Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2-Ր ...

 

 

040.1787.150104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հունվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1787-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Արփա գետի վերին հոսանքում (Ջերմուկից հյուսիս) գտնվող բազմաթիվ աղբյուրների պաշարները հաշված չեն: Հաշված են միայն Ջերմուկի և Սայաթ-Նովա հանքավայրերի հանքային աղբյուրների պաշարները (23.0 լ/վրկ կամ 1.987 հազ, մ3/օր):

Այսպիսով, Գեղարքունիքի մարզի հաշված և հաստատված ջրի պաշարները շատ մեծ են, կբավարարեն մարզի բնակչության և տնտեսության տարբեր ճյուղերի ջրօգտագործման հեռանկարային պահանջները (տես «Դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ» բաժինը), որոնց օգտագործման համար սահմանափակող գործոն է ջրերի հանքավայրերի անհավասարաչափ բաշխվածությունը: Նշված հարուստ պաշարները ջրամատակարարման նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ է մշակել ջրատնտեսական հաշվեկշիռ` տարածքային վերաբաշխման խնդիրների լուծումով:

3) Հումքային ռեսուրսները և յուրացման միտումները

Գեղարքունիքի մարզը բավականաչափ հարուստ է հումքային ռեսուրսներով` ոչ մետաղային (բազալտներ, տուֆեր, մարմարներ, կավեր, ավազներ, հրաբխային խարամներ, ասբեստ, տորֆ, մշակվող քարեր, մագնեզիում պարունակող հումք, պեռլիտներ, ածուխ, խրոմիտային հանքեր և այլն), մետաղային (երկաթի, նիկել-կոբալտի, պղնձի, ոսկի, ծարիր-մկնդեղ և այլն):

Վերը նշված հանքավայրերից շահագործվում է Սոթքի ոսկու և Շորժայի մագնեզիում-սիլիկատային հանքավայրերը, ինչպես նաև բազալտի, տուֆի, ավազների, տորֆի և այլ հանքավայրերը: Ոչ մետաղային օգտակար հանածոները մարզում շահագործվում են ոչ պատշաճ արդյունավետությամբ: Շատ մեծ են կորուստները հանքերի բաց շահագործման ժամանակ (հիմնականում մարմարի, բազալտի, տուֆի, պեռլիտի): Այդ պրոբլեմն ավելի է բարդացել հողերի սեփականաշնորհման պայմաններում, ցածր է հանքանյութի շահագործման օգտակար գործունեության գործակիցը, որը բերում է ոչ միայն ընդերքի հարստությունների կորստին (ավելի ամուր, ստորին շերտերը մնում են առանց շահագործման), այլև հողային ֆոնդի և շրջակա միջավայրի զգալի վնասների (թափոնների կուտակումներ, լքված բաց հանքեր, փոշու կուտակումներ և այլն):

Մարզում անհրաժեշտ է միջոցառումների համալիր ծրագրի մշակում` ոչ մետաղային և մետաղային հումքերի կոմպլեքսային, անթափոն օգտագործման համար, որի համար անհրաժեշտ է հանքավայրերի հեռանկարային պաշարների հաշվում` դրանց շահագործման և արտադրության տեղաբաշխման ռացիոնալ ուղիների մշակումով, որպես առաջնահերթ միջոցառում հաշվի առնելով Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական խնդիրների գերակայությունը: Այդ տեսանկյունից շատ հեռանկարային է մշակվող քարերի հումքային բազայի օգտագործումը ոսկերչական, գեղարվեստական, հուշանվերների արտադրության ստեղծման գործընթացում (մանրամասն տրված է «Արդյունաբերության գերակա ճյուղերի զարգացումը» գլխում, Գիրք 2, գծագիր N 6):

4) Ռեկրեացիոն ռեսուրսները, յուրացման միտումները. ռեկրեացիոն համակարգի ձևավորման անհրաժեշտությունը

Սևանա լճի ջրհավաք ավազանը հարուստ է ռեկրեացիոն ռեսուրսներով (հանքային ջրեր, կլիմայաբուժության պայմաններ, ձմեռային սպորտի, հանգստի և տուրիզմի կազմակերպման հնարավորություններ), որոնք կարող են խթանել տնտեսական զարգացումը, ստեղծել բնակչության հանգստի և բուժման օպտիմալ միջավայր և նպաստել տարաբնակեցման համակարգի անհավասարակշռության աստիճանական վերացմանը, ինչպես նաև Հայաստան-Արցախ տարածքային և տնտեսական կապերի ամրապնդմանը:

Ռեկրեացիոն ճյուղի զարգացման համապարփակ ծրագրի բացակայությունը արգելք է հանդիսացել Սևանի ավազանի ռեկրեացիոն լանդշաֆտների և ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը: Սևան քաղաքի տրանսպորտային բարենպաստ մատչելիությունը պատճառ է դարձել Սևանա լճի հյուսիս-արևմտյան և հյուսիսային ափերի ինտենսիվ յուրացմանը` տարբեր կազմակերպություններին պատկանող ռեկրեացիոն օբյեկտների կառուցումով: Չկազմակերպված հանգստացողների թիվը հասնում է 30-40 հազար մարդու` առաջացնելով ջրի բակտերիոլոգիական աղտոտվածություն (ըստ կուրորտաբանության և ֆիզիկական բուժման ԳՀՀ-ի տվյալների):

«Բանուկ» տեղերում կառուցապատելու շարունակվող միտումը բերել է այն բանին, որ կառուցապատվել են անհարմար տեղամասեր, այդ թվում`

. կլիմայական անբարենպաստ պայմաններով տեղամասերը, որտեղ քամու տարեկան միջին արագությունները գերազանցում են 6 մ/վրկ (լճի հյուսիսային ափը` սկսած տուրիստական բազայից մինչև ֆիզիկայի ինստիտուտի մանկական ճամբարը),

. Սևանա լճի բարձրացման հեռանկարային մակարդակի (ջրածածկվող և ողողվող տարածքներ) շինարարության համար արգելվող շերտը:

Ազգային պարկի տարածքում 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառվել է շուրջ 1690 միավոր ինքնակամ կառուցված (կամ տեղադրված) շենք, շինություններ: Ավտոմայրուղու, երկաթգծի, գազամուղի սանիտարապաշտպանիչ շերտում են գտնվում Սևան քաղաքից մինչև «Ծիծեռնակ» տուրիստական բազան ափամերձ շերտում կառուցված ռեկրեացիոն օբյեկտները: Էքստենսիվ կառուցապատվել են Սևանա լճի արևմտյան, հարավային և արևելյան ափերը (Մարտունու և Վարդենիսի, Զոդի, Արտանիշի հանգստյան տները և այլ մանր օբյեկտներ): Արդյունքում ձևավորվել է քաղաքաշինական, տարածական-հատակագծային միասնական լուծումներից զուրկ անկանոն կառուցապատում: Այդ տեսանկյունից հրատապ է դարձել Գեղարքունիքի ռեկրեացիոն մարզային համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, հաշվի առնելով, որ մարզի սահմանները հիմնականում համընկնում են Սևանա լճին հարող ջրհավաք ավազանի տարածքի սահմաններին (ավելանում է նաև Գետիկ գետի հովիտը իր ջրբաժանի 46.0 հազ. հա տարածքով), ինչը պայմանավորված է նաև լճի էկոլոգիական հիմնախնդիրների գերակայությամբ, «Սևան» ազգային պարկի առկայությամբ:

Մարզային ռեկրեացիոն համակարգի կարևոր տարածքային միավորի` ռեկրեացիոն գոտու ձևավորման համար, Սևանա լճի ջրհավաք ավազանի ռեկրեացիոն պոտենցիալ հնարավորությունները նախագծով գնահատվել են ավելի մանրամասն, տարբերակված` յուրաքանչյուր ճյուղի զարգացման համար ակտիվ և սահմանափակող բնական և հատակագծային գործոնների համադրումով: Գնահատվել են հետևյալ գործոնները.

Կլիմայաբուժության պայմանները. Սևանի ափերի կլիման յուրահատուկ է: Լեռնաշղթաներով շրջափակված լինելու պատճառով, համեմատաբար քիչ տեղումներ են լինում: Սևանի կլիման չափավոր չոր կլիմաների կարգին է պատկանում: Արեգակի ճառագայթման տևողությամբ (2500-2800 ժամ/տարեկան) Սևանը գերազանցում է բոլոր հայտնի առողջարանային վայրերին և նույնիսկ Եվրոպական հռչակավոր արևաբուժական առողջարաններին:

Սևանի ավազանի տարբեր հատվածների կլիմայաբուժության պայմանները գնահատվել են` օգտագործելով «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ կլիմայաբուժության պայմանների համալիր վերլուծության առաջավոր մեթոդները: Այդ մեթոդով տրվում է մարդու ջերմային զգացողության գնահատականը` էկվիվալենտ-էֆեկտիվ (ԷԷՋ) և ռադիացիոն էկվիվալենտ-էֆեկտիվ (ՌԷԷՋ) ջերմաստիճանների որոշումով (էկվիվալենտ - էֆեկտիվ ջերմաստիճանը` օդի ջերմաստիճանի, խոնավագույն և քամու համատեղ ազդեցության դեպքում մարդու ջերմային զգացողության գնահատականն է):

Սևանի հյուսիս-արևմտյան, հյուսիսային, հյուսիս-արևելյան ափերում (Շորժայից մինչև «Ինտուրիստ մոթել») և հարավ-արևելյան ափում (Ծովակից մինչև Արեգունի գյուղը) սահմանափակող գործոն է համարվում քամու արագությունը (> 5 մ/վրկ): ՈՒժեղ քամիների պատճառով այդ ափերում արևաբուժության օրերի թիվը տատանվում է ամռան ամիսներին 5-8%: Մյուս ափերում, որտեղ քամու արագությունը տատանվում է 2,7-4,5 մ/վրկ, կլիմայաբուժության պայմանները բարենպաստ են (օդաբուժության համար բարենպաստ օրերի թիվը ամռան ամիսներին տատանվում է 2,0-25,0%, առավելագույնի հասնելով հարավային ափում): Ավելի բարենպաստ են արևաբուժության պայմանները, որոնք տատանվում են 15,0-18,0%-ից մինչև 43,0-64,0%, առավելագույնի հասնելով հարավային ափում:

Բալնեոլոգիական բուժման համար պիտանի հանքային աղբյուրներով շատ հարուստ է Սևանի ավազանը: Հանքային ջրերի խոշոր պաշարներ կան Գավառ քաղաքի տարածքում, Գավառագետի կիրճում (Սևանի հանքավայրը): Բուժիչ ջրերը նման են Հանքավանի, Եսենտուկիի ջրերին և կարող են օգտագործվել բալնեոլոգիայի, ինչպես նաև խմելու-բուժման նպատակով: Հանքային ջրի աղբյուրներ կան Լիճք, Մարտունի, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Երանոս բնակավայրերի միջև ընկած տարածքում (Լիճքի հանքավայր) և Ծովագյուղից հարավ ընկած տարածքում:

Հանքային ջրերի օգտագործման ակտիվ գործոններն են` հանքային ջրի մեծ պաշարները, ռեկրեացիոն շինարարության համար ռեզերվային տարածքների առկայությունը, տարածքի կլիմայաբուժության համար բարենպաստ պայմանները (օդաբուժության համար կոմֆորտային օրերի թիվը կազմում է 15.0-55.0%):

Սևանա լճի ավազանում բուժման կազմակերպման համար ակտիվ գործոն է տորֆի խոշոր հանքավայրերի (Գիլիի հանքավայրը, Մարտունու տարածաշրջանի հանքային ցեխերը) առկայությունը, որոնց թերապևտիկ արժեքը Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԸ-ում և Երևանի Գյուղատնտեսական Ակադեմիայում ապացուցվել է ֆիզիկական-քիմիական և կլինիկական ուսումնասիրությունների միջոցով: Ամենատարբեր հիվանդությունների (օստեոմիելիտներ, խրոնիկ պոլիարտրիտ, կանացի և մաշկային հիվանդություններ և այլն) բուժման փորձը տորֆային ցեխերի կիրառմամբ հաջողությամբ իրականացվել է Վարդենիսի հիվանդանոցում:

Սևանի ավազանում ձմեռային սպորտի (լեռնադահուկային) կազմակերպման պայմանները բարենպաստ են: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ դահուկային սպորտով զբաղվելու սեզոնի տևողությունը կապված է 10 սմ և ավելի ձյան շերտի առկայության հետ:

 

---------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Պատմամշակութային ժառանգությունը. Տարածաշրջանի զարգացման համար ակտիվ էնդոգեն գործոն է համարվում նաև պատմամշակութային հուշարձանների առկայությունը: Այդ հուշարձանները պատկանում են Սևանի ավազանի պատմության տարբեր փուլերին (հիմնականում հնագույն ժամանակներից մինչև միջնադարի վերջը): Պահպանվել են այդ ժամանակաշրջանի եկեղեցիներ, վանքային համալիրներ, մենաստաններ, միջնադարյան գերեզմանոցներ` բազմաթիվ խաչքարերով, կիրառական արվեստի, ժողովրդական ճարտարապետության հուշարձաններ:

Մարզի տարածքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը հաստատվել է ՀՀ Կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 80-Ն որոշմամբ, հուշարձանների տեղադրությունը տրված է` Գիրք 2, գծագիր N 4.7-ում:

Սևանի ավազանի բոլոր բնակավայրերը (հները և վերականգնվածները) հիմնականում տեղակայված են ռելիեֆային հարմար պայմաններում` գետահովիտներում, որոնք առավելագույնն են պատսպարված տարվա տարբեր սեզոններում փչող քամիներից:

Մարզի բազմաբնույթ հուշարձանները (եկեղեցիներ, եկեղեցական համալիրներ, գերեզմանոցներ` խաչքարերով, հին գյուղատեղիները, ամրոցները, արձանագրությունները և այլն) ունեն պատմական, ճանաչողական մեծ նշանակություն և հզոր բազա են հանդիսանում զբոսաշրջության զարգացման համար: Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Սևանի ավազանի, ճանապարհային ցանցի նպատակամղված կատարելագործումը կնպաստի հուշարձանների ներգրավմանը զբոսաշրջային երթուղիներում (Սևանի շուրջը, Սևան-Արցախ, Սևան-Զանգեզուր, Սևան-Դիլիջան, Սևան-Վանաձոր, Սևան-Երևան և այլ ուղղություններով):

Բնության հուշարձանները. Սևանի ավազանը հարուստ է նաև բնության հուշարձաններով և տեսարժան վայրերով, որոնցից կարելի է նշել`

- Վարդենիսի լեռնաշղթայի հրաբխային և խարամային կոները (Աժդահակ, Կարմրասար, Սպիտակասար լեռնագագաթները),

- Լանջաղբյուր, Կարմիր գյուղ, Գեղարքունիք գյուղերի շրջակայքի ժայռային մերկացումները,

Սևանի լեռնաշղթայի լանջերի (Շորժա գյուղի շրջակայքում) օֆիոլիտային ապարների մերկացումները,

- Արտանիշի թերակղզու կրաքարերի մերկացումները,

- Սպիտակասար լեռնագագաթի արևելյան մասում օբսիդիանների մերկացումները,

- Լճաշեն գյուղի, Գավառ քաղաքի շրջակայքի էլյուվիալ քարացրոնները (չինգիլներ),

- Գրիձոր, Արգիճի գետերի կիրճերը,

- Մարտունի, Գրիձոր, Գեղարքունիք, Աստղաձոր, Վարդենիս գետերի վերին հոսանքների տաշտակաձև հովիտները,

- Լիճքի, Կարճաղբյուրի, Գրիձորի, Հացառատի, Երանոսի, Գավառի հանքային և խմելու ջրերի աղբյուրները,

- Արեգունի լեռնաշղթայի կաղնու և գիհու նոսր անտառները,

- Արեգունու, Սևանի, Փամբակի լեռնաշղթաների անտառային տարբեր մնացուկային ձևերը,

- Մասրիկ, Վարդենիս գետերի հովիտների ճահճոտ մարգագետինները և եղեգնուտները,

- Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերի քարացրոնները` «լուսնային լանդշաֆտ»-ը,

- Արգիճի գետի ոլորանները և ճահճոտ հովիտը, Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից հոսող գետերի կիրճերը` անտառային մնացուկային ձևերով: ՀՀ կառավարության կողմից հաստատված բնության հուշարձանների ցանկը ներկայացված է ՀԱՎԵԼՎԱԾ N 3-ում:

Պետք է հատուկ նշել, որ Սևանա լճի ափամերձ շերտի որոշ հատվածներ հարուստ են հնագիտական արժեք ներկայացնող դամբարանադաշտերով, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: (Գիրք 2, գծագիր N 4.7):

Սևանի ավազանի ռեկրեացիայի կազմակերպման սահմանափակող և ակտիվ գործոնները

- Ռեկրեացիայի կազմակերպման համար սահմանափակող գործոններ են համարվում`

- Սևանի հյուսիսային ափին զուգահեռ անցնող տեկտոնական ճեղքի ազդեցության շերտը (200 մ լայնությամբ և 0,5-0,6 սմ/տարի ակտիվ շարժումով):

- Արեգունի և Սևանի լեռնաշղթաների արևելյան լանջերով հոսող գետերի ուժեղ հեղեղավտանգավորությունը (հաճախականությունը` 3 տարին մեկ), Ձկնագետի և Մասրիկ գետերի միջին հեղեղավտանգավորությունը (հաճախականությունը` 10 տարին մեկ անգամ):

- Սևանի լեռնաշղթայի և Ձկնագետի հովտի սահքերը և սահքավտանգ տեղամասերը:

- Ռեկրեացիայի կազմակերպման համար ակտիվ գործոն են համարվում ջրամատակարարման համար պիտանի ջրերի պաշարները:

Ակտիվ գործոններից է նաև լճի արևմտյան ափամերձ շերտին հարող ռեզերվային (պահուստային) տարածքների առկայությունը, որը ձգվում է Լճաշեն գյուղից մինչև Գավառ քաղաքը: Ափի երկարությունը կազմում է 10-12 կմ: Ափաշերտը շատ կտրտված է, կան նաև փոքրիկ ջրային կղզյակներ: Ռելիեֆը հարթ է, թույլ բլրապատ: Կլիմայական պայմանները բարենպաստ են կլիմայաբուժության կազմակերպման համար: Կայուն ձյան շերտը թույլ է տալիս զբաղվելու դահուկային սպորտով (դեկտեմբեր-հունվար ամիսներին):

Նշված տարածքում մեծ են թալասոթերապիայի հնարավորությունները: Օդաբուժության կոմֆորտային պայմանները հուլիս-օգոստոս ամիսներին կազմում են ամսական 5,0-20,0%, իսկ արևաբուժության պայմանները ավելի բարձր են` հունիսին - 45,0%, հուլիսին - 48,0%, օգոստոսին - 50,0%, սեպտեմբերին - 45,0%, որը բացատրվում է քամու թույլ ուժով (2.7 մ/վրկ. միջին տարեկան արագությունը):

Ռեզերվային տարածքն ունի 600-650 հա մակերես, զբաղեցված է գյուղատնտեսության մեջ չօգտագործվող քարքարոտ հողերով: Ռեզերվային տարածքի համար սահմանափակող գործոն է կանաչի բացակայությունը և հողային թույլ ծածկույթը: Կանաչ համակարգի ձևավորումով և զարգացումով էապես կբարելավվեն այդ քարքարոտ տարածքի լանդշաֆտային հատկանիշներն ու որակը:

Այսպիսով, ակտիվ և սահմանափակող գործոնների համադրության արդյունքում բացահայտվել են ռեկրեացիոն համակարգի և դրա տարածքային միավորի` ռեկրեացիոն գոտու ձևավորման անհրաժեշտությունը (Գիրք 2, գծագրեր N 4, 4.3., 4.4, 4.7, 4.8.):

Ռեկրեացիոն գոտու քաղաքաշինական կազմակերպման հիմնախնդիրները (գոտու սահմանների որոշում, ֆունկցիոնալ գոտիավորում ռեկրեացիոն նպատակներով, գոտու ֆունկցիոնալ տարողունակության հաշվարկ, քաղաքաշինական և էկոլոգիական հիմնախնդիրների փոխկապակցված զարգացում) տրված է «Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և կատարելագործման ուղղությունները» գլխում:

 

3. Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության վերլուծություն և գնահատական

Տարածքային տարբեր միավորների քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի որոշման, տարաբնակեցման համակարգի անհամամասնությունների բացահայտման և հետագա կատարելագործման նպատակով վերլուծության են ենթարկվել քաղաքաշինական հիմնակմախքի տարրերը (քաղաքային, գյուղական բնակավայրերը, միջբնակավայրային տարածքները` ընդգրկելով ռեսուրսները, ռեկրեացիոն տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերը, ինժեներական խոշոր ենթակառուցվածքները, դրանց կապող տրանսպորտային մայրուղիները):

1) Քաղաքաշինական հիմնակմախքի կետային տարրերի վերլուծություն.

Բնակավայրային ցանց. Գեղարքունիքի մարզում, ինչպես և ամբողջ հանրապետությունում ձևավորվել է տարաբնակեցման երկու հիմնական ձև` քաղաքային և գյուղական: Ըստ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի` ՀՀ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է 92 համայնք, որից 5-ը` քաղաքային, 87-ը` գյուղական: 01.01.2012 թ. տվյալներով մարզի բնակչությունը կազմել է 243.1 հազ. մարդ, քաղաքայինը` 80.1 հազ. մարդ, գյուղականը` 163.0 հազ. մարդ: Քաղաքային բնակավայրերը տեղաբաշխված են արևմտյան և հարավային ափերում, իսկ արևելյան և հյուսիսային ափերում տեղաբաշխված են փոքր գյուղական բնակավայրեր:

Գյուղական համայնքներ. Գեղարքունիքի մարզում 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կա 86 գյուղական համայնք:

 

Աղյուսակ Վ-2

 

Գավառի տարածաշրջան

.________________________________________________.

|        Գյուղական համայնքների անվանումը         |

|________________________________________________|

|1 |Բերդկունք             | 7|Ծաղկաշեն           |

|__|______________________|__|___________________|

|2 |Գանձակ                | 8|Կարմիր             |

|__|______________________|__|___________________|

|3 |Գեղարքունիք           | 9|Հայրավանք          |

|__|______________________|__|___________________|

|4 |Լանջաղբյուր           |10|Նորատուս           |

|__|______________________|__|___________________|

|5 |Լճափ                  |11|Սարուխան           |

|__|______________________|__|___________________|

|6 |Ծովազարդ              |  |                   |

.________________________________________________.

 

Սևանի տարածաշրջան

._________________________________________________.

|        Գյուղական համայնքների անվանումը          |

|_________________________________________________|

|1 |Գեղամավան             | 6|Ծովագյուղ           |

|__|______________________|__|____________________|

|2 |Դդմաշեն               | 7|Չկալովկա            |

|__|______________________|__|____________________|

|3 |Զովաբեր               | 8|Նորաշեն             |

|__|______________________|__|____________________|

|4 |Լճաշեն                | 9|Սեմյոնովկա          |

|__|______________________|__|____________________|

|5 |Ծաղկունք              |10|Վարսեր              |

._________________________________________________.

 

Ճամբարակի տարածաշրջան

._________________________________________________.

|        Գյուղական համայնքների անվանումը          |

|_________________________________________________|

|1 |Արտանիշ               | 8|Թթուջուր            |

|__|______________________|__|____________________|

|2 |Աղբերք                | 9|Կալավան             |

|__|______________________|__|____________________|

|3 |Այգուտ                |10|Բնակավայր Կալավան   |

|__|______________________|__|____________________|

|4 |Անտառամեջ             |11|Բնակավայր Բարեպատ   |

|__|______________________|__|____________________|

|5 |Գետիկ                 |12|Ձորավանք            |

|__|______________________|__|____________________|

|6 |Դպրաբակ               |13|Մարտունի            |

|__|______________________|__|____________________|

|7 |Դրախտիկ               |14|Շորժա               |

._________________________________________________.

 

Մարտունու տարածաշրջան

._________________________________________________.

|        Գյուղական համայնքների անվանումը          |

|_________________________________________________|

|1 |Աստղաձոր              | 9|Ծովինար             |

|__|______________________|__|____________________|

|2 |Արծվանիստ             |10|Ձորագյուղ           |

|__|______________________|__|____________________|

|3 |Գեղհովիտ              |11|Մադինա              |

|__|______________________|__|____________________|

|4 |Բնակավայր Լեռնակերտ   |12|Վերին Գետաշեն       |

|__|______________________|__|____________________|

|5 |Բնակավայր Գեղհովիտ    |13|Ներքին Գետաշեն      |

|__|______________________|__|____________________|

|6 |Երանոս                |14|Վաղաշեն             |

|__|______________________|__|____________________|

|7 |Զոլաքար               |15|Վարդաձոր            |

|__|______________________|__|____________________|

|8 |Թազագյուղ             |16|Վարդենիկ            |

._________________________________________________.

 

Վարդենիսի տարածաշրջան

._________________________________________________.

|        Գյուղական համայնքների անվանումը          |

|_________________________________________________|

| 1|Ազատ                  |19|Կութ                |

|__|______________________|__|____________________|

| 2|Ախպրաձոր              |20|Կուտական            |

|__|______________________|__|____________________|

| 3|Ակունք                |21|Մաքենիս             |

|__|______________________|__|____________________|

| 4|Այրք                  |22|Մեծ Մասրիկ          |

|__|______________________|__|____________________|

| 5|Ավազան                |23|Նորաբակ             |

|__|______________________|__|____________________|

| 6|Արեգունի              |24|Ներքին Շորժա        |

|__|______________________|__|____________________|

| 7|Արփունք               |25|Նորակերտ            |

|__|______________________|__|____________________|

| 8|Գեղամաբակ             |26|Շատջրեք             |

|__|______________________|__|____________________|

| 9|Գեղամասար             |27|Շատվան              |

|__|______________________|__|____________________|

|10|Գեղաքար               |28|Ջաղացաձոր           |

|__|______________________|__|____________________|

|11|Դարանակ               |29|Սոթք                |

|__|______________________|__|____________________|

|12|Լուսակունք            |30|Վանևան              |

|__|______________________|__|____________________|

|13|Լճավան                |31|Վերին Շորժա         |

|__|______________________|__|____________________|

|14|Խաչաղբյուր            |32|Տորֆավան            |

|__|______________________|__|____________________|

|15|Ծափաթաղ               |33|Տրետուք             |

|__|______________________|__|____________________|

|16|Ծովակ                 |34|Փամբակ              |

|__|______________________|__|____________________|

|17|Կախակն                |35|Փոքր Մասրիկ         |

|__|______________________|__|____________________|

|18|Կարճաղբյուր           |  |                    |

._________________________________________________.

 

Գյուղական բնակչությունը տեղաբաշխված է անհամամասնորեն: «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» ամրագրված դասակարգման համաձայն (խոշոր` մեծ 3.0 հազ.-ից, մեծ` 2.0-3.0 հազ., միջին` 1.0-2.0 հազ., փոքր` 0.1-1.0 հազար) մարզի գյուղական համայնքներում մեծ տեսակարար կշիռ են կազմում (16 հատ) խոշոր գյուղական համայնքները, որտեղ բնակվում են մարզի գյուղական բնակչության 67.7% (խոշոր բնակավայրերի թիվը 20-21 կամ բնակավայրերի 23.4%), իսկ փոքր գյուղական համայնքներում բնակվում է գյուղական բնակչության մոտ 13% (փոքր բնակավայրերի թիվը 47-է կամ գյուղական բնակավայրերի 53.5%):

Ստորև բերված աղյուսակում տրված է գյուղական համայնքների դասակարգումը և տեսակարար կշիռները մարզի գյուղական բնակչության և գյուղական բնակավայրերի կտրվածքով (հաշվարկները տրված են ըստ մշտական բնակչության թվաքանակի).

 

Աղյուսակ Վ-3

 

.________________________________________________________.

|Գյուղական համայնքներն|Համայնքների թիվը|Համայնքների բնակ.|

|ըստ բնակչության թվի  |                |(հազ. մարդ)      |

|(հազ. մարդ)          |________________|_________________|

|                     |Տես. կշիռը մարզի|Տես. կշիռը մարզի |

|                     |կտրվածքով       |կտրվածքով        |

|_____________________|________________|_________________|

|փոքր (0.1-1.0)       |     46/53.5    |    21.9/12.8    |

|_____________________|________________|_________________|

|միջին (1.0-2.0)      |     11/12.8    |    14.3/8.3     |

|_____________________|________________|_________________|

|մեծ (2.0-3.0)        |     8/9.5      |    18.8/11.2    |

|_____________________|________________|_________________|

|խոշոր (3.0-ից մեծ)   |     20/23.2    |    115.8/67.7   |

|_____________________|________________|_________________|

|Ընդամենը             |                |      170.8      |

.________________________________________________________.

 

Ընդ որում պետք է նշել, որ խոշոր գյուղական բնակավայրերը տեղադրված են Սևանա լճի հարավային և հարավ-արևմտյան ափերում, իսկ փոքր գյուղական բնակավայրերը` արևելյան ափում, ինչպես նաև մարզի հարավ-արևելյան, հարավ-արևմտյան մասերում (Արգիճի և Մասրիկ գետերի միջին հոսանքներում): Սևանա լճի հարավային, արևմտյան ափերում բնակավայրերի խտությունը (բնակավայր/100 կմ2) երկու անգամ մեծ է, քան արևելյան և հարավ-արևելյան ափերում:

2) Տարածքային ռեսուրսների վերլուծություն և գնահատական

Գեղարքունիքի մարզի տարաբնակեցման տարածքը` կապված տարածքի լանդշաֆտա-աշխարհագրական բարդ պայմանների, լճի առկայության, ջրբաժանների բացարձակ բարձրությունների, լեռնաշղթաների մորֆոլոգիական ձևերի հետ ձգվում է մինչև 2200-2350 մ-ը, ընդ որում 2000 մ-ից բարձր տարածքները հիմնականում յուրացվել են Վարդենիսի լեռնավահանի հյուսիսային լանջերին, սարահարթից հոսող գետերի գետահովիտներում:

Մարզի տարածքի թեքությունների վերլուծությունը ցույց է տվել, որ մինչև 2100 մ բացարձակ բարձրություններում հարթ տարածությունները յուրացվել են և վերածվել գյուղատնտեսական արժեքավոր հողերի, որոնք խոշոր զանգվածներով տարածված են Մասրիկ գետի ստորին հոսանքի, Գավառագետի միջին, ստորին հոսանքների և Հրազդան գետի վերին հոսանքների ավազաններում: Մասրիկ, Գավառագետ, Արգիճի, Մարտունի գետերի հարթավայրային մասերի գյուղատնտեսական արժեքավոր հողերը տեղադրված են խորքային ջրերի հանքավայրերի վրա (Մասրիկի գոգավորության արտեզյան ավազան, Սարուխանի և Մարտունի - Արծվանիստի խորքային ջրերի հանքավայրեր):

Սևանա լճի հարավային, արևմտյան և հարավ-արևմտյան ափերում բազմամյա տնկարկները զբաղեցնում են մոտ 1000 հա: Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափը (Սևանի տարածաշրջան) հարթ է, բայց քարքարոտ: Գյուղատնտեսական հողատեսքերը (վարելահողերը) խիստ մասնատված, փոքր հողակտորներ են, որոնք պահանջում են մելիորացման բարդ միջոցառումներ: 2100-2500 մետր բացարձակ բարձրություններում (Վարդենիսի, Գեղամա, Սևանի լեռնաշղթաների ծովահայաց լանջերը) գյուղատնտեսական նշանակության հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտներ, մինչև 8-10% թեքություններով տարածքների փոքր տեղամասերը` որպես անջրդի վարելահողեր: 2400 մ - 2500 մ մինչև 2800-3000 մ բարձրություններից սկսվում են մերձալպյան մարգագետինները, իսկ 3000 մետրից բարձր ալպյան մարգագետինները, որոնք օգտագործվում են որպես ամառային արոտներ:

3) Քաղաքաշինական հիմնակմախքի գծային տարրերի վերլուծություն և գնահատական

Գեղարքունիքի մարզը կարելի է համարել ապահովված տրանսպորտային ցանցով: Տարածքով անցնում են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման Մ-4 և Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհները, Սևանա լիճը շրջանցող հանրապետական նշանակության ճանապարհը, որը ճյուղավորվում է դեպի Ճամբարակ: Գործում է նաև Երևան-Սևան-Վարդենիս երկաթգիծը: Մարզի տարաբնակեցված տարածքի տրանսպորտային ապահովվածությունը միջպետական նշանակության ավտոճանապարհներով կազմում է 6.2 կմ/100 կմ2 վրա, իսկ հանրապետական նշանակության ավտոճանապարհներով` 23.4 կմ/100 կմ2 վրա: Սակայն տարաբնակեցված տարածքի տարբեր տեղամասերի տրանսպորտային ապահովվածությունը խիստ անհամամասնական է: Ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության շերտում (մինչև ավտոմայրուղի` 5 կմ) է գտնվում տարածքի ընդամենը 30-35%: Անբարենպաստ է մարզկենտրոնից տրանսպորտային մատչելիությունը: Մարզկենտրոնից 0.5 ժամ տրանսպորտային մատչելիության շերտում է գտնվում մարզի տարաբնակեցված տարածքի 14.5%-ը, 1.0 ժամվա մատչելիության` 42%-ը, 1.5 ժամվա մատչելիության` 49.7%-ը:

 

4. Տարածքի էկոլոգիական հիմնակմախքի վերլուծություն և գնահատական

Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի սրությունը հիմնականում պայմանավորված է դրա ջրավազանի բնական համալիրի տարրերի և ուրբանիզացված միջավայրի փոխկապակցվածության բազմազանությամբ և բարդությամբ: Այդ տեսանկյունից տարածքային կազմակերպման սույն փուլում խիստ կարևորվում է քաղաքաշինական (բնակավայրերի, միջբնակավայրային տարածքներ, տրանսպորտային-ինժեներական կոմունիկացիաներ) և էկոլոգիական (հատուկ պահպանվող տարածքներ, անտառներ, ռեկրեացիոն տարածքներ, «բուֆերային» սանիտարապաշտպանիչ գոտիներ) հիմնակմախքների փոխկապակցված զարգացումը` առաջնահերթ լուծելով կենսամիջավայրի ձևավորման հիմնախնդիրները` տարածքների ֆունկցիոնալ գոտիավորումով:

Ամբողջ տարածքի հատակագծային կազմակերպման գործընթացում այդ հիմնախնդիրները հանդես են գալիս որպես անհրաժեշտ սահմանափակումներ, որոնց թվում պետք է նշել.

- Տարածքի և բնակավայրերի տնտեսական-քաղաքաշինական օգտագործման ռեժիմների սահմանումը` էկոլոգիական հավասարակշռության պահպանման պայմանով,

- Բնական համալիրի տարրերի (ջրային, օդային, հողային ավազաններ) գործոնային և համալիր գնահատականը` հիգիենիկ, ինժեներատեխնոլոգիական և հատակագծային միջոցառումների մշակումով:

Էկոլոգիական հավասարակշռության պահպանման չափորոշիչները խիստ բազմազան են Սևանա լճի ջրհավաք ավազանում: Լճի էկոհամակարգի բացասական փոփոխությունները, բացի ջրային պաշարների փոքրացումից, սերտ կապված են ջրհավաք ավազանում կատարվող մի շարք բնական և անտրոպոգեն պրոցեսների հետ (ջրային ցանցի, դրա աղտոտվածության, տնտեսական գործունեության և այլն):

1) Սևանա լճի անտրոպոգեն էվտրոֆացման (ջրիմուռների առաջացման) առանձնահատկությունները. Ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի հիդրոէկոլոգիական պրոցեսների վրա

Սևանա լճի էվտրոֆացման պատճառները (լճում հիդրոէկոլոգիական փոփոխությունների ուղղությունների կանխագուշակումներ, լճի ներջրամբարային, ինչպես նաև ջրհավաք ավազանում ընթացող փոխկապակցված բարդ պրոցեսների ազդեցության համալիր գնահատում) ամբողջությամբ տրված են Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տվյալներով:

Սևանա լճին հարող ջրհավաք ավազանի տարածքը` լեռներով շրջապատված տեկտոնական իջվածք է, որի հյուսիս-արևմտյան մասում ջրբաժան գիծը ցածրանում է մինչև լճի մակարդակը, որտեղից սկիզբ է առնում Հրազդան գետը: Ջրբաժանի երկարությունը 400 կմ է: Լճի նկատմամբ ռելիեֆային թեքության աստիճանը միջին հաշվով յուրաքանչյուր 1000 մետրի վրա կազմում է 50-80 մետր, հարաբերական թեքությունը` 9-ից 240:

Ավազանում տեղումների քանակի տարեկան բաշխվածությունը համապատասխանում է դրա ռելիեֆի առանձնահատկություններին: Գոգավոր տեղանքը նպաստում է, որ տեղումների ամենամեծ քանակը բաժին է ընկնում լեռնալանջերին, իսկ ամենափոքրը` ջրի հայելուն: Այս հանգամանքը ռելիեֆային մեծ թեքությունների և լեռնատեսակների բաղադրակազմի հետ միասին նպաստում է տնտեսական գործունեության արտանետումների և թափոնների լվացմանը, որի հետևանքով կենսածին տարրերը հալոցքային ջրերից և մթնոլորտային տեղումներից առաջացած մակերեսային ջրերով թափվում են լիճ: Մթնոլորտային տեղումների քանակը (միջին տարեկան 500 մմ, լճի հայելու վրա` 360 մմ) և դրանց տեղաբաշխվածությունը մեծ նշանակություն ունեն ոչ միայն լճի ջրային հաշվեկշռի, այլ ջրային և օդային ավազանների հիդրոէկոլոգիական փոխկապակցվածության վրա, ինչպես նաև լիճը թափվող անտրոպոգեն ծագում ունեցող նյութերի (արդյունաբերություն, հողագործություն, անասնապահություն և այլն) քանակները:

Լճի ջրի որակը. Հայաստանի լարված ջրատնտեսական հաշվեկշիռը, ինչպես նաև բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդիրը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման պրոցեսում առաջնահերթ է դարձնում Սևանա լճի ջրային պաշարների ինտենսիվ օգտագործման հարցը, քանի որ Սևանա լիճը հանրապետության քաղցրահամ ջրի ամենախոշոր աղբյուրն է: Արդեն այսօր մի շարք շրջաններում, այդ թվում և Սևանի ավազանում, չնայած առկա ջրային հարուստ պաշարների, ջրամատակարարման անհամամասնություններ կան (խմելու ջրի պակաս է զգացվում Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում): Ջուրը դառնում է հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը սահմանափակող գործոն:

Սևանա լիճը նաև միակ բնական ձկնատնտեսական ջրամբարն է: Այդ պատճառով Սևանա լճի ջրի որակը պետք է համապատասխանի տնտեսության ջրօգտագործման հետևյալ ուղղությունների պահանջներին.

- ջրի օգտագործումը որպես տնտեսական, խմելու (կենտրոնացված և ոչ կենտրոնացված), ինչպես նաև արդյունաբերական ջրամատակարարման աղբյուր,

- ջրի օգտագործումը ձկնարդյունաբերական և ռեկրեացիոն նպատակներով:

Սևանա լճի ջրի որակը կարևոր նշանակություն ունի նաև ոռոգման համար: Հարկ է նշել նաև, որ Սևանա լճի որակի ցուցանիշները վկայում են ոռոգման համար նրա սահմանափակ պիտանելիության մասին:

Ձկնարդյունաբերության չափանիշներով ներկայումս լիճը համապատասխանում է ջրամբարների քսենո-օլիգոսապրոբային տիպին, որը բնութագրվում է որպես «մաքուր» ջրամբար և պիտանի է թառափազգի և սիգազգի ձկների ապրելու համար: Ըստ pH (8.7-9.2) և թթվածնի կենսաբանական օգտագործման (ԹԿՕ-ի, 1.5 -2.3) մեծությունների, Սևանա լճում հնարավոր է ծածանների և լոքոների զարգացումը: Թեպետ 1980-1992 թթ. էվտրոֆացման պրոցեսները դանդաղել են, ջրի որակի ցանկալի բարելավում չի նկատվում: Իրոք, այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են` ջրի լուսաթափանցելիությունը, քլորոֆիլի, ազոտի և կախված նյութերի քանակությունը, ջրի հատակային շերտերի թթվածնային ռեժիմը, մնում են էվտրոֆացման լճային բարձր արդյունավետության մակարդակի վրա: Ընդհակառակը, պլանկտոնի առաջնային արդյունավետությանը համընթաց, նվազել է ձկների կերային բազան:

Սևանա լճի բնական ռեսուրսների ճիշտ և ռացիոնալ օգտագործման մշակման ժամանակ պետք է հաշվի առնվեն Սևանի լիմնոհամակարգում ընթացող պրոցեսների հակադիր ուղղությունները: Սևանա լճի բնական ռեսուրսների կառավարման գիտական հիմունքների մշակումը անհնար է առանց բնապահպան չափանիշների մշակման, որը պետք է հաշվի առնի ոչ միայն Սևանի պրոբլեմի էկոլոգիական տեսակետները, այլև սոցիալ-տնտեսական զարգացման պահանջները: Նման չափանիշների ընդունումը, նշանակում է այնպիսի միջոցառումների մշակում, որոնք ուղղված կլինեն Սևանա լճի հետագա էվտրոֆացման կանխարգելմանը:

2) Հողածածկույթի վիճակի գնահատականը

Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը` ջրհավաք ավազանի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով առավել արդյունավետ կլինի հողածածկույթի պահպանության միջոցառումների կիրառումով (հակաէրոզիոն, հակասելավային) ամբողջ ջրհավաք ավազանում:

Սևանի ավազանի հողածածկը խայտաբղետ է: Ավազանի հողերը պատկանում են 3 բնահողային գոտիների`

- Լեռնամարգագետնային - 2000-4000 մ

Հողատիպերը` լեռնամարգագետնային, մարգագետնա-տափաստանային,

- Անտառային - 400-2400 մ

Հողատիպերը` անտառային գորշ, ճմակարբոնատային, անտառային դարչնագույն,

- Տափաստանային - 1300-2450 մ

Հողատիպերը` սևահողային, մարգագետնասևահողային, գետահովտա-դարավանդային և Սևանա լճի ջրածածկումից ազատված հողագրունտներ (խոնավ մարգագետնային ավազային, թերի զարգացած ավազակոպճային, ասպրորելիտային տափաստանացված): Ըստ էրոզիոն պրոցեսների ինտենսիվության ջրհավաք ավազանը բաժանվում է վեց գոտիների (գոտիները հիմնականում համընկնում են լանդշաֆտային գոտիների հետ): Լճի ջրհավաք ավազանում ավելի էրոզացված են արոտները, հատկապես Ճամբարակի, Մարտունու և Գավառի տարածաշրջաններում: Վարելահողերի միջին էրոզացվածությունը ջրհավաք ավազանում 27.3% է (մանրամասն տրված է հավելված N 5-ում): Հեղեղները` որպես ջրային էրոզիայի արտահայտման աղետաբեր ձև, շատ տարածված են Արեգունի և Սևանի լեռնաշղթաների գետերի ավազաններում: Հեղեղների հաճախականությունը մեծ է (երեք տարին մեկից ոչ պակաս):

Էրոզիոն պրոցեսների և հեղեղների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է մշակել հակաէրոզիոն և հակահեղեղային միջոցառումների համալիր (մանրամասն կտրվի էկոլոգիական հիմնակմախքի բարելավումը ենթագլխում):

3) Բնական էկոհամակարգերը, գենետիկական բազմազանությունը, էկոհամակարգերի վիճակը և խոցելիությունը

(Ցամաքային և ջրային էկոհամակարգեր, տեսակներ և գենետիկական բազմազանություն, էնդեմիկ, հազվագյուտ, վտանգված` անհետացող տեսակներ, եզակի և բնական միջավայրեր, արժեքներ)

Չափազանց հարուստ ու բազմազան են Սևանի ավազանի բարձրլեռնային բնական լանդշաֆտային էկոհամակարգերը: Այստեղ զարգացած են Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր մակրոզոնալ և քսերոֆիլ բուսականության տիպերն ու զանազան խմբավորումները: Ամենացածրադիր վայրերում աչքի են ընկնում քսերոֆիլ անապատներն ու կիսաանապատները, որոնք ազոնալ (արտագոտային) են և առաջացել են լճից ազատված շուրջ 25 հազ. հա ավազուտների վրա: Պահպանվել են նաև մի շարք ազոնալ այլ ռելիկտային ինքնատիպ համակեցություններ` տորֆային ճահճուտներ, քարացրոնային և քարասեր բուսական խմբավորություններ, ռելիկտային փռվող թփուտներ` ցածրաճ գիհուտներ (Juniperus depressa), հապալասենու բուսուտներ և այլն:

