ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵԿԴ/0020/02/08
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0020/02/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) հայցի ընդդեմ «Լճակ» ԼՏԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Հրաչյա Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից և Հրաչյա Պետրոսյանից 2 575 845 ՀՀ դրամ, որից վճարման ենթակա տարաժամկետ գումարի չափը կազմում է 2.500.820 ՀՀ դրամ, տույժի գումարը` 75.025 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 25.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 408-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը, հանգել է այն եզրահանգման, որ սույն գործով Վարչությունը չի ապացուցել պետական բյուջեի հանդեպ Ընկերության ունեցած պարտավորությունները խախտելու հանգամանքը:
Մինչդեռ, 07.01.1998 թվականին Վարչության և Ընկերության միջև կնքված սեփականաշնորհման թիվ 6022 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 10-րդ կետով նախատեսված վճարման անդորրագիրը չներկայացնելն արդեն իսկ ապացույց է, որ պայմանագրային պարտավորությունը չի կատարվել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորության դադարումը հավաստող ապացույց սույն գործով կարող էր ներկայացնել միայն Ընկերությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2009 թվականի որոշման` Ընկերությունից գումարի բռնագանձումը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 07.01.1998 թվականի թիվ 6022 սեփականաշնորհման պայմանագրի համաձայն` Ընկերությունը 4.064.021 ՀՀ դրամով Վարչությունից ձեռք է բերել Երևան քաղաքի Մ. Հերացու 10 հասցեի 38,62 քմ մակերեսով տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 10-11):
2. Նույն Պայմանագրի 6-րդ կետի համաձայն` առաջին վճարումը կատարվել է 24.12.1997 թվականին 1.563.201 ՀՀ դրամի չափով, իսկ մնացած գումարը Ընկերությունը պարտավորվել է վճարել մինչև 24.12.2000 թվականը պայմանագրում նշված պայմաններով (հատոր 1-ին, գ.թ. 10-11):
3. Նույն Պայմանագրի 10-րդ կետի համաձայն` վճարումը համարվում է կատարված գնորդի կողմից վաճառողին վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 10-11):
4. Գործում բացակայում է Ընկերության կողմից Պայմանագրի 6-րդ կետով ստանձնած պարտավորության կատարումը հիմնավորող որևէ ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 3-4):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տես` Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցն ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեդա Սարգսյանի ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):
Սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե որոնք են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, և որ կողմը պետք է կրի այդ փաստերի ապացուցման դատավարական բեռը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ պարտավորությունների պատշաճ կատարումը, որպես պարտավորությունների կատարման ընդհանուր և հիմնարար սկզբունք, ենթադրում է պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների կատարում` պարտավորության պայմաններին, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին:
Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ:
Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:
Սույն գործում առկա Պայմանագրի 10-րդ կետի համաձայն` վճարումը համարվում է կատարված գնորդի կողմից վաճառողին վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի Ընկերության կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունը կատարված լինելու փաստը, այսինքն` գումարի վճարված լինելը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորը հիմնավոր ապացույց չի ներկայացրել պատասխանողի կողմից պարտավորությունը խախտելու, այսինքն` պայմանագրով նախատեսված գումարները չվճարելու վերաբերյալ:
Սույն գործով Վարչության հայցադիմումի հիմքը Պայմանագրի 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը Ընկերության կողմից չկատարելն է, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում գործում է պարտավորությունը կատարված չլինելու կանխավարկածը, քանի դեռ պարտապանը չի հիմնավորել հակառակը:
Այսինքն` Պայմանագրով ստանձնած պարտավորությունը կատարելու փաստը ապացուցելու բեռը կրում է Ընկերությունը, ուստի նա է պարտավոր ներկայացնել դրա կատարումը հիմնավորող ապացույցներ:
Մինչդեռ, սույն գործում առկա չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորության կատարումը հավաստող փաստաթղթերից որևէ մեկը, ինչպես նաև Պայմանագրի 10-րդ կետով նախատեսված վաճառողին տրված վճարման անդորրագիրը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2009 թվականի որոշման` «Լճակ» ԼՏԸ-ից գումարի բռնագանձումը մերժելու մասը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցը բավարարել` «Լճակ» ԼՏԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2 575 845 ՀՀ դրամ: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. «Լճակ» ԼՏԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության բռնագանձել 206.068 ՀՀ դրամ, որից 51.517 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 77.275 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 77.276 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան