Համապատասխանության սերտիֆիկատը կարող է ունենալ հավելված, որը պետք է ընդգրկի զվարճահարմարանքների կոնկրետ տեսակները, որոնց վրա տարածվում է դրա գործողությունը:

135. III և IV մակարդակի տեխնիկական պատասխանատվության զվարճահարմարանքների համար համապատասխանության հավաստման ձև է հանդիսանում համապատասխանության հայտարարագիրը:

136. Զվարճահարմարանքների համապատասխանության հայտարարագրումը պետք է իրականացվի լիազորված պետական մարմնում հավատարմագրված անձի կողմից «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հայտատուի հայտին համապատասխան:

137. Համապատասխանության հայտարարագիրը պետք է ընդգրկի հետևյալ տեղեկությունները`

1) հայտատուի անվանումը (անունը) և գտնվելու վայրը.

2) տեղեկություններ զվարճահարմարանքի մասին, դրա նույնականացման հատկանիշները (անվանումը, կոդը, փաստաթուղթը, որի համապատասխան արտադրված է զվարճահարմարանքը, հայտարարագրվող քանակը, խումբը կամ արտադրանքի քանակը).

3) հայտարարություն այն մասին, որ տվյալ զվարճահարմարանքը համապատասխանում է դրա տեղեկամատյանում գրանցված տեխնոլոգիական հրահանգի անվտանգության պահանջներին, կենսամեխանիկական ներգործության ու տեխնիկական բնութագրերի պահանջներին.

4) տեղեկություններ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների կողմից անցկացված փորձարկումների (հետազոտությունների) մասին.

5) համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը.

6) կազմակերպության ղեկավարի կամ անհատ սեփականատիրոջ ստորագրությունը:

138. Գրանցված հայտարարագրի կրկնօրինակը պետք է կցվի զվարճահարմարանքի տեղեկամատյանին:

139. Այնպիսի զվարճահարմարանքները, որոնք ենթարկվել են նորոգման` շահագործման փաստաթղթերին համապատասխան, և դրանց սկզբնական հատկությունները չեն փոխվել, համապատասխանության կրկնակի հավաստման ենթակա չեն:

 

XII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

140. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխանության հայտարարագրում կամ համապատասխանության սերտիֆիկացում է իրականացվում այն զվարճահարմարանքների նկատմամբ, որոնք պետք է շահագործման մեջ մտցվեն առաջին անգամ:

141. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց առաջ շահագործման մեջ գտնվող զվարճահարմարանքները, որոնք ունեն համապատասխանության սերտիֆիկատ կամ համապատասխանության հայտարարագիր և համապատասխանում են սույն կանոնակարգի պահանջներին, դրանում նշված ժամկետների ընթացքում պահպանում են իրենց ուժը:

142. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո սեփականատիրոջ (շահագործողի) կողմից զվարճահարմարանքների շահագործումը, գրանցումն ու հաշվառումը պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնակարգի պահանջներին:

143. Զվարճահարմարանքները, որոնց համապատասխանության սերտիֆիկատի կամ հայտարարագրի ժամկետները լրացել են մինչև սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահը և սահմանված կարգով դրանք չեն երկարաձգվել, նշված զվարճահարմարանքների սերտիֆիկացումը կամ հայտարարագրումը, ինչպես նաև դրանց ժամկետները երկարաձգվում են սույն կանոնակարգին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2009
N 1351-Ն
Որոշում