ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵԷԴ/0852/02/08
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0852/02/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Ա. Մկրտչյան
Ն. Տավարացյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արևշատ Մարությանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երվանդ Վարդանյանի ընդդեմ Արևշատ Մարությանի և Գայանե Մովսեսյանի` բնակարանից վտարելու, անհիմն հարստացումը վերադարձնելու պահանջների մասին, ըստ Արևշատ Մարությանի հակընդդեմ հայցի ընդդեմ Երվանդ Վարդանյանի, երրորդ անձինք Վահան, Ռուզաննա, Արամ Վարդանյանների, Պետրոս Մինասյանի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրը և պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ըստ հայցի Արևշատ Մարությանի ընդդեմ Երվանդ Վարդանյանի, երրորդ անձինք Վահան, Ռուզաննա, Արամ Վարդանյանների, Պետրոս Մինասյանի` ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Երվանդ Վարդանյանը պահանջել է Գայանե Մովսեսյանին վտարել Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տանից, իսկ Արևշատ Մարությանից, որպես անհիմն հարստացում, բռնագանձել նշված տան վարձակալության դիմաց տաս ամսվա համար ստացած 300.000 ՀՀ դրամ վարձավճարը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արևշատ Մարությանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան թիվ 8, 9, 10 և 11 սենյակների նկատմամբ, ինչպես նաև մասնակիորեն` նշված սենյակների մասով, անվավեր ճանաչել Երվանդ Վարդանյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.02.2005 թվականի վկայագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դիմելով դատարան` Արևշատ Մարությանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան թիվ 8, 9, 10 և 11 սենյակների զբաղեցրած հողամասի նկատմամբ:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.10.2008 որոշմամբ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
Դատարանի 02.03.2009 թվականի վճռով Երվանդ Վարդանյանի հայցը բավարարվել է, իսկ Արևշատ Մարությանի հայցն ու հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 02.03.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արևշատ Մարությանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երվանդ Վարդանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ և 132-րդ հոդվածների պահանջները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները, կիրառել է 411-րդ, 562-րդ, 609-րդ և 1092-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արևշատ Մարությանի հայրը` Սարիբեկ Մարությանը, 1974 թվականին հատուցմամբ ձեռք է բերել վիճելի հասցեի տան մեկ սենյակը, առանձնացրել է ընդհանուր գույքից և ընտանիքով բնակվել այնտեղ: Մարությանները մշտապես կատարել են տան կոմունալ և այլ ծառայությունների համար վճարումները, իրենց հաշվին միջոցներ են ձեռնարկել գույքի պահպանության համար, Արևշատ Մարությանի ընտանիքի կողմից կառուցվել են սենյակներ, իրականացվել են տան ընթացիկ վերանորոգումներ, տունը տիրապետել են որպես սեփական գույք և որևէ խոչընդոտի չեն հանդիպել ինչպես Երվանդ Վարդանյանի, այնպես էլ նրա ծնողների և ընտանիքի մյուս անդամների կողմից:
Բացի այդ, գործով հիմնավորվել է, որ Երվանդ Վարդանյանը և նրա ծնողները վիճելի գույքի նկատմամբ դրսևորել են անտարբեր վերաբերմունք, հրաժարվել են գույքի տիրապետումից և օգտագործումից` առանց գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, քանի որ հակառակ դեպքում ինչպես Երվանդ Վարդանյանի հայրը` Սիրեկան Վարդանյանը, այնպես էլ Երվանդ Վարդանյանը, կառարկեին Պետրոս Մինասյանի և Սարիբեկ Մարությանի միջև առկա առուվաճառքի գործարքին, միջոցներ կձեռնարկեին սեփականության պահպանման համար և թույլ չէին տա կատարելու նոր սենյակների կառուցման աշխատանքներ:
Գործում առկա վկաների և երրորդ անձանց ցուցմունքներով, գրավոր հայտարարություններով, կատարված վճարումների անդորրագրերով և այլ ապացույցներով հիմնավորվում է նաև Արևշատ Մարությանի և նրա ծնողների ընտանիքի կողմից վիճելի գույքը 1974 թվականից բարեխիղճ բացահայտ և անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու փաստը:
Վերը նշված փաստերի առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ, 609-րդ և 1092-րդ հոդվածները սույն գործով կիրառելի չեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Երվանդ Վարդանյանի հայցը մերժել, իսկ Արևշատ Մարությանի հայցը և հակընդդեմ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատաքննությամբ հաստատվել է այն հանգամանքը, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տունը պատկանել և մինչև օրս պատկանում է Երվանդ Վարդանյանին, իսկ այդ հանգամանքն ապացուցող գործում առկա ապացույցներից որևէ մեկը չի վիճարկվել, չի փոփոխվել և չի վերացվել:
Բացի այդ, Երվանդ Վարդանյանի կողմից վիճելի գույքից հրաժարվելու կամ մեկուսանալու մասին որևէ ապացույց գործում առկա չէ:
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Օրջոնիկիձեի շրջանի Նոր-Արեշի թիվ 54 թաղային կոմիտեի 13.01.1963 թվականի արձանագրության համաձայն` Երվանդ Վարդանյանի պապը` Վարդան Վարդանյանը, Երևանի Նոր-Արեշի 13-րդ փողոցի (ներկայումս` Էրեբունի փողոց) թիվ 120 հասցեի սեփական տան 72 քմ մակերեսով բնակելի տարածությունից 36 քմ մակերեսով տարածքը տվել է ավագ որդուն` Սիրեկան Վարդանյանին, 20 քմ մակերեսով տարածքը տվել է միջնեկ որդուն` Պետրոս Մինասյանին, իսկ 16 քմ մակերեսով տարածքը մնացել է իրեն, կնոջը և կրտսեր որդուն` Անդրանիկ Վարդանյանին (գ.թ. 110, հ. 1-ին): Արձանագրությամբ նաև հաստատվել է, որ գույքի բաժանումը տեղի է ունեցել հոր և որդիների համաձայնությամբ ու վերջիններս միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունեն:
2. Սիրեկան Վարդանյանը մահացել է 24.12.1991 թվականին: Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.10.1992 թվականի վկայագրով ժառանգությունն ընդունել են կինը` Աստղիկ Վարդանյանը և չորս զավակները` Երվանդ, Վահան, Արամ և Ռուզաննա Վարդանյանները (գ.թ. 36, հ. 1-ին):
3. Աստղիկ Վարդանյանը մահացել է 18.08.1996 թվականին: Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.02.2005 թվականի վկայագրով ժառանգությունն ընդունել են Երվանդ, Վահան, Արամ և Ռուզաննա Վարդանյանները (գ.թ. 35, հ. 1-ին):
4. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.08.2005 թվականի վճռով բավարարվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերով իրավունքները գրանցելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու պահանջի մասին Երվանդ, Վահան, Արամ և Ռուզաննա Վարդանյանների դիմումը` ճանաչվել է Երվանդ Վարդանյանի և Վահան Վարդանյանի սեփականության իրավունքը հանգուցյալ Սիրեկան Վարդանյանի անվամբ գրանցված ամբողջ գույքի նկատմամբ` վերջիններիս օգտին մյուս ժառանգների գույքից հրաժարվելու կապակցությամբ (գ.թ. 68-69, հ. 1-ին):
5. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.08.2005 թվականի վճռի և նոտարական կարգով վավերացված բաժանման 30.12.2005 թվականի պայմանագրի հիման վրա Երվանդ Վարդանյանին 26.01.2006 թվականին տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120 հասցեի մասը կազմող թիվ 120/1 տան նկատմամբ (գ.թ. 70-72, հ. 1-ին): Չնայած Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան մի մասը` չորս սենյակները, շուրջ 32 տարի տիրապետել են Մարությանները, սակայն դրանք նույնպես ներառվել են Երվանդ Վարդանյանին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հատակագծում:
6. Երվանդ Վարդանյանի եղբոր` Վահան Վարդանյանի 29.10.2002 թվականի հայտարարության համաձայն` «Ես Վահան Սիրեկանի Վարդանյանս հանդիսանում եմ Էրեբունի փող. N 120 տան փաստացի տիրապետող ժառանգ, ինձ հայտնի է, որ քաղաքացի Սարիբեկ Մարությանը 1974 թ. ներքին կարգով գնել է Էրեբունի փող. N 120 տան 1 սենյակը, որը պատկանում էր հորեղբորս Պետրոս Մինասյանին, ինչի վերաբերյալ ես տեղեկացել եմ իմ ծնողներից Սիրեկան Վարդանյանից և Աստղիկ Վարդանյանից: Եվ այդ առուծախի գումարը վճարել են հորեղբորս` Պետրոս Մինասյանին հորս համաձայնությամբ: Եվ այդ անշարժ գույքը ես, ինչպես նաև հայրս կենդանության օրոք հանդիսանալով բուն սեփականատեր, միշտ դիտել ենք Սարիբեկ Մարությանի սեփականությունը և նրա նկատմամբ այդ գնված 1 սենյակը որևէ սեփականատիրական իրավունք պահպանելու մտադրություն չենք ունեցել» (գ.թ. 42, հ. 1-ին):
