ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵԱՆԴ/3117/02/08
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3117/02/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Ա. Թումանյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիք Սաֆրազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն) ընդդեմ Ավետիք Սաֆրազյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Ավետիք Սաֆրազյանին վերադարձնել «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.04.2009 թվականի վճռով հայցը բավարարել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիք Սաֆրազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի կիրառման, այն է` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու համար անհրաժեշտ է ապացուցել այն հանգամանքը, որ վեճի առարկա «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվում է պատասխանողի տիրապետման ներքո: Մինչդեռ, սույն գործում բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորեր այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը գտնվում է Ավետիք Սաֆրազյանի տիրապետման ներքո:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ավետիք Սաֆրազյանն ընդունել է այն փաստը, որ «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվել է իր տիրապետման տակ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 31.05.2008 թվականին լուծվել է Ընկերության և Ավետիք Սաֆրազյանի միջև 06.03.2008 թվականի աշխատանքային պայմանագիրը: Նույն հրամանով հանձնարարվել է Ընկերության ավտոհավաքակայանի պետ Վարդան Մելքոնյանին երկու օրվա ընթացքում կազմակերպել և իրականացնել Ավետիք Սաֆրազյանին կցված «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի բեռնատար-սառնարան ավտոմեքենայի ընդունում-հանձնումը (գ.թ. 5):
2) ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման 16.01.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» ակտի համաձայն` Երևանի Ա. Վշտունու փողոցի 73 հասցեում «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրվել է արգելանք (գ.թ. 92):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:
Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): ՈՒստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Սույն գործի փաստերով չի հիմնավորվել Ընկերության «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Ավետիք Սաֆրազյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:
Բացի այդ, ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման 16.01.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» ակտի համաձայն` Երևանի Ա. Վշտունու փողոցի 73 հասցեում «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրվել է արգելանք:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:
Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 01.07.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի հայցը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան