Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական           Քաղաքացիական գործ թիվ 3-207 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1442

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի  

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարիամ Մանուկյանի, երրորդ անձինք Ալիսա և Քրիստինե Հասրաթյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ Մարիամ Մանուկյանի հայցի ընդդեմ Արմեն, Անահիտ, Ռուզաննա, Քնարիկ, Գևորգ, Քնարիկ, Արման Առաքելյանների, Նելլի և Ալբերտ Քելմելյանների, Լիլիկ Դավթյանի, երրորդ անձինք Ալիսա, Հասմիկ, Կարեն, Վարդան, Հակոբ, Քրիստինե և Քնարիկ Հասրաթյանների` բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և տարածքից վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարիամ Մանուկյանը պահանջել է 217.000 ՀՀ դրամ փոխհատուցմամբ դադարեցնել Երևանի Ներքին Շենգավիթ 11 փողոցի թիվ 40 տան նկատմամբ Արմեն Առաքելյանի և Լիլիկ Դավթյանի բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքը և Արմեն, Անահիտ, Ռուզաննա, Քնարիկ, Գևորգ, Քնարիկ, Արման Առաքելյաններին, Նելլի և Ալբերտ Քելմելյաններին, Լիլիկ Դավթյանին վտարել նշված հասցեից:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 12.06.2007 թվականի վճռով Մարիամ Մանուկյանի հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2009 թվականի որոշմամբ Քնարիկ Առաքելյանի և Անահիտ Մարտիրոսյանի բողոքը բավարարվել է` Դատարանի 12.06.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարիամ Մանուկյանը, երրորդ անձինք Ալիսա և Քրիստինե Հասրաթյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը, 53-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Քնարիկ Առաքելյանի և Անահիտ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի հիմքը Դատարանի 12.06.2007 թվականի վճռի կայացումն է` առանց նրանց պատշաճ ծանուցելու: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, վերաքննիչ բողոք բերած անձանց` դատական նիստի մասին ծանուցված լինելու հանգամանքը հավաստող ապացույցները հետազոտելու փոխարեն հետազոտել է հայցվորին և երրորդ անձանց ուղարկված ծանուցագրերը: Արդյունքում հաստատված համարելով հայցվորի և երրորդ անձանց կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագրերը ստորագրված չլինելու հանգամանքը` Վերաքննիչ դատարանը Դատարանի 12.06.2007 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել նոր քննության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2009 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Սույն գործով պատասխանողներ Քնարիկ Առաքելյանն ու Անահիտ Մարտիրոսյանը վերաքննիչ բողոքի հիմքում դրել են այն հանգամանքը, որ Դատարանը Գևորգ, Արմեն, Անահիտ Առաքելյաններին դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն չի ընձեռել, ինչպես նաև Արմեն Առաքելյանի մյուս երեխաների` Սարգիս, Գայանե, Անգելինա Առաքելյանների անմիջական շահերը սույն գործով շոշափվելու պայմաններում վերջիններիս պատասխանող չի ներգրավել (հատոր 2-րդ, գ.թ. 5-6):

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 11.03.2009 թվականի որոշման հիմքում դրել է 01.02.2007 թվականի, 13.02.2007 թվականի, 02.03.2007 թվականի, 29.05.2007 թվականի դատական նիստերին ներկայանալու մասին սույն գործով երրորդ անձանց, ինչպես նաև 13.02.2007 թվականի, 02.03.2007 թվականի, 15.03.2007 թվականի դատական նիստերին ներկայանալու մասին հայցվորին ուղղված ծանուցագրերը վերջիններիս կողմից ստորագրված չլինելու հանգամանքը (հատոր 4-րդ, գ.թ. 105-106):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 12.06.2007 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել սույն գործով պատասխանողներ Քնարիկ Առաքելյանն ու Անահիտ Մարտիրոսյանն այն հիմքով, որ Դատարանը Գևորգ, Արմեն, Անահիտ Առաքելյաններին դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն չի ընձեռել, ինչպես նաև Արմեն Առաքելյանի մյուս երեխաների` Սարգիս, Գայանե, Անգելինա Առաքելյանների անմիջական շահերը սույն գործով շոշափվելու պայմաններում վերջիններիս պատասխանող չի ներգրավել:

Վերաքննիչ դատարանը 11.03.2009 թվականի որոշմամբ բեկանել է Դատարանի 12.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ 01.02.2007 թվականի, 13.02.2007 թվականի, 02.03.2007 թվականի, 29.05.2007 թվականի դատական նիստերին ներկայանալու մասին սույն գործով երրորդ անձանց, ինչպես նաև 13.02.2007 թվականի, 02.03.2007 թվականի, 15.03.2007 թվականի դատական նիստերին ներկայանալու մասին հայցվորին ուղղված ծանուցագրերը վերջիններիս կողմից չեն ստորագրվել, ինչը ենթադրում է, որ առանց վերջիններիս դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցելու` Դատարանը նրանց իրավունքների վերաբերյալ կայացրել է ըստ էության լուծող դատական ակտ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում է վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ որևէ իրավական դիրքորոշում: Ավելին, սույն գործով Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և Դատարանի 12.06.2007 թվականի վճռի բեկանման հիմքում դրել է մի հանգամանք, որը չի վիճարկվել ո՛չ վերաքննիչ բողոք բերած անձանց և ո՛չ էլ սույն գործով հայցվորի ու երրորդ անձանց կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N 3-207 (ՎԴ)
Որոշում