Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (113-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (113-ՐԴ ՀՈԴՎԱԾ) «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ» ԵՎ « ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                  ԵԱՔԴ/2378/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2378/02/08                     2009 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գայանե Դանիլովայի ընդդեմ Ընկերության` աշխատանքի վերականգնման և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գայանե Դանիլովան պահանջել է վերականգնել աշխատանքում Ընկերության համապատասխան գործառույթներ իրականացնող բաժնում և Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.02.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Դանիլովան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը:

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ և 219-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը:

Դատարանն Ընկերությանը պարտավորեցրել է Գայանե Դանիլովայի հետ կնքել պայմանագիր և նրան նշանակել աշխատանքի համապատասխան գործառույթների իրականացնող բաժնում, այլ ոչ թե նախկին պաշտոնում, որը ինքնին անօրինական է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը Գայանե Դանիլովայի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ 10.09.2008 թվականին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ Գայանե Դանիլովան հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2009 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գայանե Դանիլովային առաջարկվել է աշխատանք, որը չի համապատասխանում նրա մասնագիտական ունակություններին: Ընկերությունում Գայանե Դանիլովայի կողմից նախկինում զբաղեցրած պաշտոնը «Գործառնությունների տնօրինությունից» տեղափոխվել է «Վաճառքի տնօրինություն», ուստի նշված ստորաբաժանումը չի վերացել, այլ ընդամենը տեղափոխվել է և ընդգրկվել է մեկ այլ տնօրինության կազմի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Գայանե Դանիլովայի միջև 14.04.2008 թվականին կնքվել է աշխատանքային պայմանագիր, և Գայանե Դանիլովան նշանակվել է աշխատանքի գործառնությունների տնօրինությունում միջազգային օպերատորների հետ համագործակցության ավագ մասնագետի պաշտոնում (գ. թ. 5-8):

2) Ընկերության տնօրենների խորհրդի 08.08.2008 թվականի թիվ 05/08 որոշմամբ հաստատվել է Ընկերության նոր կազմակերպական կառուցվածքը, որում բացակայում է գործառնությունների տնօրինության ֆիքսված կապի բիզնեսի տեխնիկական տնօրինության միջօպերատորական համագործակցության և ինտերնետ ռեսուրսների ծառայության միջազգային օպերատորների հետ համագործակցության բաժինը (գ. թ. 78-87):

3) Ընկերությունը 10.09.2008 թվականի ծանուցմամբ Գայանե Դանիլովային հայտնել է, որ 28.08.2008 թվականից Ընկերությունում գործողության մեջ է դրվել նոր կազմակերպական կառուցվածքը, որում բացակայում է «Գործառնությունների տնօրինության ֆիքսված կապի բիզնեսի տեխնիկական տնօրինության միջօպերատորական համագործակցության» բաժինը: Միաժամանակ առաջարկվել է շարունակել աշխատանքային հարաբերությունները «Վաճառքի տնօրինության» «Վաճառքի աջակցման» բաժնի «Վաճառքի որակի վերահսկման» խմբում Վաճառքի որակի վերահսկման ավագ մասնագետի պաշտոնում (գ. թ. 9):

4) Գայանե Դանիլովան 14.09.2008 թվականի դիմումով հրաժարվել է Ընկերության առաջարկած վաճառքի որակի վերահսկման ավագ մասնագետի պաշտոնից (գ. թ. 11):

5) Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 07.10.2008 թվականի թիվ Կ-4112 հրամանով լուծվել է Ընկերության և Գայանե Դանիլովայի միջև կնքված թիվ 2127 աշխատանքային պայմանագիրը (գ. թ. 52):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործատուն չի կարող աշխատողին առաջարկել ցանկացած աշխատանք, այլ պարտադիր պայման է համարվում, որ գործատուի մոտ առկա հնարավորությունների սահմաններում առաջարկված աշխատանքը համապատասխանի աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին: Միայն աշխատողի կողմից մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան առաջարկված աշխատանքից հրաժարումը կարող է հանգեցնել գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծմանը:

Սույն գործով Դատարանի կողմից հայցի բավարարման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հայցվորն ունի բարձրագույն տեխնիկական կրթություն` էլեկտրոնային տեխնիկական ինժեների որակավորմամբ, իսկ պատասխանողը որևէ ապացույցով չի հիմնավորել, որ առաջարկված աշխատանքը համապատասխանում է հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը կամ որակավորմանը:

Սույն քաղաքացիական գործի համար էական նշանակություն ունի այն իրավական հարցի պատասխանը, թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի «մասնագիտական պատրաստվածություն» և «որակավորում» հասկացությունները պետք է մեկնաբանվեն միայն որպես տվյալ անձին տրված որակավորումը հավաստող վկայականով հավաստվող մասնագիտությանը համապատասխանող աշխատանք, թե դրանք պետք է ավելի լայն մեկնաբանվեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի նման եզրահանգումն հիմնված է «մասնագիտական պատրաստվածություն» և «որակավորում» հասկացությունների սահմանափակ մեկնաբանության հիման վրա, առանց հաշվի առնելու օրենքի իմաստը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հասկացությունները պետք է առավել լայն մեկնաբանության առարկա դարձվեն` հաշվի առնելով նաև այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին է տվյալ աշխատողի նախկինում զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ օրենքի վերոնշյալ հոդվածը նպատակ է հետապնդում պաշտպանության տակ առնելու աշխատողներին այն բոլոր դեպքերում, երբ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում համապատասխան աշխատողի կողմից զբաղեցրած պաշտոնի փոխարեն նույն գործատուի մոտ դեռևս առկա է (կամ առաջանում է) նախկինում կատարած աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանք:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության տնօրենների խորհրդի 08.08.2008 թվականի թիվ 05/08 որոշմամբ հաստատվել է Ընկերության նոր կազմակերպական կառուցվածքը, որում բացակայում է գործառնությունների տնօրինության ֆիքսված կապի բիզնեսի տեխնիկական տնօրինության միջօպերատորական համագործակցության և ինտերնետ ռեսուրսների ծառայության միջազգային օպերատորների հետ համագործակցության բաժինը, այսինքն` հաստիքը, որտեղ աշխատել է Գայանե Դանիլովան, աշխատանքների կազմակերպման փոփոխության արդյունքում այլևս գոյություն չունի, և Գայանե Դանիլովայի նախկին հաստիքի ստեղծումն անհնար է: Փաստորեն, Գայանե Դանիլովայի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը պայմանավորված է աշխատանքային պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ, և նրան առաջարկվել է վաճառքի որակի վերահսկման ավագ մասնագետի պաշտոնը, որից նա հրաժարվել է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է քննության առարկա դարձվի այն հարցը, թե արդյոք Գայանե Դանիլովային առաջարկված աշխատանքը նախկինում կատարած աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող աշխատանք է:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 05.06.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ԵԱՔԴ/2378/02/08
Որոշում