7. Հարևանների հայտարարությունների համաձայն` Սարիբեկ Մարությանի ընտանիքը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120 տանը բնակվել է 1966 թվականից, իսկ 1974 թվականին Պետրոս Մինասյանից 2.200 ռուբլով գնել է նշված տան մեկ սենյակը: Հետագայում Սարիբեկ Մարությանը կառուցել է ևս երկու սենյակ, որոնք տիրապետել է որպես սեփական, իսկ վերջինիս մահից հետո որպես սեփականատիրոջ իրավահաջորդ մինչև օրս բնակվում է որդին` Արևշատ Մարությանը (գ.թ. 40, 41, 109 հ. 1-ին):
8. Գործում առկա մի շարք կոմունալ վճարումների անդորրագրերի, 27.06.1991 թվականի աբոնենտային գրքույկի և էլեկտրաէներգիայի մատակարարման 06.07.2008 թվականի պայմանագրի համաձայն` Արևշատ Մարությանը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120 հասցեի ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման առանձին բաժանորդ է (գ.թ. 123-141, հ. 1-ին):
9. Արևշատ Մարությանի տիրապետման ներքո գտնվող գույքը առանձնացված է Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տանից (գ.թ. 190, հ. 1-ին):
10. 21.01.2009 թվականի գրավոր բացատրությամբ Պետրոս Մինասյանը հաստատել է այն փաստը, որ 1974 թվականին ներկայիս Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 հասցեի թիվ 10 սենյակը 2.200 ռուբլով վաճառել է Արևշատ Մարությանի հորը` Սարիբեկ Մարությանին, իսկ 1989 թվականին Սարիբեկ Մարությանի կողմից կառուցվել են թիվ 8 և 9 սենյակները, ինչպես նաև կոմունալ հարմարությունները` ներկայիս թիվ 11 սենյակը: Ինչ վերաբերում է թիվ 8 սենյակի քանդմանը, ապա նշված սենյակը քանդել է որդին` Գագիկ Մինասյանը: Հայտնել է նաև, որ Երվանդ Վարդանյանը երբևէ չի տիրապետել կամ օգտագործել վիճելի սենյակները, իսկ սեփականության իրավունքի գրանցումը կրել է ձևական բնույթ, քանի որ վերջինս նշված սենյակները պետք է գրանցեր Արևշատ Մարությանի անվամբ (գ.թ. 190, հ. 1-ին):
11. Գագիկ Պետրոսի Մինասյանի 13.01.2009 թվականի հայտարարության համաձայն` վերջինս է քանդել Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան թիվ 8 սենյակը` Արևշատ Մարությանի համաձայնությամբ` հետագայում քանդված սենյակի զբաղեցրած հողամասը Արևշատ Մարությանի անվամբ ձևակերպելու պայմանով (գ.թ. 189, հ. 1-ին):
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոհիշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից` այդ իրավունքի դադարման (կորստի) միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքը անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր` ենթադրելու, որ նա գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի, անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (Տե՛ս, Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120 տան սեփականատեր Վարդան Վարդանյանը 13.01.1963 թվականին տունը սեփականության իրավունքով բաժանել է իր, կնոջ և երեք որդիների միջև: Մասնավորապես, տան 36 քմ մակերեսով տարածքը տվել է ավագ որդուն` Սիրեկան Վարդանյանին, 20 քմ մակերեսով տարածքը տվել է միջնեկ որդուն` Պետրոս Մինասյանին, իսկ 16 քմ մակերեսով տարածքը թողել է իրեն, կնոջը և կրտսեր որդուն` Անդրանիկ Վարդանյանին, որը հաստատվել է Օրջոնիկիձեի շրջանի Նոր-Արեշի թիվ 54 թաղային կոմիտեի արձանագրությամբ: Արձանագրությամբ նաև հաստատվել է, որ գույքի բաժանումը տեղի է ունեցել հոր և որդիների համաձայնությամբ, ու վերջիններս միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունեն: Այսինքն` 1963 թվականի դրությամբ Վարդան Վարդանյանի ընտանիքի անդամները որպես սեփականություն սկսել են տիրապետել վիճելի տան յուրաքանչյուրի անվամբ առանձնացված մասերը:
Հետագայում` 1974 թվականին, Վարդան Վարդանյանի որդին` Պետրոս Մինասյանը, տան իրեն հատկացված 20 քմ մակերեսով թիվ 10 սենյակը 2.200 խորհրդային ռուբլով վաճառել է Արևշատ Մարությանի հորը` Սարիբեկ Մարությանին, որն ընտանիքով դեռևս 1966 թվականից բնակություն էր հաստատել նշված սենյակում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները Սարիբեկ Մարությանին տվել են բավարար հիմքեր` ենթադրելու, որ նա գույքը ձեռք է բերում այն օտարելու իրավունք ունեցող անձից և տիրապետելու է որպես սեփականություն:
Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Վարդան Վարդանյանը, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամները, տեղեկացված են եղել սենյակի վաճառքի մասին և դրա վերաբերյալ որևէ առարկություններ չեն ունեցել, դրանով իսկ ցուցաբերել են այնպիսի վարքագիծ, որով նույնպես հիմք են տվել Սարիբեկ Մարությանին եզրակացնելու, որ գույքը ձեռք է բերել և այն տիրապետել է որպես սեփականատեր:
