Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                   ԵԿԴ/3121/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3121/02/08                      2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Ա. Պետրոսյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գոհար Բալայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գոհար Բալայանի ընդդեմ Հայկ Մանուկյանի` բնակարանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գոհար Բալայանը պահանջել է առանձնացնել Երևանի Հանրապետության փողոցի 32 շենքի թիվ 25 բնակարանից Հայկ Մանուկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բաժինը և դրա վրա բռնագանձում տարածել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.05.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 21.05.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Բալայանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Գոհար Բալայանը զրկված էր Երևանի Հանրապետության 32/25 հասցեի անշարժ գույքի բաժանման վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագիտական եզրակացությունը Դատարան ներկայացնելու հնարավորությունից, քանի որ նշված հասցեի բնակիչ Ագապի Հարությունյանը խոչընդոտել է տեղազննությանը:

Տվյալ դեպքում Դատարանը, հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, պետք է որոշում կայացներ ապացույցներ պահանջելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` հանձնարարեր հարկադիր կարգով կատարման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.07.2009 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 30.07.2007 թվականի վճռով որոշվել է Հայկ Մանուկյանից հօգուտ Գոհար Բալայանի բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (գ.թ. 11-14):

2) 26.07.1999 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0097136 վկայականի համաձայն` Երևանի Հանրապետության փողոցի 32 շենքի թիվ 25 բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Վարսիկ Առաքելյանի, Հայկ, Սամվել, Արամ, Անի Մանուկյանների, Ագապի, Անժելա, Դարիկո, Աղավնի Հարությունյանների անվամբ (գ.թ. 37-38):

3) 03.02.2009 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Երևանի Հանրապետության փողոցի 32 շենքի թիվ 25 բնակարանից Հայկ Մանուկյանի բաժինն առանձնացնելու հնարավորության հարցը պարզելու համար Գոհար Բալայանի միջնորդությամբ Դատարանը հարցում է արել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանում (գ.թ. 34-35):

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 16.02.2009 թվականի գրության համաձայն` Երևանի Հանրապետության փողոցի 32 շենքի թիվ 25 բնակարանի բաժանման վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրել հնարավոր չէ` նշված բնակարանի բնակիչ Ագապի Հարությունյանի կողմից տեղազննությանը խոչընդոտելու պատճառով (գ.թ. 36):

5) 02.03.2009 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Դատարանը որոշում է կայացրել անշարժ գույքի բաժանման վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով պահանջելու մասին և գործի քննությունը հետաձգել է մինչև այդ ապացույցի ձեռք բերելը (գ.թ. 39-40):

6) Սույն գործում առկա չէ Դատարանի 02.03.2009 թվականի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, իսկ 4-րդ կետի համաձայն` ապացույցները պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատավարության ընթացքում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պահպանման կարևորությանը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի` սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին և «Չապ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի թիվ 0351/02/08-(ՇԴ) որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Գոհար Բալայանը զրկված է եղել անշարժ գույքի բաժանման վերաբերյալ մասնագիտական եզրակացությունն ինքնուրույն ներկայացնելու հնարավորությունից, սակայն չի օգտվել տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դատարան դիմելու դատավարական իրավունքից:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը Գոհար Բալայանի միջնորդության հիման վրա 02.03.2009 թվականին որոշում է կայացրել անշարժ գույքի բաժանման վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով պահանջելու մասին, սակայն գործում առկա չէ տվյալ որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքում ունեցած Հայկ Մանուկյանի բաժինն առանձնացնելու հնարավորության հարցը պարզելու նպատակով Գոհար Բալայանն ապացույց պահանջելու միջնորդություն ներկայացրել է, որը բավարարվել է Դատարանի կողմից, սակայն այդ որոշումը հարկադիր կատարման չի ներկայացվել:

Այսինքն` Դատարանի կողմից չի ապահովվել հարկադիր կատարման ենթակա որոշման կատարումը, ինչի հետևանքով սահմանափակվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի ուժով երաշխավորված` ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինություն դեպքում այն դատարանի միջոցով ձեռք բերելու կողմի հնարավորությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գոհար Բալայանը զրկվել է իր գործը Դատարանին արդյունավետ ներկայացնելու հնարավորությունից, որով խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով երաշխավորված կողմերի իրավահավասարության և մրցակցության հիմնարար սկզբունքները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ԵԿԴ/3121/02/08
Որոշում