Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332-ՐԴ 335-ՐԴ, 337-ՐԴ, 345-ՐԴ, 347-ՐԴ, 777-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                  ԵԱՔԴ/0164/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0164/02/09                     2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Գայանե Նազարեթյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Գայանե Նազարեթյանից 389.505 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար և 7.790 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 23.04.2007 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 23.04.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Դատարանի 02.04.2009 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 24.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 02.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Նազարեթյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ 335-րդ, 337-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 777-րդ, 778-րդ, 779-րդ հոդվածները, կողմերի միջև 08.06.2000 թվականին կնքված պայմանագրի դրույթները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 54-րդ, 220.5 հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բաժանորդի պարտքի վերաբերյալ տեղեկանքը և գտնելով, որ պատասխանողը վերջին անգամ մատուցված ծառայությունների դիմաց վճարել է 2004 թվականի հունվար ամսին, այն էլ դեկտեմբեր ամսվա համար, եկել է այն հետևության, որ 01.03.2004 թվականից հայցվորը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին, քանի որ պարտավորությունների կատարման ժամկետ է համարվել մինչև հաջորդ ամսվա վերջին օրը` 28.02.2004 թ., իսկ հայցը դատարան է ներկայացվել 02.03.2007 թվականին` բաց թողնելով հայցային վաղեմության ժամկետը:

Վերաքննիչ դատարանը չի նշել, թե հայցը ներկայացնելու պահը համարել է այն Դատարան մուտքագրելու, թե փոստային բաժանմունքին հանձնելու օրը:

Ավելին, Վերաքննիչ դատարանը չանդրադառնալով 2004 թվականի փետրվար և մարտ ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց առաջացած պարտքերին, առանց որևէ հիմնավորման դրանց նկատմամբ նույնպես կիրառել է հայցային վաղեմություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանը կատարելով սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն ու վերլուծություն, հանգել է ճիշտ հետևության և արձանագրել, որ Գայանե Նազարեթյանը կատարել է միայն 2003 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Ընկերության ծառայություններից օգտվելու դիմաց համապատասխան վճարումներ, հետևաբար Ընկերությունը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը: Վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ եզրահանգման` նշելով, որ 2004 թվականի մարտի մեկից սկսած Ընկերությունն արդեն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, քանի որ պարտավորությունների կատարման ժամկետ է համարվել հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջը` 28.02.2004 թվականը: Սակայն, հայցը Դատարան է ներկայացվել 02.03.2007 թվականին` հայցային վաղեմության ժամկետի բացթողմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերության և Գայանե Նազարեթյանի միջև 08.06.2000 թվականին կնքված թիվ 14203 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն` Գայանե Նազարեթյանին հատկացվել է 411153 հեռախոսահամարը (գ.թ. 105):

2. Պայմանագրի 4.2.1-րդ կետի համաձայն` «Ամսական վճարումները ենթակա են կատարման մինչև հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջը /10-ից 31-ը/ (գ.թ. 105):

3. Բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվարկի համաձայն` Գայանե Նազարեթյանի պարտքը 2003 թվականի դեկտեմբեր ամսվա համար կազմել է 22.604,80 ՀՀ դրամ, որը վճարվել է 2004 թվականի հունվար ամսին, որից հետո վճարումներ չեն կատարվել: Իսկ 2004 թվականի հունվար ամսվա համար պարտքը կազմել է 204.069 ՀՀ դրամ, փետրվար ամսվա համար` 123.904,1 ՀՀ դրամ և մարտ ամսվա համար` 61.531,7 ՀՀ դրամ, ընդամենը` 389.504,80 ՀՀ դրամ: Ընկերության կողմից Գայանե Նազարեթյանին մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց չկատարված պարտավորությունը 01.04.2004 թվականի դրությամբ կազմել է 389.505 ՀՀ դրամ (գ.թ. 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրն ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ ծագում է պարտավորության կատարում պահանջելու իրավունքը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ Գայանե Նազարեթյանը Ընկերության ծառայությունների դիմաց վճարել է 2004 թվականի հունվար ամսին` դեկտեմբեր ամսվա համար, հանգել է այն հետևության, որ 01.03.2004 թվականից Ընկերությունն իմացել կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, քանի որ պարտավորության կատարման ժամկետը հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջն է` 28.02.2004 թվականը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Ընկերության կողմից հայցը դատարան է ներկայացվել 02.03.2007 թվականին` հայցային վաղեմության ժամկետի բացթողմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Գայանե Նազարեթյանի միջև 08.06.2000 թվականին կնքված թիվ 14203 պայմանագրով Գայանե Նազարեթյանին մատուցվել է հեռախոսակապի ծառայություններ: Նշված պայմանագրի 4.2.1-րդ կետով սահմանվել է, որ ամսական վճարումները ենթակա են կատարման մինչև հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջը (10-ից 31-ը): Ըստ գործում առկա «Բաժանորդի պարտքի վերաբերյալ» տեղեկանքի Գայանե Նազարեթյանի պարտքը 2003 թվականի դեկտեմբեր ամսվա համար կազմել է 22.604,80 ՀՀ դրամ, որը վճարվել է 2004 թվականի հունվար ամսին, որից հետո վճարումներ չեն կատարվել: Իսկ 2004 թվականի հունվար ամսվա համար պարտքը կազմել է 204.069 ՀՀ դրամ, փետրվար ամսվա համար` 123.904,1 ՀՀ դրամ և մարտ ամսվա համար` 61.531,7 ՀՀ դրամ, Գայանե Նազարեթյանի չկատարված պարտավորությունը 01.04.2004 թվականի դրությամբ կազմել է 389.505 ՀՀ դրամ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն այն ապացույցները, որոնց հիման վրա Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել Ընկերության կողմից հայցային վաղեմության ժամկետի բացթողումը:

Մասնավորապես, գործի նյութերից պարզ չէ, թե հայցադիմումը երբ է ներկայացվել, հետևաբար չի պարզվել 2004 թվականի հունվար ամսվա պարտավորության մասով հայցային վաղեմության երեք տարվա ժամկետի լրանալու օրը:

Ավելին, Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմություն է կիրառել նաև 2004 թվականի փետրվար և մարտ ամիսներին ձևավորված պարտավորությունների վրա այն դեպքում, երբ Գայանե Նազարեթյանի մոտ այդ ամիսների համար վճարման պարտավորությունը ծագել է հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջին, այսինքն` համապատասխանաբար մարտ և ապրիլ ամիսներին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը անհիմն է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ԵԱՔԴ/0164/02/09
Որոշում