12.07.2024 -
040.0439.280410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2010 թվականի N 439-Ն
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 771-Ն ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 900-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
VI. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
12. Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը նպատակաուղղված է ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորմանը, ներկայացված է բովանդակության բաղադրիչներով, ուսումնական բնագավառներով և որոշակիացվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների` ուսումնական բնագավառների ուղղվածությանը համապատասխան առարկայական չափորոշիչների, ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները:
13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները`
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեք:
(13-րդ կետը փոփ. 31.08.2023 թիվ 1461-Ն որոշում)
14. Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնառության օբյեկտով և բնույթով, գործունեության և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով:
15. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով`
1) հայոց լեզու և գրականություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում` համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում.
2) հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում.
3) օտար լեզուներ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայանում է մի շարք լեզուներով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում` համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, որոնցից առնվազն երկուսի ուսուցումը միտված է սովորողների շրջանում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության խթանմանը: Բնագավառը շեշտադրում է սովորողի` բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է սովորողին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով.
4) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ). բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ.
5) հասարակություն, հասարակական գիտություններ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայացնում է մարդկային հասարակության զարգացման ուղին` քաղաքակրթությունների ձևավորումից մինչև գլոբալ փոխազդեցություններ, նախապատմական ժամանակաշրջանից մինչև հետարդյունաբերական շրջանի գիտատեխնիկական արդի նվաճումներ: Միտված է մշտապես փոփոխվող աշխարհում հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացների կապի ու փոխազդեցության մասին գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև դրանցում դերակատարում ունեցած անհատների և խմբերի, նրանց փոխգործակցության իմացությանն ու վերլուծությանը, ներկայացնելով անհատի սոցիալականացման և հասարակական մասնակցության դրսևորումները` քննադատական և ստեղծագործ մտածողություն ունեցող պատասխանատու քաղաքացու ձևավորմանը.
6) արվեստ և արհեստ. կրթության բովանդակության տիրույթ է, որը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ` արվեստի և ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով: Նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, ազատ անհատականության կայացմանը, մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, քննադատական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, վարպետության, ստեղծարարության, կատարողական առանձնահատկությունների զարգացմանը: Բացի վերը նշված նպատակներից, միտված է նաև գեղագիտական ճաշակը և ստեղծագործական միտքը կենցաղային խնդիրների և գործունեությանը կապելուն, ավանդական և այսօր արդեն գրեթե կորսված` բազմաթիվ ժողովրդական ավանդույթներին և մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն.
7) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում` մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը:
16. Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)`
1) ուսուցման նպատակը` ըստ կրթական աստիճանների.
2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները` ըստ կրթական աստիճանների.
4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
6) ըստ դասարանների և թեմաների` ժամաքանակի բաշխման նմուշօրինակ.
7) թեմաները և դրանց բովանդակությունը.
8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը:
(16-րդ կետը փոփ. 31.08.2023 թիվ 1461-Ն որոշում)
17. Առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով չափորոշչի պահանջները: Առարկայի ծրագրերի հիման վրա մշակվում են թեմատիկ պլաններ, ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ, ուսումնական նյութեր, որոնք հիմք են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար մշակվող անհատական ուսուցման պլանների համար:
(17-րդ կետը փոփ. 31.08.2023 թիվ 1461-Ն որոշում)
18. (18-րդ կետն ուժը կորցրել է 31.08.2023 թիվ 1461-Ն որոշում)
VII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
(7-րդ գլուխը խմբ. 31.08.2023 թիվ 1461-Ն որոշում)
19. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը և ուսումնական պլանի կազմման կանոնները ներառում են սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների, ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակների տոկոսային համամասնությունը: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպական-իրավական ձևերից և ենթակայությունից:
20. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների համաձայն` ուսումնական բնագավառներն են`
1) հայոց լեզու և գրականություն.
2) հայրենագիտություն.
3) օտար լեզուներ.
4) ԲՏՃՄ.
5) արվեստ և արհեստ.
6) հասարակություն, հասարակական գիտություններ.
7) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
21. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա մշակվում են ընդհանուր, մասնագիտացված և հատուկ հանրակրթական պետական և այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները:
22. Ուսումնական պլանը ներառում է երեք բաղադրիչ`
1) պետական բաղադրիչ.
2) դպրոցական բաղադրիչ.
3) անհատական (ընտրովի) բաղադրիչ, որը հատկացվում է խմբակներին և նախագծերին` սովորողի ընտրությամբ:
23. Պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի երաշխավորված պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաների վերջնարդյունքների ապահովման համար հատկացված անհրաժեշտ նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը:
24. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, պետական բաղադրիչով սահմանված առարկաներին: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը հատկացվում են ուսումնական խմբակներին և ուսումնական նախագծերին:
25. Հաստատությունը սահմանում է տվյալ դասարանի առարկայացանկը, ուսումնական առարկաներին, ուսումնական նախագծերին ու խմբակներին հատկացված ժամաքանակները` պահպանելով սույն հավելվածի 27-րդ, 28-րդ և 30-րդ կետերի պահանջները:
26. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ` իր ընտրած առարկայից կամ առարկաներից:
27. Հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)`
1) տարրական դպրոց` ոչ պակաս, քան 2945, ոչ ավելի, քան 3320.
2) հիմնական (միջին դպրոց)` ոչ պակաս, քան 5385, ոչ ավելի, քան 6220.
3) միջնակարգ (ավագ դպրոց)` ոչ պակաս, քան 2020, ոչ ավելի, քան 4080:
28. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)`
1) տարրական դպրոց` 3320, որից պետական բաղադրիչ` 1764, դպրոցական բաղադրիչ` 1366, անհատական (ընտրովի) բաղադրիչ` 190.
2) հիմնական (միջին դպրոց)` 6220, որից պետական բաղադրիչ` 3060, դպրոցական բաղադրիչ` 2480, անհատական (ընտրովի) բաղադրիչ` 680.
3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական բաղադրիչ` 1632, դպրոցական բաղադրիչ` 1836, անհատական (ընտրովի) բաղադրիչ` 612:
29. Հանրակրթական պետական ծրագրի ծավալները պետք է համապատասխանեն պետական բաղադրիչի ժամաքանակին: Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները պետք է համապատասխանեն կրթական աստիճանին, սույն չափորոշչի 28-րդ կետով սահմանված ժամաքանակին և տոկոսային արտահայտմամբ կազմեն`
1) «հայոց լեզու և գրականություն» բնագավառին տարրական դպրոցում` 24-28%, միջին դպրոցում` 12-16%, ավագ դպրոցում` 9-20%.
2) «հայրենագիտություն» բնագավառին տարրական դպրոցում` 5%, միջին դպրոցում` 7-8%, ավագ դպրոցում` 7-20%.
3) «օտար լեզուներ» բնագավառին տարրական դպրոցում` 10-15%, միջին դպրոցում` 12-20%, ավագ դպրոցում` 7-20%.
4) «ԲՏՃՄ» բնագավառին տարրական դպրոցում` 20-29%, միջին դպրոցում` 32-38%, ավագ դպրոցում` 12-38%.
5) «արվեստ և արհեստ» բնագավառին տարրական դպրոցում` 7-9%, միջին դպրոցում` 3-6%, ավագ դպրոցում` 3-5%.
6) «հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառին տարրական դպրոցում` 2%, միջին դպրոցում` 3-6%, ավագ դպրոցում` 6-12%.
7) «ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին տարրական դպրոցում` 7-9%, միջին դպրոցում` 7-9%, ավագ դպրոցում` 7-10%.
8) ընտրովի բաղադրիչին տարրական դպրոցում` 6%, միջին դպրոցում` 8%, ավագ դպրոցում` 15%:
30. Հանրակրթական հիմնական ծրագրի նորմատիվային ծավալը տվյալ ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներկայացվում է շաբաթական կամ տարեկան ժամաքանակներով: Ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-4-րդ դասարանների համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ: Ըստ դասարանների` շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է ուսումնական հաստատությունը` պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարական կանոնները և նորմերը:
31. Պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տևողությունը 45 րոպե է: Հեռավար ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, ինչպես նաև տնային կամ հիվանդանոցային պայմաններում անհատական ուսուցման պլանով իրականացվող ուսուցման համար կարող է սահմանվել դասաժամի այլ տևողություն, որը հաստատվում է հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ:
32. Ուսումնական պլանների և ուսումնական պլաններում փոփոխությունների հաստատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ:
VIII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
33. Չափորոշչով սահմանված յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներառում է իր ուղղվածությանը համապատասխան մեկ կամ մի քանի ուսումնական առարկաներ և (կամ) դասընթացներ, որոնք պարտադիր ներկայացվում են ուսումնական պլանում: Ուսումնական պլանում կարող են ներառվել առարկաներ, որոնց բովանդակությունն առնչվում է մի քանի ուսումնական բնագավառների`
1) հանրակրթական ծրագրի բովանդակությունն արտացոլվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական հիմնական ծրագրերի յուրաքանչյուր կրթական աստիճանի առարկայացանկն ամրագրվում է ուսումնական հաստատության ուսումնական պլանում.
2) հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ԲՏՃՄ բնագավառում`
ա. բնագիտությունը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում` առանձին բնագիտական առարկաներով, 10-12-րդ դասարաններում` մեկ ինտեգրված առարկայով և առանձին բնագիտական առարկաներով,
բ. մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում և 10-12-րդ դասարաններում` առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով,
գ. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը 2-6-րդ դասարաններում ներկայացվում է թվային սարքերից և ծրագրերից օգտվելու կարողություններ ձևավորող առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12-րդ դասարաններում` կիրառական ծրագրերի ուսումնասիրության միջոցով կյանքի պահանջներին և ապագա կրթությանը, աշխատանքային գործունեությանը բավարարող համակարգչային անհրաժեշտ հմտություններ զարգացնող առանձին ուսումնական առարկայով,
դ. տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12-րդ դասարաններում կարող է ներկայացվել մեկ ինտեգրված առարկայով.
3) «ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով.
4) «օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, 3-12-րդ դասարաններում` առնվազն երկու օտար լեզվով.
5) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով.
6) «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում` առանձին առարկաներով.
7) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով.
8) «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով.
9) «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով.
10) միջնակարգ կրթության երրորդ աստիճանում պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկվում են պետական պարտադիր հիմնական և սովորողի կողմից ընտրված նպատակային ծրագրերով ուսումնական առարկաները, պետական ավարտական քննական և «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի ուսումնական առարկաները:
(33-րդ կետը փոփ. 31.08.2023 թիվ 1461-Ն, 11.07.2024 թիվ 1071-Ն որոշումներ)
34. Հանրակրթական ավագ դպրոցի պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է նախատեսվել մոդուլային ուսուցում: Մոդուլը մեկ կամ մի քանի հանրակրթական առարկաների ինտեգրված կամ համատեղ իրականացվող ծրագիր է, որը ներկայացնում է հանրակրթական առարկաներից յուրաքանչյուրի պետական ծրագրի մի մասը կամ ծրագիրն ամբողջությամբ` դրան ուսումնական պլանով հատկացված ժամաքանակով:
35. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում առարկայական հիմնական և նպատակային ծրագրերի իրականացման ժամանակ պարտադիր է «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայաստանի պատմություն», «Մաթեմատիկա» առարկաների և առնվազն մեկ օտար լեզվի ուսուցումը` առանձին կամ ինտեգրված առարկաների ձևով:
(35-րդ կետը փոփ. 31.08.2023 թիվ 1461-Ն, 11.07.2024 թիվ 1071-Ն որոշումներ)
36. Հանրակրթական հատուկ և մասնագիտացված պետական ծրագրերի առարկայացանկը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով սովորողների զարգացման առանձնահատկությունները և ծրագրի մասնագիտական ուղղվածությունը:
IX. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
(9-րդ գլուխը խմբ. 31.08.2023 թիվ 1461-Ն որոշում)
37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակության զարգացման աստիճանը` ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի:
38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական որևէ փուլի սկզբում (հայտորոշիչ), փուլի ընթացքում` ձևավորող և փուլի ավարտին` ամփոփիչ եղանակով:
39. Հանրակրթական ուսումնական հաստատությունում կիրառվում են գնահատման հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ տեսակները` համաձայն կրթության կառավարման պետական լիազորված մարմնի հաստատած կարգի:
40. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ, որտեղ յուրաքանչյուր նիշ արտահայտում է սովորողի հաջողության որևէ մակարդակ և անբավարար գնահատական չէ: Այն արձանագրում է սովորողի ձեռքբերումները:
41. Ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:
42. Ձևավորող գնահատման մեթոդներն ու ձևերն ընտրում և հաստատում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:
43. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից հաստատություններում պետք է կազմակերպի արտաքին գնահատում:
44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ուսումնական որևէ փուլի սկզբում իրականացվում է հայտորոշիչ, փուլի ընթացքում` ձևավորող գնահատում: Սովորողի ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով: Որպես կիսամյակային ամփոփիչ գնահատական կազմվում է սովորողի առաջադիմության բնութագիր յուրաքանչյուր առարկայից:
45. Միավորային գնահատումը կիրառվում է` սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:
46. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ համակարգ:
47. Սովորողների ամփոփիչ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
48. Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
49. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:
50. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում` բնութագրման միջոցով, 9-րդ դասարանում` ավարտական քննություններ, 12-րդ դասարանում` պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը, կազմակերպման եղանակները և փոփոխություններն իրականացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
51. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:
52. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով` ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերն ու անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:
(2-րդ հավելվածը խմբագրվել է 04.02.2021 թիվ 136-Ն, 31.08.2023 թիվ 1461-Ն որոշումներ)
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում
իկա