Անտառային լանդշաֆտային էկոհամակարգերը զբաղեցնում են շուրջ 3,5 հազ. հա տարածք և գրեթե ամբողջությամբ տեղաբաշխված են Արեգունու և Սևանի լեռնաշղթաների զառիթափ լեռան լանջերին` ծովի մակերևույթից 1950-2400 մ բարձրության սահմաններում: Դրանք հիմնականում կաղնու և գիհու ոչ մեծ անտառամասեր են` արտահայտված առանձին կղզյակներով և փոքրիկ խմբավորումներով: Սկսած Արեգունիի լեռնաշղթայից, արևելյան կաղնու (Quercus macranthera) առանձին կղզյակային զանգվածներ Գյունեի առափնյա մասով դեպի հարավ-արևելք աստիճանաբար փոխարինում են լեռնա-քսերոֆիլ թփուտների, հետանտառային ծառաթփային մացառուտների: Ավելի հարավ ընկած տարածություններում տարածված են գիհու և կաղնու անտառների հիմնական խմբավորումները:

Գետային էկոհամակարգերի կենսաբազմազանությունը պայմանավորված է բազմազան բիոտիպերի առկայությամբ: Սևան թափվող գետերը հայտնի են որպես էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր: Բացի ձկներից գետերում լավ է զարգացած հատակային ֆաունան: Պլանկտոնային տեսակների թիվը սահմանափակ է:

ա. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու բուսական աշխարհը

Բուսականությունը. 2005 թվականի «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման և դաշտային հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև գրական և հերբարիտային տվյալների համաձայն, պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1619 տեսակ: Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր: Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի: Սևանա լիճը շրջապատող լեռների և դրանց լանջերի տարբեր դիրքադրությունների, հողերի տիպերի, ռելիեֆային առանձնահատկությունների և այլ հանգամանքների շնորհիվ Սևանի ավազանի բուսականությունն ունի վառ արտահայտված մոզաիկ բնույթ, լավ է արտահայտված նաև ուղղահայաց գոտիականությունը: Սևանա լճի ավազանում բավականին տարածված են նաև բուսականության այնպիսի էքստրազոնալ տիպեր, ինչպիսիք են փլուզուտային, քարացրոնային և ժայռային բուսականությունը: Դրանք առանձին հատվածներով հանդիպում են բոլոր բարձունքային գոտիներում: Սևանա լճի ջրից ազատված հողագրունտները ծածկված են արհեստական տնկարկներով (սոճի, չիչխան, բարդի և այլ):

Ինչ վերաբերում է ջրային բուսականությանը, ապա անմիջապես Սևանա լճում, ըստ ջրի խորության և պարզության, այն կազմում է երկու արտահայտված գոտի` մակրոֆիտների (հիմնականում ծաղկավոր բույսեր) և խարային ջրիմուռների ու ջրային մամուռների: Ծովինար, Նորատուս, Զոլաքար, Մարտունի, Լիճք գյուղերի մերձափնյա տարածքներում կան ոչ մեծ ճահիճներ, ուր աճում են բոշխ կարճամազ (Carex hirta), դուն երվար (Cyperus longus), դուն թուխ (C.fuscus) ճյախոս թաբերնեմոնթանի (Schoenoplectus tabernaemontani) և շատ այլ տեսակներ (մանրամասն տրված է ՀԱՎԵԼՎԱԾ N 6-ում):

բ. «Սևան» ազգային պարկի և պահպանական գոտու կենդանական աշխարհը

«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում կենդանական աշխարհը ներկայանում է բազմազան տեսակներով: Ըստ կենսաբազմազանության տեսակների նշված տարածքներում հաշվառված են անողնաշարավորների և ողնաշարավորների տեսակներ: Անողնաշարավորների թվում` փափկամարմիններ և հոդվածոտանիներ, խեցգետիններ: Ողնաշարավորների թվում` ձկներ, Երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ: Նշված տեսակներից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (Վայրենակերպը, ջրասամույրը, գորշ արջը, խայտակզաքիսը, անտառային կատուն, բեզոարյան այծը):

Սևանա լճի կենսաբազմազանության առանձնահատկությունները. Գիտական հետազոտությունների համար առանձնահատուկ տարածք է Սևանա լիճը, որի բնական պաշարների ռացիոնալ օգտագործման խնդիրն այստեղ դրված է առավել սրությամբ: Սևանա լիճը Հայաստանի ձկնարդյունաբերության կենտրոնն է, որը մեծ տեղ է գրավում հանրապետության տնտեսական հաշվեկշռում: 1996 թվականից ձկնորսության պետական մենաշնորհը փոխարինվեց արտոնագրային որսով: Վերջինս իր հերթին դժվարեցնում է ձկնային հանրույթի ուսումնասիրություններն ու մոնիտորինգը, քանի որ հնարավոր չէ ստանալ ճշգրիտ տվյալներ ձկան պոպուլյացիոն ցուցանիշների վերաբերյալ:

Լճի ավազանի կենսաբազմազանության մյուս առանձնահատկությունն այն է, որ ավազանի բոլոր անտառներն արհեստական են և չեն կարող դիտվել որպես աբորիգեն ֆլորայի և ֆաունայի ապաստարան: Սակայն դրանք լայնացրել են անտառային գոտուն բնորոշ այլ տեղերի կենդանիների և բույսերի տարածման արեալը, ինչը դրական նշանակություն ունի ընդհանուր կենսաբազմազանության պահպանման առումով:

Այսպիսով «Սևան» ազգային պարկում և ավազանի տարածքում ընդհանրապես, բնական լանդշաֆտային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանությունը կարևորագույն խնդիրներ են:

4) Մթնոլորտի պահպանություն

Օդերևութաբանական պայմանները` համակցվելով բնակավայրերի արդյունաբերական, ջերմաէներգետիկ օբյեկտների և տրանսպորտային հագեցվածության հետ նպաստում են մթնոլորտի աղտոտվածության բարձրացմանը: Ներկայումս, երբ արդյունաբերական օբյեկտների մեծ մասը չի գործում, փոքրացել է մթնոլորտի աղտոտվածության վտանգը: Մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրը մնացել է ավտոտրանսպորտը: Տարանցիկ մայրուղիների մոտ աղտոտվածությունը միջինացված տվյալներով զգալիորեն գերազանցում է արտանետվող գազերի թույլատրելի սահմանային խտությունները:

Մթնոլորտն աղտոտող ամենահզոր աղբյուրի` տրանսպորտից աղտոտվածության մակարդակը փոքրացնելու համար առաջարկվում է.

1. Տարանցիկ ավտոմայրուղու դուրս բերում ռեկրեացիոն ակտիվ օգտագործման առափնյա գոտուց,

2. Տրանսպորտային մայրուղիների պաշտպանիչ շերտերի կանաչապատում,

3. Բնակավայրերի փողոցային ցանցի կարգավորում,

4. Տրանսպորտային կապերի և հոսքերի կանոնավորում ռեկրեացիոն գոտում:

Խիստ անհրաժեշտ է նաև մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի նորմավորումը և աղտոտվածության պետական մոնիտորինգի ապահովումը:

5) Գիլի լճի վերականգնման հիմնահարցերը

Գիլի լճի վերականգնման խնդիրը սերտ կապված է Սևանա լճի էվտրոֆացման պրոցեսները կանգնեցնելու և ջրի որակը բարձրացնելու կարևորագույն միջոցառումների հետ: Այդ մասին նշված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերում (ՀՀ 2001 թ. դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը): ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2000 թ. սկսվել է իրականացվել GEF/UNDP «Գիլի լճի վերականգնման ծրագրի» PDF-A փուլը, որի նպատակն է եղել հիմնավորել Գիլի լճի վերականգնումը` կենսաբանական, էկոլոգիական, բնապահպանական, տնտեսական և սոցիալական տեսանկյուններից, ռիսկի գործոնների գնահատումով:

6) Կեչուտ և Սպանդարյանի ջրամբարների ջրհավաք ավազանների բնապահպանական խնդիրները

Սևան լճի ջրհավաք ավազանի մասն են համարվում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները` իրենց ջրհավաքներով, Որոտան-Սևան հիդրոտեխնիկական համալիրի երկայնքով առանձնացված շերտագիծը, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները մինչև Կեչուտի ջրամբար:

Արփա գետի վերին հոսանքի (Կեչուտի ջրամբարից վերև) ջրհավաք ավազանը հիմնականում ընդգրկված է «Ջերմուկ» հանքային ջրերի հանքավայրի սանիտարական օկրուգի սահմաններում (սահմանված 1977 թ. ՍՍՀՄ Առողջապահության Մինիստրության կողմից, տարածքը` 240 կմ2), որտեղ առանձնացված է երեք սանիտարական գոտի` օգտագործման սահմանափակման ռեժիմների սահմանումով: Ջերմուկի և դրա շրջակայքի խմելու ջրերի ելքերը մաքուր են, պիտանի խմելու համար, բացառությամբ 2-րդ և 3-րդ սանիտարական գոտիներում գտնվող աղբյուրների, որտեղ գրանցված են օրգանոգեն աղտոտվածության նշաններ (Ամաղուի ամառային յայլաներ):

Կեչուտի ջրամբարի աղտոտման համար վտանգ է ներկայացնում Կեչուտ գյուղն իր տնտեսությամբ, մասնավորապես` Կեչուտի ջրամբարի հատակով անցնող կոյուղատարը, որը վթարի դեպքում կարող է աղտոտման աղբյուր դառնալ ջրամբարի և Սևանի ջրերի համար: Նախագծային մի շարք կազմակերպությունների կողմից տարբեր տարիների մշակումներով նախատեսվել է Ջերմուկ քաղաքի գլխավոր նոր կոյուղատարը դուրս հանել ջրամբարի սահմաններից, շրջանցել այն և կեղտաջրերը ինքնահոս կոյուղագծերով հավաքել և միացնել Կեչուտի ջրամբարի պատվարից ներքև նախագծված Ջերմուկ-Վայք-Եղեգնաձոր-Արենի միջշրջանային գլխավոր կոյուղատարին: Այդ կոյուղատարով կեղտաջրերը կհասցվեն Արենիում նախատեսված մաքրման կայանին, մաքրումից և խորը մաքրումից հետո կթափվեն Արփա գետը: Հողային ծածկույթը հիմնականում (61%) մաքուր է, մնացածը` թույլ կամ միջին աղտոտվածություն ունի, որը կապված է արոտների ոչ նորմավորված օգտագործման հետ:

Սպանդարյան ջրամբարի բնապահպանական վիճակը ներկայումս զերծ է բացասական ազդեցություններից, այնուհանդերձ հետագայում ևս աղտոտման վտանգը կանխելու միտումով ջրամբարի` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրվել են Սպանդարյան ջրամբարի ջրհավաքի սահմանները (մինչև ջրամբարի վերջը), ինչպես նաև Որոտան-Սևան թունելի առանցքից 3000-ական մետր հորիզոնական չափով շերտագիծը` որպես Սևանա լճի ջրհավաք ավազանի անմիջական ազդեցության գոտու մաս, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լիճ տեղափոխվող ջրերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա: Շերտագիծը շարունակվում է նաև թունելի Արփա-Սևան հատվածում ևս` հասնելով մինչև Սևանա լճին անմիջականորեն հարող ջրհավաք ավազանի տարածքի սահմանագիծ` ջրբաժան, միանալով անմիջական ազդեցության գոտու վերը նշված այլ տարածքային հատվածներին:

 

5. Մարզի տարածքի ֆունկցիոնալ գոտիավորում ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի

Համալիր վերլուծության արդյունքում (բնակլիմայական պայմանների բազմազանության, բնական և տարածքային ռեսուրսների յուրացման միտումներ, բնակավայրերի, բնակչության միջին կշռային խտությունների, քաղաքային, գյուղական բնակչության հարաբերակցություն, բնակավայրերի ապահովվածություն տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքներով, սեյսմիկ վտանգի գնահատում և այլն) Գեղարքունիքի մարզի տարածքն ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի բաժանվում է ինտենսիվ յուրացված, թույլ յուրացված, ռեկրեացիոն և բնապահպանական, տարաբնակեցման համար անբարենպաստ գոտիների: (Գիրք 2, գծագիր N 4)

Գոտիների սահմաններն անցնում են բնական և հատակագծային սահմանափակումներով` գետերով, ոռոգման խոշոր ջրանցքներով, անտառների եզրերով, մայրուղային ավտոճանապարհներով, երկաթգծով:

Քաղաքաշինորեն - տնտեսապես ինտենսիվ յուրացված գոտին ընդգրկում է Սևանա լճի ափամերձ շերտերին հարող տարածքը, զբաղեցնում է տարաբնակեցման համար պիտանի տարածքի 8.4%, որտեղ կենտրոնացված է բնակչության մոտ 74%-ը, որից քաղաքային բնակչությունը կազմում է 32.0%: Գոտում են տեղակայված արժեքավոր գյուղատնտեսական հողերը, ռեկրեացիոն ռեսուրսները (հանքային ջրեր, բուժիչ տորֆեր), բնակավայրերի 40.4%-ը: Ընդ որում ինտենսիվ յուրացված գոտին մեծ տեսակարար կշիռ ունի Գավառի և Մարտունու տարածաշրջաններում, փոքր տոկոս է կազմում Սևանի, Վարդենիսի տարածաշրջաններում, բացակայում է Ճամբարակի տարածաշրջանում: Բնակչության էկոլոգիական շեմային չափանիշները գերազանցող մեծ խտությունը (553 մարդ/քառ.կմ) ինժեներական ենթակառուցվածքներով ցածր ապահովվածությունը (չի գործում ջրահեռացման համակարգը) ստեղծել են էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակներ (Սևանա լճի աղտոտում):

Թույլ յուրացված գոտին ընդգրկում է հիմնականում Սևանա լիճը երիզող Գեղամա, Վարդենիսի, Սևանա լեռնաշղթաների ցածր լեռնալանջերը մինչև 2100-2350 մ բացարձակ բարձրություն, ընդ որում գետահովիտներով մինչև 2200-2350 մ բացարձակ բարձրություններն են ձգվել Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների բնակավայրերը` բնակեցման համար օգտագործելով Վարդենիսի լեռնաշղթայի սարահարթի փոքր թեքության (մինչև 8-10%) ունեցող լանջերը: Թույլ են յուրացվել նաև Սևանի տարածաշրջանի քարքարոտ տեղամասերը (հարավ-արևմտյան մասը), Սևանի արևելյան ափը և ամբողջ Ճամբարակի տարածաշրջանը: Թույլ յուրացված գոտիներն օժտված են էկոլոգիական պոտենցիալով և կարող են օգտագործվել բնակեցման և ռեկրեացիոն նպատակներով: Այդ գոտիներում բնակչության խտությունը չի գերազանցում 40-60 մարդ/կմ2 վրա, գյուղատնտեսական հողերը հիմնականում արոտներ են, վարելահողերը կտրտված են, փոքր հողակտորներով:

Ռեկրեացիոն և բնապահպանական գոտին ընդգրկում է անտառտնտեսության հողերը, ռեկրեացիոն տարածքները:

Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին հիմնականում ընդգրկում է 2000-2100 մ-ից բարձր տարածքները, որոնք օգտագործվում են որպես ամառային արոտներ: Այդ գոտին ունի պոտենցիալ հնարավորություններ ձմեռային հանգստի և սպորտի տարբեր ձևերի կազմակերպման համար:

Գոտիների մանրամասն բնութագիրը տրված է Վ-4 աղյուսակում, իսկ գոտիների քաղաքաշինական զարգացման ռեժիմները տրված են «Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և կատարելագործման ուղղությունները» գլխում:

 

(հավելվածը խմբ. 18.07.13 թիվ 746-Ն որոշում)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2003
N 1787-Ն
Որոշում