Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                  ԵԱՆԴ/2775/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2775/02/08                     2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյան

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Գոհար Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ Գոհար Կիրակոսյանի հայցի ընդդեմ Լևոն Զազյանի` ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գոհար Կիրակոսյանը պահանջել է բռնագանձել Լևոն Զազյանից, հօգուտ իր խնամքին գտնվող դստեր` Մանե Զազյանի, ալիմենտ 50.000 ՀՀ դրամի չափով:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 30.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2009 թվականի որոշմամբ Գոհար Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Կիրակոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Լևոն Զազյանն աշխատում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում և ստանում է կանոնավոր վաստակ, հետևաբար, ալիմենտի չափը պետք է որոշվեր Լևոն Զազյանի վաստակի մեկ քառորդի չափով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2009 թվականի որոշումը և փոփոխել` հայցը բավարարել` Լևոն Զազյանից բռնագանձել ալիմենտ վաստակի մեկ քառորդի չափով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 02.03.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Լևոն Զազյանը ճանաչվել է 02.10.2007 թվականին ծնված Մանե Զազյանի հայրը (գ.թ.64):

2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի 19.12.2008 թվականի թիվ 17/10-20628 տեղեկանքի համաձայն` Լևոն Զազյանի աշխատավարձը կազմում է 62.087 ՀՀ դրամ, իսկ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդից ստանում է հավելավճար` ամսական միջին հաշվով 174.000 ՀՀ դրամ: Լևոն Զազյանի միջին ամսական աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները կազմում են 236.087 ՀՀ դրամ (գ.թ.40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով` հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով` մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը:

Նույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և դրամական կայուն գումարով, և բաժիններով:

Նույն մասի առաջին պարբերության նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը`

ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ,

բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանում է բնամթերքի տեսքով կամ արտարժույթով,

գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ դատարանը երեխայի ծնողից դատական կարգով ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ գործեր քննելիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը որոշելու համար նախ և առաջ պետք է գնահատման առարկա դարձնի և պարզի ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի առկայությունը և դրա չափը: Այսինքն` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ալիմենտի չափի որոշման կանոնը կիրառվում է այն բոլոր դեպքերում, երբ դատարանի կողմից հաստատվում է ծնողի վաստակի և այլ եկամտի միաժամանակյա կամ դրանցից որևէ մեկի առկայությունը, իսկ կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման հնարավորությունը նախատեսվում է բացառիկ դեպքերում, այն է` եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը`

- ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ,

- վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանում է բնամթերքի տեսքով կամ արտարժույթով,

- վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:

Սույն գործում առկա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի 19.12.2008 թվականի թիվ 17/10-20628 տեղեկանքի համաձայն` Լևոն Զազյանը ստանում է կանոնավոր վաստակ և միջին ամսական աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարները կազմում են 236.087 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասը սույն գործով կիրառելի չէ, քանի որ Լևոն Զազյանի մոտ կանոնավոր վաստակի առկայության դեպքում, ինչպես նաև ելնելով ծնողների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի երեխայի շահերից, Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ալիմենտի չափի որոշման կանոնը:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ Լևոն Զազյանը ստանում է կանոնավոր վաստակ, ինչպես նաև անտեսվել են ուշադրության արժանի երեխայի շահերը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում խախտվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ԵԱՆԴ/2775/02/08
Որոշում