1989 թվականին Սարիբեկ Մարությանն իր հերթին, վաճառված սենյակը որպես սեփականը շուրջ 15 տարի տիրապետելով բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, Վարդանյանների ընտանիքի բոլոր անդամների գիտությամբ և համաձայնությամբ, դրան կից կառուցել է ըստ հատակագծի թիվ 8, 9 և 11 սենյակները, որոնց կառուցման դեմ որևէ մեկը չի առարկել և դրանց կառուցումը չի վիճարկել:
Գործով հիմնավորված է այն փաստը, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան ներկայիս սեփականատերը` Սիրեկան Վարդանյանի որդի Երվանդ Վարդանյանը, երբևէ չի տիրապետել կամ օգտագործել Սարիբեկ Մարությանի, իսկ հետագայում Արևշատ Մարությանի ընտանիքի տիրապետման ներքո գտնվող Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան առանձնացված թիվ 8, 9, 10 և 11 սենյակները:
Արևշատ Մարությանի տիրապետման ներքո գտնվող գույքը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տանից առանձնացված լինելու փաստը հաստատվում է մուտքերն առանձնացված լինելով, ինչպես նաև Արևշատ Մարությանի առանձնացված մասերի կոմունալ ծառայությունների առանձին բաժանորդ համարվելով:
Ավելին, Երվանդ Վարդանյանի հորեղբայր Պետրոս Մինասյանի 21.01.2009 թվականի գրավոր բացատրության համաձայն` Երվանդ Վարդանյանը, Արևշատ Մարությանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել տան թիվ 8 սենյակը քանդելու հարցում, որի դիմաց վերջինիս խոստացել է ամբողջ տունն իր անվամբ սեփականաշնորհելուց հետո Արևշատ Մարությանի կողմից տիրապետվող մնացած թիվ 9, 10 և 11 սենյակները և քանդված թիվ 8 սենյակի զբաղեցրած հողատարածքը սեփականության իրավունքով գրանցել Արևշատ Մարությանի անվամբ:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Օրենսգրքի 187-րդ հոդվածի (ձեռքբերման վաղեմություն) գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին:Հետևաբար, բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետման ժամկետի մեջ պետք է հաշվարկել նաև 1999 թվականի հունվարի 1-ից առաջ սկսված և ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվող տիրապետման ժամկետը:
Այսպիսով, սույն գործի փաստերը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար արձանագրելու համար, որ գույքի փաստացի տիրապետող Արևշատ Մարությանը` 10 տարուց ավելի` շուրջ 35 տարի, բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետել է վեճի առարկա Երևանի Էրեբունի փողոցի 120/1 տան թիվ 9, 10 և 11 սենյակները, քանդված թիվ 8 սենյակի և նշված մյուս սենյակների զբաղեցրած հողամասը, ինչի ուժով դրանց նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:
1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
Վերոնշյալ փաստերը և 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված նորմը Արևշատ Մարությանին հիմք են տվել ենթադրելու, որ նա մինչ այդ ունեցած տարածքների և դրանցով զբաղեցված հողամասի սեփականատերն է օրենքի ուժով: Հետևաբար, հիմնավոր է նաև վիճելի սենյակներով զբաղեցված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին Արևշատ Մարությանի պահանջը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի որոշման` անհիմն հարստացումը բռնագանձելու և Գայանե Մովսեսյանին վիճելի տանից վտարելու մասին Երվանդ Վարդանյանի հայցապահանջը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արևշատ Վարդանյանի հայցը թիվ 8 սենյակի մասով ենթակա է մերժման այն արդեն իսկ քանդված լինելու պատճառով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. Երվանդ Վարդանյանի հայցը մերժել, իսկ Արևշատ Մարությանի հայցը և հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն` ճանաչել Արևշատ Մարությանի սեփականության իրավունքը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 հասցեի տան թիվ 9, թիվ 10 և թիվ 11 սենյակների, դրանցով զբաղեցված հողամասի և քանդված թիվ 8 սենյակի զբաղեցրած հողամասի նկատմամբ, ինչպես նաև այդ մասով անվավեր ճանաչել ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.02.2005 թվականի վկայագիրը և Երվանդ Վարդանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Արևշատ Մարությանի հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան