Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ, 437-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ, 437-ՐԴ, 996-ՐԴ, 998-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 983.1-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                   ԵԿԴ/0318/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0318/02/09                      2009 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արման Սաղաթելյանի ընդդեմ Ընկերության` ապահովագրական հատուցման գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արման Սաղաթելյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 2.380.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 208-րդ հոդվածի 3-րդ կետը և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ, 437-րդ, 996-րդ, 998-րդ հոդվածները, 983.1-րդ հոդվածի 11-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ապահովագրական հատուցման պահանջը մերժելու կամ բավարարելու համար Դատարանը նախևառաջ պետք է քննության առներ և բազմակողմանի, լրիվ հետազոտեր 23.05.2008 թվականի տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրի անբաժանելի մաս կազմող «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոնները», որի 35.9-րդ կետի համաձայն` ապահովագրական պատահար չի համարվում հանդիպակաց ուղեմասով երթևեկելը:

Այդ կանոնները քրեական գործի հարուցումը մերժելու մասին 09.12.2008 թվականի որոշման հետ համադրելով միայն Դատարանը կարող էր գնահատել պատահարը` որպես ապահովագրական կամ ոչ ապահովագրական:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Դատարանը հայցը բավարարել է` հաշվի առնելով միայն ապահովագրական հատուցման մերժման գրությամբ նշված թույլատրելի արագությունը գերազանցելու հիմքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն ավտոմեքենայի արագության որոշման համար առանց մասնագիտական եզրակացության բավարար հիմք է ընդունել Արման Սաղաթելյանի պնդումն այն դեպքում, երբ վարորդը չի կարող անկողմնակալ լինել, իսկ քննիչը քրեական գործի հարուցումը մերժելու մասին 09.12.2008 թվականի որոշման պարզաբանման մեջ ավտոմեքենայի արագության վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ ապահովագրությունն իրականացվել է ոչ լրիվ, համամասնական` 79 տոկոսով, մինչդեռ, Դատարանը հայցը բավարարել է ապահովագրական գումարի 100 տոկոսի չափով: Ավելին, հատուցման ենթակա գումարից չի նվազեցվել ապահովագրության վկայագրում կոնկրետ սահմանված չհատուցվող 100.000 ՀՀ դրամ գումարը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության` որպես ապահովագրողի և Արման Սաղաթելյանի` որպես ապահովադրի միջև 23.05.2008 թվականին կնքված տրանսպորտային միջոցների ապահովագրության թիվ MC008951 պայմանագրի համաձայն` Արման Սաղաթելյանին պատկանող ՎԱԶ-21214-216-20 մակնիշի 14 ՍՍ 289 պետհամարանիշի ավտոմեքենան ապահովագրվել է, ապահովագրական արժեքը սահմանվել է 3.400.000 ՀՀ դրամ, իսկ ապահովագրական գումարը` 2.700.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագրի հավելյալ և անբաժանելի մաս կազմող տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոնների 35.9-րդ կետի համաձայն` ապահովագրական պատահար չի համարվում հանդիպակաց ուղեմասով երթևեկելը (գ.թ. 9-14):

2) Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 09.12.2008 թվականի որոշման համաձայն` 2008 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 22:30-ին Արման Սաղաթելյանն իր անձնական օգտագործման ՎԱԶ-21214-216-20 մակնիշի 14 ՍՍ 289 պետհամարանիշի ավտոմեքենան վարելիս մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս, ստեղծել է վթարային իրադրություն և չհասցնելով վազանցել` ավտոմեքենայի առջևի ձախ մասով ընդհարվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող, Հարություն Գևորգյանի վարած «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 16 ԼՍ 798 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի ձախ մասին (գ.թ. 18-19):

3) ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի 27.11.2008 թվականի թիվ 1261-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն` վթարի հետևանքով ՎԱԶ-21214-216-20 մակնիշի 14 ՍՍ 289 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված նյութական վնասը կազմել է 2.380.000 ՀՀ դրամ (գ.թ. 25-27):

4) Դատարանի 16.03.2009 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Արման Սաղաթելյանը վթարի պահին երթևեկել է հանդիպակաց ուղեմասով (գ.թ. 62-64, 68):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը` ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին` ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ապահովագրության պայմանագրի էական պայմաններից մեկն էլ ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունն է, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող և ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները պարտադիր են ապահովադրի (շահառուի) համար, եթե պայմանագրում ուղղակի վկայակոչված է այդ ընդհանուր պայմանների կիրառումը, և այդ պայմանները կցված են պայմանագրին:

Սույն գործով կողմերի միջև 23.05.2008 թվականին կնքված տրանսպորտային միջոցների ապահովագրության թիվ MC008951 պայմանագրի հավելյալ և անբաժանելի մաս կազմող տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոնների 35.9-րդ կետի համաձայն` ապահովագրական պատահար չի համարվում հանդիպակաց ուղեմասով երթևեկելը:

Սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցը, թե արդյո՞ք Արման Սաղաթելյանի մեղքով տեղի ունեցած ավտովթարը 23.05.2008 թվականին կնքված տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրի անբաժանելի մաս կազմող կանոնների իմաստով համարվում է ապահովագրական պատահար, թե` ոչ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ և քննության առարկա չդարձնելով հանդիպակաց ուղեմասով երթևեկելու մասին բողոք բերած անձի կողմից վկայակոչված հանգամանքը, հիմք է ընդունել այն, որ նշված դիրքորոշումը բողոք բերած անձը Դատարանում չի հայտնել:

Մինչդեռ Դատարանի 16.03.2009 թվականի դատական նիստի արձանագրության ուսումնասիրությունից հետևում է, որ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է Արման Սաղաթելյանի կողմից վթարի պահին հանդիպակաց ուղեմասով երթևեկելու հանգամանքի մասին, իսկ սույն գործի փաստերի համաձայն` 2008 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 22:30-ին Արման Սաղաթելյանն իր անձնական օգտագործման ՎԱԶ-21214-216-20 մակնիշի 14 ՍՍ 289 պետհամարանիշի ավտոմեքենան վարելիս մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում 23.05.2008 թվականին կնքված տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրի անբաժանելի մաս կազմող կանոնների 35.9-րդ կետի ուժով ապահովագրական պատահարը բացակայում է, ինչը բավարար է ապահովագրական հատուցման պահանջը մերժելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Արման Սաղաթելյանի հայցը մերժել:

2. Արման Սաղաթելյանից հօգուտ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի բռնագանձել 71.400 (յոթանասունմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ԵԿԴ/0318/02/09
Որոշում